Յուզ Ալեշկովսկի | ԵՐԳ ՍՏԱԼԻՆԻ ՄԱՍԻՆ

Յուզ Ալեշկովսկի (Իոսիֆ Եֆիմովիչ Ալեշկովսկի, ծնվ. 1929թ.) – արձակագիր, բանաստեղծ, բարդ: 1979-ից ապրում է ԱՄՆ-ում: 2001թ.-ին արժանացել է Գերմանական Պուշկինյան մրցանակի:
1947թ.-ին Ալեշկովսկին զորակոչվել է ծառայության ռազմածովային նավատորմում. ծառայել է Սիբիրում, որտեղ կարգապահությունը խախտելու համար դատապարտվել է չորս տարվա բանտարկության: 1950-1953 թթ. պատիժը կրել է ճամբարում: 1950-ականներից սկսել է երգեր գրել իր խոսքերով:
Ալեշկովսկին պաշտոնապես համարվել է մանկական գրքերի եւ կինոյի ու հեռուստատեսության սցենարների հեղինակ, իսկ ոչ պաշտոնապես հանդես է եկել որպես սե փական երգերի կատարող, որոնցից առավել ճանաչված է Ստալինի մասին գրած երգը: «Մետրոպոլ» ալմանախում «ճամբարային» երգերի տեքստերի հրապարակումից հետո Ալեշկովսկին ստիպված էր արտագաղթել
ԽՍՀՄ-ից:

 

ԵՐԳ ՍՏԱԼԻՆԻ ՄԱՍԻՆ

Ոգի Նաիրի, Ստեփանակերտ, 2015թ.

Ընկեր Ստալին, Դուք մեծ գիտնական եք,
Լեզվաբանություն գիտեք Դուք կարգին,
Իսկ ես շարքային մի բանտարկյալ եմ,
Եվ ինձ ընկեր է գայլը Բրյանսկի:
Ինչու՛ եմ նստած` տարակուսում եմ,
Ճիշտ են երեւի դատախազ, օրենք:
Ես Տուրուխանյան երկրամասում եմ,
Ուր Դուք եք նստել դեռ ցարի օրոք:
Մեզ վրա վերցրինք մեղքերը այլոց`
Տրվելով բախտին չար եւ անպատում:
Ձեզ այնպես էինք հավատում, իրոք,
Ինչպես գուցե մե՛զ չէինք հավատում:
Եվ ահա ես այս երկրամասում եմ,
Ուր հսկիչներն են ոհմակի պես շան:
Դե, հասկանում եմ, ինչպես ասում են`
Դասակարգային պայքար է դաժան:
Անձրեւ է, ձյուն է, մլակներ պես-պես,
Մենք տայգայում ենք` օրեր շարունակ:
Դուք կայծից բոց եք ստացել, եւ ես
Խարույկի մոտ եմ լուսավոր ու տաք:
Երկա՛ր ապրեցեք, ընկեր Ստալին,
Թեկուզ տայգայում սատկեմ էլ անհետ,
Չուգունն ու պողպատն ամեն մի շնչին,
Հավատու՛մ եմ ես, միշտ հերիք կանեն:

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Իմ պատիժն էի Սիբիրում կրում,
համբավ ունեի աշխատասերի,
եւ ներդրեցի ջանք ու նվիրում,
որ հանդիպեմ իմ կնկան սիրելի:
Գրեցի. «Կնիկ, կարոտել եմ քեզ,
կայարանն երեք վերստ է այստեղից»:
Սպասեցի երկար, շատ տանջվեցի ես,
հա՜ ելնում էի տանիքին էլի:
Սիրտս մղկտաց էդ խեղճի տեսքից,
որ կռացել էր բեռի տակ ծանր:
Բայց իմ բարաքի բարձր տանիքից
վստահում էի փոքրիկ կնկանս:
Հուզվում էի շատ ու ցնցվում դողից.
հսկիչն էր զննում կնկանը իմ խեղճ,
բայց թե ո՛նց պահի փեշի տակ օղին`
բացատրել էի նամակներիս մեջ:
Փակեցին մեկտեղ հետո մեզ իսկույն,
նա չէր իմանում` ողջ է, թե մեռած,
իսկ ես, ոնց որ էն դատական նիստում,
կարկամել էի` լուռ ու կարմրած:
Մենք փակված էինք նույն էն սենյակում,
ուր քնել էին իրենց կանանց հետ
երեկ-մեկել օրն, ինչպես մենք` թաքուն,
խարդախ Լավոչկինն ու ջեբկիր Կացն էդ:
Գունաթափվել էր պաստառը պատի,
դիտանցք կար մեջտեղն երկաթե դռան,
ու ոնց որ մեր տան մի սրբապատկեր`
Կալինինն էր լուռ նայում մեզ վրա:
Դե, զրուցեցինք, խմեցի օղին,
ծխեցի տնկած իմ ծխախոտից…
Է՜խ, կնիկ, գցիր, գցիր անկողին,
թեկուզ պետական, ու արի մոտիկ:
Հերթապահները կատակ են նետում,
բանտարկյալներն են կարոտով ձայնում.
«Էհե՜յ, Ստեփա՜ն, կնկադ դեսը տուր
ու տես, թե ոնց են էդ գործը անում»:
Ա՜խ, մարդի՛կ, մարդի՛կ, էդ ինչ անլուրջ եք,
բժիշկ է ձեզ պետք, էն էլ` նյարդային,
իմ կինն է, ախր, ձեր կովերի՛ն չեք
ցլի մոտ բերել կոլտնտեսային:
Զայրանում եմ, ու տանջում է խիղճս,
բայց հո կնոջդ չես տա ամենքին…
…իսկ լուսադեմին զարկեց հսկիչը
ռելսին երկաթով` ոնց որ իմ սրտին:
Գնալուց առաջ մե՛կ էլ լից, կնի՛կ,
եւ մենակ նստիր կանաչ վագոնը,
ձմռա՛նն էլ կգաս, քիթդ մի՛ կախիր,
եւ չմոռանա՛ս, ի՛նձ չէ, հիմարիկ,
այլ` ո՛նց թաքցնես դու սամոգոնը:

 

ՍՈՎԵՏԱԿԱՆ ԶԱՏԻԿ

Պայծառ հայացքս երկինք եմ հառում,
երեք հոգու փող հավաքած ունեմ:
Ես հանքափորի այս օրն եմ սիրում,
որ նաեւ զինված ուժերի տոնն է:
Ձվեր են ներկում կապույտ ու կանաչ,
իսկ ես ներկում եմ միմիայն կարմիր:
Անցնում եմ հպարտ` ձեռքերիս պահած`
ինչպես հաղթական դրոշները մեր:
Այսօր ձվերն են ճայթյունով ջարդվում,
զանգերն են լցնում հոգիդ խնդությամբ,
պրոլետարներն են միավորվում
զատկի սեղանի շուրջը հաղթությամբ:
Երբ եկեղեցուց գնում ես ճաշի,
ինչ լա՜վ է տարվա եղանակին էդ:
Արի մենք ծխենք ափիոն ու հաշիշ,
իսկ ժողովուրդն էլ ծխի սիգարետ:
Զնգոց է դանակ-պատառաքաղի
թխվածքի հոտն է շոյում ռունգերդ:
Շարքի ետեւում շշի անտառի
հաճո են անգամ ծախող դեմքերը:
Բոլո՞րն են եղբայր: Չինացուն գրկեմ,
Մաո Ցզե-դունին ողջունեմ, խնդամ,
նա ինձ իր դեղին ձվերն ուղարկի,
ես էլ իմ կարմիր ձվերն իրեն տամ:
Մեկ երազանք է սրտում բոլորիս`
շողերի ներքո այս խաղաղ լույսի,
որ թե՛ կոմունիստ, թե՛ իմպերիալիստ`
բոլորն ընդունեն ուսմունքն Հիսուսի:
Ա՜խ, անցորդ աղջիկ, արի համբուրվենք,
ներիր, բայց հոգիս մաքուր է իրավ:
Ինչպես բոլորը, ճիշտ այդպես էլ մենք:
Դե, մեկ անգա՛մ էլ… իրո՛ք որ` հարյավ:

 

ԱՆՁՐԵՎ ՈՒ ԱՆՁՐԵՎ

Էս եղանակին թախտին վեր ընկնես
Եվ օղի կոնծես պանդոկում մի խուլ,
Էս եղանակին աղջկա գրկես
Եվ աշնան բախտը լացես քո տխուր:
Անձրեւ ու անձրեւ,
Անձրեւ ու անձրեւ,
Եվ ցրտեր հետո:
Ցրտահար դաշտեր,
Ցրտատար հավքեր`
Դեղնավառ կեչու թիկնոցի ներքո:
Երգեր եմ սիրել, աղջիկներ, գիշեր,
Բայց հիմա ոչ ոք չի երգում դրսում,
Հարբած տերեւներն են լոկ անհամբեր
Քամու ձայնի հետ պար բռնել ուզում:
Անձրեւ ու անձրեւ,
Անձրեւ ու անձրեւ,
Եվ ցրտեր հետո:
Ցրտահար դաշտեր,
Ցրտատար հավքեր`
Դեղնավառ կեչու թիկնոցի ներքո:
Բայց խինդ էլ ունի անխարդախ կյանքը.
Թաց, թախծոտ օրից պետք է վերանալ,
Մոսկովյան աշնան այս եղանակը
Խենթ աղջկա հետ պետք է մոռանալ:
Անձրեւ ու անձրեւ,
Անձրեւ ու անձրեւ,
Եվ ցրտեր հետո:
Ցրտահար դաշտեր,
Ցրտատար հավքեր`
Դեղնավառ կեչու թիկնոցի ներքո:

 

ՎԱԳՈՆԱՅԻՆ
(Կույրի երգը)

Ես չեմ տեսել էս աշխարհը մեծ:
Հայրս էսեռ էր, վայ իմ օրին…
Յագոդան քննելիս մայրիկիս վիրավորեց.
Չթողեց, որ քնի տասնչորս օր
Եվ քացով զարկեց մորս փորին:
Իսկ դա ե՛ս էի, եւ ինձ ներեցեք,
Որ կույր եմ էսօր ու չգիտեմ հեչ,
Թե ինչ տեսք ունեն կնիկ-երեխեքը,
Ընկեր Կոսիգինը, Պոդգոռնին, Բրեժնեւը,
Տասնոցը, հացն ու դեմքը ծաղկաչեչ:
Չեմ տեսնում մեր մեծ նվաճումները,
Կանանց հետ քեֆ չեմ քաշում, չեմ խմում,
Առանց երազի են իմ երազները,
Իսկ առավոտյան մութ է, հանց գիշերը,
Եվ Աստված ինչ տա, է՛ն եմ ես ծամում:
Ներեցեք շանս, ոռնում է սովից նա էլ,
Սիրում եմ նրան` մի խոսքով,
Ժողովուրդ, անունն է էդ խեղճի Լաերտ,
Ի սեր Աստծո, մի երկու կոպեկ տվեք,
Լաերտի համար կգնեմ ոսկոր:
Հա՜ քչանում են կանաչ վագոններում
Դժբախտ կույրերն ու հաշմանդամները:
ԲԱՄ-ն է ուղի հարթում տայգաներում,
Եվ չե՛նք թողնի երբեք ուոթերգեյթյան
Էն գործը կոծկեն մեր թշնամիները:
Երկիրն է ծաղկում տարեցտարի,
Մենք լուսե հեռուն ենք անվերջ սլանում,
Յագոդան դուրս եկավ ժողովրդի թշնամի,
Բայց դե, ասեք ինձ, էդ ամենից
Խեղճ կույրերն ի՞նչ օգուտ են ստանում:

 

ԿՈՒԲԱՅԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ
(Էռնեստո Չէ Գեւարա)

Էռնեստո Չէ Գեւարան
Հավանան էր լքում:
Ոչ տեսել էր նա հեշտ կյանք,
Ոչ էլ ուներ ձգտում:
«Մնաս բարով, իմ Կուբա,
իմ առաջնորդ Ֆիդել,
մնաս բարով, կաշվե իմ
մինիստրական պորտֆել»:
Կանչում են ընկերները.
«Մի հավ վերցրու քեզ հետ»:
Բայց խիստ է մեր Գեւարան.
«Հավն ինձ պետք չէ երբեք:
Չի կարելի վերցնել հավ,
Աղքատ իմ տոպրակում
Կվերցնեմ կուբայական
Ռաֆինադ մաքուր:
Եվ կտանեմ ես ինձ հետ
Մինչ եւ մահ ու գերեզման
Ու դառնություն զգամ երբ,
Կամաց կծծեմ այն»:
Հեռացում-բաժանում է,
Օտար երկրում է նա:
Մարքսիստական ուսմունքն է
Իր կինն արդեն հիմա:
Ավագ որդին` Գիզենգա,
Կրտսերը` Հո Շի Մին,
Իսկ տեգրն էլ էդ կնկա`
Ամեն մի ազնիվ չին:
Ինչպես այն ուրվականը
Եվրոպայի ճամփին,
Աֆրիկայով անցավ նա,
Բայց չգտավ հանգիստ:
Սուկարնոյին տապալել
Թեեւ չհաջողվեց,
Բայց Կոնգոյում փոթորկուն
Կասավուբուն պարտվեց:
Դողացե՛ք, բռնակալնե՛ր,
Ստրուկնե՛ր, գոտեպնդվե՛ք:
Դասակարգային պայքարից
Շուտով դուք կազատվեք:
Բարեհաջող պահի է
Սպասում մեկ երկրում
Եվ իր լքած կնոջն է
Ալիմենտ վճարում:

 

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՌՈՄԱՆՍ
(նմանակում)

Աշնան պաղ թեւերի
շուքի տակ դողդոջուն,
ափին
աստվածային բաժանումի`
սաղարթի մեջ մթին
թախծոտ երգ թռչունի,
եւ հյուսիսի քամի,
Երկրի վհատ աճյուն:
Ինչ երկա՜ր եմ կանգնում
սառչող առվակի մոտ:
Թափառում եմ հաճախ
սեպտեմբերյան ծիրում`
ինչպես ջութակահար
մտախոհ ու թախծոտ,
փարվում բոսոր ճյուղին
եւ մեղեդուն նիրհուն:
Ճերմակ սնկի առջեւ
ճակատս եմ խոնարհում:
Չեմ նկատում արդեն
ո՛չ ժամ, ո՛չ օր…
Սիրած աշնան պահին
ի՜նչ լավ եմ հասկանում
Կեցության անսահման
իմաստը խոր…
Ի՜նչ քաղցր է երազը`
մինչ արթնությունը նոր:
Թվում է` երազում
պատկերն է կարճ կյանքի.
ասուպ` ժամանակի
երկինքներում անցնող,
դժոխք, մշուշ, քաոս
կոսմիկական կարգի…
Կեչիներն են ձմռան
շիրմաքնով ննջում:
Ժամն է լավ ընկերոջ
ձեռքսեղմումի
այս դեղնաթեւ աշնան
շուքի տակ դողդոջուն,
ափին
աստվածային բաժանումի:

 

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԳ

Հավքեր չէին թռչում, ուր մենք էինք շրջում`
կալանավորների խմբով:
Քաղցած էինք շրջում, ցրտից էինք սառչում`
Մոսկվայից Կոլիմա ճամփով:
Շատ էր կամ թե քիչ էր, բայց հոգնեցուցիչ էր
լույսի հետ ամեն հերթափոխ,
քրտնաթոր աշխատանք, ահավոր ճիգ ու ջանք,
երեկոներն էլ` ծանր խոհ:
Երգեր էինք երգում մենք աչքերով տրտում,
ու ծածուկ լալիս էր լարը:
Նստածների համար, տուժածների համար
քամենք մեր բաժակը դառը:
Անցնում էր տանջանքը: Կեցցե՛ ազատ կյանքը:
Թռի՛ր ազատ թռչունի պես:
Եվ նույնիսկ քննիչը, որ էդքան անխիղճ էր,
ինձ բարի ճանապարհ մաղթեց:
Նորից գլխիս վերեւ` կապույտ երկինք, արեւ,
լիաթոք շնչում եմ էլի,
եւ արցունքի միջից ես տեսնում եմ կեչին
ու դաշտերը իմ սիրելի:
Մնաս բարով, կալանք, բանտարկյալի դու կյանք
անհամ ու ջրալի ապուր:
Կնոջ կարոտից էդ` շուրթերիս այսուհետ
խենթ կլինի ամեն համբույր:
Խմե՛նք ազատ կյանքի եւ տաք եղանակի,
խարույկի ու հացի արդար,
խուժան խոհարարի եւ մուժիկի բարի,
մեր ժամապահների համար:
Դե, խմենք բուժակի եւ հսկող պահակի,
մենախցի համար անգամ,
երջանկության պահի, ինչքան էլ շուտ սահի,
եւ երազող բոլոր մարդկանց:
Լցրու՛ գինու գավը, մոռանանք հին ցավը,
իսկ ով ինձ կշտամբի, ես կասեմ.
– Նստեք մեզ հետ դուք էլ, տխրեք մեզ հետ
դուք էլ,
գոնե մեկ տարի մեզ պես սպասեք:

 

ԲՐԵԶԵՆՏԵ ՎՐԱՆԸ

Օլյա Շամբորանտին
Ա՛յ, երբ որ ես կգամ ԲԱՄ,
նախ էն տղին ես կտամ…
կտամ հանձնարարություն`
ունենանք տեսակցություն:
Նա անվախ է, նա կգա,
կքնի իմ կրծքին նա,
ներս կքաշի ծուխն ագահ,
եւ իմ սրտում կմնա:
Դե ինչե՞ր չեմ ես տեսել
իմ ռոմանտիկ էս կյանքում:
Շատ տղերքի եմ տվել
վրանի մեջ ես թաքուն:
Ինձ սիրել են ջերմագին,
գոհացել են հենց տեղում`
էդ վրանում մի կարգին,
վարագույրի ետեւում:
Շատ բաներ եմ կառուցել,
եղել Բրատսկի ՀԷԿ-ում այն,
այց էդ ամենն, ասեմ ձեզ,
պետական շահ է միայն:
Հա՛մ «փիսիկ» ենք, հա՛մ «թռչնակ».
քնքուշ գործ ենք մենք անում,
բայց վրանից, իմանա՛ք,
ոչ ոք մարդու չի տանում:
Լաց եմ եղել ես թաքուն,
հարբել ամեն անկյունում
եւ ռելսերով երկնագույն
ճամփորդել եմ վագոնում:
Էդ բրեզենտե վրանում,
վարագույրի ետեւում
իմ սիրելին է մնում,
եւ իմ ողջ կյանքն է տեւում:

 

ԸՆՏԱՆԻՔԸ
Դա վաղուց էր:
Մենք դեռ չէինք խմբվում ՕՎԻՐ-ում,
եւ ԽՄԿԿ-ն դեռ չէր եղել քաքմեջ:
Իսկ Կրեմլում, մեկ սենյականոց
համեստ բնակարանում
Սվետլանայի հետ տիկնիկ էր խաղում
ամենաբարի հայրն էս աշխարհի մեջ:
Բայց անսպասելիորեն դուստրը
փոքրիկ ձեռքը տարավ բեղերին,
կամաց քաշեց բեղերը,-
եւ ընկան գորգին դրանք:
Շատ դժվար է ասել,
թե ինչ եղավ հոգում երեխի,
իսկ անբեղ հայրիկն անհեթեթ էր,
ինչպես ժամացույցն անսլաք:
Եվ ասաց Սվետլանան`
որ մեծ զարմանքով էր լի.
«Հայրիկը չես դու,- վնասարար ես, լրտես ու
ֆաշիստ ես»:
Եվ օտար ու վատ,
վախից դողացող էն քեռին
բացեիբաց խոստովանեց.
«Ես գաղտնի ժողովրդական արտիստ եմ»:
Դառը լացեց երեխան`
փոխակերպուկը կրծքին սեղմված,
եւ նրանցից դժբախտ`
էլ աշխարհում մարդ չկար,
ոչ հայր, ոչ բարեկամ, ոչ ուսուցիչոչ
Լենինն այսօրվա
ծնկաչոք աղերսեց.
«Մի՛ կործանեք կնոջս ու երեխաներիս իսպառ»:
Գորգի տակ պտտվում էր
ձայնագրիչի ժապավենը սակայն,
իսկ բեղերի հետ գորգի վրա
գորշ փիսիկն էր խաղում ուրախ:
«Մի՛ կործանեք, Սվետլանա»,-
գոչելով ակցենտով ճապոնական`
քեռին Վասկայի հետ գնաց
տրոցկիստ խաղալու եւ… կորավ:
Հենց էդ պահին մութ ննջարանում
խանդից ճերմակ կտրած`
համակրելի վրացին
պատվախնդիր ելավ:
Պղնձե նագան «պարաբելլումը»
ծոցից հանեց կատաղած
եւ, առանց դեսուդենի,
Սվետլանայի մայրիկին` պիֆ-պաֆ:
Իսկ հմուտ Լեյբովիչը`
Փոքր թատրոնի գրիմարար,
Սրետենկայի մոտ ինչ-որ տեղ
Ավտոյի տակ ընկավ «պատահաբար»:
Ճամբարներում էինք անցկացնում
երջանիկ մանկությունը մեր,
դե, իսկ նրանց մանկությունը
ավելի վատ չէր էլ եղել:
Վասկան հարազատ հայրիկի
երկու կրկնակների հետ խմում էր,
իսկ Սվետլանան ձեռնոցի պես…
ամուսիններին էր սկսել փոխել:
Վասկան պատիժը կրեց,
կազանյան գերեզմանից հանել են պրոպելլերը,
որ արտասահման փախչել իսկ չփորձեր,
իսկ Սվետլանային տանում է
մուգ կարմիր «Ռոլս-Ռոյսով» Ռոքֆելլերը
շքեղ շոսսեներով`
վարգելով դեպի մեծ գործեր:
Կեղտոտ թաթերը նրան
մարգարիտներով էին զարդարում,
առաջարկում կանխավճար,
տարան նրան ընդունելության Սպիտակ տուն,
եւ մեծ ցասումով
հայրիկը շուռ եկավ գերեզմանում,
ի հավելումն` զրնգացին բաժակները
իմ հին բուֆետում:
Բայց երկիրն հարազատ
կապաքինվի, շուտով կելնի վեր,
դաստիարակում է որբերին խորհրդային
ժողովուրդը մեծ:
Հոբելյանական տարում` ո՛չ մի վիշտ.
դրա պատճառը չունենք, ընկերներ,
Ալիլուեւան մեզ չի խանգարի,
որ առաջ սլանանք ինչպես միշտ:
Ստալինը քնած է մեռյալ քնով,
գերեզմանի կողքին չկա նստարան իսկ:
Գերեզմանի վրա սառչում է
մշուշը թախծանման…
Դե, ասեմ ձեզ, եղբայրներ,
էդ նստարանից
ո՛չ Պետրոս Մեծն ուներ,
ո՛չ արյունոտ բռնակալ Ահեղն Իվան:

Թարգմանությունը ռուսերենից՝ Խորեն Գասպարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *