ԷՐԻԽ ՖՐԻԴ | Բանաստեղծություններ

Էրիխ Ֆրիդ

Նվիրում

Գրելը
ապրելու համար
ցավալի է այնպես
ինչպես ապրել
գրելու համար
բայց ահա
գրել այնպես
որ ինչ-որ մեկը
կարողանա
այն կարդալ
դա հավանաբար
կօգնի ինչ-որ մեկին
ապրել

Հավելյալ պայման

Կարևորը այն չէ
որ մարդը մտածում է
Այլ նաև այն
որ մարդ է նա
ով ճիշտ է մտածում

Մեծ սուտը

Մեծ ստի
ոտքերը
այնքան էլ կարճ չեն
Կարճ ասած
խոսքը
ոտքերի մասին չէ
քանզի ստի
ձեռքերն են երկար
մեծ ստի ձեռքերը
այնքան են երկար
որ ճիշտը ստիպված
գլուխն է բռնում
ու նաև ոտքերը առնում ձեռքերի մեջ

Վարագուրված նկար

մարդիկ կան
ովքեր սիրում են ազատությունը
այնպես
ինչպես կնոջը մթության մեջ
նրանք ապրում են
շոշափելով
ամաչելով տեսնել
մերկությունը
Ռումբ երեխաների համար
ամեն երրորդ օր
կրկնվում է
Հիրոսիման
Հարյուր հազարը
մահացան նույն պահին
քառասուն հազարը
մահացան հետո
Բայց հարյուր հազարը
մի նոր ռումբից
որը պայթում է ամեն երրորդ օրը
դրանք երեխաներ են
Հարյուր հազար
ամեն երրորդ օրը
դա մեկ միլիոն է մեկ ամսում
և տասներկու միլիոն մեկ տարում
Հինգ տարեկանից փոքր
տասներկու միլիոն երեխա
ամեն օր մահանում է սովից
առաջին զոհերը երրորդ համաշխարհային
Քանզի զենքերի վրա ենք ծախսում փողերը
որոնք կարող են կերակրել նրանց
Երկու միլիոն դոլար
ամեն րոպե

Պատշարի աշխատանքը

Քանզի պատշարի աշխատանքը
տղամարդու ծանր աշխատանք է
և քանի որ փլատակները կանայք էին մաքրում
քանզի տղամարդիկ համարյա չին մնացել
և քանզի հաջորդ անգամ
չեն մնա նույնիսկ կանայք
դրա համար չպետք է լինի հաջորդ անգամը
քանզի այն ինչ վերջին անգամ
դժվարությամբ վերականգնվեց
չպետք է դառնա փլատակ

Կուտակում

Սարդը համրացավ
քամին ոռնաց սարդոստայնում
սարդոստայնը ճանճ է բռնում
արդեն մեռած սարդի համար
Ինչքան թեթևանում է մարմինը
այնքան շատանում է ավարը
հավաքված ցանցի մեջ
որը հյուսել էր քաղցած ժամանակ

Օճառի պղպջակ

Վերցրեցի ծղոտը
ու սկսեցի փչել
քաղաքական գործիչներ
գեներալներ ու ոստիկաններ
Նրանք
փչված
ծիածանի բոլոր
գույներն էին ստանում
բայց հենց դիպչում էիր
իսկույն պայթում էին
Ոստիկանին
որին չդիպչելով
պատմեցի այդ մասին
ինքն ինձ դիպավ
իր մտրակով այնպես
որ պայթեցի անմիջապես

Թարգմանությունը՝ Հայկ Ամիրջանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *