Կարեն Մամիկոնյան | Երկրաչափական մետամորֆոզներ

Երկրաչափական մետամորֆոզներ

բոլորը
հիանում են
Մալևիչի
Սև քառակուսով
իսկ ես
միշտ
նախընտրել եմ
կանացի
սև
եռանկյունին

 

Առավոտյան համբույրների մասին

երբ դու քնում ես
ես հետևում եմ
որ
ոչ մի վատ երազ
քեզ չմոտենա
ոչ մի մղձավանջ
չսողոսկի
փակված
կոպերիդ տակ
ու
ոչ մի
կողմնակի անձ
հատկապես
կառավարություն
կոչվող խավից
չհայտնվի
երազներիդ
միջանցքներում
և
այդ ամենը
լոկ նրա համար
որ
առավոտյան
երբ դու արթնանաս
ոչ մի պատրվակ
չկարողանաս գտնել
ինձ
չհամբուրելու
համար…

 

Լեզվաբանական խճանկար

ֆրանսերենը սիրո լեզուն է
իտալերենը արվեստների
գերմաներենը փիլիսոփայության
անգլերենը առևտրի
չինարենը մեծամասնության
եբրայերենը Հուդայի
մատները համրերի
հայերենը մայրենի
ու միայն
քեզ
համբուրելիս եմ
հասկանում
որն է
կատարյալ
լեզուն…

 

Գիտակ ձևանալու փորձ
                    նվիրվում է ՆԵլսոն Հարությունյանին

ճիշտն ասած չգիտեմ
որտեղ է ավելի տաք
հարավային բևեռում
թե
հյուսիսային
որտեղ է
ճշմարտությունն
ավելի պարփակ
Հին կտակարանում
թե
Նորի մեջ
և արդյոք կարող եմ
վաղ առավոտվա
ամենաառաջին
տրոլեյբուսի մեջ գտնել
երեկ
ինչ-որ մեկի կողմից
մոռացած սերը…

ճիշտն ասած չգիտեմ
ձնեմարդն ուրախանում է
գարունը տեսնելիս
աշխարհն
ավելի հասկանալի է դառնում
երբ
բացվում են
չվող երամների
չակերտները
և
արդյոք գտնում է մուրացկանը
բյուր գրոշների մեջ
երջանկություն պարգևող
միակ մանրադրամը
ճիշտն ասած չգիտեմ
ու նմանատիպ
հարյուր հազար բան
ևս չգիտեմ
սակայն
երբ դու
ինձ հարցնում ես
ժամը քանիսն է
ես աշխատում եմ
գեղեցիկ աչքերիդ
գիտակ երևալ
ու
պատասխանում եմ
քեզ համբուրելուց
տաս վայրկյան
պակաս…

 

Պատրաստ լինելու մասին

պետք է
պատրաստ լինեմ
անհաջողություններին
բոլոր
անասուն կառավարություններին
անտաղանդ գրքերին
հեռուստատեսությանը
որը
վատ լուրերի
համար է նախատեսնված
մուրացկաններին
եթե մի օր
ասելիք մուրան
հաջողություններին
որոնք
գլուխ են պտտեցնում
ու
ամառվա շոգին
պետք է
պատրաստ լինեմ
անտանելի ցրտին
Էվերեսթի գագաթից
կես մետր ներքև
և
ամենակարևորը
պետք է
պատրաստ լինեմ
երբ
մի օր
ինձ
ժպտաս…

 

Եթե իմանայի

եթե իմանայի
ես
հենց սկզբից
որ երբևէ
իմ պատճառով
տխրությունը
բազմելու է
թարթիչներիդ վրա
ես
ոչ մի
պարագայում
քեզ
չէի մոտենա
40 հազար կիլոմետրից
ավելի
մոտ…

 

Հավասարակշռություն պինգվինների համար

որքան
քո մասին
շատ եմ մտածում
այնքան
դու հաստատ
ինձ մոռանում ես
ու այս աշխարհում
նորից
հաստատվում է
հավասարակշռությունը
որից
ճիշտն ասած
սիրտս խառնում է
սակայն
խելամիտ
մենք պետք է լինենք
թե չէ կքանդենք
այս մոլորակը
քանզի
թե հանկարծ
օրերից մի օր
սկսես մտածել
դու էլ իմ մասին
հաստատ ինչ-որ տեղ
հողը հաճույքից
պիտի որ ցնցվի
ու ցունամիները
պիտի որ վազեն
պատահած բոլորի հետ
պինդ համբուրվելու
ու այդ համբույրից
գուցե բաժանվեն
բյուր սիրահարներ
իսկ պինգվինները
սառույցի վրա
գուցե սայթաքեն
ու ընկնեն
բաց երախների մեջ
ծովափոկերի
չէ
պետք է խելամիտ
մեզ մի քիչ պահենք
ես կշարունակեմ
մտածել քո մասին
իսկ դու աշխատիր
նույնչափ
մոռանալ…

 

Քեզանից առաջ և քեզնից հետո

երեկ խորդանոցումս
երբ զբաղված էի
իրենց դարն ապրած
թոշակի անցած
անշուք իրերի մեջ
պեղումներով
գտա
Ավանգարդ
անունով մի թերթ
ու
երբ վառեցի
նրանից
այնքան մոխիր ստացվեց
ինչքան
կստացվեր
այսօր ծնված
մի նոր լրագրից
պարզվում է
40 տարվա մեջ
ոչինչ չի փոխվել
հետաքրքիր է
եթե ինձ վառեին
քեզանից առաջ
և
քեզնից հետո
արդյոք
նույն քանակի
մոխիր
կստացվեր…

 

Բացիր աչքերդ

բացիր աչքերդ
եթե ուշացնես
Թոմսոն
սիրունիկ անտիլոպին
հաստատ կբռնի
արագավազքի
աշխարհի չեմպիոն
պուտավոր ընձառյուծը
ու հաստատ
ոչ բարի լույս
ասելու համար
անձրևից հետո ծիածանը
բերանի
դժգոհ արտահայտության
ձևը կընդունի
ու
առավոտյան
թռչունները
տանը կմոռանան
լուսաբացի համար գրված
երգի բառերը
բացիր աչքերդ
որ վերջապես տեսնեմ
ինչքան է կապույտ
այսօր երկինքը
կարդամ
քնիդ մեջ գրված
տրամադրությանդ
փոքրիկ երկտողը
և նորից համոզվեմ
որ երջանկությունը
ճիշտ
աչքերիդ գույնին է
եթե ուշացնես
Գոլֆստրիմ հոսանքը
մի քիչ կսառչի
Ելիսեյան դաշտերում
խատուտիկները
քամուն չեն տա
սպիտակած մազերը
ու հանրահաշվի դասին
փոքրիկը չի գտնի
անիմաստ խնդրի
պատասխանը
բացիր աչքերդ
ես ամբողջ գիշեր
սպասել եմ
որ
քեզ
համբուրեմ…

 

Վստահ չեմ

ես վստահ չեմ
որ
վաղը կարթնանամ
չէ որ կարող է
այնպիսի երազ սկսվի
որում
գլխավոր դերում
դու կլինես
իսկ ես
ոչ մի գնով
չեմ ցանկանա
ոչ մի րոպե
բաց թողնել
նույնիսկ
կյանքիս գնով…
ես վստահ չեմ
որ
բոլոր
հիվանդությունները
պետք է բուժել
հատկապես սերը
թախիծը
երբ
գալիս է տեղին
բարությունը
որից
կապտուկներ են
ճակատագրիդ վրա
մնում
և
մենակությունը
երբ
փորձում ես
Աստծո դերը…
ես վստահ չեմ
որ
անձրևից
տխրությունը բազմանում է
որ
տղամարդիկ
սիրում են
տղամարդկանց
կանանցից
հոգնելուց հետո
որ
երազները
ինչ-որ
իմաստ են ունենում
անիմաստ
կյանքի դեպքում
և
որ Աստված
ինչ-որ բան է
ցանկանում
հատկապես
իմ պարագայում
ու
բացարձակապես
վստահ չեմ
որ
երբևէ
կկարողանամ
մոռանալ քեզ
նույնիսկ
ընդունելով
թմրանյութի
մահացու
չափաբաժինը…

 

Մոլորակի պտտվելու մասին

ինձ դպրոցից
հանգիստ չէր տալիս
անվերջ
մի հարց
ինչպես
Գալիլեյը հասկացավ
որ
երկրագունդը
պտտվում է
կարծես թե
ոչ մի
փաստ չկար
նման կարծիքի
հանգելու համար
սակայն
այդ հարցը
իսկույն փարատվեց
երբ
առաջին անգամ
քեզ
համբուրեցի…
Արի հանդիպենք

արի հանդիպենք
հուլիսյան աշնան
ուղիղ կենտրոնում
ու քաղաքում
որը
կոչվում է երբևէ
ժամն ինքդ որոշիր
կարելի է
առավոտյան մայրամուտին
երջանկության
վերջին
կանգառի մոտ
ես կլինեմ
երևակայության
ամենանորագույն
ճիչով ստեղծված
փոքրիկ ծաղկեփնջով
ու
գորշ ամբոխի մեջ
քեզ փնտրող
աչքերով
միայն
ինձ ասա
ինչպիսի տեղումներ
կուզես
որ լինեն
ձյուն պաղպաղակի համով
թե
անձրև
որը բոլոր
շքամուտքերի վրա
ծիածան կնկարի
ու
կներկի նաև
մազերս
բաց արծաթագույն
ինչից
դու պետք է
ավելի
երիտասարդ
երևաս…
արի հանդիպենք
գիտես
մեր առջև
ողջ հավերժություն է
բայց մենք
այնքան քիչ
ժամանակ ունենք
այս մարմիններում
արի հանդիպենք
ես քեզ կպատմեմ
ժպիտիդ մասին
որը
նույնիսկ
մեռած մտքերիս
նոր կյանք է տալիս
ու
հույս
որ քեզ
սիրելու եմ
ինչ էլ որ
լինի…
Մոռանալու ապարդյուն փորձ

պարզվեց
քեզ մոռանալն
ավելի դժվար է
քան
մարդկության
60 դարերի ընթացքում
արարածը
60 օրում վերարտադրելը
այն էլ այնպիսի
քթի մազությամբ
որ
բնօրինակից
բնավ չլինի
այն տարբերելը…
քեզ մոռանալն
ավելի դժվար է
քան
սովորելը
այլմոլորակայինների
լեզվի
քերականական
բոլոր բարդույթները
մինչև
նրանց հետ
հանդիպման ժամը…
քեզ մոռանալն
ավելի դժվար է
քան
խատուտիկների
սպիտակ կեղծամներից
կամուրջ կալուցելը
մինչև լուսնի
հակառակ երեսը…
քեզ մոռանալն
ավելի դժվար է
քան
Էյֆելյան աշտարակից
մինչև
յոթերորդ երկինք
ցատկելը…
այս ամենը
բավականին
ուշ պարզվեց
ես
քեզ
արդեն
սիրում էի…

Միջնակարգ կրթության մասին

ճիշտն ասած
դպրոցից
ես հիշում եմ
միայն
կողքի դասարանի
աղջկան
նրա ժպիտը
աչքերը
մազերի սանրվածքը
հագի
դպրոցական
համազգեստը
ու
մեկ էլ
նրա բառերը
որ
ճիշտ է
ես լավ տղա եմ
բայց միևնույնն է
նա
ինձ չի սիրում
արդյոք
այս ամենը
քիչ չէ
տասնամյա
միջնակարգ
կրթության
համար…

Համբույրիդ համը

դու
փորձե՞լ ես
խառնել
Յոհան Սեբաստիան
Բախի
ջութակի
և
դաշնամուրի համար
գրված
ադաջիոն
կարմիր
Կաբերնե Սովինյոնի հետ
1944 թվականի
շշալցված
համեմելով այն
հիրոսիմյան
թարմ ոստրեներով
ու
այս ամենը
Մարսի
Մեծ Սիրտ ծովի
եզրին
նայելով
երեք արեգակների
մայրամուտին
մոտավորապես
այդ համի է
համբույրդ…

Share Button

3 Կարծիք

  • Սիրանուշ says:

    Ինքնատիպ են և հումորով!

  • Արմեն Քեշիշյան says:

    Ռոբերտ Դոն Մարկիզն էր ասել, որ «բանաստեղծության հատոր հրատարակելը համարժեք է վարդի թերթիկը Գրանդ Կանյոնի մեջ գցելուն՝ արձագանքի սպասելով»։ «Գրանիշում» Կարեն Մամիկոնյանի հեղինակությամբ մի քանի բանաստեղծությունները կարդալով լսեցի այդ թերթիկի արձագանքը, արձագանքներն իրականում։ Այնքա՜ն մեղմ, այնքա՜ն քնքուշ, այնքա՜ն բուրումնավետ՝ հոգիդ պարուրող հիշողություններ արթնացնող, ներանձնական կերպարներով հագեցած և այնքա՜ն բազմաթիվ, որոնք իբրև մի անգամ տրվող ակնթարթ՝ թևածեցին շուրջբոլորս, հուշելով, որ դրանք պետք է որսալ, փայփայել ու կրել․․․Եվ ինձ պատկերացրեցի այդ վարդի թերթիկներով լեցուն Զանգվի բարձունքին, որը, ի տարբերություն Գրանդ Կանյոնի՝ երբեք չի զլացել արձագանքել։
    Հայրենիքները ժամանակ առ ժամանակ սրիկայանալու հատկություն ունեն։ Այդ պահերին մեր ժողովրդից Անհատներ են ասպարեզ գալիս, որոնք ցույց են տալիս նշյալ գործընթացից փրկության ճանապարհը՝ լույսը, մեծարումը, բարությունը, իմա՝ սերը։ Երբ Կարեն Մամիկոնյանը խոսում է թարթիչներից, ընթերցողը պատկերացնում է իր ամենասիրելի թարթիչները, երբ խոսում է սիրելիի արթնացմանը սպասելուց՝ համբույրով նրա լույսը բացելու, ընթերցողն ինքզինքն է պատկերացնում սիրած էակի քնի պահապան ու սպասում արշալույսին։ Ու դրանից բարիանում է, հասկանում, կամ վերհիշում, որ պարզ բառերով, առանց լեզվաբանական բարդությունների ու խրթինության, այն է՝ անկեղծ ու ուղիղ, կարելի է խոսել սիրո, այլ ոչ թե սրիկայության, էլ չասած՝ ի սրիկայություն գործելու մասին։ Կարենը հիշեցնում է, որ սիրո ասպետ հռչակվելով՝ կին ու տղամարդ սրբագործվում են սրիկայությունից, քանի որ դրա համար տեղ ու ժամանակ չի մնում։
    Բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում և պատիվ ունեմ ընկեր համարելու, որոնք այսօրվա սրիկայացման մթնոլորտում՝ որոնում են սիրո հավաստիքներ, լույսի աղբյուրներ, բարության կռվաններ։ Նրանք ինձ հետ միասին երջանկություն կապրեն, եթե Կարեն Մամիկոնյանի ստեղծագործությունը հասնի ընթերցողին նրա կենդանության օրոք, վերջապես կոտրելով այն իրականության կարծրատիպը, թե ճանաչումը անցավորաց պարգևն է։ Կարենը մեծարումը է Սերը, հարկավ միակ իրողությունը, որը մարդուն թույլ է տալիս Մարդ մնալ։ Նա շռայլորեն հիշեցումներ, հիշողություններ և երզաներ է սփռում մեր առջև, որպեսզի մեր սիրտն ու ուղեղը լցվեն սիրով ու բարությամբ, գեղեկցության անանց պաշտամունքով, այսպիսով դուրս մղելով այդ երկու գանձարաններից ոխը, ատելությունը և նենգը։
    Եվ մի ամբողջ բանակ մի ճիչ է արձակելու, վստահ եմ, երբ լույս տեսնի Կարեն Մամիկոնյանի երկրորդ հատորը, և երջանիկ ուրախության այդ ճիչը կսպանի վերևում պտտվող ագռավին ճիշտ այնպես, ինչպես դարեր առաջ Հռոմի ֆորումում Պոմպեոսին ողջունելու ժողովված բազմության ճիչը սատկացրեց օդում հայտնված ագռավին՝ դրա անշունչ լեշը զգետնելով հրապարակում։

  • Ara Poghosyan says:

    «Գրանիշում» Կարեն Մամիկոնյանի հեղինակած բանաստեղծությունները սիրո գեղեցկության, սերը որպես մաքրություն, անկեղծություն զգացողության ու ընկալման իրական գողտրիկ պատկերներ են։ Հետաքրքիր ոճի, առևերույթ անկեղծ ու պարզ ձևի մեջ պարփակված գունային հզոր էությամբ պատումները դիպչում են զգայարաններիդ նուրբ թելերին բացելով ամենանվիրական իղձերի դռները քո առաջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *