ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆ | Թռչող աֆրիկացին

Թռչող աֆրիկացին

Հոկտեմբերի 26-ին«Անդերգրաունդ» փաբում (Նալբանդյան 48, ժամը`16-18-ին) տեղի կունենա Արեգ Ազատյանի«Թռչող աֆրիկացին» գրքի շնորհանդեսը:

ՕՐ 10. ԳՎԻՆԵԱ ԲԻՍԱՈՒ
«ԽԵԼԱԳԱՐ ՄԱՅՔԸ»

Փոքրիկ, երկաթե գունդը, որին լուսին էր պատկերված եւ մի քանի աստղ ու ներկված էր մուգ կապույտ գույնով, դանդաղ գլորվեց սեղանից ու ընկավ հատակին: Այդ պահին հասկացա, որ գնդի ներսում ինչ-որ բան կա, որը շարժման ժամանակ գեղեցիկ երաժշտություն է առաջացնում` նման զանգերի ղողանջին:
Գունդը դրել էի ականջիս եւ դանդաղ թափահարում էի` փորձելով ձայները դանդաղեցնել ու արագացնել: Սակայն անընդհատ նույն ձայնն էր:
Շուտով միակ բանը, որն ինձ ուրախություն էր պատճառում, ձանձրացրեց, այն դրեցի նույն սեղանին, որտեղից ընկել էր: Գունդը կրկին գլորվեց, պտտվեց եւ ետ եկավ իր նախկին տեղը` Գվինեա Բիսաուի Բիսաու քաղաքի Avenida 14 de Novembero փողոցի «Հոթթի Բիսաու» հյուրանոցի երրորդ հարկի 318 սենյակի պատուհանագոգի դիմաց գտնվող միակ սեղանի կենտրոնը: Հենց այդ պահին լսեցի եւս մեկ` երաժշտություն հիշեցնող ձայն, որը ձախ կողմից էր` հյուրանոցի միջանցքից:
Երաժշտությունն աստիճանաբար վերաճեց աղմուկի, կռվի: Գվինեա Բիսաուն ինձ համար հանելուկ մնաց. կարելի է ասել` ես տեսա այդ երկիրը, բայց միեւնույն ժամանակ, գտնվելով այնտեղ, հյուրանոցից դուրս չեկա եւ ամբողջ օրն անցկացրի այդ քառահարկ շինությունում: Սկզբից պլանավորել էի` դուրս գալ քաղաք, զբոսնել, շրջել, լուսանկարել, չնայած պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ չկար, եւ ստիպված էի լինում օգտվել սիրողական միջոցներից` երբեմն հեռախոսի, երբեմն թվային ֆոտոխցիկի, երբեմն էլ ուրիշներին էի խնդրում լուսանկարել: Պլանավորել էի նաեւ սկսել գիրքս: Կարծում էի, որ կարելի էր արդեն գրել Եգիպտոսի, Լիբիայի, Ալժիրի, Թունիսի եւ մի շարք այլ երկրների մասին, ուր այցելել էի, ուզում էի գրել միայն այն, ինչը տեսել էի, ինչի հետ շփվել էի:
Այնուամենայնիվ, այդ օրը նույնպես չգրեցի, եւ հավանաբար չէի գրելու եւս մի քանի օր: Այդ պահին միակ խանգարող հանգամանքը հարեւան սենյակից կամ միջանքից եկող բարձր աղմուկն էր, որը խառնվել էր քաղաքի եւ լոգարանի փակված ծորակից անդադար հոսող ջրի ձայներին:
«Այս ամենն այսպես կշարունակվի, եւ ես չեմ հասցնի դուրս գալ քաղաք, թեեւ էականն այն փաստն է, որ եկել եմ Գվինեա Բիսաու: Շուտով քունս կտանի, օրը կմթնի, փողոցի լուսարձակները չեն աշխատի, քանի որ դրանք խղճուկ տեսք ունեն, ու ես կպառկեմ քնելու». մտածում էի: Կրկին ձեռքս էի վերցրել երկաթե գունդը, երբ սենյակ ներխուժեց Ժոաո Գոմես Լուիս դե Վիեիրան` հյուրանոցի աշխատողներից մեկը, ով շատ բարեհամբույր կերպով ինձ ուղեկցել էր առավոտյան եւ անվճար թեյ էր հյուրասիրել: Նա վայրկենապես բացեց սենյակի դուռը եւ բղավեց, այդ պահից մեջս աշխուժություն մտավ, մարմինս տաքացավ, գունդը դրեցի սեղանին:
– Անգլերեն գիտե՞ք,- վատ առոգանությամբ բղավեց Գոմեսը,- հյուրանոցում անգլերեն լավ իմացող չկա, օգնեք ինձ, օգնե՛ք,- աղերսող ձայնով, պորտուգալացու առոգանությամբ ասաց:
– Գիտեմ` լավ չէ, բայց գիտեմ` ի՞նչ է եղել:
– Արագացրե՛ք, եկե՛ք այստեղ:
– Բայց ի՞նչ է եղել,- կարծես Գոմեսը մի կերպ էր մահից պրծել, եւ իր` սպիտակ, փրփուրի նման մազերն անընդհատ քորելով, շնչակտուր, անհասկանալի բաներ էր ասում:
– Եկե՛ք, ես լավ չգիտեմ, չեմ խոսում, եկե՛ք, եկե՛ք,- ձեռքով ինձ քաշեց սենյակից դուրս: Միջանցքում ոչ ոք չկար, նույնիսկ այն ձայնը, որն անընդհատ խանգարում էր:
– Ի՞նչ է եղել, հանգստացե՛ք, շու՛նչ քաշեք, հանգիստ պատմե՛ք,- ես էլ սկսեցի վախենալ:
– Դուք չլսեցի՞ք այն խելագարի ձայնը:
– Ո՞րը,- արդեն հասկացա, որ Գոմեսը նկատի ուներ նույն ձայնը, որն ինձ խանգարում էր:
– Քիչ առաջ բարձր երգում էր, հետո ձայները սաստկացան, չգիտեի ինչ անել,- Գոմեսը կրկին սկսեց դողալ, աչքերից արցունք էր հոսում:
– Եկե՛ք ինձ հետ,- իբր իրավիճակին տիրապետելով` Գոմեսին սենյակ տարա, ջուր հյուրասիրեցի, որը, հավանաբար, խմելու չէր, ամեն դեպքում նրա հյուրասիրած թեյից էլ վատն էր: Հետո նայեցի դիմացը ու, վերցնելով երկաթե գունդը, շարունակեցի,- հիմա հանգիստ պատմեք ի՞նչ եղավ, ինչո՞վ օգնեմ,- «այստեղ ապահով է»՝ մտածեցի:
– Անգլերենով, անգլերեն եթե գիտեք, լավ է:
– Ասացի` գիտեմ, բայց ի՞նչ է եղել,- ստիպված էի հինգերորդ անգամ կրկնել հարցս, քանի որ Գոմեսը սեւամորթից վերածվել էր սպիտակամորթի,- ի՞նչ է եղել,- բղավեցի:
– Ցուլ է մտել հյուրանոց: Աջ ու ձախ է վազում, պետք է օգնեք` հանեմ, այժմ հյուրանոցում աշխատողներից մարդ չկա, միայն ես եմ (շատ տարօրինակ էր, քանի որ 4 աստղանի հյուրանոցում մի աշխատողը պարզապես շատ քիչ էր), օգնե՛ք, դուք անգլերեն գիտեք, չէ՞:
– Ցուլն անգլիացի՞ է:
– Ոչ, տեղական ցուլ է` կարմիր կաշվով, սպիտակ ճակատով:
– Այդ դեպքում անգլերենն ինչների՞դ է պետք, մի հրացան վերցրե՛ք, սպանե՛ք կամ ոստիկանություն կանչե՛ք:
– Ցլից բացի` վրան մարդ կա:
– Ո՞վ:
– Մի անգլիացի, երեկ է եկել, ասաց, որ մեկ օրով է, այսօր պետք է գնա, երբ մտա նրա սենյակ, այնտեղ չէր, դուրս եկա, մտածեցի` արդեն ներքեւում է, կամ գնացել է, չնայած դեռ ժամանակ ուներ: Հետո, երբ ուզում էի սենյակից դուրս գալ, մի տարօրինակ ձայն լսեցի լոգարանի կողմից, բացեցի դուռը. մի մեծ, հսկա, սուր կոտոշներով ցուլ նայում էր վրաս. թե որտեղից էր այնտեղ հայտնվել, չգիտեմ, բայց փաստն այն է, որ դուռը կտրուկ շրխկացրի ու վազեցի: Իջա, ոստիկանություն զանգեցի, ասացին կգան, բայց երկու ժամից, ասացին, որ վտանգավոր բան չկա, երբ գնացի երկրորդ հարկ, միջանցքի մյուս ծայրից տեսա ցուլը հեծած անգլիացուն, որը, պատերի նկարներին ոտքով հարվածելով, գալիս էր իմ կողմ: Բարձրացա այստեղ: Այսքանը:
Չգիտեի` ինչ ասել. ամեն օր չէ, որ հյուրանոցում ցուլ է հայտնվում, այն էլ` անգլիացու գլխավորությամբ: Ելնելով մինչ այս տեսած ու ապրած պահերից, տարօրինակություններից` Գոմեսին հարցրի.
– Դուք Անգլիայի գաղո՞ւթն եք եղել,- եթե ասեր այո, ուրեմն ամեն ինչ պարզ էր…
– Ոչ: Պորտուգալիայի: Անգլիայի գաղութը լինեինք, անգլերեն կիմանայինք:
– Պետք է կրկին զանգել ոստիկանություն:
– Զանգել եմ, մոռացա ասել, մինչեւ այստեղ գալը մեկ անգամ էլ իջա ներքեւ:
– Ե՞վ:
– Չհավատացին: Երբ պնդեցի, ասացին` երկու ժամից: Բայց չենք կարող երկու ժամ սպասել, նա ողջ հյուրանոցը տակնուվրա կանի, էլ չեմ ասում, որ մնացած մարդկանց կվախեցնի: Դրա համար այստեղ եկա, մտածեցի, որ անգլերեն կիմանաք, հետո, ճիշտն ասած, վախեցա ուրիշ տեղ գնալ: Այս սենյակը մոտ էր:
– Բայց հրաշալի անգլերեն եք խոսում, նույնիսկ առոգանությունը վերացավ, բարդ նախադասություններ եք կազմում,- ասացի:
– Այո՞:
– Այո:
Գոմեսն ուրախացավ, իրեն լուրջ զգաց, հավանաբար վախից մոռացել էր, որ անգլերեն չգիտի:
– Ոչինչ, եկեք միասին գնանք,- ասաց:
Գոմեսը վերցրեց պատից կախված կրակմարիչը, ես էլ իր տեղը դրեցի երկաթե գունդը, որն այս անգամ բարձր զնգաց: Մենք իջանք երկրորդ հարկ եւ իրոք` ամեն ինչ ավերված էր, իմ բոլոր կասկածները հօդս ցնդեցին: Գոմեսը գնաց ձախ եւ պատից կախված եւս մեկ կրակմարիչ վերցրեց եւ ինձ տվեց:
– Բայց ի՞նչ եմ անելու, հրդեհ չէ:
– Պահի՛ր, կփչես վրան:
Գնացինք միջանցքի եզրը, ինձ փրկարար էի զգում, թեեւ մի քիչ դողում էի: Լսվեց ցլի բառաչը եւ մի ճվճվան ձայն, Գոմեսի կողմից դուրս թռավ անգլիացին` ցլին հեծած: Նա մեծ արագությամբ եկավ մեզ վրա: Գոմեսը սեղմեց կրակմարիչը եւ սեղմվեց պատին: Ցուլը կատաղած նայեց ինձ, կանգ առավ, այդ պահին Գոմեսը շարունակում էր կրակմարիչը փչել, ցուլը հարձակվեց նրա վրա: Անգլիացին դեղին մազեր ու մորուք ուներ, ցածրահասակ էր ու ճլեզ: Վազեցի դեպի Գոմեսը, սակայն ուշ էր, ցուլը մի քանի անգամ կոտոշները մխրճեց Գոմեսի որովայնը եւ արնաքամ արեց, կրակմարիչն ընկավ նրա ձեռքից, որից շարունակում էր սպիտակ փրփուր դուրս գալ: Անգլիացին նայեց ինձ: Ուզում էի փախչել, սակայն նա երկու վայրկյանում կտրեց մոտ երեսուն մետր երկարությամբ տարածությունը եւ կանգնեց դիմացս: Ծնոտս սկսեց դողալ, եւ ակամայից մտածեցի, որ վերջս եկել է, թեեւ այդ ամենն այնքան անտրամաբանական էր, որ մի պահ կարծեցի, թե երազ է:
– Դու ո՞վ ես,- հարցրեց անգլիացին:
– Այստեղ եմ, այստեղ մեկ օրով, վաղը պետք է գնամ,- շփոթված ասացի:
– Քեզ նույնպե՞ս դուր չի գալիս իմ ձին:
– Ձի՞ն:
– Այո, թե՞ դու էլ ես կարծում, որ գվինեական ցուլ է կամ գոմեշ: Ինչպես նա էր ասում:
– Այո, չէ, չգիտեմ,- չգիտեի` ինչ ասել:
– Տես ինչ լավ աչքեր ունի, պոչ, ճակատ: Ես Մայքն եմ:
– Այո,- մի փոքր ետ գնացի, հեռվում արնաքամ եղած Գոմեսի դին էր, որի արյունը ներծծվել էր հատակի գորգի մեջ:
– Մայք Ռիչարդսոն,- այնպես հերոսական ասաց, կարծես պատրաստվում էր աջ կողմից հանել սուրը եւ գնալ Տրոյայի ճակատամարտին:
Ժամանակը շատ արագ էր անցնում, չէի հասցրել ուշքի գալ, երբ միջանցքի պատուհանից տեսա լուսինը: Չեմ հիշում, թե այդ խելագարն ինչեր բլբլաց, բայց մի քանի րոպե անց, երբ մի փոքր հանգստացա, արդեն իմ սենյակում էի` նստած աթոռին, դիմացս Մայքն էր, ցուլը չկար, նա նայում էր ինձ եւ ձեռքն աչքերիս առջեւ շարժում` փորձելով ուշքի բերել: Միանգամից ետ թռա, մահճակալի վրայից վերցրի սպիտակեղենը ու շպրտեցի վրան:
– Քեզ ի՞նչ եղավ, քիչ առաջ հանգիստ խոսում էիր, գժվեցի՞ր:
– Ինչո՞ւ սպանեցիր Գոմեսին, շուտով ոստիկանությունը կգա եւ կձերբակալի քեզ:
– Ո՞ւմ, ի՞նձ, ոստիկանությունն արդեն եկել է, քիչ առաջ պատգարակով նրան դուրս հանեցին,- վարագույրը քաշեց, որպեսզի տեսնեմ,- ցլին էլ քնաբեր կրակեցին, հետո կհանգստացնեն, երեւի գազանանոց կտանեն:
– Իսկ քե՞զ,- ուզում էի փախչել:
– Ես կապ չունեմ, ցուլն էր մեղավորը:
– Ասում էիր` ձի է:
– Այդ պահին` այո: Բայց երբ սպանեց Գոմեսին, ցուլ էր, չտեսա՞ր կոտոշները:
– Հետո էլ կոտոշներ ուներ:
– Չէ, հետո քեզ թվացել է, ինչպես ամեն ինչը:
– Ինչպե՞ս թե ամեն ինչը:
– Այո, չգիտեի՞ր, որ այս գնդիկը հիպնոսացնում է մարդուն:
Նա վերցրեց երկաթե գունդը, զնգզնգացրեց ու դուրս եկավ: Դրսում, իրոք, Գոմեսին պատգարակով մտցրին մեքենան, հետո ցլին մի բեռնատարով տարան, եւ վերջում ոստիկանության մեքենայով մի դեղին մազերով մարդու տարան, որը նման էր Մայքին:
Բժժեցի, ոչինչ չհասկացա, նայեցի սեղանին գունդն այնտեղ չէր, միայն ես էի գտնվում իմ նախկին տեղում` Գվինեա Բիսաուի, Բիսաու քաղաքի, Avenida 14 de Novembero փողոցի «Հոթթի Բիսաու» հյուրանոցի երրորդ հարկի 318 սենյակի պատուհանագոգի դիմաց գտնվող սեղանի կողքին եւ նայում էի պատուհանից դուրս. լսվում էին շտապօգնության եւ ոստիկանության լուսարձակների ազդանշանները, երեւում էին լուսինը, մի քանի աստղեր եւ լսվում էր մի տարօրինակ ձայն, որը զանգերի ղողանջ էր հիշեցնում:

ՕՐ 22. ՉԱԴ
«ԱՖՐԻԿԱՅԻ ՄԵՌԱԾ ՍԻՐՏԸ»*1

Երեւի իմ խնդիրների գլխավոր պատճառն այն է, որ կյանքին չափից մեծ նշանակություն եմ տալիս: Եթե չլինեի, այսինքն որպես ուրվական մտնեի Չադ, շրջեի ու դուրս գայի այնտեղից, միգուցե շատ ավելի տրամաբանական կլիներ իմ ճամփորդությունը:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մի ծառ արմատախիլ եղավ եւ կտրեց ճանապարհս: Ծառն այնպես էր հաշվարկ կատարել, որ ընկավ ուղիղ ոտքերիս դիմաց, բախտս բերեց: Ծառի գահավիժումն այնքան լուռ էր ու աննկատ, որ եթե ավազե հատիկները չդաղեին մարմինս, չէի նկատելու: Արեւը կրկին օրորվում էր երկնքում, բայց չէր մտածում մայր մտնելու մասին: Շոգը հետապնդում էր ինձ:
Ծառը հավանաբար պտղատու էր, միգուցե չորացած էր ու փտած: Հայացքս որսաց նրա օրորվող ստվերը, որ դանդաղ ետ ու առաջ էր գնում արեւից շիկնած ավազի վրա: Ծառը մեծ չէր, մոտ վեց մետր կլիներ: Ասում են, թե ծառի գահավիժումը վատ նշան է, նույնիսկ հիշեցի Հոգոնի խոսքերը, որն իր հուշերից մեկում պատմում էր գահավիժած ծառի մասին:
Չգիտեմ, միգուցե այդ ամենը որեւէ խորհուրդ ուներ, բայց այդ պահին ես նախընտրեցի ուշադրություն չդարձնել ու շարունակել ճանապարհս: Չադում էի, ուղեւորվում էի դեպի Նջամենա` մայրաքաղաք: Ավելի շուտ, նոր-նոր անցել էի սահմանը եւ որքան փորձում էի ոչնչի ուշադրություն չդարձնել, չէր ստացվում: Միայն հորիզոնի գիծը հերիք էր, որ հասկանայի, թե որքան երկար պետք է քայլեմ. հեռուն չէր երեւում, իսկ ավազահատիկները լողում էին, ու ծովի ալիքների պես, վրաս գալիս: Չկար ոչինչ, նույնիսկ որեւէ հսկա քար, շինություն, կակտուս, կենդանի, բացի գահավիժած ծառից, որը շրջանցել էի, ուրիշ ոչինչ հեռանկարում չէր երեւում եւ անհնար էր դառնում կողմնորոշվելը, թե որ ուղղությամբ պետք է շարունակեմ գնալ: Զարմանալի էր, թե ծառն ինչ գործ ուներ այնտեղ:
Ըստ իմ ունեցած քարտեզի` գտնվում էի Մասսակորիի մերձակայքում եւ շատ հեռու չէի քաղաքից: Մնում էր միայն ճիշտ կողմնորոշվել: Արդեն 22-րդ օրն էր, ինչ Աֆրիկայում էի: Ես փոխվել էի, առաջվա պես չէի մտածում, կաշվիս վրա շատ բաներ էի զգացել: Այս օրերի ընթացքում մի առանձին կյանք էի ապրել, քսան տարվա կյանք: «Աֆրիկացու» համար միգուցե սովորական է, թեեւ ոչ բոլորի, բայց ես չէի կարողանում զսպել ինձ: Ողբերգական իրադրությունները շատ-շատ էին, փորձում էի աչք փակել, չկարեւորել դրանք, փորձում էի խոսել լավի մասին, գեղեցիկի մասին, որովհետեւ վատն ամեն տեղ էլ կա:
Օտար էի դարձել, նախ` ինքս իմ հանդեպ, կարծես երկատվել էի` աջ կողմս բաժանվել էր ձախից, թեեւ չէին թշնամացել, բայց ձախ կողմը, որն առանձին էր մտածում` անկախ ինձնից, մի փոքր ավելին էր ուզում, նա ավելի շատ էր հուզվում, երեւի դրա պատճառն այն է, որ ձախ կողմում էր մնացել սիրտս: Ինձ համարելով աջ կողմում` ձախն անտեսել էի, չգիտեմ` ինչու, բայց ուզում էի կամաց-կամաց ազատվել մարմնիցս, դառնալ ուրվական: Տեսնելով «աֆրիկյան խաղերը»` գլխապտույտի մեջ էի:
Եվ պատահական չէ, որ Մասսակորիի մերձակայքում մի ծեր կնոջ տեսա, որին թվաց, թե կաղ եմ, նա մոտեցավ ինձ ու ձախ ձեռքս բռնեց, մենք դանդաղ քայլեցինք մոտ տասը րոպե, հետո երկար նայեց աչքերիս, այդ պահին նա ուզում էր սիրտը հանել ու տալ ինձ, բայց ես չէի կարող վերցնել. դա չափազանց թանկ նվեր կլիներ ինձ համար: Այդքան էլ հեշտ չէր մի աչքով, մի ձեռքով ու ոտքով քայլելը, հանկարծ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ձախ մասս կորցրի այն պահին, երբ ծառը գահավիժեց:
Մասսակորիում էի` Նջամենայից 160 կմ հյուսիս ընկած փոքրիկ քաղաքում, որը համարվում է Հադջեր-Լամիս շրջանի մայրաքաղաքը ու գտնվում է Չադ լճի մոտ: Ի սկզբանե ես պլանաավորել էի գնալ մայրաքաղաք, սակայն այնպես ստացվեց, որ Մասսակորիում նախատեսածից ավելի մնացի:
Այդ քաղաքը հայտնի է նրանով, որ խոլերայի համաճարակը մեծ մասամբ տարածվում է հենց այնտեղից, հատկապես անձրեւային սեզոններին:
Տարօրինակ զուգադիպություն էր` Մասսակորիում հանդիպեցի մի կնոջ, որը նման էր այն ծեր կնոջը, բայց համեմատաբար երիտասարդ էր: Թե ինչպես էր այնտեղ հայտնվել, չգիտեմ, բայց նա ինձ հետեւում էր: Այդ պահին դժվարանում էի ենթադրել, թե ինչու, բայց կնոջ հայացքը շատ տխուր էր, այն նման էր նորածին քուռակի, կինը սեւ կտորով ամբողջությամբ ծածկել էր մարմինը, եւ միայն դեմքն էր երեւում: Անկեղծ ասած` նա դեմքից կնոջ նման չէր, միայն կրծքերն էին մատնում, որ կին է: Չգիտեմ` ինչ ազգից էր: Նա թեւանցուկ արեց ինձ եւ հրելով տարավ առաջ: Մի պահ վախեցա, նույնիսկ ուզում էի փախչել, հետո հիշեցի, որ «կորցրել» եմ մարմնիս կեսը: Մենք լուռ քայլեցինք, մոտ քսան րոպե: Այդ տեսարանն ինձ դուր չէր գալիս, ուզում էի ազատվել նրանից, սակայն այնքան պինդ էր սեղմվել կոնքերիս, որ անկարող էի:
Քայլում էինք ավազե ճանապարհով, շուրջբոլորը ոչինչ չկար` բացի մեկ-երկու ծղոտե տանիքներով տնակներից, ուղտերից, վառող արեւից ու երկնքից: Մենք շատ դանդաղ էինք քայլում, այդ ընթացքը բավական կեղծ թվաց ինձ, կարծես վատ բեմադրված որեւէ ներկայացումից հատված լիներ: Բայց մյուս կողմից՝ շատ հետաքրքիր էր. ես մոլորվածի պես քայլում էի, կողքիս անծանոթ սեւամորթ էր, եւ մենք լուռ էինք, ճիշտ է, մեկ-երկու անգամ անգլերեն հարցեր տվեցի, բայց ոչինչ չփոխվեց, կարծես համր լիներ: Մի պահ ձեռքերը դողացին, փաթաթվեց ինձ եւ սկսեց լացել, արցունքները շատ արագ սահեցին կտորի վրայով եւ թրջեցին դեղին ավազը: Հետո բաց թողեց եւ ծնկի իջավ եւ սկսեց խոնարհվել իմ առջեւ: Ակամայից պարտավորված զգացի խրախուսել նրան, ես էլ ծնկի եկա, գրկեցի նրան: Երբեք «աֆրիկացու» չէի գրկել: Միանգամից զգացի նրա բարակ ոսկրերը: Ուզում էի բարձրացնել, բայց նա շարունակ լաց էր լինում: Հետո սկսեց ավազահատիկներով շփել ոտքերս*2: Մոտ երկու րոպե ավազահատիկները լցնում էր ոտնաթաթերիս: Կարծես ինչ-որ բան նշանակեր: Հետո ավազահատիկները շփեց տաբատիս: Մի պահ ինձ թվաց, թե խելագար է:
Նրա ձեռքերը դողում էին, մարմինը` նույնպես, ստիպված էի լսել նաեւ նրա երգը: Չգիտեմ` ինչ էր երգում, բայց գժի պես էր երգում, նկատեցի, որ դողում էր նրա ամեն մի մասը: Մեղեդին ինձ հիշեցրեց ջրի ձայն, երբ մի մեծ քար ես գցում մեջը:
Արդեն ես էի նրան հրում, քարշ էի տալիս, ոտքերը իրար էին փաթաթվել, միայն ձեռքերով ցույց էր տալիս, թե ուր պետք է գնանք: Ես չէի կարող նրան այդտեղ թողնել, թեեւ, միգուցե, նրա համար օտար տեղ չէր: Այդ վայրը տարբերվում էր տեսածներիցս. այդքան չոր ու դեղին միջավայր չէի տեսել: Կարծես անապատը մի հսկա ուղտի սապատ լիներ:
– Ձեզ ո՞ւր տանեմ, որտե՞ղ եք ապրում:
– Ահ, ահ:
– Ինչո՞ւ էիք ինձ հետեւում, այս անապատում (իրականում դա այդքան էլ հսկա անապատ չէր, եւ հետիոտները կարող են անցնել, միայն պետք է ջրի պաշար ունենալ, ուտելիք եւ ճիշտ ճանապարհը իմանալ):
– Ահ, ահ:
– Ի՞նչ եք ասում, բան չեմ հասկանում, ինչ էլ ասեք, ոչինչ չեմ հասկանալու: Այստեղ մեզանից բացի երեւի ուրիշ մարդ չկա: Դուք ի՞նչ ազգ եք:
– Ահ:
Իրականում կինը տնքում էր, անընդհատ ինձ թվում էր, թե «ահ»-ը ինչ-որ բան է նշանակում, բայց երբ ես էլ հոգնեցի նրան քարշ տալուց, հասկացա, որ դա միայն հոգնածության նշան է:
Անձրեւ տեղաց: Անսպասելի, բայց ինձ համար երկար սպասված: Տաք անձրեւ էր, կաթիլները մեծ էին ու կլոր, կարծես կեռասներ թափվեին երկնքից: Անձրեւը սաստկացավ, եւ վայրկենապես դեղին ավազը գորշացավ, սկսեցին փայլփլել փոքրիկ քարերը, որոնք անհասկանալի մնացորդներ էին: Երկինքը դատարկվել էր: Կինը կրկին սկսեց բղավել, նրա արցունքները խառնվեցին անձրեւաջրի հետ: Հագի սեւ կտորը հպվել էր նրան եւ տեսանելի դարձրել նրա բարակ մարմինը:
Ես զգացի, թե անձրեւի գալու հետ մեկտեղ նրա վախը որքան էր սաստկացել: Այժմ արդեն նա էր ինձ հրում: Միայն այդ պահին հասկացա, որ նա շտապում է եւ ուզում է, որ իր հետ ինչ-որ տեղ գնամ:
Երկուսս էլ վազում էինք, մեկ նա էր շրջանցում ինձ, մեկ` ես: Նա հեռվից նման էր դեռահաս աղջնակի, բայց իրականում 30-35 տարեկան կլիներ: Երկուսս էլ ոտաբոբիկ էինք: Երեւի նա գիտեր, թե ինչու է վազում, իսկ ես` ոչ, դա ինձ ավելի էր ուրախացնում: Դեռ երբեք այդպես լիաթոք չէի վազել ու վայելել Աֆրիկան: Դրա «մեղավորը» երեւի անձրեւն էր, որն իր հարվածի ուժով այնպես էր հրում, որ արագությունս կրկնապատկվել էր:
Հավանաբար մոտ երեք կիլոմետր վազել էինք, երբ հեռվում տեսա քաղաքը: Այդ պահին ինձ թվաց, թե Նջամենա ենք հասել, բայց, իհարկե, դա Մասսակորին էր` պարզապես` բնակելի մասը, ուր փոքրիկ շինություններ կային:
Քաղաքն ինձ դիմավորեց գեղեցիկ մայրամուտով. դեղին արեւը մայր էր մտնում սեւ ավազի վրա գոյացած կարմիր երկնքում, իսկ վերեւում մեկ-երկու` կիսաստվերի մեջ գտնվող, կապույտ ամպեր էին: Հետո մի փոս տեսա, որում մի մարդ էր` նստած կավե կարասի մեջ, երբ նրան ողջունեցի, նա նայեց վրաս ու մի քար շպրտեց: Այդ մարդը մի առանձին գրքի հերոս էր, բայց ես ժամանակ չունեի, կինն ինձ էր սպասում: Երբ մտանք քաղաք, առաջինն ինձ գրավեց այն, որ հայտնվեցի բոլորի ուշադրության կենտրոնում: Սկսեցին նայել ինձ, բնական էր` սպիտակամաշկ մարդ էին տեսել: Կինը, հրելով ինձ, առաջ տարավ: Մենք վազում էինք քաղաքի խորդուբորդ փողոցներով ու ցեխոտ մայթերով, որտեղ ոչ մի ծառ չտեսա (մութ էր, միգուցե ծառեր կային):
Անձրեւը գնալով սաստկանում էր, արդեն մոտ քսան րոպե անդադար գալիս էր: Ճանապարհին տեսա նաեւ, թե ինչպես էր մեկը ձեռաշեն` կավե փոքրիկ նավակները, սայլի մեջ դրած, հրում: Նավակները նման էին հնամաշ հողաթափերի: Մեքենաներ նույնպես չտեսա, կարծես քաղաքը քնի մեջ լիներ, կամ բոլորը լուսնոտներ էին, կամ ուրվականներ: Նրանց ձեռքերին նայելիս միայն կարեկցանքի զգացողություն էր առաջանում:
Բոլորը կարծես հիվանդ լինեին, նույնիսկ թվաց, թե տեսել եմ մի քանի դիակներ` պատգարակների վրա:
Կինը կրկին բղավեց, կարծես դրանով փորձում էր ուշադրությունս գրավել: Մասսակորիի նեղ փողոցներից մեկի միջով մտանք եւ մոտեցանք մի տնակի: Նա ինձ ներս տարավ: Ամենուրեք թաց էր ու խոնավ: Ջուրը տանիքից կաթում էր եւ թափվում ավազե հատակին: Ներսում մի քանի մետաղե ամաններ կային, որոնք անմիջապես աչքի ընկան իրենց մեծությամբ: Տնակը բաղկացած էր եւս երկու սենյակներից, եւ նրանց միջեւ փոքրիկ միջանցք կար, որի վերջում վարագույր էր կախված: Ուզում էի տեսնել, թե ինչ կա մյուս երկու սենյակներում: Սակայն կինը բռնեց ձեռքերս, լվաց մեծ ամանի մեջ, ուր անձրեւաջուր էր, իսկ հետո ձեռքերս տարավ կրծքին: Այդ պահին եւս մեկ անգամ համոզվեցի, որ «աֆրիկացիներին» հասկանալը շատ դժվար է: Կինը կրկին հուզվեց, կրկին ծնկի եկավ եւ ծնկաչոք ինձ քարշ տվեց դեպի մյուս սենյակ, որն այդքան ուզում էի տեսնել: Ինձ համար դժվար էր լուռ մնալը, կարծես կոկորդումս խեցգետիններ հավաքված լինեին, որոնք ամուր բռնել էին լեզուս եւ ներսից փակել շուրթերս:
Այն, ինչ տեսա սենյակում, ինձ ապշեցրեց այն աստիճանի, որ աչքերիցս միանգամից արցունքներ հոսեցին ու, գլուխս բռնած, դուրս եկա: Թեեւ կինը վազեց ետեւիցս ու փորձեց ետ բերել, բայց ես չհամարձակվեցի կրկին մտնել այդ սենյակ: Նա ծնկի եկավ, գետնին եղած բոլոր ավազահատիկները շաղ տվեց ոտքերիս, բայց ես շնչակտուր դուրս փախա եւ որքան հնարավոր է հեռու վազեցի նրանից, նրա տնակից, ընդհանրապես Մասսակորիից: Վազեցի, որքան ուժ ունեի, ուզում էի դուրս գալ այդ մղձավանջից, որը ուրվականի պես հետեւում էր ինձ: Տարօրինակ է, բայց Մասսակորին ես բոլորովին ուրիշ կերպ էի պատկերացնում, հավանաբար ուրիշ ձեւով տեսնելու համար պետք էր մի ուրիշ անգամ գալ այստեղ, չհանդիպել կնոջը, չշրջանցել չորացած ծառը*3, եւ չմտնել կնոջ տնակը*4: Հավանաբար, այդ դեպքում ես ավելի ուրախ քաղաք կտեսնեի:

Ծանոթագրություն
*1 Իր չոր, անապատային կլիմայի եւ ծովից հեռու լինելու պատճառով Չադը հաճախ անվանում են «Աֆրիկայի մեռած սիրտը»:
*2 Տեղացիները (նրանց ազգությունն այդպես էլ ճշտել չհաջողվեց) այդպես փորձում են գայթակղել դիմացինին: Այլ կերպ ասած` դա կարծես խորհուրդը լինի նրա, որ այն մարդը, ում ոտքերը ողողում են դեղին ավազահատիկներով, ամբողջ կյանքը ոսկու մեջ է ապրելու: Որքան շատ են ողողում, ուրեմն այդքան մեծ է ցանկությունը:
*3 Միայն հետո ինձ հաջողվեց պարզել ծառի մասին: Իրականում ծառը ոչ թե Չադում էր, այլ Նիգերի հյուսիս-արեւելյան մասում: Հավանաբար, այն ժամանակ ինձ թվացել էր, թե արդեն Չադում եմ, բայց իրականում Նիգերում էի: Դա Տեներե ծառն էր, որը գտնվում էր իր անունը կրող շրջանում եւ աշխարհի ամենամիայնակ ծառն էր (շուրջ 400 կմ ուրիշ ոչ մի ծառ չկար): Տարօրինակ է, բայց պարզվում է, որ 1973թ. մի լիբիացի բեռնատարի վարորդ, որը հարբած վիճակում անցել է ծառի մոտակայքով, գետնով է տվել այն: Կա մի վարկած, որ յուրաքանչյուրը, ով անցնում է երբեմնի միայնակ ծառի մոտով, տեսնում է նրա ուրվականը: Եվ այդ պահին քաղաքում մեկը մահանում է:
Ծառը պահվում է Նիամեյում` Նիգերի ազգային թանգարանում:
*4 Տնակը սովորական տնակ էր` իր ձեւով ոչնչով աչքի չընկնող: Սակայն սենյակի ներսում կնոջ երեխան էր: Նրա մարմինը դեղնել էր եւ ամբողջությամբ կապտուկների մեջ էր: Կողոսկրերը դուրս էին ցցվել, կարծես փոքրիկ կամուրջներ լինեին, որոնք սահելով մոտենում էին փոս ընկած ստամոքսին: Գլուխը մեծացել էր (հավանաբար` նիհարության պատճառով այդպես թվաց), աչքերի մոտ տասնյակ ճանճեր էին հավաքվել: Նա մի կերպ էր շարժում ոտքերը: Կողքին ծեր կին էր, որին տեսել էի Մասսակորիի մերձակայքում: Նրա ձեռքին թրջոցներ էին: Նա այդ թրջոցները դնում էր երեխայի ճակատին, որն անդադար հազում էր: Սենյակից գարշահոտ էր գալիս:
Երեւի կինն ինձ ուրիշի տեղն էր դրել` կարծելով, թե կարող եմ բուժել տղային:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *