Սիրված երգերը հայերեն | Ես այսպիսի ծառ եմ

«Ես այսպիսի ծառ եմ» երգի երաժշտությունը գրել է Միքայել Թարիվերդիևը, բառերի հեղինակը Գրիգորի Պոժենյանն է: Երգը գրվել է «Մնաս բարով» (ПРОЩАЙ) ֆիլմի համար(1966 թ.): Ֆիլմի համար գրվել են ևս վեց մոնոլոգ-կատարումներ, բոլորը Գրիգորի Պոժենյանի բառերով և Միքայել Թարիվերդիևի երաժշտությամբ: Երգի առաջին կատարողը Ելենա Կամբուրովան է: Հետագայում ֆիլմի երաժշտությունը առանձին ձայնագրվել է և վաճառքի հանվել հսկայական խմբաքանակով՝ 2.5 միլիոն օրինակ: «Ֆիլմի երաժշտությունը հնչում էր ամենուր,-հիշում է Միքայել Թարիվերդիևը,- և, այնուհանդերձ, այն նախատեսված չէր մասսայական երգեցողության համար, և հատկապես՝ ռեստորանային կատարումների համար: Բայց մյուս կողմից՝ այն ոչ էլ կամերային երաժշտություն էր՝ կամերային դահլիճներում հնչեցնելու համար: Սա երգի նոր ժանր էր, որը նոր ինտոնացիա ու կատարում էր պահանջում»:

 

Ես այսպիսի ծառ եմ

Ես այսպիսի ծառ եմ, ես այսպիսի ծառ եմ…
Դու ուզում ես, որ ես եղևնու պես կանաչ լինեմ,
Միշտ կանաչ՝ և՛ ձմռան, և՛ աշնան ժամանակ:
Դու ուզում ես, որ ես ուռենու պես ճկուն լինեմ,
Որ առանց շտկվել կարողանալու ծռվեմ:
Բայց ես ուրիշ ծառ եմ:

Եթե ռանդայով պլոկես կեղևը բնի,
Սղոցես այն, չորացնես, իսկ հետո ներկես,
Ապա կարող է բարձրանալ օվկիանոսյան նավի կայմը,
Կարող են ծնվել կարմիր ջութակ, նիզակ, կտուր կամ սպիտակ տախտակամած:
Իսկ ես չեմ ուզում, որ իմ վրայից պլոկեն մաշկս,
Որ ինձ հղկեն, չորացնեն և կամ ներկեն:
Ո՛չ, ես դա չեմ ուզում:
Ոչ նրա համար, որ ուրիշ ծառերից ավելի լավն եմ:
Ո՛չ, ո՛չ, այլ ուղղակի… ուղղակի..
Ուղղակի, ես ուրիշ ծառ եմ:

Ասում են, եթե ծառերը երկար են հողի տակ մնում,
Ապա վերածվում են ածուխի, քարածուխի,
Նրանք երկար են այրվում` առանց սպառվելու, և դա տաքություն է տալիս:
Իսկ ես ուզում եմ երկինք ձգվել:
Ես ուզում եմ
Ոչ նրա համար, որ ուրիշ ծառերից ավելի լավն եմ,
Ո՛չ, ես դա չեմ ասում:
Այլ ուղղակի, ես ուրիշ ծառ եմ:
Ես այսպիսի ծառ եմ: Ուրիշ ծառ… Այսպիսի ծառ…

Թարգմանությունը ռուսերենից՝ Քրիստինե Դադյանի

Share Button

1 Կարծիք

  • Ինգա says:

    եթե կարողանաս հասկանալ ամբողջ փիլիսոփայությունը, միտքը և հույզը… ահավոր խորն ու ամբողաջական, դիպուկ և պարզ …. ինձ թվում է ամեն մեկը գտնում է իրենը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *