ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ | Բանաստեղծություններ

Էդվարդ Միլիտոնյան***
Այս պահին մի երևանցի հայ գաղտնագողի կտրում է
Լեհաստանի և Գերմանիայի ահմանը,
Նա վախվորած նայում է անտառից դուրս և մի ճյուղ
Ճանկռում է նրա արծվաքիթը:
Բարեհաջող անցավ և փառք տվեց Աստծուն:
Այս պահին, այս վայրկյանին մի հայ
Կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը դեպի Արգենտինա,
Ուր ճգնաժամ է, նախագահի փախուստ և դրան վրադիր`
Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի մարզչին չեն վճարում
Խոստացված աշխատավարձը:
Այս պահին, տառացիորեն այս պահին Նյու Յորքի ամենամեծ եկեղեցում
Ինքնասպան է լինում մի հուսահատ անգործ հայ, հենց
Քրիստոսի խաչելության առջև:

Այս պահին մի հայ սպանում է մի այլ հայի Լոս Անջելեսում,
Երևանում, հատկապես Մոսկվայում, մասամբ` Սոչիում:
Այս պահին հանրահավաք է Մոնրեալում, Ստրասբուրգում,
Ապա Մոնտեվիդեոյում մի հայ ( բազում հայեր) պահանջում է
Տվյալ երկրի խորհրդարանից` ընդունել ցեղասպանությունը:

Այս պահին, ամոթ է ասել, մի հայուհի Ստամբուլի հասարակաց տներից մեկում
(որի տերը հայուհի մամա Ռոզան է) տրվում է չգիտեմ ում:
Իսկ Զահրատը նույն այդ Ստամբուլում գրում էր իր հերթական
բանաստեղծությունները ոմն Կիկոյի մասին:

Այս պահին մի հայ բեղմնավորում է մի հայուհու (իհարկե հարսանիքից հետո),
և նրա զավակը որտեղ էլ որ աշխարհ գա ճիչով,
մեկ է` Սարոյանի պես փառաբանելու է աշխարհը, բայց հոգին ու ոգին
արտացոլվելու են Ծ և Ճ բարդ արտասանվող տառերի մեջ:

Այս պահին իմ գրիչը տառեր է շարում մի հայի մասին
(Գրիգոր Գուրզադյանի), որ աստղասփյուռից տուն չի գալիս,
Որքան էլ որ նրան կանչեն Արագածի կակաչները,
Դեռ ավելին, իր հորինած օպտիկական սարքով
Փնտրում է կորած մոլորակներ, գիսաստղեր:
Իսկ երբ հովվի պես հոգնած տուն է իջնում,
Գառնո հեթանոսական տաճարին հարող տարածքի վրա
Վրձնով գրում է` Տիեզերական կենտրոն:

Այս պահին այսպես ավարտելը չի վիրավորի ոչ մի հայի:
Նրանք որքան հողի վրա են, այնքան էլ` երկնքում,
Որքան հայ են, այնքան էլ` մարդազգի,
Որքան լալիս են, այդքան էլ` ծիծաղում,
Որքան պատմության մեջ են, այդքան էլ` ապագայում:
Իսկ այս պահը, Երևան քաղաքում, Արարատի հայացքի դեմ
Հիշեցնում է Նոյին:
Եվ մի հայ ծերունի, այս պահին հողը փորելիս,
Վազը էտելիս, որքան նման է նրան:

Ծիծաղը

Ծիծաղում է նա, ով գիտե
Լացն ինչ է:
Լալիս է նա,
Ով այդ պահին ծիծաղել չի կարող:

Սգահանդեսի ընթացքում հանկարծ
Մարդուն բռնում է
Դժվար զսպելի, անլսելի կատաղի քրքիջ:
Ծիծաղում է և նա, ով չգիտե` ինչ է ծիծաղը:

Ամեն ինչ արժանի է ծիծաղի:
Սա Աստծո գոյության լավագույն նշան է:

Ցիցերոնի ձայնը

Ոչ ոք չի կարողանում կտրել
Ցիցերոնի ձայնը:
Նրա բերանին բարձեր են դնում,
Փակում են լաբիրինթոսներում,
Ավազե պարկերով են ծածկում,
Ատոմային թափոնների գերեզման են նետում,
Եվ էլի ճար չկա:
Պատմության խորքից լսվում է նրա ձայնը`
Օ, ժամանակներ, օ, բարքեր,
Օ, մարդիկ:

Արքիմեդը

Նա մտավ լոգարան և քիչ հետո գոչեց.
-Էվրիկա~:
Լոգարանում ընդունված չէր ճչալ` էվրիկա:
Եվ դա գյուտ համարվեց:

Ամեն անգամ լողանալիս
Մաքրվում ենք, թեթևանում,
Սա էլ մեր հավերժական գյուտն է:
Էվրիկա~:

Փնտրտուք

Դիոգենեսը,
Վառած լապտերով, օրը ցերեկով,
Մարդ էր ման գալիս
Ու չէր գտնում:

Մարդը,
Օրը ցերեկով,
Վառած լապտերով,
Նեոնային լույսերով,
Դիոգենես է փնտրում
Ու չի գտնում:

Եկավ ժամանակ

Եկավ ժամանակ,
Երբ կանայք ամուսնացան էգերի հետ,
Տղամարդիկ` որձերի:

Եվ Աստծուն մնաց անշնորհակալ մի գործ`
Նորից կավ հունցել,
Մարդ ստեղծել:

Հանդիպում Մեսրոպ Մաշտոցի հետ

Պատահական հանդիպում էր, խիստ ցանկալի,
Նա իջել էր Արարատ սարի Ակոռի գյուղից
Եվ հասել էր Ձկան խանութ:
Ես նրան ճանաչեցի, նա ինձ` ոչ,
Եվ դա բավական էր Բարևի համար.
-Ողջույն, որդի Վարդանի, Մեծն Մաշտոց:
Նա իմ փքուն ոճից քիչ-միչ խոժոռվեց,
Եվ հավուր պատշաճի բարևս առավ:
Ես ոգևորված շարունակեցի,
-Եկել եք Ձեր փողոցը տեսնե՞ք, ով Մեծն Մեսրոպ:
-Ին՞չ փողոց, որդի:
Հարգելով նրա ժամանակը` կարճ կապեցի.
– Սա Մեսրոպ Մաշտոցի, այսինքն` Ձեր անվան փողոցն է,
– Ուզու՞մ եք ծանոթացնեմ, այ, այս հատող պողոտան էլ
– Գրիգոր Լուսավորչի անվամբ է:
– Հա՞,- հարցական նայեց Մեծը,- չարչարյալը ասորի էր, մեր խաչը կրեց:
Փակ շուկայի շենքը նրան շատ դուր եկավ:
-Մրգեր, կանաչի, բան-ման են վաճառում,-ասացի ես:
-Ովքե՞ր,-հարցրեց Մեծը:
Հիմնականում հայեր են, գյուղերից, շեներից, մեկ- մեկ էլ
Վերավաճառողներ կան քաղաքից:
Վերջին խոսքս կարծես լավ չհասկացավ,
Բայց շարունակեցի: Սա էլ պարսկական մզկիթ է,
Նորոգում են իրենք` պարսիկները:
-Ի՞նչ մզկիթ,-հարցրեց Մեծը,-նրանք զրադաշտ…
Ես անկիրթ ձևով ընդհատեցի.-Մահմեդական են,
Այո, ժամանակներ են անցել, հիշու՞մ եք Ցիցերոնի` օ~, ժամանակներ,
Օ~, բարքեր:
Կտրեցինք, անցանք նախկին Մարքսի, ներկա` Խորենացու փողոցը,
Մարքսի մասին երկար չխոսեցի` չծանրաբեռնելու նրա միտքը,
Խորենացուն, թվաց, շատ է հարգում,
Դիմացը ժամանակակից արվեստի թանգարան էր,
Ի՞նչ տակառներ են, գինու, ցորենի…
-Ոչ-ոչ, նկարեր են և քանդակներ ժամանակակից:
-Հա՞, միայն ժամանակակից, հներից չկա՞ն:
Ես պատրաստվում էի ասել` ոչ, ճռնչաց երթուղային տաքսին,
Եվ նրա բաց պատուհանից զայրացած վարորդը
Թունդ հայհոյեց ոմն հետիոտնի:
Մեսրոպ Մաշոտի առջև գետինը մտա:
-Ուսուցիչը ժպտաց.-Տղա ջան,
Իսկը մեր դարի հիշոց է,
Սեռական անդամների անուն էլ նույն է:
«Լավանդա» դեղատուն-խանութի տեսքը հետաքրքրեց Մեծին:
-Լավանդա,- ի՞նչ է նշանակում սա:
-Ծաղկի անուն է, ուսուցիչ, ինչ ասես վաճառում են:
«Դայմընդ» կազինոն` իր ապակե մութ պատերով,
Կասկած հարուցեց:
-Գրված է լատիներեն, կարծեմ`ադամանդ է նշանակում:
-Այո, ուսուցիչ, ցավոք` հայերեն ցուցատախտակը բացակայում է:
-Ու՞ր է գնացել,-կատակեց Մեծը:
Այս հատող փողոցն էլ Վռամշապուհի անվամբ է:
Մեսրոպ Մաշտոցը փառավոր ժպտաց, գոհունակ շոշափեց շենքի անկյունաքարը:
-Երանելի է, օրհնյալ լինի Վռամշապուհը, նա չլիներ`
Ես ի~նչ տառ տեղծող էի:
Մեծի համեստությունը անչափ էր:
Եվս մի օտարանուն կազինո: Փորձեցի ծանոթացնել թատերական ընկերության:
Նա հասկացավ և ասաց.
-Թատրոնը Արտաշատում էր թատրոն, երբ Արտավազադ Երկրորդը…
Օ, ինչ անամոթություն, այդ պահին մի մուրացկան երեխա նրանից փող մուրաց,
Ուսուցիչը գրպանից մի արծաթե դրամ հանեց, դրեց փոքրիկի ափը:
Ես դեպքը հարթելու համար ասացի.
-Տղաս, այբուբենը գիտե՞ս:
_Կեսը, պատասխանեց փոքրիկն ու ձեռքը մի այլ անցորդի պարզեց:
«Մետելիցա» սրճարանի մոտ կանգնեց մի պահ:
Ռուզիկների բառն է, ասացի ես, հողմաղաց է նշանակում:
-Հետաքրքիր է, ռուզիկների երկրում, երևի շատ քամի և ցուրտ կա,-
ասաց ուսուցիչը,- բայց գոնե թարգմանեիք:
Բացթողում է, Երևանի քաղաքապետարանը որոշում է արձակել, կլինի:
-Սա Երևա՞ն քաղաքն է,-հանկարծ հարցրեց Ուսուցիչը:
Հանկարծակիի եկած` ասացի.-Այո, 2500-ամյակը 1967 թվին տոնեցինք:
Մեր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
-Էրեբունի…Երևան…-հիշեց Մեսրոպ Մաշտոցը,-Ի՞նչ էր, ինչ դառավ, երևի
Հռոմից գեղեցիկ է:
-Բա ինչ,-կատակախառն ասեցի և մի քանի կազինո
Մատնեցի անուշադրության,
Կենտրոնացա օպերայի և բալետի շենքի վրա:
-Օ~,-տնքաց Ուուցիչը,-այ սա տաճար է, և ի՞նչ են անում այստեղ:
Օպերա են բեմադրում և բալետ,-ասացի և փորձեցի մի քանի տուն երգել
«Արշակ Երկրորդից» և փողոցում ձեռամբ ներկայացնել
«Սուսերով պարը» հատվածը:
-Լավ է, լավ է,- մեր ժամանակ միայն վարձկաններն էին այդպես պարում
Եվ կույր գուսաններն էին երգում Գողթան երգեր:
Նորից մեջբերեցի Ցիցերոնին`
Օ~, ժամանականեր, օ~, բարքեր:
«Յամ-յամ» և «Դոնաթս» խանութ-սրճարանների դիմաց պապանձվեցի:
Քիչ վերև` իրար դիմաց երկու խաղատուն, նախկին բինգոյի սրահ…
Լավ էր, կինո «Նաիրիի» շենքը`կուրծքը դուրս ցցած առյուծի պես…
-Սա էլ սքանչելի տաճար է,-ասեց Ուսուցիչը,-Նաիրի…մեր երկրի հին անուններից է:
Հպարտորեն ասեցի.-Այո, սովորույթ է, շատ շենքեր ու կաճառներ հին
Մայրաքաղաքների ու մեր երկրի անուններով ենք կնքում`
Արմենի, Հայասա,Հայաստան, Անի, Վան…
Գոհունակ ժպիտը երկար չտևեց, մի քանի սփյուռքահայ կտրեցին
Նրա ճանապարհը և փառաբանեցին արևմտահայերեն:
Ուսուցիչը շատ բառեր կարծես թե չհասկացավ, քանզի նրանց խոսքը
Խճողված էր անգլերեն, թուրքերեն, իսպաներեն, արաբերեն և այլ լեզուների բառերով:
Բայց հստակ էր Ուսուցչի թախիծը, որ կարող էր ծածկել մի ողջ պատմություն:
-Էհ, զավակներս, միշտ սփռվել ենք Եգիպտոս, Հունաստան, Իրան, Հռում:
Սա ճակատագիր է:
Սփյուռքահայերը միաձայն, երգելու պես ասացին.
-Դուք մեզ փրկել եք, ուր էլ գնաք, կգոչենք հայ,
Հայաստան,
Այբուբենը մեր հոգին է:
Մի սփյուռքահայ ուսուցիչ դիմեց Ուսուցչին.
-Արևելահայերեն, արևմտահայերեն, շատ չէ՞, սուրբ Մեսրոպ:
Մեծը «սուրբ» բառից կնճռոտվեց, ասաց.
-ժամանակը կպարզի, կարևորը երկուսի մեջ էլ հայերենն է:
Բա ե՞ս ինչ անեմ, որ միայն գրաբար գիտեմ:
Բոլորս խնդացինք:
Սփյուռքահայերը դժվարությմաբ բաժանվեցին,
Նրանք քրիստոնեության հռչակման 1700-ամյակի ծրագրով
պիտի երթային «Լա Սկալայի» համերգին:
Ես փորձեցի խոսել քրիստոնեության կարևորության մասին,
Մեծը ուսուցչաբար ընդհատեց.
-Որդյակ, Այբուբենի առաջին տառը Այբ է` Աստված, վերջինը Քե`
Քրիստոս…
Ես նրան չցանկացա ծանրաբեռնել, որ Եվ, Օ, Ֆ էլ ունի Այբուբենը:
Այնքան բան կար պատմելու Մատենադարանի մասին:
Այո, սիրելի ընթերցող, նա տեսավ արձանը և հարցրեց.
-Ո՞վ է այն ծերը և ո՞վ այն մանուկը:
-Ծերը, Ուսուցիչ, Դուք եք, մանուկը` Կորյունը:
-Շատ ծեր է, բա ես այդպիսին եմ,-ժպտաց Ուսուցիչը,-Կորյուն այսպիսի
տղեկ էր` ուշիմ, Երևանի փողոցներում այդպիսիք շատ տեսա:
Ես տեսա նաև ուսադիրներով, պետական մարդկանց, երկաթե շարժակառքեր,
Ծանոթ դեմքեր, ասորիների և պարսիկների, ազգդագրեր,
Ժամանակը փոխվել և չի փոխվել, դա հայոց պատմությունն է:
Ցիցերոնը մի քիչ սխալվում էր,- ինձ աչքով արեց Ուսուցիչը:
Նա երկար նայեց Արարատին և հանկարծ ծնկի եկավ,
Ծանր խաչակնքեց, աչքերը լիքն էին մշուշով, բիբերում
Արտացոլված պատկերներ` Եռագույն, Զինանշան, Արարատ,
Շուրթերին մրմունջ` ականջիս չհասնող:
Ես Կորյունի պես ծնկեցի նրա առջև և քարացած նայում էի դեմքին`
Հասկանալու նրա մրմունջը:
Տեր իմ, ե՞րբ կհասկանամ:

Ագռավաքար

Մարութա սարի գագաթին կանգնած այս էլ քանի դար
Ձենով Օհանը, Քեռի Թորոսը,
Նաև այն խղճուկ պառավը, անգամ Խանդութ Խաթունը
Քառաձայն երգչախմբի հանգով գոռում են,
Գոչում, ճչում են, պաղատում`
Դուրս արի, Փորք Մհեր, դուրս արի Ագռավաքարից,
Դուրս արի, բալա, ախր պաղ քարանձավում
Էլ հոդացավ, էլ ռադիկուլիտ, էլ չգիտեմ ինչ կվաստակես:
Քարը փեշիցդ թափի, դուրս արի, բալա,
Մեկ է, ոչ ցորենը քանց մասուր կդառնա, ոչ էլ մասուրը` ցորեն:
Դառնանք ասենք, որ նրանց միացավ Էդգար Պոյի ագռավը,
Դառնանք ասենք ապա, որ նրանց ձայնակցեց
Նույնիսկ մի հասարակ քար:
Սասունցու կողով այս Փոքր Մհերը իր էշն է քշում:
Այդ ընթացքում Ագռավաքարը դանդաղ, ծանր բարձրանում է
Լեռը,
Ապա թավալգլոր` մինչև լեռան ստորոտ:
Ել ու վար,
Վար ու ել:
Այս էլ քանի դար:
Մեզ մնում է արձանագրել` Փոքր Մհերը մեր Սիզիփոսն է,
Բայց Ագռավաքարի ներսում:
Ագռավի պես վեր է ելնում:
Քարի պես գլորվում է վար:

Գործազուրկ բանաստեղծը

Գործազուրկ բանաստեղծը չի գրում,
Գրի էլ` գործազուրկ է:
Ընթերցողների մի մասը փախել է Գերմանիա,
Մի փոքր խումբ` Հոլանդիա,
Մի քանի հոգի էլ` Հնդկաստան,
Անբարո ընթերցողներից մի քանի տիկին` Թուրքիա,
Մի քանիսն էլ, իբր միասեռական, Ամերիկա:
Մնացյալի մեջ դժվար է ընթերցող ճարելը,
Դա հատուկ գործ է, որ կարգին մենեջմենթ է պահանջում:
Ահա գրասեղանը,
Բանաստեղծի կինը ռեհան է չորացնում ամբողջ մակերեսով:
Ինչ լավ բուրում է:
Ձմեռը համով ճաշեր կուտեն,
Չոր ռեհանը կարթնացնի ամառվա հուշը,
Բանաստեղծը գուցե հիշի նաև իր երգերը,
Որոնք թղթե աղավնիների պես
Դուրս էին ճախրում պատուհաններից:

 

Ընտրեց և թվայնացրեց Հասմիկ Հակոբյանը

Share Button

2 Կարծիք

  • Նելլ says:

    Իմ ամենասիրած բանաստեղծից`առանց ավելորդությունների…
    Ծիծաղում է նա, ով գիտե
    Լացն ինչ է:
    Լալիս է նա,
    Ով այդ պահին ծիծաղել չի կարող:
    շատ լավն ա է…

  • MKRTICH says:

    Cicax banastexcutyun@ indz shat dur ekav Edvard Militonyan duq lav banastexceq shnorhavorum em dzes

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *