Արման Թովմասյան | Ես չգրված նամակ եմ ազատության մասին

Զինվոր էի,
Բառերս լցրին պարկուճը
Ու կրակեցին,
Ես սովորեցի
Կորցնել բանաստեղծությունը,
Ինձ ստիպեցին
Մոռանալ ինձ։

***
Հիմա, երբ հեռու եմ ես,
Դու պատուհանի նման
Բացվում ես վրաս,
Ուզում եմ գիրկս ողողեն
Բույրերը քո լուսե,
Ինչպես անձրևը կհպվի
Ճաքած հողին,
Ու դու արմատներ կձգես
Երազանքիս բջիջներին,
Ու դու կլինես
Վերջին ջրահարսը,
Որ ծովը կլքի,
Երբ ես կլինեմ
Վերջին կորուստը,
Որ կրեց փոթորկի որդին։

***
Բանակը գնացի,
Անունս դրեցին զինվոր,
Աչքերիցս սև քարեր կախեցին,
Ականջներս մտցրին
Կրկնության սղոցներ,
Բառերս օծեցին
Աղի վերջակետով,
Հետո ասացին՝
Պաշտպանե՛ք կյանքը։

***
Մեզ ասացին,
Թե կծառայենք հայրենիքին,
Հետո սովորեցրին
Վաճառել դատարկությունը,
Կուլ տալ սեփական ողնաշարը,
Պաշտել կորուստը,
Անիծել վերադարձը,
Ցույց տվին
Ապրելու ու չապրելու միջև
Լողացող ինքնությունը,
Եվ ասացին,
Թե կծառայենք հայրենիքին,
Երբ սովորեցինք
Կասկածել կյանքը։

***
Քեզ հետ լիքն եմ
Պատռված արևով,
Որ սիրում է
Մրսել մի քիչ,
Քո մազերը լցվում են
Դողացող մատներիս
Որպես երաժշտություն,
Քեզ հետ սիրում եմ ձյունը,
Թավիշը քնած կանաչի,
Եվ ձյունե թագուհին
Ծակում է սիրտը
Չտրված կրքով,
Ես պատուհասն եմ
Մամռակալած անցյալի,
Լուսամփոփն եմ քո սենյակի
Եվ համբերությունը
Իմ հեռու երկրի,
Որ շղթայել է ինձ։

***
Որովհետև ես հիմա
Ծառ եմ անապատում,
Անջուր ծով եմ,
Անկյանք երկինք եմ,
Անժպիտ դեմք եմ,
Անաղ ապուր եմ,
Համբերության քողն եմ
Դատարկության ափին,
Որովհետև ես հիմա
Ուզում եմ քամել
Հատիկներդ կյանքի,
Ինչպես նուռը
Ճաքում է ճյուղին։

***
Սիրտս ծխնելույզ է,
Ու բառերս ծխում են՝
Մեռնելով օդում։
Գիշեր է,
Տանիքները գրկում են
Ստվերների երգերը,
Հոգիները փոսեր են՝
Լցված երազանքով,
Մինչ լռում է աշխարհը
Ժխորի գրկում։
Սիրտս սարդոստայն է,
Ուր կուտակվում են
Կրկնության սարդերը,
Կա՞ թե չկա ժամանակը,
Ես դեռ մարմնիդ եմ տնկում
Համբույրների սերմերը,
Եվ շուրջը սովորում է
Դատարկել ժամանակը,
Թռչել վերջին չուին։

***
Էվելին, դու չհերկված մարմին ես,
Իսկ ես ուզում եմ
Ոլորվել հասկերիդ մեջ,
Թռիչքը լքում է երկինքը,
Երբ սողալը դառնում է կենսալի,
Իսկ դու գիտես ոլորել ամպը
Իմ ջղաձիգ ծովերին։
Էվելին, դու կիսաբաց դուռ ես,
Իսկ ես կիսատ կամուրջ,
Լուսնատարի է դարձել օրը,
Եվ շուրջս մռնչում է մութը,
Երբ դու չկաս, Էվելին,
Ինձ անիծում է ծովը,
Որ կրկնությունն է իմ։

***
Վերադարձա, Էվելին,
Ու բառերս նեղսրտում են
Անկոչ երջանկությունից,
Ձեռքիս արև ունեմ,
Ու ճահիճներս հիվանդ են
Տարօրինակ ջերմությամբ,
Դու հավատն ես վայրի,
Որ շրջում է ափին
Անդարձության Ռուբիկոնի,
Ես կրել եմ քեզ
Օրացույցիս, ժամիս,
Ձեռքերիս ննջող բարևին,
Եկ ու կկանչենք քարերին,
Կհոսենք մեռած ճաքերին,
Կտրվենք ճչացող կյանքին
Ակնթարթում հավերժի։
Վերադարձա, Էվելին,
Ու բառերս նեղսրտում են
Նոր օրերի աղմուկից։

***
Ժամանակի մեջ վաղուց
Կորած ձկնորս եմ,
Որ հիշողության ձկները
Որսալ է փորձում։
Գոռում են առաջ,
Զինվորի բախտը
Զենքի որոտն է,
Մենք կթրջենք հորիզոնը
Վաղվա կյանքի արյունով,
Իսկ ես դադար եմ
Դատարկության հովտում,
Գոռում են՝ առաջ,
Աչքիս ծորում է
Հրաժեշտի գույնը,
Մենք չգիտենք՝
Ինչ է մահը,
Բայց սպանել գիտենք,
Չգիտենք՝ ինձ է բաժանումը,
Բայց պիտի կտրենք,
Մեզ ձուլել են
Ժայռերի կոշտերը,
Դաշտերի հերկը,
Երկնքի լռությունը,
Աշնան ջերմությունը։
Զինվորի բախտը,
Համբերությունն է,
Որ լցված է
Սպասումի փոշով։

***
Ես չգրված նամակ եմ
Ազատության մասին,
Վերջին մոհիկանը
Ճաքած հորիզոնի։
Վերջության մեջ
Աչքերդ անտակ հոր են,
Որ լցվում են
Կյանքի ջրերով,
Ուզում ես շրջել
Քաղաքի հեռու ու մոտ ճամփեքին,
Ապրել վերջին սիրով,
Մեռնել կորստի կրքում
Ու լուծել վերադարձը
Հույսի քամիներին։
Ես չգրված նամակ եմ
Ազատության մասին։
Վերջին մոհիկանը
Ճաքած հորիզոնի։

***
Հավատը կանգնել է
Ցամաքած կոկորդիս,
Երբ չգիտեմ՝
Բարեբախտաբար
Թե ցավոք սրտի
Զինվորը եկավ
Ավարտված կռվից։
Մենք աստղեր կախեցինք
Փշալարերից,
Եվ արկի պայթած փոսերին
Ծաղիկներ տնկեցինք,
Մենք, որ լիքն էինք լույսով,
Վերադառնալիս չգիտեինք
Ինչպես փնտրել
Սեփական տունը,
Եվ խավարը մեզ դարձավ
Փնտրող գիրկ,
Ուր շոշափում էինք
Օդում դատարկված անունները։
Հավատը կանգնել է
Ցամաքած կոկորդիս,
Երբ չգիտեմ
Ինչպես պատմել
Կյանքի մասին։

***
Նայիր շուրջդ,
Դու պղպջակին
Տուն ես կառուցում,
Մենակ եմ դաշտում,
Գիշերում մրսող,
Արի, կողողեմ գիրկդ
Անշնորհակալ կրքով,
Արի, կսանձեմ տագնապդ
Փրկված հավատով,
Զինվորը գնում է
Ու մոռանում,
Ետդարձը թույն է
Մտքիդ բուսող
Սնկի պես,
Քարերը աչքերդ ունեն,
Ծառերը մարմինդ ունեն,
Լեռները մաշկդ են թխպոտ,
Նայիր շուրջդ,
Որքան պարարտ եմ
Չգրված նամակներով.
Ես ազատությունն եմ
Վերջին փնտրողի,
Փնտրիր շուրջդ,
Ես տափաստանն եմ
Հեռու զինվորի,
Գայլը մգլած հյուսիսի։

***
Շները վազում են
Ոսկորի հետևից,
Մենք՝ կյանքի։
Ի՞նչ է մահը,
Չգիտենք,
Բայց սպանելիս
Ժպտում ենք անգամ,
Աստված, ինչպե՞ս ես
Ստեղծել զինվորի բախտը,
Ինչ արճիճ է լցրել հորիզոնը,
Ի՞նչ հեղեղ է լցրել երազը,
Աստված, դու կառուցել գիտես,
Իսկ ես՝ քանդել,
Ինչպե՞ս լռեմ
Խաղաղության մասին,
Երբ կորցնել եմ սովորում,
Ինչպես շները
Թաղած ոսկորը
Հաճախ չեն գտնում։

***
Ինքս ինձնից հեռու եմ
Մի լուսնատարի,
Քաղաքում համբերում է կյանքը,
Կտուրին քսվում է գիշերը
Ծածուկ մտքերի,
Արի՛, գրկեմ քեզ,
Դարձիր ետ,
Կփրկեմ քեզ,
Եթե լինես,
Կդառնամ տանելի,
Կհաշտվեմ հրդեհի հետ,
Որ հոգուս է լուծվում,
Ասում էին՝ կան մաքուրներ,
Ես օրենքի ցինիզմը
Սկսեցի կրծել,
Վերադառնում են գնացածները,
Մի՛ վերադարձիր,
Աշխարհը 2 թվից է ծնվում,
2-ով մեռնում,
Չէ՞ որ մեկը հաղթում է,
Մյուսը՝ պարտվում,
Ու սահմանի հետևում
Ուրիշ բառ են փնտում,
Ու սահմանի դիմաց
Ուրիշ բառ են փնտրում,
Արի՜, գրկեմ քեզ,
Ետ դարձիր,
Ու գիշերը կքսվի մաշկիդ
Փշաքաղությամբ երազանքի։

***
Փակում եմ աչքերս,
Ու դու կաս,
Ընթրիքը դրված է,
Ու սեղանի շուրջ
Լցվում են բառերը
Վաղահաս օրվա,
Որքան հեռվից եմ եկել,
Որքան երկար եմ եկել,
Գիտեմ աշխարհի հեռու անկյունում
Մեկը տուն է փնտրում,
Մյուսը՝ տունն է լքում,
Քարերը անկողինս դարձան,
Ծառերը՝ տանիք,
Ես սովորեցի՝
Ինչպես են լռում
Չվող թռչունները,
Ինչու՞ են լքում մենակ գայլերը,
Փակում եմ աչքերս,
Ու կյանքը խայթում է ինձ՝
Կրկին մի պատառ փորձելու,
Երբ կաս,
Փրփրում է կենսահյութը
Դեռ չգտած հեռուների։

***
Քայլում եմ
Հեռու ճանապարհով
Ու գրպանումս
Ցուրտ եմ պահում՝
Չճաքելու անհայտ լույսից,
Նոյեմբերը նստել է ուսիս,
Սաքսոններն այնժամ
Զոհ էին տալիս աստվածներին,
Ես՝ երազանքները,
Չսպառվող դատարկությունը,
Դեմքերը տաշված են ժամանակով,
Ու աչքերի մեջ խաղում են ափսոսանքները,
Թե հարցերը, չգիտեմ,
Էլի տերևները կթափվեն,
Կխշխշան ոտքերը,
Կպղտորվի երկինքը ջրափոսում,
Բայց աշուն չի լինի,
Նա, երբ վազում էին
Պատուհանին բիթլզն
Ու անձրևները Լոնդոնի,
Ուր սովորել էի՝
Ինչպես ես ինձ ասում՝
Հաջողություն, Արման։
Քայլում եմ,
Չգիտեմ՝ կամ, թե չկամ,
Երբ նոյեմբերը լցվել է գիրկս՝
Միակ ընկերս հեռու ճամփեքին։

***
Անձրևում է,
Հեռու երկրում
Մեկը համբերություն է փնտրում
Ու սովորում առասպելը
Վերադարձի մասին,
Երբ ոտքերը կապել են
Նոր օրերի երկինքները։
Դու գեղեցիկ ես,
Մոռացում,
Դու գեղեցիկ ես,
Մշուշոտ օտարական,
Ու պիտի հագցնեմ քեզ
Զգեստները լռության,
Այստեղ դուռը բացում է ն
Նա, ով չկա,
Քնած աչքերն է բացուխուփ անում
Վաղ առավոտին,
Սրճում է, շտապում,
Հոգնում աշխատանքից
Նա, ով չկա,
Ամայի փողոցում շրջում է
Անտեր ստվերը,
Իսկ կարոտը
Շոյում է նրբորեն
Մարմինը նրա։
Անձրևում է
Հեռու երկրում
Անձրևում է նա,
Որ վերադարձ է հյուսում
Չտրված կյանքից։

***
Եվս մեկ օր գլորվեց,
Առավոտյան սրճեցի,
Մի քիչ բողոքեցի եղանակից,
Չվերցրի անձրևանոցս,
Որ թրջվեմ փողոցների
Միայնության հետ,
Հետո հիշեցի` չկաս,
Լիքն է ներսս քարով,
Ու ես համբերության
Ամրոցներ եմ կառուցում,
Նորից բացեցի աչքերս,
Զենքը ժպտաց`
Գրկիր ինձ,
Գրողը տանի,
Դու վառոդի հոտով ես բուրում,
Ձայնդ շոյում է
Սարերում թափառող աղմուկը
Անտուն գնդակների,
Նորից հիշեցի` չկաս,
Քաղաքը քարշ է գալիս
Հեռու երկրում,
Մարդիկ վազում են
Հեռու երկրում,
Ու մեր ուրավականները
Զարթնում են
Նրանց հետ,
Որ անքնությամբ
Գիշերն են մաշում,
Ու գոռում` կգանք։
Եվս մեկ օր գլորվեց,
Հիշեցի չկաս,
Կամ գուցե չկամ։

***
Երբ քայլում է ամբոխը,
Անունները հավաքում են
Ու պարկը գցում։
005-ն եմ ես թե 007-ը,
Ի՞նչ կփոխի,
Կպակասի մեկը շարքից
Կամ մի ձայն պակաս կհնչի,
Ո՞վ կհիշի,
Մենք կգրավենք պիկերը
Չտրված բարձունքների,
Ու գույներից միայն
Կարմիրը կտարբերենք,
Էլի կծնվեն,
Մեկը որդուն անուն կփնտրի,
Մյուսը` որդուն,
Կկտրեմ պատմությունս,
Կորած ու գտած սերերս,
Պարտքերս, վարկերս,
Նրանց, ում սիրեցի,
Նրանց, ում ատեցի,
Կկախեմ աշտարակից
Երազանքներս`
Որպես վերջին զոհը
Գալիք օրերի,
Ու չի հնչի իմ անունը,
Երբեք-երբեք
Փողոցներում չի շտապի
Անհայտ մի տղա,
Ում կոչեցին
005 թե 007 կարևոր չէ,
Երբ քայլում է ամբոխը,
Ում զենք տվեցին`
Հեռուն փնտրելու։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *