Անուշ Մարգարյան | Երազանքներ առաքող վերելակը

(Հեքիաթ)

Վաղու՛ց, շա՛տ վաղուց մի զարմանալի թագավորություն կար՝ Ժպիտաստան մայրաքաղաքով: Ծիծաղկոտ այդ քաղաքի ամենագլխավոր հրապարակում մի կախարդական վերելակ էր հայտնվել՝ երազանքներ առաքող: Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գալիս էին, սեղմում վերելակի կոճակը և իրենց երազանքը տուն տանում: Առաջինը երիցուկներ վաճառող աղջկա հերթն էր: Նա այնքան տխուր էր, որ ներսում ուրախության համար ազատ տարածություն չէր մնացել: Ընդհանրապես տխրելը նրան բոլորովին չէր սազում, դրա համար էլ լեփ-լեցուն տխրությամբ եկել էր ժպիտ տանելու, որովհետև առանց այդ ժպիտի երիցուկները չէին վաճառվում: Ծիծաղկոտ քաղաքով անցնելիս տեսել էր քաղցր կրպակը, ու մայրիկի հոտով կարկանդակների բույրը քիթն էր ընկել: Ժպիտաստանում կարկանդակն արժեր 5 լիաթոք ժպիտ, դե իսկ ժպտալը հեշտ բան չէր, մանավանդ սոված փորին: Ամբողջությամբ շնչելով կարկանդակների բույրը՝ բավականին կշտացավ նրանց կենդանի համից: Հետո կրպակի կողքով վազեց ու հանդիպեց մի բեղավոր խրտվիլակի, որ ծղոտե սիրտ ուներ և չէր շնչում:
– Բարև,- ողջունեց ծղոտե խրտվիլակը:
– Բարև,- տխուր քաղաքավարությամբ պատասխանեց աղջիկը:
– Իսկ դու սիրտ ունե՞ս:
– Իհարկե ունեմ,- զարմացած պատասխանեց աղջիկը:
– Եվ ինձ նման ծղոտից չե՞ս:
– Ամենիևն էլ ոչ,- պատասխանեց աղջիկն ու տարօրինակ հարցից շփոթված՝ շոշափեց քիթն ու ականջները, որպեսզի համոզվի, որ ծղոտից չէ:
– Այդ դեպքում ինչ՞ ես տխուր,- հարցրեց ծղոտե խրտվիլակը:
– Որավհետև երեկվանից ոչ մի երիցուկ չեմ վաճառել,- ասաց աղջիկն ու շարունակեց,- Իսկ դո՞ւ ինչու ես տխուր:
– Դե որովհետև ծղոտից եմ ու չեմ շնչում և անգամ չգիտեմ, ինչ բույր ունեն երիցուկները, հասկանո՞ւմ ես:
– Գիտե՞ս, կամաց-կամաց սկսում եմ հասկանալ: Ճիշտ այսդպես էլ ես չգիտեմ այն կարկանդակների համը, որոնց մասին երազում եմ արդեն մի քանի րոպե: Նշանակում է, որ ես էլ քեզ պես մի քիչ ծղոտից եմ,- չարաճճի ախորժակը զսպելով՝ ասաց աղջիկն ու շարունակեց:- Բայց գիտե՞ս, երևի դու տխրում ես նրանից, որ Ժպիտաստանում չունես գոնե մեկ ընկեր:
– Ընկե՞ր, իսկ ի՞նչ է ընկերը,-շփոթված պատասխանեց ծղոտե խրտվիլակը:
– Ընկերը նա է, ում հետ դու ծիծաղում ես, թեյ ես խմում, խաղում ու խորհուրդներ ես տալիս:
– Խորհուրդնե՞ր, լավ, հիմա մտածեմ… Էս մեկը չէ, սա էլ չէ, հա՜, մտածեցի: Ինձ թվում է՝ դու պետք է իմ ընկերը դառնաս:
– Գիտե՞ս, չեմ կարող, ես շատ գործեր ունեմ,- շտապ վրա բերեց աղջիկը,- ախր դեռ պետք է ժպիտս վերադարձնեմ:
– Դե որ այդպես է, վերելակին խնդրիր, որ ինձ համար մի ընկեր առաքի:
– Իհարկե կխնդրեմ,- հուսադրող ձայնով խոստացավ աղջիկն ու շարունակեց ճանապարհը: Հետո արագ քայլերով վազեց ու հայտնվեց մի ընդարձակ սրահում, որը լուսավորված էր երկնքից թելով կախ տված աստղալապտերների շարասյունով: Ու ի՛նչ ափսոս, որ ինքն էլ երկնքից թելով կախված չէր ու ոչ մի խրթխրթան աստղ, հավանաբար կարկանդակի համով, չէր կարող փորձել: Մտքում մեկ առ մեկ նրանց կենդանի համը փորձելով՝ աղջիկը հասավ վերելակին, երազանք պահեց ու սեղմեց կոճակը: Հաջորդ վայրկյանին զարմանալի մի բան կատարվեց: Վերելակը առաքեց նրա երազած ժպիտը, բարեբախտաբար, կարկանդակի համով ու խրթխրթան: Աղջիկը ժպիտը վերցրեց ու այնպես խրթխրթան ծիծաղեց, որ Ժպիտաստան քաղաքով անցնելիս կենդանացրեց անգամ այն բեղավոր խրտվիլակին, որ ծղոտե սիրտ ուներ և չէր շնչում: Եվ ծիծաղկոտ այդ քաղաքի լուսավոր փողոցներում երկու հոգի ծիծաղում, թեյ էին խմում ու խորհուրդներ տալիս իրար: Զարմացա՞ք, մի զարմացեք: Պարզապես վերելակը ժպիտի հետ առաքել էր նաև ծղոտե խրտվիլակի երազանքն ու նրան մի հոգատար ընկեր նվիրել:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *