Լիլիթ Կրապետյան | Ես պատրաստ եմ, կարող եմ գնալ

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Հյուրասենյակի ժանեկազարդ սփռոցը վանքի միանձնուհու ձեռագործն է: Նա ամեն օր ճաշի աղոթքից հետո զամբյուղի միջից ընտրում էր լավագույն մետաքսաթելը կենտրոնական վարդյակի լիցքն ասեղնագործելու համար: Տանտիրուհուն նվիրել էր Ծաղկազարդի օրը ընծայական հիշատակությամբ. « Ես քառասուն տարին լրանալուց հետո ստացա Քրիստոսի գիտության լույսը և նվիրվեցի միանձնյա կյանքին»: Սփռոցը սեղանին գցում էին Բարեկենդանի տոնին, Նավասարդի գիշերը, երբեմն` ամուսնու ծննդյան օրը:
Ամեն անգամ ամուսնու հետ տնից դուրս գալուց առաջ կինը երկար հանդերձավորվում էր: Ընտրում էր գլխարկը, թատրոն գնալիս բռնում էր աստղածաղիկներով հովանոցը, հագնում էր սպիտակ, թափանցիկ ձեռնոցը: Ամեն մանրուք ավարտելուց հետո, ֆրանսիական օծանելիքի կաթիլներ էր ցողում ականջաբլթակի ետևում և ամուսնու ներողամիտ հայացքին ի պատասխան ասում էր` ես պատրաստ եմ, կարող ենք գնալ: Հայտվելով հովհարի-ֆրակի, պար բռնող շրջազգեստների, ծածկամիտ ժպիտների հասարակությունում Աշճյաններ զույգը փնտրում էր ծանոթ դեմքեր. թեև կինը պճնասեր չէր, սակայն կանանց շրջանում հպարտանում էր նոր ձեռք բերած իրերով, չինական ատլասը և Թեհրանից բերված ապարանջանը վերջին գնումներն էին: Ներկայացման առաջնախաղի ժամանակ օթյակում հեռադիտակով նայելիս, եթե նկատում էին բարեկամներից որևէ մեկի բացակայությունը, անհանգստանում էին. գուցե բա՞ն է պատահել:
Աշճյանները սովորաբար զբոսնում էին Պալյանների ճարտարապետական շինությունների մերձակայքում: Կինը զրնգուն ծիծաղում էր ամուսնու ուրախ պատմություններից, առանց շուրջը նայելու ցատկում էր ստվերի տակ`պաշտպանվելով ապրիլյան արևից: Այդպես էր հոսում Աշճյանների կյանքը մինչև մայրամուտը: Մութն ընկնելուն պես արդեն տանն էին լինում, որովհետև չէին վստահում Պոլսի անվտանգությանը:
Նորվեգիայից ժամանած միսիոները լսել էր հերարձակ կանանց խաչելության մասին: Ականատեսները կաղկանձով պատմում էին, որ ոչ մեկին չեն խնայել: Հեռացողները չեն վերադառնում: Ոչ մի լուր չկա նրանց ճակատագրից: Միսիոները մի քանի լուսանկարներ էր արել Պոլսի արվարձաններում: Սովալլուկ որբերը ապշահար նայում էին ուղիղ տեսախցիկին. նրանց այտերին դեռ շողում էին բաժանման արցունքները: Միսիոների հիշողության մեջ դաջվել էին անօգնական երեխաների ճիչերն ու օգնության կանչերը: Պոլիսը խառնաշփոթի մեջ էր: Ոստիկանությունը «գրավել էր» քաղաքը: Անհարկի ձերբակալություններ էին սկսվել. դիմադրության ոչ մի հնարավորություն: Միսիոները ցանկանում էր հաց գնել, բայց խանութները փակ էին: Մոտեցողներին հայհոյում էին ու ցույց տալիս ցուցանակը: Ոչ մեկը հյուրընկալ չէր օտարերկրացու նկատմամբ: Աղաղակներից ահաբեկված միսիոները իրեն նետեց մոտակա աչքի ընկնող տներից մեկը` Աշճյանների առանձնատունը: Նա տնից ձայներ լսեց և թաքստոցից բարձրանալով, ետնամուտքով մտավ ներս: Տան տերերին երկնչեց միանգամից ներկայանալ, ասես վտանգի էր սպասում: Նրան երկու օրվա գիշերելու տեղ էր հարկավոր, մինչ կարողանար փաստաթղթերը կարգի բերել հյուպատոսարանում:
Տան տիրուհին մեղմ քայլվածքով դուրս եկավ պատշգամբ, նայեց քաղաքի ուրվապատկերին և օտարության զգացումով ետ քաշվեց: Շան ողբագին, երկինք ելնող ոռնոցից հետո, տանտիկինն ամուսնուն զգուշացրեց` չարժե փողոց դուրս գալ, վտանգավոր է, չգիտենք ինչ է կատարվում:
Առավոտ էր: Տղամարդը ճոճաթոռին նստած վայելում էր լուսաբացի ծխամորճը` ծխելը համատեղելով ընթերցանության հետ: Թերթը վատ լուրեր էր գուժում: Անհետ կորածների թիվը օր օրի ավելանում է: Սպանվել է սարկավագության աստիճան ստացած մայրապետը: Ձերբակալվել է Պոլսի լավագույն բժիշկը, մինչ այժմ տեղեկություն չկա հիսունից ավելի ուսուցիչների մասին: Թատրոնն այլևս չի գործում: Լուրերը թեև ահաբեկող էին, սակայն Աշճյանները չէին կարծում, որ կվնասեն իրենց: Նրանք թշնամիներ չունեին քաղաքում:
Տղամարդը անսպասելիությունից դիմադրություն ցույց չտվեց տուն ներխուժած ենիչերուն: Նա աննկատ կոտրել էր փականը և հարձակվել տղամարդու վրա: Ենիչերին մերկացրել էր սուրը, որին հետևելու էր հարվածը, եթե չհնչեր կնոջ ձայնը: Որքան էր սպասել այս հանդիպմանը: Միշտ փնտրում էր միևնույն կնոջը: Փակ աչքերով կարող էր ճանաչել նրան: Օծանելիքի բույրը ցանկացած կերպարանափոխության դեպքում ճանաչելի էր դարձնում նրան: Ենիչերին պարգևատրված էր: Կինը գիշերազգեստով կանգնած էր նրա առջև: Կիսաթափանցիկ գիշերազգեստը ընդգծում էր նրա մարմինը:
Ենիչերին վախենում էր մոտենալ գոտե հպվելու նրա հագուստին: Զոհը կարող էր խրտնել և խույս տալ նախասահմանված ճակատագրից: Տղամարդը նրան չէր հետաքրքրում: Նա արգելք էր կնոջ և իր միջև, որը ցանկացած ժամանակ կարելի էր վերացնել, ինչպես մի անգամ, պատրաստվում էր դաշունահարել տղամարդուն, սակայն հարմար պահ չէր ընտրել: Ենիչերին բաց թողեց տղամարդուն, բարկացած, որ իրադարձություններն իր ուզածի պես չեն ընթանում. կատաղությունից թրատեց պատի Ջանգյուլում գորգը:
Հարևան սենյակում թաքնված միսիոները կանխազգում էր դեպքերին վկա լինելու իր դերակատարումը: Թվում էր`բանակցելու հնարավորություն է ծնվել, ելք անելանելի վիճակից: Միսիոները միացրեց ձայնագրիչը:
Դուք եք: Վերջին ժամանակներս մեզ հետևում էիք, և ես ինձ հարցնում էի` երբ է լինելու մեր հանդիպումը: Շատ սպասեցնել չտվեցիք: Սակայն զարմացած եմ, որ մեր բնակարանն եք ընտրել առերեսման վայր: Ես Ձեզ տեսել եմ իմ երազներում, քայլում էիք ստվերի նման: Մութը կախվում էր իմ գլխավերում, և ես շնչահեղձ բացում էի աչքերս: Ճի՞շտ եմ կռահում, դրամատանը մոտեցաք ամունուս և հարցրեցիք բաղնիքի տեղը, ասես առաջին անգամ էիք այս կողմերում: Դուք իմ հյուրն եք, թեև անպատեհ ժամանակ եք եկել: Այս առավոտ ես ու ամուսինս պատրաստվում էինք անորոշ ժամանակով բացակայել քաղաքից: Ստիպված եմ կառապանին հայտնել, որ հետաձգում ենք ճամփորդությունը: Գուցե հաջորդ անգամ: Չեմ կարող ասել: Լրագրերին ծանո՞թ եք: Հարուստները կառքերով հեռացել են Իգդիր և փրկվել: Ոսկին փրկչագործի դեր ունի: Համեցե’ք հյուրասենյակ, մեզ թեյ կհյուրասիրեն: Եղիսաբե՜թ, Եղիսաբե՜թ:
Հայտնվեց մոտ տասնութ տարեկան մի աղջիկ: Շփոթված էր, դեռ չէր հասցրել կապել գոգնոցը: Ենիչերու ներկայությունից ընկրկեց, շուրթերը դողացին, ինչ-որ բան էր ուզում հաղորդել տիկնոջը, բայց խոսքն ընդհատվեց: Կինը հրամայեց թեյ պատրստել երեք հոգու համար, ինչպես սովորաբար աղախինն անում էր Աշճյանների հին բարեկամներին սպասարկելիս: Աղջիկն արդեն կռահում էր, որ լավագույն սպասքն է օգտագործելու, որի վրա քաջվարդեր և թիթեռներ են պատկերված: Արծաթազօծ սկուտեղով Եղիսաբեթը մատուցեց թեյը. սեղանին շարեց երեք հոգու համար բաժակներ և ափսեներ, կենտրոնում դրեց թխվածքներով ծանրաբեռնված եռաթև պատվանդանը: Թեյնիկը և շաքարամանը մոտեցրեց հյուրին: Ենիչերին զարմանք ապրեց: Նա շոշափեց թեյի բաժակը, մոտեցրեց շուրթերին ու նրան թվաց, ապակին կկոտրվի շուրթերի արանքում:
Ասում են նեղված սրտերը չեն նկատում գարնան գեղեցկությունը: Ես երեկ տեսա` այգու ծառերից մեկը ծաղկել է: Նկատե՞լ եք: Հենց մուտքի մոտ է: Ծաղկած սալորենին: Խմե՛ք թեյը, սառչում է: Մեզ համար թեյախմությունը առանձնահատուկ ծես է: Ես անվանում եմ «ոսկեգույն կենսահեղուկի» ըմպում: Եթե ես ու ամուսինս վիճում ենք ինչ-որ հարցի շուրջ, հաշտության նոտաները լսվում են մի բաժակ թեյ ըմպելիս: Այն մեր բարեկամների հանդիպման բաղկացուցիչ մասն է: Ոմանք հրաժարվում են թեյից, որովհետև սև սուրճի մոլի երկրպագու են:
Աշճյաններն ամեն ինչի պատրաստ էին` խուսափելու ողբերգությունից: Ամուսինը անկյունում դրված զարդասեղանից հանեց մարգարիտով լի քսակը և դրեց ենիչերու առջև: Տարբեր չափի մարգարտահատիկները կհարստացնեին յուրաքանչյուրին, ով տիրանար քսակին: Ենիչերին շոշափեց թանկարժեք քարերը և որոշեց մանյակ պատվիրել տիկնոջ համար ի նշան նոր բռնկվող սիրո: Ենիչերու ձեռքը դողաց երջանկության անհայտ զգացումից և թեյը թափեց համազգեստի վրա: Տանտիկինը կանչեց Եղիսաբեթ, Եղիսաբեթ, բայց աղախինը չպատասխանեց: Երբ կինը արագ դուրս եկավ մաքուր կտոր բերելու, ամուսինը փակեց աչքերը: Նա կռահել էր`ապրումի վերջին րոպեներն են: Ադանայի արյունը հոսեց ժանեկազարդ սփռոցի ճերմակ թելի վրայով: Միսիոները դռան արանքից դուրս հրեց ձայնագրիչը, որ լսելի դառնա տղամարդու արյան հոսքի խշշոցը:
Ես ավելորդ եմ առանց իմ ամուսնու: Հասարակության մեջ նա իմ մշտական ուղեկիցն էր, անփոխարինելի կողակիցը: Ես նվիրվել եմ նրան անմնացորդ, նա էր դառնալու ծերության իմ ընկերը: Ես կորցրեցի սիրելի տղամարդու և հավատարիմ բարեկամի: Մենք երեխաներ չենք ունենա: Ըմպե՛ք, թեյը, ասում են, նյարդերը հանգստացնում է: Լսո±ւմ եք ռադիոյի եվրոպական ալիքները: Դժվար թե: Պոլսում, հենց մեր կողքին այս երկու օրը երկու հարյուր երեսունհինգ հայ է ձերբակալվել: Առանց հրամանագրի: Հապճեպ: Բացատրություն չեն տալիս, պարզապես մարդկանց քարավանները ուղղում են դեպի անապատ: Անհնար է, որ իրագործողներն անպատիժ մնան: Անհրաժեշտ է որ աքսորվածները վերադառնան իրենց տները:
Գուցե փոքրիկ հուզումներ լինեն, պատասխանեց ենիչերին, բայց շուտով կինը կմոռանա մեռած ամուսնուն, երեխաները հաց տվողին հայրիկ կանվանեն: Որբուկը ձիու սմբակի ջրափոսից ջուր կխմի և կասի. «Շնորհակալություն, հայրի՛կ, հագեցրի ծարավս»: Հայերեն խոսելը կարգելվի: Մարդիկ սովորաբար ազատվում են սուր ցավ պատճառող հիշողություններից:
Այո, ասաց կինը, և խնդրեց սպասել իր վերադարձին: Կանացի սուր ճիչ լսվեց: Ափսեների շրխկոց: Եղիսաբեթը գլխիվայր թրմփաց գետին: Նա խզված ձայնով ասում էր`օգնեցեք, որը ոչ ոք չէր լսում: Կանչը կրկնվեց երեք անգամ և մարեց առհավետ: Տանտիկինը տագնապահար երկրորդ հարկի աստիճաններով իջավ ցած, ձեռքին տոհմածառի փաթեթն էր: Գունատ և գեղեցիկ, լռության ցավից տատանվող ձայնով խոսեց. ես ցավում եմ աղջկա մահվան համար: Նա դեռ չէր հասցրել ճանաչել կյանքը: Երբեմն տրտնջում էր, որ ստիպված է սպասուհի աշխատել, թեև ամուսինս լավ էր վարձատրում: Եղիսբեթն ատում էր անգրագիտությունը: Որոշել էր աշնանը ուսումը շարունակել օրիորդաց վարժարանում: Ամուսինս ոգևորում էր նրան ուսման հարցում, դա այդքան էլ հեշտ բան չէ մեծ քաղաքում: Դու ինձ մեծ կորուստ պատճառեցիր: Ես կհայտնեմ նրա ծնողներին: Վաղնևեթ հեռագիր կուղարկեմ: Նրանք իրենց միակ դստերը հանձնել էին մեր խնամակալությանը: Ահա տոհմածառը, տանտիկինը ցույց տվեց ստվարաթղթե փաթեթը: Արժե իմանալ` որտեղից են սերում մեր արմատները: Մեր շառավիղները հասնում են ընդհուպ մինչև 1710-ական թվականները: Ի սկզբանե կալվածքները եղել են Ադանայում: Հետո ինչ-ինչ պատճառներով տեղափոխվել ենք երկրի սիրտը` Պոլիս: Սկզբում կոչվել ենք Աֆրիկյաններ, այնուհետև ազգանվան փոփոխություն է տեղի ունեցել և միայն նախորդ դարի սկզբին հաստատվել է Աշճյանների տոհմը: Ազգանվան փոփոխությունը ես կապում եմ արու զավակ չունենալու հետ, ինչպես ինձ և ամուսնուս չհաջողվեց որդի ունենալ: Հնում գորգը տորքից կտրելուց առաջ անպտուղ կնոջն անց էին կացնում հիմնաթելերի միջով և պառկեցնում էին տորքի տակ, ապա կտրում էին հիմնաթելերն ու գորգն ընկնում էր կնոջ վրա: Մարդիկ հավատում էին, որ դրանից հետո կինն արգասաբեր է դառնալու:
Ես երկար տարիներ բուժվել եմ անպտղությունից: Մոտավորապես վեց-յոթ տարի: Ամուսնուս ծնողները պահանջում էին, որ բաժանվի ինձնից և երկրորդ անգամ ամուսնանա, բայց նա համբերատար սպասում էր: Սուրբ Փրկիչ եկեղեցու պատերի ներսում ինձ ամեն օր ուղեկցում էր մեղքի տանջող զգացումը: Տեղական դեղորայքը չէր օգնում: Ամուսինս արտասահմանից դեղեր ձեռքբերեց: Ես նայում էի հիվանդանոցի մոտ կառուցած ջրավազանի կարմրախայտ ձկնիկներին, ու ինձ թվում էր, թե ժամանակը կանգ է առել: Ամուսնուս ունեցվածքի ժառանգորդը մնում էր անհայտության մեջ: Որքան արյուն պետք է հանձնեի, որպեսզի հագեցնեի ձեր ծարավը: Համաձայնվիր ինձ հետ` ես տվել եմ արյան հարկը: Դու արդեն կատարել ես հրամանը:
Ենիչերուն հրամայված էր խուզարկել տան յուրաքանչյուր անկյունը գտնել թաքնված էակին և արժանացնել նախասահմանված ճակատագրին: Մանկասենյակից լացի ձայն լսվեց: Տիկնոջ աղջնակը հավանաբար ուշադրությունից երկար դուրս մնալուց անհանգստացել էր կամ քաղցած էր: Կինը ճչաց: Ադանայի արյունը կաթաց երեխայի թարթիչին: Ենիչերին ամբողջ գիշեր աղջիկներ փնտրեց: Նա կարծում էր երեսունհինգամյա կինը շատ աղջիկներ է ծնել, որոնց անունները չկան տոհմածառում: Նրանք պուտիկավոր զգեստ են հագել և, երբ տեսնեն ենիչերուն, կխնդրեն, չվնասել իրենց: Չարաճճիները խոստացել են մայրիկին ձայն չհանել մինչև նա չհրահանգի: Ենիչերին ոչ մեկին չգտավ:
Առավոտյան խուլ աղմուկի մեջ կինն արթնացավ գիշերազգեստով` հյուրասենյակի աթոռին նստած: Առաջին անգամ նա չէր զգեստափոխվել: Գլխապտույտ ուներ, ասես մոռացել էր երեկվա իրադարձությունները: Բացեց պատուհանը`հիանալու ծաղկած սալորենու բույրով: Կանչեց Եղիսաբեթ, լռություն էր: Մտածեց տանից դուրս է եկել: Գնաց խոհանոց` թեյ պատրաստելու: Հանկարծ լսվեց զարթուցիչի զանգի ձայնը: Հոգիներն արթնանում են զարթուցիչի ձայնից: Ինչ-որ մեկը քաշում էր փեշից ու կանչում. «Մայրի՛կ, ես վախենում եմ, բարձրացի՛ր ինձ մոտ»: Նա զգում էր ամուսնու շնչառությունը, ինչպես է ծանոթ կրքոտությամբ համբուրում իր ուսերը: Կինը շրջվեց, ոչ ոք չկար ետևում: Նրան շարունակում էին համբուրել ու հրել ննջարան: Միսիոները ձայնագրում էր հոգիների արձակած խուլ ձայները: Ձայներն ավելի ու ավելի մոտ էին թվում: Կարծես անցնելով տան պատերի միջով, փնտրում էին դատարկ մարմիններ: Միսիոները հավատացած էր` հոգիներն իրեն են փնտրում, որպեսզի դուրս նետեն սենյակից և դատաստանի ենթարկեն տանտիկնոջ առջև:
Կինը հայելու առջև կանգնած սանրում էր մազերը: Նա հագավ արծաթաթել զգեստը: Վարսակալով հարդարեց մազերը: Մի քիչ դիմափոշի օգտագործեց անքնությունը ծածկելու համար: Ներկեց շուրթերը` թաքցնելով գունատությունը: Զարդատուփից հանեց ականջօղերն ու մատանին: Կապեց ակնազարդ գոտին: Վերջում ականջաբլթակների ետևում փարիզյան օծանելիք ցանեց և դուրս եկավ սենյակից: Նա ոչ մի մանրուք չէր մոռացել:
Ես պատրաստր եմ, կարող եմ գնալ:
Ենիչերին փակեց ճանապարհը: Միսիոներն անջատեց ձայնագրիչը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *