Սմբատ Հովհաննիսյան | Ձեզ մի զրկեք ինքներդ ձեզանից ավելի հեռուն գնալու հաճույքից…*

Լուսանկարը՝ Տալիթա Բաղդասարյանի

Հովհաննես Վարդանյան – Ձեր ամենասիրելի գրողը… 

Սմբատ Հովհաննիսյան – Ինձ համար ավելի շուտ ամենասիրելի գրողՆԵՐ կան և ոչ ուղղակի մի գրող: Բայց նշեմ մի քանիսին, որոնց գրեթե միշտ կարդում եմ, և դրանք բանաստեղծներ են. Հյոլդեռլին, Ռայներ Մարիա Ռիլկե, Պոլ Վալերի, Սեն-Ժոն Պերս, Ռընե Շառ, Օսիպ Մանդելշտամ: Բայց և Դոստոևսկի եմ շատ սիրում կարդալ… արդեն, ավելի շուտ, վերընթերցել: Մենք երբեմն թերագնահատում ենք վերընթերցման հաճույքը, այնինչ դա անկրկնելի է, և իսկական ընթերցումը սկսվում է վերընթերցումից: Պոեզիան այդ հնարավորությունը տալիս է, այնինչ արձակի դեպքում հնարավորությունն առկախվում է, և քչերն են, որ ժամանակ կգտնեն վերընթերցելու արձակ որևէ սիրված ստեղծագործություն…

– Ձեր ամենասիրելի գիրքը…

– Բնականաբար, ամենասիրելի գիրքը ամենասիրելի գրողների գրքերն են: Բայց և այստեղ կարող եմ առանձնացնել Նոր Կտակարանն ու Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ը: Վերջինս ինձ համար և՛ պոեզիա է, և՛ արձակ, և՛ փիլիսոփայություն, և՛ աղոթք, և՛ ամեն ինչ… Դա մի գիրք է, որը կարծես Բանի մարմնավորումը լինի: Գիրք, որի մեջ իրագործվում են կյանքը, մահը և հարությունը միաժամանակ: «Նարեկի» ընթերցումն ինձ համար Ոգու նավարկության մասնակից լինելու պատրանքն է նաև տալիս, թեպետ հարց է՝ որքանո՞վ է դա պատրանք:

– Ձեր ամենասիրելի գրական հերոսը…

– Թերևս Պոլ Վալերիի «Պարոն Տեստը»՝ հիշողությունից ծնված երևակայական մի կերպար, «ինտելեկտի որոշակի զոհաբերության» արդյունք: Փոքրածավալ, միևնույն ժամանակ և վիթխարի մի ստեղծագործություն՝ գրված «հոգևոր մաթեմատիկայի» կիրարկմամբ: Ստեղծագործությունն ինձ հատկապես հետաքրքրում է այն դիտանկյունից, որ Ստեֆան Մալլարմեից հետո ինտելեկտուալ ստեղծագործության մեջ այն ևս մի քայլ առաջ էր. եթե Մալլարմեն ստեղծագործություն բերեց «դժվար հեղինակի» հղացքը, ապա Վալերիին ենք պարտական ստեղծագործության մեջ «բանական ճիգի» հղացքին: Մի ստեղծագործություն, շնորհիվ որի հնարավոր դարձավ ստեղծել «մեր մեջ եղածի նկատմամբ նրբանկատության պահպանումը» (Վալերի): Ամեն անգամ այն կարդալուց հետո ցանկություն ես ունենում Վալերիի պես ասել. «Իրադարձությունները իրերի փրփուրն են: Ինձ հետաքրքրում է ծովը»:

«Պարոն Տեստն» ինձ համար մեկ այլ առումով էլ է հարազատ. կնոջս հետ, երբ դեռ ամուսնացած չէինք և նոր-նոր էինք ծանոթացել, մտերմանալու միջոց դարձավ: Մի ամբոջ գիշեր ֆեյսբուքյան տիրույթում երկխոսում էինք «Պարոն Տեստից» բերված մեջբերումներով: Ինտելեկտուալ մի խաղ, որի ծիրում բոլորովին ուրիշ խոսակցություններ էին ծնվել՝ բոլորովին ուրիշ սյուժեով և ուրիշ զարգացումներով: Վալերիական պայմանականությունների մի տիրույթ, որտեղ ընտանիք ծնվեց՝ դուրս բոլոր պայմանականություններից:

Սմբատ Հովհաննիսյան, Հովհաննես Վարդանյան
Լուսանկարը՝ Տալիթա Բաղդասարյանի

– Ի՞նչն եք առաջին հերթին կարևորում գրական ստեղծագործության մեջ:

– Ինտելեկտուալ հույզը, որը կարող է պարգևել ստեղծագործությունը: Իսկ նման հույզ կարող է պարգևել միայն ու միայն այն ստեղծագործությունը, որն իր մեջ կարողացել է մերանել հույզն ու միտքը. աշխատանքի և հորինումի հազվագյուտ համադրություն, որ քչերի մոտ է ստացվում, եթե չասենք քչերին է տրված: Իսկ տրվածությունը չեմ բացարձակեցնում, քանզի համոզված եմ, որ մնայունը տրվածությամբ արարումն է, այլ ոչ ուղղակի տրվածությունը: Այս համատեքստում պետք է կարևորեմ մեկ այլ կողմ ևս. ստեղծագործողն ու ստեղծագործությունը երբեք չպետք է նույնանան, պետք է փոխադարձ սահքի ու այլացման մեջ գտնվեն, բայց չնույնանան: Ստեղծագործողի ամենավտանգավոր թշնամին ինքնանույնականացման դևն է, որն ամեն բառի, ամեն նախադասության հետևից թակարդներ է լարում: Ասածս մոտավորապես նման է գրված տեքստի և հնչեցվող տեքստի տարբերությանը. երբ դրանք նույնականանում են (այդպես էլ է լինում և հաճախ), ստեղծագործությունը կանգ է առնում, քարանում է ու փշրվում: Այնինչ ստեղծագործությունը ինքդ քեզանից զատելու և ավելին դառնալու գործողություն է ենթադրում:

– Որտե՞ղ կամ ի՞նչ պայմաններում եք ընթերցում:

– Միայն ու միայն տանը: Ինձ համար ընթերցանությունը ինտիմություն է ենթադրում… Ես այդպես էլ չսովորեցի գրադարաններում ընթերցել… Միշտ անհարմարության զգացողություն եմ ունենում. կարծես անձնականությունս խորտակված լինի, խեղդվելիս լինեմ: Դրա համար էլ մեծավմասամբ տեքստերը պատճենում եմ կամ էլ հեռախոսով նկարում: Իսկ բուն ընթերցանությունն արդեն տանը, սենյակում, որտեղ դասդասված են գրքերը: Իսկ գեղարվեստական գրքեր գրադարաններում ընդանրապես չեմ կարդում:  Գեղարվեստական գրքերը նախընտրելի է ունենալ և նոր միայն կարդալ:

– Գրական ժանրերից ո՞րն եք նախընտրում և ինչո՞ւ:

– Ըստ էության՝ խտրականություն չեմ դնում ժանրերի միջև. կարդում եմ թե՛ արձակ, թե՛ պոեզիա: Իսկ վերջիններից հատկապես սիրում եմ կարդալ այն ստեղծագործությունները, որոնք քիչ թե շատ ինտելեկտուալ բնույթի են: Սիրում եմ այն գրքերը, որոնք մտածելու տեղիք են տալիս, այլ ոչ թե մտածում իմ փոխարեն կամ, որ ավելի վատ է, ես դրանցից ավելի լավ կգրեի:

– Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն գիրքը, որ պետք է յուրաքանչյուր ոք ընթերցի:

– Դրանք ևս մի քանիսն են… Եթե պոեզիա, ապա անպայման պետք է կարդալ Հյոլդերլին, Ստեֆան Մալլարմե, Ռայնե Մարիա Ռիլկե, Թոմաս Սթեռնս Էլիոթ, Օսիպ Մանդելշտամ, Սեն-Ժոն Պերս, Պոլ Վալերի, Ռընե Շար և Միսաք Մեծարենց: Եթե արձակ, ապա անպայման պետք է կարդալ Գյոթե, Էդգար Պո, Ուիլյամ Ֆոլքներ, Ալբեր Կամյու, Ժան-Պոլ Սարտր, Ումբերտո Էկո, Միլան Կունդերա, Օրհան Փամուք, Ուիլյամ Սարոյան, Կոստան Զարյան, Ակսել Բակունց, Նիկողոս Սարաֆյան և Գուրգեն Մահարի: Փիլիսոփայական աշխատություններից՝ Պլատոն, Արիստոտել, Դավիթ Անհաղթ, Մարտին Հայդեգգեր, Հանս-Գեորգ Գադամեր, Ժակ Դերրիդա, Ժիլ Դըլյոզ, Ժան Բոդրիյար: Եվ, քանի որ պատմագետ եմ, ընդ որում՝ պատմության տեսաբան, կառաջարկեի անպայման կարդալ ֆրանսիական Աննալների պատմագիտական դպրոցի բոլոր ներկայացուցիչների գործերը՝ Լյուսիեն Ֆևր, Մարկ Բլոկ, Ֆերնան Բրոդել, Ժակ լը Գոֆֆ, Լը Ռուա Լադյուրի, Ժորժ Դյուբի, ինչպես նաև Կլոդ Լևի-Ստրոս, Ռայմոն Առոն, Արթուր Դանտո, Հայդըն Ուայթ, Ֆրանկլին Անկերսմիթ և Ալբերտ Ստեփանյան: Ցանկը, հարկավ, կարելի է շարունակել, բայց դա արդեն շատ ինքնակենսագրական կլինի: Իսկ թվարկված հեղինակներին հենց այնպես չեմ թվարկում կամ չեմ թվարկում սոսկ նրանց, որոնց այս պահին հիշում եմ, այլ որովհետև դրանք տևական ընտրության և զտումի արդյունք են: Իսկ քանի որ ընտրության և զտումի մասին խոսք գնաց, պետք է նշեմ նաև, որ շատ կարևոր է հայտնի հեղինակություններից զատ այլ հեղինակներ ևս որոնել, քանի որ լինում են հեղինակներ, որոնք ուղղակի դուրս են մնում ոմանց ճաշակին չհամապատասխանելու պատճառով: Ինձ համար շատ ուշագրավ է հենց Հյոլդեռլինի դեպքը, որը ստեղծագործել է Գյոթեի և Շիլլերի ժամանակ ու մնացել ստվերում…. Հետո միայն պետք է վերահայտնագործվեր: Պետք է նշեմ նաև, որ եթե ուրիշ տարիքում ինձ հարցնեիք, ես այլ ցանկ կներկայացնեի. ի վերջո, մեր գրական կամ ընթերցական ճաշակը ձևովորվող, ընթացքի մեջ գտնվող ճաշակ է և տրված չէ մեկընդմիշտ: Եվ լավ է, որ այդպես է:

– Ունե՞ք գրադարան, հատկապես ի՞նչ գրքեր կան այնտեղ:

– Ունեմ բավականին մեծ գրադարան՝ շուրջ 8-10 հազար գիրք: Հավաքել եմ տարիների ընթացքում: Հարկավ, մինչ իմ գրադարանի ձևավորումը, տանը մի փոքրիկ գրադարան ունեինք՝ անասնաբուժության և տնտեսագիտության վերաբերյալ գրքեր, քանի որ հայրս մասնագիտությամբ անասնաբույժ է, իսկ մայրս՝ տնտեսագետ: Այդ գրքերը ոչ մի կերպ ինձ չէին հրապուրում: Ինձ առաջին անգամ գիրք նվիրեց հայրս. Համո Սահյանի «Դաղձի ծաղիկ» բանաստեղծությունների ժողովածուն էր: Մինչ այժմ չգիտեմ, թե արդյոք այդ նվերը չդարձավ այն փոփոխության հիմքը, որ ցանկացա ես էլ բանաստեղծություններ գրել: Բանն այն է, որ գիրքն ինձ վրա մեծ տպավորություն չթողեց, և ես սկսեցի այդ ուղղությամբ իմ որոնումները: Հենց այդ որոնումների արդյունքում էլ ունեցա իմ մեծ գրադարանը, որի զգալի մասը գյուղում է (Ապարանի Լուսագյուղ գյուղի իմ հայրական օջախում): Եվ, բնականաբար, գրադարանը կազմավորված է ըստ իմ հետաքրքրությունների և ճաշակի. պոեզիա և արձակ (իրենց բազմազանությույններով), պատմագիտություն և փիլիսոփայություն, գրականագիտություն, լեզվաբանություն, սոցոլոգիա, հոգեբանություն և այլն, և այլն…

– Ավելի հաճախ գիրք ստանո՞ւմ եք, թե՞ նվիրում:

– Ավելի հաճախ գրքեր գնում եմ (ժպտում է), իսկ երբեմն նվիրում եմ և երբեմն էլ նվեր ստանում: Ինձ գիրք նվիրելը բարդ գործ է, քանի որ նվիրողը պետք է հստակ իմանա, թե ես ինչ գիրք չունեմ: Այստեղ կարևոր է իմանալ ոչ թե իմ հետաքրքրությունների շրջանակը, այլ թե ես ինչ գիրք չունեմ… Ուստի երբեմն ստիպված եմ ինքս հուշել: Իսկ գիրք կամ գրքեր նվիրում եմ, երբ համոզված եմ, որ դրանք հաստատ կծառայեն իրենց նպատակին:

– Ո՞րն է ավելի գերադասելի՝ գրական իրականությո՞ւնը, թե՞ բուն իրականությունը:

– Ինձ համար դրանք թեկուզ տարբեր, բայցև փոխշաղկապված մեկ-ամբողջական Իրականություն են ներկայացնում: Իրականությունը, լինելով մեկ, միևնույն ժամանակ բազում է, և գրական իրականությունն էլ իր հերթին այդ բազում իրականություններից մեկն է: Եվ ես նախընտրում եմ այդ իրականությունների միասնականությունը, քանի որ մեկը մյուսին մեկնաբանելու և այլանալու հնարավորություն է տալիս: Բայց և զգուշանում եմ, երբ այդ իրականություններն ուղղակի միախառնում են, և երբ դրանք կորցնում են իրենց առանձնահատկությունները՝ հպատակվելով դրանցից մեկին: Հատկապես չեմ սիրում, երբ գրականության իրականությունն իջեցնում են փողոցի իրականության մակարդակին և դա հիմնավորում այն թյուր պատկերացմամբ, համաձայն որի՝ հարկավոր է արտահայտել «ճշգրիտ իրականությունը»: Այս դեպքում  անգիտանում են, որ իրենց այդ «ճշգրտությունն» ընդամենը այլաբանություն է, և դա ընդամենն իրենց դիտանկյունն է և ոչ թե Բուն Իրականությունը կամ իրականությունն ինչպիսին որ է: Բացի այդ՝ ես համոզված եմ, որ գրականություն ստեղծողի խնդիրը ոչ թե իրականության արտացոլումն է, այլ իրականության մեկնաբանությունը և, եթե հնարավոր է, այլ մի իրականության առաջադրումը:

– Արդյոք Ձեր կերպարը գտե՞լ եք որևէ գրքում:

– Հավանական համընկնումներ եղել են, բայց միայն այդքանը, հակառակ դեպքում, մեղմ ասած, հետաքրքիր չէր լինի: Ավելի հաճախ եղել են դեպքեր, երբ ցանկություն է առաջացել լինել այդ հերոսը, թեպետ այս տարիքում գրքային կերպար լինելու ցանկությունս ձգտում է մինուս անսահմանության, քանի որ այժմ հետաքրքրում են սեփական կերպարը և դրա հղկման ցանկությունը: Բայց և իբրև օրինակ կարող եմ նշել Ժյուլ Վեռնի «Նավապետ Նեմոն»… արտակարգ տպավորված էի: Եվ, քանի որ ջրի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ, նավապետ Նեմոն ինձ համար մի այլ կարգի տպավորիչ էր: Բայց միանգամից ասեմ, որ ինձ հետաքրքրում էր ոչ թե հերոսությունը, այլ արկածը, հատկապես ծովային արկածը կամ, որ ավելի ճիշտ է, արկածները: Միևնույն ժամանակ պետք է ճշտում մտցնեմ. ոչ թե ժամանակի անդարձության զգացումից ծնված արկածը, այլ ժամանակի ստեղծման, արարման զգացումից ծնված արկածը: Վերջինս երևակայության միջոցով աներևակայելին զանցառող իրադարձություն է, որի կարիքը մեզ ուղեկցում է ցմահ:

– Գիրքը՝ որպես քարոզչամիջոց, ինչպե՞ս եք պատկերացնում:

– Գիրքն ինքնին քարոզչամիջոց է: Ոչ մի անմեղ կամ չեզոք գիրք չկա, ինչպես և որևէ տեղեկատվամիջոց. բոլոր գրքերն էլ ինչ-որ բան են ասում, ինչ-որ բանի են մղում կամ ուղղորդում… Բայց, բարեբախտաբար, գիրքը կամ գրքերը սկզբից ևեթ, փոխանցվող բովանդակությունից, ուղերձից զատ, պարունակում են այլ ուղերձներ կամ բովանդակություններ ևս, շնորհիվ որոնց՝ գիրքը կամ գրքերը հայտնվում են ժամանակի ցանկալի տիրույթից և տարածության ցանկալի ժամանակից դուրս՝ այդպիսով ապահովելով որոշակի չեզոքություն: Նման բյուրեղացում ոչ բոլոր գրքերին է տրված: Հատկապես ժամանակի կարճ տևողության ծիրում: Իսկ ժամանակի երկար տևողության ծիրում դրանցում արդեն հեշտ է տեսնել բուն, նպատակային ուղերձը/ուղերձները և այդ նպատակից սպրդած ուղերձը/ուղերձները:

– Գրքերն ի՞նչ են փոխել Ձեր կյանքում:

– Գրքերն ինձ երևակայելու հնարավորություն տվեցին, այսինքն՝ անընդհատ փոխվելու և փոփոխվելու հնարավորություն: Իսկ երևակայությունը ոչ միայն ապրելու հնարավորությունն է, այլև ստեղծագործելու: Առանց երևակայության ուղղակի անհնար է ստեղծագործությունը: Ես գրքերի ընթերցման հարցում մեծ մասամբ հենց այդ երևակայության պարգևումի միջոցով եմ կողմնորոշվում: Գիրքը երևակայությամբ ինքնայլանալու նոր մի չափում է: Ի վերջո, մեկ մարդու փորձառությունը սահմանափակ փորձառություն է: Հետևաբար՝ գրքերը նաև այլոց փորձառությանը հաղորդակից դառնալու հնարավորություններ են:

– Ինչպիսի՞ն կլիներ աշխարհն առանց գրքերի…

– Թերևս կլիներ այնպիսին, ինչպիսին էր առանց գրքերի (ժպտում է): Գիրքը համընդհանրական (ունիվերսալ) հասկացություն է, բայց և հասկացությունից զատ նախ և առաջ՝ գաղափար: Այն անիվի հայտնագործության պես հայտնագործություն է. ժամանակի ընթացքում կարող է փոխել իր ձևը, կառուցվածքը, բայց գրքի գաղափարը պլատոնյան իդեաների նման կայուն է՝ չի փոփոխվում: Մինչ վերջերս մենք թղթային գրքերից զատ այլ գրքեր չէինք պատկերացնում, բայց այսօր արդեն կան էլեկտրոնային գրքերը: Վաղը, կախված նոր հայտնագործություններից, ո՞վ իմանա, գրքերի էլ ինչ տեսակներ ի հայտ կգան, բայց գրքի գաղափարը, համոզված եմ, երբեք մայրամուտ չի ապրի: Ուստի՝ կարևորը գրքի գաղափարն է, որը շատ նման է Հայրենիքի գաղափարին: Մեծ պապս ասում էր. «Երանի այն ժողովուրդներին, որոնց հայրենիքն ու գիրքը փոխհամատեղվում են»: Սա ասում էր յոթը տարի (առաջին աշխարհամարտի ժամանակ) գերմանական գերության մեջ  մնացած Մեծ պապս, որը նույնիսկ այդ պայմաններում չէր դադարել գրքեր կարդալուց՝ սովորելով գերմաներեն, քանի որ հայերեն գիրք հնարավոր չէր հայթայթել:

– Նշե՛ք որևէ արտահայտություն այն գրքերից, որոնք առանձնակի տպավորել են Ձեզ:

– Այս պահին հիշեցի Դոստոևսկու ստեղծագործություններից մի թափառող արտահայտություն. «Միայն ճշմարտությունն՝ անարդար է»: Արտահայտություն, որը հատկապես հնչեցվել է «Ապուշի» և «Կարամազով եղբայների» մեջ: Ուշագրավ է, որ դա պետք է անեն կանայք. «Ապուշի» մեջ՝ Ագլայան, «Կարամազով եղբայրների» մեջ՝ Լիզը: Վերջինիս դեպքում արտահայտությունը մի քիչ նաև պարզաբանվում է. Լիզն անհանգստանում է, որ հանկարծ արդար կամ ճշմարիտ լինելու դեպքում մարդկանց նկատմամբ արհամարհանքով չլցվես: Արհամարհանքի նման գիտակցումը, թերևս, ինքնաքննադատության պես մի բան է, որ քեզ հնարավորություն կտա արդարությունն ու ճշմարտությունը հավասարակշռել: Ուստի կարևոր է, որ ճշմարտությունը համեմված լինի արդարությամբ և արդարությունը՝ ճշմարտությամբ: Իսկ դա հնարավոր է միմիայն Սիրուց, Սիրով և Սիրո մեջ:

 

– Ո՞ր գրքի սյուժեում կցանկանայիք հայտնվել:

– Միայն ու միայն սեփական հեղինակությամբ գրքի սյուժեում հայտնվելն է ինձ համար այժմ գրավիչ: Իսկ դա նշանակում է, որ բացի բանաստեղծություններից, սկսել եմ նաև արձակ ստեղծագործել: Սա էլ իր հերթին նշանակում է, որ գրում եմ երկու վիպակներ՝ տարբեր բովանդակությամբ, ինքնակենսագրական բնույթի, սեփական ապրումների հիման վրա, բայց և ինձնից տարբեր մի բան: Պոեզիան ու արձակը գրկում են միմյանց, բայց չեն միախառնվում, ինչպես Բալթիկ և Հյուսիսային ծովերի հանդիպումը:

– Վերջաբանի փոխարեն…

Կարողացեք ժամանակ գտնել ընթերցանության համար: Կարողացեք տրվել ընթերցանությանը: Ընթերցանությունը մի պարգև է, շնորհիվ որի մարդ կարողանում է ինքն իրենից վեր կանգնել: Եվ եթե ճիշտ է, որ «գիրը սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում», ապա ընթերցանությունը հենց այդ հոգին է, կենարար շարունակությունն է: Այն յուրահատուկ վերամարմնավորման ծիսակարգ է: Ձեզ մի զրկեք ինքներդ ձեզանից ավելի հեռուն գնալու հաճույքից:

 

Հարցազրույցը՝ Հովհաննես Վարդանյանի:

 Պատմագետ Սմբատ Հովհաննիսյանի կամ նույն ինքը՝ բանաստեղծ Թոնդրակի հետ ներկայացվող հարցազրույցի համառոտ տարբերակը հրատարակվել է «Երևանի համալսարան» թերթի «ԳՐՔԱՍԵՐ» խորագրի ներքո (№ 6-7 (2191), Հունիս-հուլիս, 2017, էջ 22):

Այստեղ հրապարակում ենք տեքսն ամբողջությամբ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *