ԴՍԵՂ | Թումանյանական հեքիաթի օր

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը», արդեն 7-րդ տարին է, ինչ Հայաստանի Լոռու մարզի Դսեղ գյուղում’` Ամենայն hայոց բանաստեղծի ծննդավայրում, կազմակերպում է «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: Այն արդեն դարձել է բարի ավանդույթ ու սպասված իրադարձություն ոչ միայն Դսեղում, այլև ողջ մարզում ու Երևանում: Դսեղյան փառատոնի հանդեպ մեծանում է նաև արտերկրի տիկնիկային թատրոնների հետաքրքրությունը՝ իր ուրույն տեղը գրավելով միջազգային փառատոների ցանկում: Անցած տարիներին դսեղյան փառատոնին մասնակցել են աշխարհի 21 երկրների /Լիտվա, Հնդկաստան, Ռուսաստան, Սլովենիա, Վրաստան, Չեխիա, Գերմանիա, Դանիա, Բուլղարիա, Բելգիա, Իրան, Հունգարիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելառուս, Մոլդովա, Ալժիր, Շվեյցարիա, Սերբիա, Խորվաթիա, Կանադա/ ճանաչված տիկնիկային թատրոններ, շուրջ 170 արտիստներ և տիկնիկային արվեստի վաստակաշատ գործիչներ:

Այս տարի ևս սեպտեմբերի 8-15-ը փառատոնը կհյուրընկալի թատրոններ Լիտվայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Դանիայից, Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից: Փառատոնին ներկա կգտնվի նաև Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Դադի Փուդումջին` Հնդկաստանից: Կներկայացվի հետաքրքրական մեկ նոր նախաձեռնություն ևս. այս տարի Չինաստանի Չենդու քաղաքում կայացած UNIMA-ի XXI համաժողովի ժամանակ Հայաստանի պատվիրակությունն առաջարկել է և համաժողովի կողմից հավանության է արժանացել «Տիկնիկները հանուն խաղաղության Միջերկրականի ավազանի և արաբական աշխարհի երկրներում» ծրագիրը, որի իրականացման խնդիրներին են անդրադարձել այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ կայացած առանձնազրույցի ժամանակ Դադի Փուդումջին և UNIMA-ի հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը:

«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ին, Դսեղ գյուղի կենտրոնական հրապարակում: Փառատոնը նաև կձայնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք-2012»-ին` իր միջոցառումների շրջանակներում կազմակերպելով Հովհաննես Թումանյանի, հայ անվանի մանկագիրների գրքերի, պատկերազարդ հրատարակությունների ցուցադրություն: Փառատոնի բացման արարողությունից հետո կմեկնարկի բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբությունը, որին կհաջորդեն առաջին ներկայացումները: Առաջին անգամ փառատոնի ծրագրում ընդգրկված ներկայացումները կցուցադրվեն նաև Լոռու մարզի քաղաքներում, գյուղերում ու ավաններում: Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր: Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի ևս փառատոնի օրերին կանցկացվեն տիկնիկային արվեստի վարպետության և տիկնիկագործության դասեր, կգործի տիկնիկների ցուցահանդեսը, ամենօրյա երեկոյան ակումբը, կանցկացվեն էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:

Փառատոնի գաղափարը մտահղացվել է «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» կողմից՝ նպաստելու համար մատաղ սերունդների գեղագիտական դաստիարակությանը, Հայաստանի մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, հայ տիկնիկային արվեստի զարգացմանը: Կարևոր է նաև հանճարեղ լոռեցու անմահ ստեղծագործությունների մասսայականացումը. փառատոնի շնորհիվ աշխարհի մի քանի տասնյակ երկրներում արդեն գիտեն ու սիրում են Հովհաննես Թումանյանին, կարդում են նրա գործերը, դիտում են նրա ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումները:

Փառատոնի կայացմանը մեծապես նպաստում և աջակցում են ՀՀ նախագահի աշխատակազմը և ՀՀ մշակույթի նախարարությունը: Փառատոնի հիմնադիր հովանավորներից է եղել Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության հիմնադրամը: Անցած տարիներին, ինչպես և այս տարի «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» նախաձեռնությանը աջակցել են մի ամբողջ շարք հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, գործարար ընկերություններ, որոնք իրենց բարեգործական ծրագրերի շրջանակներում են ներառել հայ մանուկներին այնքան մեծ ուրախություն պարգևող տիկնիկային արվեստը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *