Մարիամ Հարությունյան | Էոսի եթերում

Հմայություն

Համա-նվագ ոսկե շողով քիվ էր կապել,
Ալե-ծամիկ թափվում էին վարսքը նրա
Առաստաղից մինչև խռով հատակ՝ հատիկ-
Հատիկ վրա հավաքելով լույսի մերան,
Փաթաթելով քամու լարը լռության հետ,
Բայց անշշուկ, որ չկտրի դողը տաքով։
Համա-թրթիռ երկարում էր ծայրը փշուկ,
Մինչև փոշին հագով դառնար, ու նրա քով
Այդպես երկար մնար պիտի ու տարածեր
Մեղրի թանձրուկ, դդմաշոգի ու յասաման,
Որ նոր ու ծեր ներս քաշեին տաքուկ-տաքուկ
Նրա քաղցր օրհնությունը համա-հմա…

 

***
Ապրես, որ եկար, երբ ծխահոտ էր օդը,
Ու չորաթան էր ամբողջ երկինքը թավ,
Երբ հավատալը արդեն ամոթ էր,
Իսկ կասկածելու՝ մի մեծ կտավ
Թափվել էր՝ ծայրից լուլաներով թել,
Ուզում ես՝ պոկիր, չէ՝ մնա թող
Այդպես (ուտել, սիրել, աղոթել,
Կամ ավելի լավ՝ գրել ինքնաթող),
Թիռը փայլում է մի մատ հեռվում,
Պարիկի ձայնը փչում է զիլ,
Ապրե՜ս, որ եկար, ու չեն սպառվում
Պառավ լեզվակի օղերը վզի,
Երբ գլորում են փայտե հաշվիչի
Հերթական գունդը երրորդ հերթով,
Ու երբ ասում են (հանուն ինչի՞),
Որ կարոտել են մատները թով։
Խավարում սաստիկ թթու է օդը,
Բայց պսպղում է երկինքը մոռ,
Ինձ ձայն է տալիս արդեն հաջորդը՝
Նորից խռոված, նորից պղտոր
Թրթռացնելով տողերը վզի,
Կոպերի ներսում դողն է վառվում,
Հեթանոս երգերը հնչում են զիլ,
Մատաղացուն է մեռնում հեռվում,
Ուշ երեկո է, ասես շուտով
Մեկը զանգ կտա ժամատնից,
Ու հուսակտուր կգա իմ քով
Նա, ով այսօր հավատում է ինձ։

 

Հրեշտակս

Կռճիկ-տոտիկը կպավ սառը գետնին, մեկ էլ՝
Հո՛պ, զգու՜յշ՝ թնդաց մի տեղ ներսի կողմում,
Չկասկածեց – զգաց, որ մոտ է թողնում,
(Բա որ…) թողնում է արդեն իրեն մեկնել
Պարզած ափերով թաթ ու թարսած գլխարկ,
Ու երիցուկ են տալիս (վերցնի՞), երիցուկ,
Որ աչք ու գլուխ ծռած ու թռանցուկ
Սիրում էր… մանր շոյել մատների տակ։
Կամաց իջավ, դրեց իր ունեցածը հաջորդ,
Որ թափանցիկ, ու եթեր, ու անարի
Քամի է. մեկը գոնե ձեռքերը իր բարի
Ու արձակի վերարկուն, գոնե ձայն տա իր մոտ՝
Հեռու (ինչքան՝ այնքան լավ), որ տոտիկներ-կռճիկ
Ձյունի նման քաջ լինեն չկոշտանալ։
Մեկ-երկու, երկու-մեկ – նվագ քառալար,
Որ թախիծը պիտի մոռացնի ի չիք։

 

***
Խնդրել է, պիտի գիշերն արև փչի
Լուսամուտից, պիտի հոկտեմբերի
Գույնը ժպիտ մուրա (հափչի՛),
Որ եռաաչք ու գիսավոր կաղնիների փերին
Մի քիչ էլ մնա իր հետ՝ կախված միակ
Հնարավոր մեխից իր անագե տան,
Կամ էթիլենի առաստաղից բարակ,
Կամ էլ երգերի արանքում (պամ-պարամ)։

Խնդրել է, պիտի ուրեմն աստղ տեղա
Ամեն նահանջ կեսօր՝ զարկից հետո,
Վերջին հարկից բարձր պիտի աղաղա՜,
Որ նոր բառ է ծնում ահա, ուր որ է, շուտով,
Հասնու՜մ է, վազի՜ր, պիտի բռնես հենց դու,
Խնդրել է միակը տեսնողներից (հափչի՛),
Ուրեմն պի՛նդ կաց, նայիր՝ հողն է մտնում
Արմատը, որ մի օր պիտի կանաչի։

 

Խնջույք

Այն ամենը, ինչին հավատացել եմ ց արդ,
Ինչին անզեն հավատով մկրտել եմ անուն,
Որ դառնա մոգական եփուկի մակարդ,
Հիմա քափ է տվել, ա՛փ եմ հանում
Ու բաժանում եմ։
Եկե՜ք, վրա՛ տվեք անհերթ.
Նեկտարը ինքը կընտրի՝ ում երախով ծորա
Սիրտ ու հոգու դիմաց… չունե՞ք, դե ձեզ բարի երթ,
Այսինքն՝ գրո՛ղը խմի ձեր արյունը թորած։

Մինչև որ շուրջը բռնեն տոնական կաթսայի
Բոլոր էլֆերը անմեղ ու գաճաճները ժիր,
Մինչև ընտրեն գիշերվա հարս ու փեսային,
Երգն էլ մեր խինդը հեռո՜ւ տափաստաններ քշի,
Կհավաքեմ ես ամենն, ինչ ունեի ց արդ,
Տեսնու՞մ ես, եղածը հիրիկ է ծովի ծոցից,
Դրանից ավելի էլ ի՞նչ կարող է մի մարդ
Մեկ ուրիշ մարդու մեկնել փորձի։

 

Հրապույր

Գիշերը թաքուն բացվող հասմիկի նման
Հիացմունք է լցվում անրակների փոսը.
Այս ամենից հետո մի՞թե լուռ կմնաս.
– Գնա՜, խենթությու՜ն, սրտես ի բաց հոսէ…-
Ասում ես ինքդ քեզ, բայց մատներդ հազիվ
Վերուվար են անում նոր սափրած ծոծրակով։
«Ո՞վ ես, որ մոտ գնաս այս նյութե երազին,
Որ ամպերը կտրես աչքերիդ հագով»։
Ու նորից անրակին, նորից հայում ես դու
Թաքուն, որ չշիկնի նրբությունը մարմար։
Երբ եթերն է առնում էությունը մարդու,
Դուռ-լուսամուտ փակե՛ք, ջնջե՛ք հասցե, համար,
Անուն, հագուստ ու դեմք. թող չհիշի խեղճը,
Թող որ կարեր պոկելով ուռչի վերարկուն,
Ու քաջությունը լցվի մկանների մեջ
Մինչև փետուրների ծայրը թաքուն-թաքուն։

 

***
Օրվա վերջում հանեց գլխարկը հտպիտի,
Պառկեց, ձեռքը տարավ պատին, կարդաց՝ «ստվեր»։
Ճաք է տվել, ու նա դրա մասին գիտի.
Պատը ճաք է տվել։
Ճաքից ձյուն է գալիս՝
Հսկա փաթիլներով ոսկեխնձոր,
Նուռ ու ծիրան՝ իբրև սառցեհատիկ իրիս,
Հետո՝ անձրև ծործոր
Մոխիր պատի մաշկով՝ որպես փայլուն բենզին,
Ճյուղով խառնած ծփանքի պես անհամաչափ
Կաթում է կաթ նրա վզին։
Վիզը փուշ է քաղում, տեղը մնում է ճաք…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *