Զարուհի Հարությունի | Ես հավաքեցի համրությունդ

Զարուհի Հարությունյան

 

Ես հավաքեցի համրությունդ.
Պարզապես քարեր էին`
Վանքի պատերի ու իմ պատերի արանքում…
Փառաբանեցի թաքուն ցանկությունս,
Թաքցնելով մեկնությունն աչքերից`
Չորածաց թզենիների,
Ու արժանի համարեցի սիրել…
Սիրեցի անցած տարիների տերևներն,
Ու ծածկեցի մերկությունն այս օրվա…
Ինչպես հյուսիսային քամի`
Սպառնալով հանրայնացնել սերմերի արթնացումը,
Եվ զգացի վերի էությունը…

 

***
Հիրավի, այն, ինչը դուք կարոտ եք անվանում`
Ծնունդ է…
Նույն ուղղությամբ գնացող ստվեր`
Գունատված լույսերի տակ.
Թեև աստղազարդ երկնքը կույրերի հովիտ է…
…ուր հավաքած է համրությունդ`
Էության խեցիների նման,
Իմ բոլոր մեղքերի մարգարիտը ներսում…
Թզենին էլի ծաղկեց…
Այո’,
Վանքի,
Ու իմ պատերի արանքում
Երկփեղկվեցին մատներն աշնան…
Թզենին էլի ծաղկեց…

 

***

Ունեցածս երկու րոպեները քոնն են,
Իսկ դու վախենում ես` (կրծողները ժանտախտ են տարածում…)
Կրծողները կշարունակեն տարածել,
Մարդը կշարունակի տարածվել,
Երկինքներում մոխրագույն ծխե ամպեր կլինեն,
Ու դու կվախենաս`
ծխախոտից հրաժարվելն անկարելի է…
Ունեցածս նորից րոպեներ կլինեն,
Դու նորից կմերժես ցանկությունս,
Փաստորեն վերջին
մետաղադրամս կմեռնի,
Կմեռնեմ ես`
ջրհորում վերջին ցանկություն պահելով…
Ավե՜,
Ավե՜ ինձ, Այժմ և հավիտյան ինձ,
Բոլոր նրանց,
Որոնց ոտքերը կլվացվեն
Գիշերներից կաթող արցունքներով,
Ի վերջո քոսոտ քաղաքը կմեռնի,
Կանայք կմնան հավաքելու մնացորդները,
Հետո կծիծաղեմ ես,
Ու երկու րոպե կծիծաղես դու…
Բայց երկու րոպե…

***

Եվ երբ լազուրը ճերմակի մեր մեջ,
Ու արևելքը նոր լուսին ծնի`
Մի փշե պսակ կառնեմ ճակատիս,
որ աչքով չտան…
Ու երբ տիեզերքի դռները ժանգոտ
Բիբերիս նման անծիրը պատռեն`
Մի փշե պսակ առ քո ճակատին,
որ աչքով չտան…

 

***
Օրը կիրակի է,
Ու կարոտել եմ հեռանալդ…
Դատարկ սենյակի նման արձագանքում եմ`
Հրաժեշտ է լսվում…
Հաջորդին երևի իջնեմ.
Գնացքները մթնել են…
Կոպերդ չեն թարթելու օրը…

Օրը կիրակի է,
Ու կարոտել եմ հեռանալդ…
Պատուհանն ավելի եմ սեղմել,
Հուշերիդ ոտքն այստեղ
Խոլորձներ է բուրում.
Երիցուկը տարար…

***

Գունաթափ կարոտ`
Տեղ-տեղ մաշված,
Տեղ-տեղ կարկատան տված`
Կարմիր թելով…
Բուռ-բուռ մասուր`
Թելած ասեղով`
ուլունքների պես…
Հետո խանձված,
Մոռացված երազ,
Ցորենի դաշտեր,
Ա՜խ, լորն ո՞ւր մնաց…
Հետո կաթնաբույր,
Մեղեդի, համբույր,
Մի փոքրիկ մարմին,
Սրտին, աղոթքին,
Ջերմեռանդ մութին.
-Սոված ես բալա,
Հետո մի բան կեր,
Թող աչքս տենա…
Հետո նույն կարմիր,
Բայց լավ սևացած
Թելը տուր Հոգիս
կարկատան դնեմ,
Ու երբ շուլալեմ
Մաշկս շորի հետ.
Հոգ չէ, իմ բալա,
Ախր ես մայր եմ…

***
…և ես խառնում եմ քեզ իմ մտքերին,
Ու քամու թևին պարտքս եմ տալիս…
Գնա.
Ու թե գաս` … …ոչ զեփյուռի հետ,
Այլ կարկտաբեր` անձրևից առաջ
Գուժող ամպրոպի,
Որն իմն է միայն…
…և դու Ջոնի,
…և ես` քո մեջ,
Չսովորեցինք քարշ տալ կիսարյունությունը.
…հետևաբար ընկանք…
(Դու` ձորերից վար,
Ես` բռերիդ մեջ…)

***
Ահա և վերջ`
Մագնիտոֆոնը նվվում է.
Այնուամենայնիվ ճոճում եմ ծառերդ`
Իմ երազները ճյուղերից…
Որովհետև սիրել եմ գարեջրի հոտդ,
Դժվարունում եմ պտտել համաստեղությունը`
Սովորական մատիտների, ու
Գազանների` փիրուզե բաշերով…
Ես վախենում եմ կորցնել քեզ…

Ինձանով բուրող քամին
Կորցրել է թալիսմանը.
Ես սենտիմենտալ եմ դարձել…
Գրողը տանի
Միստիկ լուսիններ են երերում.
Ամեն երրորդի աչքերում ես գտնում եմ
Ծերունական աղեղները`
Խատուտիկներով զարդարված նիմբ որպես,
Ամեն չորրորդի մեջ քաղհանում եմ
Բալենիների սերունդը`
Պատվաստած գիշերներով, ու ներկերով ծեփած,
Ես հրամայում եմ կամ ապրել,
Կամ ապրել…
……………………………………………………………..
Ահա և վերջ`
Ինչ որ մեկը հպվեց ոտքիս.
Ես դիտավորություն եմ կարծում,
Որովհետև ոտնաթաթերի հպումը սեր է,
Իսկ ես ատում եմ գրկախառնությունները`
Փորձարկումների են նման…
Իրականում ես վախենում եմ Երկրի զավակ դառնալ…
Այն ինչով հիանում են երկրայինները`
Մոլորակայինների համար մեռած են…
Իրականում աստղերը մեռած են…
Իսկ ծիածանները չեն փոխում սեռը…
Ամենուր առնետներ են…
…………………………………………………………………
Ես որոշել եմ կատու պահել`
Կանաչ ու կապույտ աչքերով

 

***
Քելե՜. … վազե Քոռ աղբուր,
Ըսա գառը բերեն…
Գի՜րքն է էկե մատա՜ղ.
Պապդ կսեր թուրքը
Սա՜ղ գրքերը վառեց,
Համա մեկը թռավ.
Սուրբն էր մատաղ… Սո՜ւրբը…

 

**

Ամա՜ն, ամա՜ն…
Ինչըղ կայի`… … երկու “ղաթ”,
Երկու “ղաթ” էլ մնացի,–
կասեր տատս,
ու մանգաղի բերանը կտար
դարդն ու ցավը,
արանքե արանք զավակի կորուստն
ու իր հոգոցը.
«Ես պիտի լինեի…»

Share Button

3 Կարծիք

  • Արմեն says:

    թարմ շունչ է, կաթնահունց հացի ու մրսած քաղաքի հոտ, 2016-ի իմ ամենամեծ բացահայտումն է Զարուհին

  • Աննա says:

    Գեղեցիկ եք գրում………նուրբ,աղջկական տողեր…….

  • Սամ says:

    Լավն են տողերդ: Կարծիքս ամրապնդվում է: Ինձ դուր են գալիս մտքերդ: Ու լեզուդ էլ` սիրուն է…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *