Արտաշես Շահբազյան | Երջանկության սովորույթը

Համատեղ կյանքի առաջին տասնհինգ տարիներին Սեդրակի եւ Տիրուհու մարմնական մերձեցումը տեղի էր ունենում ամեն օր: Չհաշված յուրաքանչյուր ամիս կրկնվող Տիրուհու ճգնաժամերը, եւ եւս չորս հինգ օր, երբ խիստ հոգնած էին լինում՝ հիվանդ, գժտված կամ չնախատեսված այլ հանգամանքներ էին ի հայտ գալիս: Ամուսնական կյանքի սկզբնական փուլում մարմնական մերձեցումը փոխճանաչողության ընթացք էր, գայթակղություն, կապը վերահաստատելու միջոց, արկած, որսորդության պես մի բան: Մի հոգեվիճակ, որ ավելի բնորոշ է սիրեկանների հարաբերություններին, քան ամուսնական կապով ցմահ շաղկապվածների ընտանեկան առօրյային: Մեկ-երկու տարի անց երկու մարմինների միջեւ առաջացավ յուրատեսակ ձգողականություն, կարծես միս ու ոսկորից բաղկացած կենսաբանական էակներ չէին, այլ մագնիսի հատկությամբ օժտված մեխանիզմներ: Սրան հաջորդած փուլում ինտիմ հարաբերությունները վերածվեցին սովորույթի ուժով կրկնվող գործողության: Թվում էր, թե այլեւս զգայական տենչանքը, որսորդական կիրքն ու գայթակղությունը չէին հավերժական շարժման մղիչ ուժը, այլ այն համոզումը, որ այդպես էլ պետք է լինի՝ հաց ու ջրի մշտական պահանջի պես: Չէ որ հաց ու ջրով հագենալու համար ո՛չ զգացմունքներ են անհրաժեշտ, ո՛չ նախատրամադրվածություն: Ուտում եւ խմում ես, որովհետեւ դա գոյությունը պահպանելու անհրաժեշտ պայմանն է, որովհետեւ առանց դրա անհնար է ապրել:
Գործողությունն իրականանում էր առանց նախապատրաստվելու, մեկը-մեկի խորամանկորեն լարված որոգայթում չէին հայտնվում, արյան ջերմաստիճանը բարձրացնելու քայլեր չէին ձեռնարկում, այլ կարծես առօրյայի հաստատված օրակարգին հետեւելով համադրված գործողություններով արձագանքում էին մեկը մյուսին: Ինչպես պարողը տարիների կրկնությունից հետո ներդաշնակվում է զույգի հետ, առանց մտածելու, թե որ պահին ինչ շարժում պետք է անի եւ գործողություններին զուգահեռ, պարուհին օրինակ, մտածում է արագ զգեստափոխվելու ժամանակ սուր կրունկով հատ գցած զուգագուլպայի փոխարեն նորը գնելու մասին, իսկ տղամարդը խորհում է, որ պարընկերուհին չարաշահում է քաղցրը եւ առահասարակ դադարել է հետեւել սննդակարգին, շարժումները առաջվա ճկունությունը չունեն ու որպես հետեւանք հանդիսականի գայթակղված հայացքները ոչ թե պարին են հետեւում, այլ պարընկերուհու հետույքի շարժումներին: Այդ պահին աչքի առաջ է գալիս սեփական կնոջ կերպարանքը, եւ ափսոսանքով մտածում է, թե ինչու պարընկերուհուն ամուսնության առաջարկություն չարեց ավելի շուտ, քան նա խաբվելով ամուսնու թեկնածուից՝ կորոշեր վրեժ լուծել բոլոր տղամարդկանցից, առանց նախընտրության նետվելով պատահածի գիրկը:
Տիրուհին ու Սեդրակը չէին անդրադառնում՝ ճիշտ հունի մեջ է արդյոք իրենց ներանձնական կյանքը, որովհետեւ պարզելու համար անհրաժեշտ էր այլոց օրինակների հետ համեմատել, կամ գոնե ամսագրերն ու համակարգիչը քրքրել, սակայն այդ դեպքում արտաքին միջամտություն թույլ կտրվեր իրենց ներքին գործերին եւ կարող էր փլուզվել միայն երկուսին պատկանող միկրոաշխարհը: Այն ինչ ձեւավորվել էր, որպես հարաբերությունների ընդունելի վիճակ, փորձության ենթարկելու անհրաժեշտություն չուներ: Այնքան բնական էր այս կացությունը, որ ի տարբերություն առաջին շրջանի, հետագայում նրանց մերձեցումը տեղի էր ունենում անգամ եթե այդ օրը գժտված էին եւ բառ չէին փոխանակում: Տեղի ունեցողը ընկալվում էր որպես բնական երեւույթ, ինչպես որ արտառոց չէ, երբ մեկ-մեկուց խռոված զույգը սեղանի մոտ կիսում է նույն հացն ու աղցանը, օգտվում է միեւնույն աղամանից եւ համեմունքից:
Տարիների հետ խախտվեց մարմնական կապի պարբերականությունը, իսկ դատարկվող տեղը լցվեց մշտապես կողք-կողքի լինելու ցանկությամբ: Աճում էր միմյանց կենսադաշտում գտնվելու պահանջը, ինչը հաջողությամբ փոխարինում էր խաղաղվող կրքին: Եւ ավելին, եթե կրքի բռնկումներից հետո իրարից առժամանակ հեռանալու ցանկություն էր առաջանում, ապա այս դեպքում տարածական մերձեցումը ուներ մշտատեւ բնույթ: Այնպես որ, երբ մեկը որոշ ժամանակ անհետանում էր տեսադաշտից, անհանգստությունը խանդի պես սողոսկում էր մյուսի երակների մեջ: Իսկ այն դեպքերում, երբ կենսադաշտերի ընդհանուր տիրույթում էներգիայի օտար ալիքներ էին հայտնվում խանդանման զգացումը որոշ ժամանակից ծառս էր լինում եւ անկախացում էր թելադրում: Նույն այս պահանջով համակված՝ նրանք անհամբերությամբ սպասում էին ամռան գալուն, որպեսզի հնարավորություն ունենային առժամանակ մեկուսնալու բոլորից:
Որդու մեքենայի տանիքին հարմարեցնում էին Տիրուհու գործելու դազգահը, բեռնախցիկում տեղավորում էին պարկով լի գույնզգույն թելերի կծիկները եւ երկուսի հագուստը, Սեդրակը գիրկն էր առնում համակարգիչն ու աղմկոտ իրականությունից փախչում էին ամառանոց, որպեսզի վերագտնեին սեփական մոլորակը:
Երկմիայնության մեջ պատահում էր, որ օրվա ընթացքում հատուկենտ բառեր փոխանակեին, բայց մեկը համակարգչի, մյուսը գոբելենի դազգահի դիմաց, իրար չտեսնելով անգամ, զգում էին ինչպես է մաշկից ներս թափանցում մյուսի էներգիան եւ վայելում էին հանգստություն ու բավարարություն բերող անվերջանալի վայելքը:
Պատահում էր նաեւ, որ օդն անակնկալ պարպվում էր զուգընկերոջ լիցքերից: Այդ ժամանակ անկշռության մեջ հայտնվածը ձայն էր տալիս ուղեծիրը լքածին, արձագանք չստանալով զանգում էր ձեռքի հեռախոսին եւ, եթե այգուց կամ պատշգամբից ականջին էր հասնում հեռախոսի չընդհատվող զնգոցը, թողնում էր անելիքը եւ իջնում էր նկուղ, կամ քայլում էր այգու փեշով հոսող բարալիկ առվակի կողմը: Այդպիսի պահերին թռչունների ծլվլոցը, մեղուների բզզոցը կամ զեփյուռի խոնավ սվսվոցը, որոնք մինչ այդ ամուսինների հարաբերության մեջ տաք երանգ էին ավելացնում, վերածվում էին իրականությունն աղավաղող կեղծ ազդակների եւ տագնապով էին լցնում ուռճացող դատարկությունը: Արեւի կպչուն ջերմությունը դաշնակցելով գետնահակ ստվերների հետ՝ մասնակից էր դառնում դավադիր խաղին: Տի՛ր,- շարունակում էր կանչել Սեդրակը,-Սե՛դ-, գոռում էր Տիրուհին եւ ցանկապատի դուռը ճռռացնելով կինը կամ ամուսինը դուրս էին գալիս գյուղամիջյան ճանապարհ, որի ոլորապտույտների վրա էլ շուտով հայտնվում էր փնտրվողը՝ ձեռքի տոպրակում թափահարելով աղացած սուրճը կամ մածունն ու ջերմուկը կամ հացն ու պաղպաղակը կամ ծխախոտն ու երկու շիշ գարեջուրը: Տեղի ունեցածը փոքրիկ ճակատամարտերի առիթ էր դառնում, որոնք ավարտվում էին հաշտության ուղերձներով:
Ժամանակ առ ժամանակ նրանք փոխայցելություններ էին կազմակերպում հարեւանությամբ հանգստացող դերասան ամուսինների, նախկին պարսկահայ ծերացող զույգի, չամուսնացած բժշկուհի քույրերի հետ:
Հերթական ճակատամարտի ծխացող կրակը կաշկանդում էր Սեդրակին՝ գովերգելու բալով պաղպաղակը եւ ամառային մրգերից սառը կոկտեյլի համը:
Լռությունը ձգվում էր եւ փոքր մարտը կարող էր հանգեցնել հարաբերությունների առժամանակյա խզման: Պահը անպատեհ էր նման շռայլության համար, որովհետեւ օրը շաբաթ էր եւ չէին բացառվում սեփական ընտանիքների հետ աղջիկների կամ տղայի այցելությունները: Նրանք հաճախ տեսության էին գալիս առանց զգուշացնելու, որպեսզի պատրաստություն տեսնելու հոգս չպատճառեին ծնողներին:
-Տիր,-ասաց Սեդրակը,- երբ ցանկապատի մոտ քեզ էի սպասում ոռոգման ջուրը բաշխող քեռին անցավ փողոցով: Ձեռքին խունկ կար, կինը թաղված է վերի բլուրի գերեզմանատանը: Ասում էր, թե ընտանիքի կնքահոր երաշխավորությամբ Գորիսից են ուզել կնոջը: Նախապես երբեք չի տեսել նրան, բայց հետո հիսուներեք տարի համերաշխ ապրել են միասին:
-Հետո՞ ինչ,- հարցրեց կինը, դժկամությամբ ներգրավվելով խոսակցության մեջ:
-Մարդն առանց սիրելու կարո՞ղ է ամուսնանալ եւ կողակցի հետ հաշտ ապրել հիսուներեք տարի:
-Իսկ մենք ինչպե՞ս ենք ապրել,- պահպանելով ձայնի ագրեսիվ երանգը Տիրուհին բարձրացավ ճոճաթոռից եւ պատշգամբի բրեզենտե վարագույրը քաշելով, փակեց զենիթ մագլցող արեւի ծակող ճառագայթների ճանապարհը: Ափսոս, որ դրանից խունացավ նրա ճակատի ադամանդաշաղ քրտինքի փայլը:
-Մենք նախապես սիրո խոստում էինք տվել իրար,- չհամաձայնեց Սեդրակը:
-Սկզբի համար այո, իսկ հետո՞: Ինչպե՞ս է, որ կարողացել ենք այսքան տարի հանդուրժել մեկ-մեկու, -Տիրուհին շարունակում էր ընդգծել, որ ամուսնու բարձր տոնից վիրավորվածությունը դեռ չի անցել:
-Մեր կյանքը ընթացել է նույն հունի մեջ, նոր ճշգրտումների կարիք չի եղել ,- դժգոհ մռմռաց Սեդրակը:
-Ապրել ենք, սովորույթի ուժով,- չզիջեց Տիրուհին:
Սեդրակն այնքան երկար լռեց, որ թվաց թե չի ցանկանում խոսակցությունը շարունակել: Ականջներում զնգացող այդ լռության ուղեկցությամբ Տիրուհին խոհանոց տարավ պաղպաղակի դատարկ պնակները եւ քիչ անց վերադարձավ սուրճի բաժակներով ու ծխախոտատուփով:
-Տիր,- մտախոհ ձայնով ասաց Սեդրակը,- եթե հնարավոր լիներ կյանքը նորից սկսել ես անընդհատ կխոսեի քեզ հետ մեր զգացմունքների մասին: Փաստորեն տարիներ շարունակ ամեն ինչ մեր մեջ պահպանվել է իներցիայի ուժով, զգայական մղումն է թելադրել ոչ թե զգացմունքը:
-Նորից հասար սիրածդ թեմային, արջը յոթ երգ գիտի յոթն էլ՝ տանձի մասին,- անտարբերության չափ խաղաղված ասաց Տիրուհին եւ ձեռքի բարձիկը հարմարեցրեց ճոճաթոռի փայտե գլխատեղին:
-Վտանգավոր անփութությամբ ենք վերաբերվել մեր հարաբերություններին,- կնոջ վերջին բառերին ուշադրություն չդարձնելով միտքը շարունակեց Սեդրակը,- եթե մարդկանց հարաբերությունների վրա իշխողը ոչ թե զգացմունքն է, այլ ֆիզիկական ազդակը, հնարավոր է այն սպառվի, ինչպես անտակ տակառի պարունակությունը կամ մի նոր գայթակղություն կարող է ներքաշել իր հորձանքի մեջ:
Տիրուհին վեր ձգվեց խոր աթոռի միջից եւ երկարուկ դեմքի կլորացած, դարչնագույն աչքերով հաստատեց.
-Կարող էր այդպիսի բան պատահել, մենք զգացմունքներին շան տեղ չենք դրել:
-Եթե նորից սկսեինք, ես ուրիշ կերպ ինձ կպահեի, բաց կաբելի վրայով ենք անցել,- միտքը կրկնեց Սեդրակը:
-Տիրուհին երկար մտածում էր,- հիմա այլ կողմից դատիր: Եթե գիտակցությամբ կառավարես զգացմունքդ, այն կվերածվի խաղալիքի, առջեւդ կապիկություն անող խեղկատակ կդառնա: Զգացմունքի վրա ճնշում գործադրելու դեպքում կկորչի ինքնաբուխ հույզը: Կլինի ոչ թե սեր, այլ սիրո անհաջող բեմականացում: Բնական ապրումին կփոխարինի պարտադրանքը: Դա ուշ թե շուտ կվանի մարդկանց: Սերը խորհրդավոր անիմանալին է, անբացատրելի համակրանքը, եթերային գոյությունը, անընդհատելի ենթագիտակցական մղումը: Բյուրեղացման փորձաշրջանից հետո սերը վերածվում է վերաիմաստավորվելու անհրաժեշտություն չպահանջող սովորության՝ երջանկության սովորության:
Տիրուհին լռել էր եւ կարծես սպասում էր ամուսնու հաստատմանը կամ ժխտմանը:
-Տիր,- ասաց Սեդրակը,- ուշադրություն դարձրե՞լ ես փողոցով քայլող ամուսիններին՝ երեխաների հետ կամ առանց նրանց: Նկատե՞լ ես անդադրում խոսում են, կարծես շատ լուրջ բաների մասին, կարծես շատ կարեւոր նորություններ են հայտնում իրար: Իրականում ոչ մի նոր ասելիք էլ չկա, գիտեցածները, մինչեւ վերջին մանրուքը, վաղուց իրար հայտնել են: Իրականում խոսքը, որպես այդպիսին, ոչ մի արժեք չունի, իրականում սիրո նույն արարողությունն է տեղի ունենում: Խոսքը վերածվում է փոխանցվող էներգիայի, խոսքը այն կամուրջն է, որ անընդհատ նորոգում, ամրապնդում է զույգերի միջեւ եղած կապը: Եւ, իմիջիայլոց, կանացի տնային շատախոսությունն էլ երեւի երկուսի միջեւ եղած կրակը վառ պահելու, քարանձավային նախասկիզբ ունեցող դրսեւորում է:
-Հետո՞, – հարցական շեղ հայացքով արձագանքեց Տիրուհին, սպասելով, որ ամուսինն ասելիքը շաղկապի իր մտքերի հետ: Այնինչ Սեդրակն ինքն էր պարզաբանում ակնկալում:
-Հիմա ի՞նչ է ստացվում, միլիոնավոր զույգեր, որ ցմահ միություն են կազմում, համատեղ ապրում են երջանկության սովորությա՞մբ:
-Երեւի այո:
– Երջանիկները բազմիցս գերազանցո՞ւմ են դժբախտներին:
-Այո:
– Բա ինչո՞ւ արվեստը միլիոնավոր երջանիկներին թողած հետամտում է դժբախտ փոքրամասնությանը:
– Որովհետեւ,- մտքերը ժողովելով՝ կարծես բարձրաձայն մտածում էր Տիրուհին,- դժբախտության պարագայում պատմություն կա, կոնֆլիկտ ու զարգացում կա, յուրաքանչյուր դժբախտ պատմություն նման չէ մեկ այլ պատմության: Երջանկությունը միապաղաղ հոսող գետ է, կողքից դիտողի համար երջանկության ընթացքը միօրինակ է ու ձանձրալի:
-Այնինչ տվյալ մարդկանց համար գործում է երջանկության սովորույթի օրենքը:
-Հենց այդ եմ ասում,- արձագանքեց Տիրուհին:
Ամուսինները լռեցին: Կինը նայում էր այգու ուղղությամբ եւ ունկնդրում էր արեւածաղկին սիրահարված կարմրակտուց թռչնակի տաք ճռվողյունը:
Տղամարդը փորձում էր գտնել կնոջ հայացքի թիրախը:
Կեսօրյա անդորրին, երբ մարել էին աղմուկները, լսելի էր ափերը շոյող առվակի ցածրաձայն քչփչոցը, մեղուները կրքոտ բզզոցով համբուրվում էին հոնի արեւագուն ծաղիկների հետ, նշենիները ձգվել էին կողք-կողքի, ինչպես սպիտակազգեստ զույգը՝ հարսանեկան խորանի առաջ, իսկ նրանց ոտքերի տակ փռված էր մանուշակների կապտանախշ գորգը: Արեւածաղիկները թավշազարդ գլուխները հակած ինչ-որ բան էին բացատրվում ցանկապատը երիզող վարդաթփերի կարմրադեղին ծաղիկների հետ, ծիրանենու կանաչ ճյուղերը շոշափում էին յասամանի թանաքագույն թեւերը, վաղահաս մարգախնձորի կանաչ պտուղները փորձում էին թաքնվել մանուշակագույն երիցուկների թիկունքում, միայնակ ալ կակաչը դեղին խատուտիկների ճերմակ նամակատարներին հորդորում էր թռչել դեպի ծաղկավետ բլուրները՝ եղբայրներին ու քույրերին իր մասին լուր հասցնելու համար, ճերմակօձիք նարգիզների դեղին գլուխները ձգվել էին դեպի կրակված դեղձենին, բալենին զարդարող մորեգույն հատիկները թեւթեւամտորեն աչքով էին անում բոլորին: Երիտասարդ թթենին մարգարտաշար փեշերը հավաքած ձգտում էր հեռվանալ ստվերն այգու վրա տարածող հաստաբուն ընկուզենուց: Չալպտուրիկ կաչաղակը, քաղցած ձագերի աղմուկից խենթացած, թառել էր տանձենուն հյուսած կողովանման բնան գլխին ու անհանգիստ ձայնում էր ուշացող զույգին, մի մոլոր ճնճղուկ թաքստոցից հանել էր գլուխը եւ զարմացած ծվծվոցով հարցեր էր տալիս անծանոթ աշխարհին: Պատշգամբի այգեհայաց եզրին, ճաղաշար բազրիքից այն կողմ, պոչերն ագուցած, արեւի տակ պառկել էին երկու մողես: Այնպես անշարժ էին պառկած ասես հավերժ էր արեւը, հավերժ էր անշարժության պահը, հավերժ էր իրենց միաձույլ գոյությունը: Երկնքի փիրուզե ալիքների վրա լողում էին ճերմակ նավակներ:
-Սե՛դ, մարդ կարողանար այնքան կենդանի վերարտադրել բնությունը, ինչպես Աստված է ստեղծագործել:
-Տի՛ր, հեղինակային իրավունքդ խախտելով այսօրվա որոշ մտքերդ օգտագործելու եմ նոր պիեսիս մեջ:
-Պիեսդ ինչի՞ մասին է:
-Սիրո, կրքի, դավաճանության:
-Դարձյալ քո տարերքի մեջ ես:
– Տի՛ր ուզում եմ հավաքածդ խոտաբույսերից քեզ համար թեյ պատրաստել,- ասաց Սեդրակը:
– Ինչո՞ւ հանկարծ: Չլինի՞ դա էլ է սիրո ակտ:
-Այդպես էլ կա,- պատասխանեց ամուսինը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *