Ֆարիբա Վաֆի | Պատմվածքներ

Երկու օր

Ամուսինս ամիսներ անց վերադարձավ ճամփորդությունից: Տղաս իր փոքրիկ մատները տարավ նրա գզզված մազերի մեջ.
-Սպիտակե՜լ են ինչքան:
-Ի՜նչ սևացել ես, պապա՛,- ասաց աղջիկս:
Չասացի՝ նիհարել ես: Միայն ծիծաղեցի: Երկուսս նայեցինք իրար աչքերի մեջ ու ժպտացինք: Ամուսնուս աչքերը կանաչ են: Խամրել էին և լիքը մուգուբաց ակոսներոր կային աչքերի շուրջ: Երկու օր հետո հետ պիտի վերադառնար: Ձեռքս բռնեց իր ձեռքերի մեջ և նայեց այրվածքի սպիին:
-Ի՞նչ է եղել:
Ծիծաղեցի՝ շատ բարձր: Տասներկու տարեկանից ձեռքիս վրա սպի կար, և իմ ամուսինը տասներեք տարի միասնական կյանքից հետո նոր էր նկատում: Այնքան ծիծաղեցի, որ աչքերիցս արցունքներ թափվեցին: Հիմա արդեն լաց էի լինում՝ ուրախությունից: Ամուսինս տեսնում էր ինձ, ոտնատակիս կոշտուկը և խալը՝ ծոծրակիս վրա:
Ուս-ուսի քայլեցինք լայն փողոցով: Օդը ջինջ էր ու թափանցիկ, և արևը, կարծես, շողում էր միայն երեսները լուսավորելու համար: Խանութների առջև կանգ էինք առնում, և նրանց ապակիների մեջ ես դիտում էի մեզ:
Ամուսինս կանգնեց խանութներից մեկի դեմը.
-Ո՞ր մեկն ես հավանում:
-Ո՛չ մեկը:
Ստիպեց: Կապույտ, երկար վերնաշապիկը ցույց տվեցի: Ներս գնացինք: Վերնաշապիկը թանկ էր: Ցածր ձայնով ասացի.
-Գնա՛նք:
Բայց ամուսինս մի կապ թղթադրամ հանեց գրպանից ու հաշվեց: Շրջեցի երեսս և հայելու միջից տեսա նրա կիսադեմը, որ երկրորդ անգամ հաշվում էր փողը: Երկարաոտ փափուկ կապիկ գնեցինք աղջկաս համար և մանկական հեծանիվ՝ տղայիս, ու վերադարձանք տուն:
Գիշերը ամուսինս անունս տվեց՝ շատ մեղմ ձայնով:
-Կարող եմ մնալ:
Սենյակի առաստաղին էր նայում:
-Եթե…եթե դու ուզես:
Ես էլ նայեցի առաստաղին: Գաջը քանի տեղ ուռել էր և ուր որ է՝ թափվելու էր:
-Էստեղ աշխատանք կգտնեմ, էս ձեռքերով….Դու էլ ես շատ տանջվել… Հասկանում եմ:
Ձեռքերը կարճ մատներ ունեին և լայն եղունգներ:
Ուզում էի՝ էլի լսել:
– Աշխատանքդ էնտեղ լավ է: Չի լինի՝ բաց թողնես:
Սիրտս արագ-արագ էր զարկում:
-Բաց կթողնեմ…Բաց կթողնեմ, էստեղ աշխատանք կգտնեմ:
-Ինչի՞ համար, ախր:
-Քե՛զ համար:
Այս նախադասության հետ կարող էի մեկ դար մենակ մնալ և մտածել այն երկու օրերի մասին, որ ինձ էին պատկանում: Ամուսինս խոսում էր: Ձայնը տարիներ առաջվա հուզմունքն ուներ: Դեմքս շրջեցի իր կողմն ու ճրագը մարելիս լսեցի սեփական ձայնս.
-Գնա՛:

Ամուսնուս դեմքը

Ամուսնուս դեմքը մոռացել եմ: Նրա լուսանկարները շարում եմ դեմս: Օտար տղամարդիկ են: Մեկը բեղ ունի, մեկը՝ չունի: Մեկը վերև սանրած մազերով է, մեկը բաճկոնի օձիքը բարձրացրել է մինչև վիզը: Ոչ մեկը ՆԱ չէ: Գիշերները շուտ եմ քնում՝ գուցե երազում տեսնեմ նրան, բայց երազներ չեմ հիշում: Նրա հագուսների պահարանն եմ դասավորում, ձեռքս սահեցնում տարիներ առաջվա պիջակի վրայով և անթարթ նայում նրա բռունցքի հետքին՝ պատի վրա:
Գնում եմ սկեսուրիս տուն: Նա խոսում է իր զարկերակային ճնշումից և պատմում հարևանի տանը ղուրանական ընթերցման արարողակարգից, բայց տղայի մասին բան չի ասում: Աղջկաս գուլպան գտնելու պատրվակով՝ շրջում եմ նրանց տան մեջ, բայց ՆՐԱՆ եմ փնտրում: Ոչ մի բան նրա հոտը չի տալիս: Գնում եմ բակի մյուս կողմի սենյակը: Ես ու ամուսինս մի ժամանակ ապրել ենք այս փոքր վայրում, բայց ոչ մի բան նրան չի հիշեցնում ինձ: Պատին դեռ փակցված են իր զինծառայության լուսանկարը և դպրոցական դիպլոմը՝ կոտրված շրջանակով: Աղջկաս հետ վերադառնում եմ մեր տուն:
Աղջիկս նրան չի նմանում, խոշոր աչքեր ունի՝ կեռ թարթիչներով: Ամուսինս մանր աչքեր ունի, և հայացքը խորամանկորեն սևեռվում է մարդու վրա: Աչքերս հառել եմ ծածկոցի նախշերի ծաղկին և մի ակնթարթ մտաբերում եմ ամուսնուս հայացքը, բայց ամեն ինչ արագ չքանում է մտքիցս, և ես նորից բան չեմ հիշում:
Ամուսինս իր նոր լուսանկարն է ուղարկում ինձ: Մի մեծ զբոսայգու մեջտեղը պպզել է: Արևի ուժեղ լույսից դեմքն անգույն է: Մյուս նկարում կարճահասակ ու նշաձև աչքերով մի տղամարդու և կնոջ հետ է: Այդ երկուսի մեջտեղում բուսնել է սյունի պես: Գլուխը բարձր պահել և ծիծաղում է: Չէ, չի ծիծաղում, շուրթերը հետ են քաշվել միայն և երևում են ատամները: Ժամեր շարունակ դիտում եմ նրան:
-Գործերս շատ են, դեռ երկար կտևի մինչև վերադառնամ:
Գլուխս հենել եմ հեռախոսախցիկին:
-Մի քանի սիրուն բաներ եմ գնել, հաստատ դուրդ կգան….
Ձայնը կորում է:
-Ինչո՞ւ ես լռում:
-Դո՛ւ ասա, դո՛ւ խոսիր:
Նրա ձայնն անհետանում է և ինձ ոչինչ չի հիշեցնում:
Նա վերադառնում է: Ամեն տեղ լվացել եմ: Բոլորը գիշերվանից մեր տանն են հավաքվել՝ նրան են սպասում: Առավոտյան մութուլույսին գալիս է: Մայրը՝ նամազի չադրայով, նստել է նրա կողքին: Ամուսինս պատմում է իր գնացած վայրերից: Երբեմն բոլորը միասին են խոսում: Սենյակը աղմկոտ է: Բոլորի համար թեյ եմ լցնում և մանր քաղցրավենիքներով, որ ճամփորդությունից է բերել, մտնում եմ սենյակ և շուտ վերադառնում: Խոհանոցի փոքր պատուհանից նայում եմ նրան: Չսափրված է, մազերը յուղոտ են, և բերանն արագ-արագ բաց ու խուփ է լինում: Ձայնը բարձր է բոլոր ձայներից:
-Ինչո՞ւ ես պշլել մնացել, արի նստի՛ր ամուսնուդ մոտ:
Նստում եմ ամուսնուս դեմը, ականջ դնում նրա ձայնին և ակնապիշ նայում նրան:

Թարգմանությունը պարսկերենից՝ Էմմա Ալեքսանդրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *