Ֆեդերիկո Գարսիա Լորկա | Բանաստեղծություններ

Ֆեդերիկո Գարսիա Լորկա

Կանաչ առավոտին
ուզում էի սիրտ լինել
Սի՜րտ:

Իսկ ուշ երեկոյան
ուզում էի սոխակ լինել:
Սոխա՜կ:

Հոգի՜,
նարնջի գույն հագի՛ր:
Հոգի՜,
սիրո գույն հագի՛ր:

Կենդանի առավոտին
ուզում էի ես ‹‹ես›› լինել:
Սի՜րտ:
Իսկ իջնող երեկոյան
ուզում էի իմ ձայնը լինել:
Սոխա՜կ:
Հոգի՜,
նարնջի գույն հագի՛ր:
Հոգի՜,
սիրո գույն հագի՛ր:

 

Մի աղջկա ականջին

Չուզեցի,
Ոչինչ ասել չուզեցի:

Քո աչքերում տեսա`
զեփյուռի, ծիծաղի և ոսկե երկու խենթ ծառ.

Օրորվում էին.
Չուզեցի:
Ոչինչ ասել չուզեցի:

 

***
Նարգի՜զ,
քո բույրը,
և գետի խորքը:
Ուզում եմ կողքիդ մնալ:
Սիրո ծաղիկ:
Նարգի՜զ:
Քո սպիտակ աչքերի վրայով անցնում են
քնած ալիքներ ու ձկներ,
ինչպես որ իմ աչքերի.
դու` փոքր, իսկ ես` մեծ:
Սիրո ծաղիկ:
Նարգի՛զ:
Գորտերը, որքա՜ն խելացի են,
սակայն հանգիստ չեն թողնում այն հայելին,
որի մեջ տեսնում են
քո զառանցանքն ու իմը:
Նարգի՜զ,
Ի՛մ ցավ,
և հենց ի՛մ ցավը:

 

***
Ո՛չ դու, ո՛չ ես
Ո՛չ դու, ո՛չ ես,
պատրաստ չենք իրար հանդիպել.
դու…. թե ինչու` ինքդ գիտես:
Ես որ այնքա՜ն եմ սիրել:
Շարունակվում է այդ արահետը:
Ձեռքերիս մեջ սուր մեխեր են,
Չե˚ս տեսնում` ինչպես եմ արյունաքամ լինում:
Երբեք հետ չնայես,
Դու դանդաղ գնա
և աղոթիր ինձ պես`
Սուրբ Գայետանոյին,
որ ո՛չ դու, ո՛չ ես
պատրաստ չենք իրար հանդիպել:

 

***
Եթե մեռնեմ,
Պատշգամբի դուռը բա՛ց թողեք:
Մանչուկը նարինջ է ուտում,
(իմ պատշգամբից տեսնում եմ նրան):
Հնձվորը հնձում է ցորենը,
(իմ պատշգամբից զգում եմ):
Եթե մեռնեմ,
Պատշգամբի դուռը բա՛ց թողեք:

 

***
Բանաստեղծը ճշմարտությունն է ասում
Ուզում եմ ցավս լացել և քեզ ասում եմ,
որ սիրես ինձ և լաց լինես ինձ հետ,
մթնշաղի սոխակների հետ,
դաշույնով, համբույրներով և քեզ հետ:
Ուզում եմ սպանել այն միակին,
ով վկա եղավ իմ ծաղիկների սպանությանը,
և իմ լացն ու քրտինքը վերածել
մի կույտ հավերժական չոր ցորենի:
Եվ թող երբեք չավարտվի մշտապես այրվող
իմ և քո սիրելու թելը` զառամյալ արևի և ծեր լուսնի հետ:
Եվ որ այն, ինչ ինձ չես տա, և այն ինչ չեմ խնդրի քեզ,
թող մահվան համար լինի,
որն իրենից հետո նույնիսկ ստվեր չի թողնում տապալված մսի վրա:

 

***

Ճիչը քամու մեջ թողնում է
Կիպարիսի հետք:
(թողեք ինձ այս դաշտում` լալով):
Աշխարհում ամեն ինչ փոխվել է:
Լռություն է մնացել լոկ:
(թողեք ինձ այս դաշտում` լալով):
Հորիզոնն անլույս է
Հրդեհներն են կիզում նրան:
(թողեք ինձ այս դաշտում` լալով):
***

Կիթառը
Սկսվում է ողբը
կիթառի:
Փշրվում են գավաթները
այգաբացի:
Սկսվում է ողբը
կիթառի:
Անօգուտ է լռեցնել նրան:
Լալիս է` միալար,
ինչպես ջուրն է լալիս,
ձնաբքի վրա:
Անհնար է
լռեցնել նրան:
Լալիս է ինչ-որ հեռու
բաների համար:
Հարավի տաք Ավազի,
որ սպիտակ կամելիաներ է խնդրում:
Լալիս է զուր արձակված նետը
մթնշաղը` առանց առավոտի,
և ճյուղի վրա նստած
առաջին մեռած թռչունը:
Օ, կիթառ`
հինգ դաշույնով
խոցված սիրտ:

Իսպաներենրից թարգմանությունը՝ Ռուզաննա Պետրոսյանի

Share Button

1 Կարծիք

  • Մարիամ Ծատուրյան says:

    …Եվ թող երբեք չավարտվի մշտապես այրվող
    իմ և քո սիրելու թելը` զառամյալ արևի և ծեր լուսնի հետ:
    Եվ որ այն, ինչ ինձ չես տա, և այն ինչ չեմ խնդրի քեզ,
    թող մահվան համար լինի,
    որն իրենից հետո նույնիսկ ստվեր չի թողնում տապալված մսի վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *