Վարդան Սմբատյան | Ես բառագրում եմ կյանքս

Վարդան Սմբատյան

Արի խոստովանենք՝
Երկուսս էլ ապաշնորհ ենք
Ու երբեք էլ չենք փոխվի.
Դու չսովորեցիր սիրել,
Ես էլ…
Բանաստեղծել:

 

***
Դու ապրում ես,
Իսկ ես
Բառագրում եմ կյանքս
Հասարակ բառերով,
Բառագրում եմ
Ցավս
Գոյությանս օրացույցում:
Քեզնից մնացած լպրծուն կարոտը,
Տաղտկալի հուշերն ու կիսամեռ սենտիմենտը
Կվերածեմ բանաստեղծության:
Դու իմ ամենավատ
Բանաստեղծությունն ես, որ երբեք
Չեմ կարող մտապահել:

 

***
Ու սպանում են բոլորը…
Ոմանք խոսքերով,
Որոշները`
Խայթող լռությամբ,
Անտարբերությամբ:
Աշխարհը գերբնական սպանդանոց է,
Մեռնելը`
Մեծագույն սխրանք:
Սպանում են բոլորը …
Երեսպաշտությամբ ու
Կեղծ գթությամբ,
Բարի ժպիտով,
Հուսադրելով` գոտեպնդությամբ:

 

***
Ես գրում եմ
Բանաստեղծություն, որովհետև
Ապաշնորհ եմ մնացյալ բաներում,
Ներիր, մամ, դու ճիշտ էիր,
Ինձնից բան դուրս չի գա,
Չես ուրախանա էլ ինձանով
Ու չես հիանա մյուսների պես՝ սիրուն թոռներով,
Քեզ կսպանի ծխախոտդ,
Ինձ էլ գիրս թունոտ թանաքով:
Ներիր, մամ, ապաշնորհ եմ:

 

***
Ի՜նչ կատարյալ է աշխարհն առանց մեզ:
Ի՜նչ գեղեցիկ է ունայնության անդորրը։
Նայում եմ դուրս. կիսախավար լապտերները
Խավարի հորձանուտում, տե՛ս, ո՜նց են նիրհում,
Քամին գգվում է հասկերին առատ,
Գալարվում է, շոյում քնքշանքով
Ծաղիկ ու սաղարթ:
Ի՜նչ կատարյալ է աշխարհն առանց մեր
Դժգոհ ու վհատ դեմքերի,
Երկչոտ, դատարկ մտքերի,
Ցասում բերող սերերի:
Ի՜նչ կատարյալ է աշխարհը,
Երբ մարդիկ ննջում են:

 

***
Գրքերս նետեցի այսօր,
Անջատեցի ինտերնետս,
Վառեցի նոթատետրերս
Մաքրեցի արագ հետքերդ,
Լվացի ուղեղս ու կարգադրեցի սրտիս
Սսկվել:
Հիմա թափվում ես աչքերիցս,
Միացնում ես ինտերնետս
Մուսաիս հետ վազում ես
Ստեղնաշարիս վրայով,
Ընտրում ես պարզ բառեր
Ու առանց կետադրելու
Գրում ես …
Նկարում ես ժպիտ երեսիս,
Հագցնում ես սիրելի շորերս
Ու ուղարկում ես
Քեզ դիմավորելու:

 

***
Երբ ես մեռնեմ,
Կհանգստանա վերջապես
Հոգնած մարմինս.
Կոպերս կընկղմվեն
Թանձր մթի մեջ,
Ու ծուլացած ձեռքերս կշոյեն
Հողը բերրի, ցողունները թաց շուշանների:
Երբ ես մեռնեմ,
Վերջապես մի լավ կընթրեն
Քաղցած հարևաններս ու տարին մեկ հիշող
Բարեկամներս,
Ինչ -որ մեկը կկարդա իմ մոռացված
բանաստեղծությունը,
Եվ կհաջորդեն մեկ մեկու
Ծեծված կենացները՝
Երկար ու անմիտ,
Մինչ ավարտվեն պատառները համեղ
սեղանին:
Երբ ես մեռնեմ, թող թախծի միայն
բանաստեղծությունը,
Եվ թող լաց լինի իմ խեղճ մուսան,
Քանզի նա է անմնացորդ ինձ սիրել:

 

***
Որոշեցի հեքիաթ գրել մեր մասին,
Հետո հիշեցի, որ հեքիաթներում
Միշտ բարին է հաղթում,
Եվ մի չար կա, որին պատժում են վերջում,
Իսկ մենք երկուսս էլ անառակ ենք,
Չար ու տկարամիտ,
Բարի ջինը, բոլոր կախարդները,
Ջրահարսներն ու անհիշելի կերպարները
Թող ապրեն հեքիաթում:
Մեր անավարտ հեքիաթը
Կավարտենք դժոխքում:
Երկնքից երեք խնձոր
գցեցին գլխիս,
Ու մեծ սիրով երեքն էլ նվիրում եմ
Էս հիմար տողերն ուշադիր
Կարդացողին:

 

***
Գեղեցիկ են չծնված երեխաները,
Նրանք դառնում են
Հրեշտակներ այն աշխարհում,
Որի մասին չեմ ուզում խոսել:
Գեղեցիկ են մոռացված նոտաները,
Սքանչելի են անհամաչափ ու
Տարօրինակ դիմագծերով մարդիկ,
Արվեստ կա նրանց մեջ:
Գեղեցիկ են
Գեր կանայք` մաքուր հույզերով,
Որ սպասում են, փնտրում ամենուր իրենց
տղամարդուն,
Գեղեցիկ է դատարկությունը,
Ոչինչ չի կարող շեղել նրա մեջ ընկղմվելիս,
Գեղեցիկ է այն ամենը,
Ինչ չենք տեսնում:

 

***
Բանաստեղծում ենք
Մի պարզ պատճառով,
Ոչ ոք չի ուզում լսել
Մեր հառաչանքը ` պատմությունները
Տխուր, ձանձրալի:
Մենք բանաստեղծում ենք,
Որովհետև ցավը,
Փոքր-ինչ մեղմանում է,
Երբ այն բանտում ենք
Խիտ հանգերի տակ:
Մենք բանաստեղծում ենք,
Քանզի անդավաճան են մնացել միայն
Թուղթն ու թանաքը:
Մեր պարզ հույզերից,
խելառ մտքերից,
Անհագ կրքերից
Դեռ ամաչում ենք
Ու էլի, էլի
Բանաստեղծում ենք:

 

***
Ոչինչ չի փոխվի…
Էլի արևը ամեն օր
Ռեֆլեքսորեն կջերմացնի,
Կշտապեն մարդիկ աշխատանքի,
Կզանգի հեռախոսը՝
Մահվան լուր հայտնի:
Ոչինչ չի փոխվի…
Մոլագար աշխարհը
Ինքնասպանության տենդով
Դեռ կապրի:
Կծնեն էլի մայրերն ամեն օր
Հրաշամանուկներ,
Դահիճներ անթիվ:
Ոչինչ չի փոխվի…
Կգրվեն էլի գրքեր հորինված
Անկատար, դժբախտ, որբ
Սիրո մասին,
Կթաղեն լացով հարազատին,
Անարցունք կուտեն ճոխ հոգեհացին:

Ոչինչ չի փոխվի…
Աստված էլ կիջնի,
Որ էլի խաչվի:
Բայց ասում եմ ձեզ առանց կասկածի՝
Ոչինչ չի փոխվի…

 

***
գեղեցիկ ապրել
չսովորեցինք,
Գեղեցիկ մեռնում ենք:

 

***
Այդպես էլ
Չիմացա
Հիվանդությանս անունը,
Ասացին ախտորոշելը անհնար է
Գնա:
Ինքս ինձ նշանակեցի`
Գրաթերապիա
Հիմա հոգեբանները,
Թերապևտներն ու
Բոլոր պրոֆեսորները,
Գլուխ են ջարդում
Փորձելով օգնել մարդկանց
Իսկ ես վայելում եմ թեյս
Ու գրում հերթական բանաստեղծությունս
Իրենց մասին:

 

***
Հետո…
Բոլորը գնացին,
Անճարները`
իսկույն սողացին,
Ողբ ու լաց, հոգեհաց,
Հարսանիք – մեռելոց
Մի օրում արվեցին
Մոռացվին:
Հետո ինչ եղա՞վ
Չեմ հիշում,
Ուղեղս գինով լվացին:

Share Button

3 Կարծիք

  • Սաթիկ says:

    Շատ գեղեցիկ եք գրում, շատ պարզ ու միաժամանակ խորիմաստ: Շնորհակալություն:

  • Տիգրան Գրիգորյան says:

    Վարդան Սմբատյանի պոեզիան ունիկալ է, ժամանակակից եվ յուրատեսակ: Վարդանը մշակել է իր օրիգինալ ոճը, որով նա տարբերվում է մյուս բանաստեղծներից:
    Ցանկանում եմ Վարդանին նոր հաջողություներ և անհատակ մուսա:

  • Serine says:

    Es lav banastextutyuner en

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *