Ռաֆիկ Ներսիսյան | FM պատմություն

Ռաֆիկ Ներսիսյան-Պամ պարա՜մ… պամ պա-պա-պա՜մ… խըըը՜շ, – Դուք լսեցիք Շուբերտի 8-րդ սիմֆոնիան opus… խըըը՜շ … Գնելով մեկը` ստացեք ևս մեկը անվճար, միայն մեզ մոտ… խը~շշշ… Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ հայտարարությամբ, մեջբերում եմ.

– Տղա´ ջան, տեղ կտա՞ս անցնեմ:
– Տղաաա՜ս, այն կո´ղմ քաշվիր, ես էլ նստեմ:
– Քա վա՞յ…
Տղան հանկարծ վեր թռավ, ձախ ականջի ականջակալը հանեց, որպեսզի վերադառնա երթուղային, իսկ աջով կապված մնաց աշխարհի անցուդարձին:
Դե´, այո´, հասկանալի է…
Սակայն, երբ նա պատկերացրեց, թե ինչպես է այդ գեր կինը խցկվում դեպի պատուհանի մոտ գտնվող նստարանը` անասելի տանջելով ինքն իրեն և իր փարթամ կրծքերով նաև դիմացի նստողներին, որոշեց ինքը տեղափոխվել պատուհանի մոտ և իր տեղը զիջել գեր կնոջը:
Կինն ինքը գոհ մնաց իրերի այդօրինակ դասավորությունից, դեմքի արտահայտությունն էլ մեղմվեց:
Հերթի վերջին ուղևորը նստեց երթուղային, և դուռը չըրխկաց: Այդ ընթացքում տղան հասցրեց մի փոքր լարվել, քանզի եթե այդ վերջին ուղևորը կին լիներ, ինքը կտվայտվեր վերջինիս տեղ զիջելու պարտավորության և հանգիստ նստելու ցանկության միջև:
Գեր կնոջ ներկայությունը իր կողքին այդ վայրկենական վերապրմանը էլ ավելի խորը ողբերգականություն էր հաղորդում: Սակայն տղայի բախտը բերեց: Եվ ինչու՞ հենց ինքը պետք է զիջի իր տեղը, երբ նստած է պատուհանի մոտ` այն էլ այդ տարածական կնոջ կողքին:
Հիմա արդեն կարելի էր առանց մտահոգվելու ականջակալները խոթել ներս, վերանալ երթուղայինի անծանոթ միջավայրից և միանալ աշխարհում հնչող ձայներին:
Գեր կինը, այնուամենայնիվ, անհարմար էր տեղավորված, քանզի նրա ձախ կողմում, ի տարբերություն տղայի, ով նստել էր մի տեսակ կուչ եկած, փռված էր մի տղամարդ, ում ամենևին չէր մտահոգում գեր կնոջ հարմարավետությունը, և ով ոտնաթաթերը տեղավորելով միմյանց մոտ` ծնկները իրարից հեռացրել էր այնչափ, որչափ դա հնարավոր էր: Մինչ գեր կինը դժգոհությամբ շուռումուռ էր գալիս` փորձելով հարմարվել, փռված տղամարդուց ավելի ձախ` մյուս պատուհանի մոտ, նստած նեղ ջինսով աղջիկը ավելի համարձակ գտնվեց և, վերջ ի վերջո, փոքր-ինչ համբերելուց հետո բողոքեց.
– Կլինի՞ ես էլ նստեմ…
– Ասվում էր Պուտինի հայտարարության մեջ…խըըը~շ…, թե ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանի նախագահի հայտարարությունը մեր տարածաշրջանում իրադարձությունների զարգացման վրա, դժվար է հստակ կանխատեսել… Տղան հոնքերը կիտած նայեց գեր կնոջը, ում պատճառով չէր լսել կարևոր Պուտինի կարևոր հայտարարությունը, նյարդայնացավ, ամփոփվեց ինքն իր մեջ.
– Տեսնես ի՞նչ է ասել…
Փռված տղամարդը ոտքերը հավաքեց, սակայն ինչ-որ առանձնահատուկ հանդիսավորությամբ, ասես սպասելով, որ նեղ ջինսով աղջիկը ուր որ է կփոշմանի ու կխնդրի, որ ինքը նորից ուզածին պես փռվի: Նեղ ջինսով աղջկա առջևի նստարանին տեղավորվել էր բազմահարկ սանրվածքով, երիտասարդ մի կին, ում նեղ շրջազգեստը կապկպել էր նրա ոտքերը միմյանց: Վերջինիս կողքին` նեղ միջանցք, վերջինիս կողքին` այլ կերպ` գեր կնոջ և տղայի դիմաց, զույգ նստարանին` ամուսնական զույգ. տղամարդը` կոլոտ-մոլոտ, սուսիկ-փուսիկ, կինը` դեղնամազ, մերթընդմերթ գռմռացող և ամուսնուն հավերժորեն կնիքած: Ամուսնու աչքերը գրեթե փակվում էին, քունը թակում էր գլուխը, իսկ կինը անհավասար հոնքերով չափում այն ամենը, ինչ կհայտնվեր հայացքի ներքո: Ջինսով աղջիկը հասցրեց ուրախանալ կամ դիմացի` ոտքերը սկոչված կնոջ սանրվածքի կամ այն բանի վրա, որ ինքը այդ կնոջ հետ ոչ թե նույն կինոթատրոնում է, այլ նույն երթուղայինում:
Այդպես անցավ մի կանգառ: Կանգառում սպասում էին. ոմանք` պարզապես հնարավորինս շուտ տուն հասնելու հույսով, ոմանք` նաև նստած տուն հասնելու սպասումով, ոմանք էլ` աստված գիտի` ուր գնալու համար… Սպասողների մի մասը միանգամից լարվեց, և երթուղայինի բնակչությունը հասկացավ, որ շուտով շա~տ նեղ է լինելու:
Թեպետ արդեն իսկ պարզ էր, որ կանգառում երթուղայինը կանգնելու էր, ամեն դեպքում նեղ ջինսով աղջիկը դիմեց վարորդին.
–Կանգառում կկանգնե´ք:
Եվ վարորդը կանգնեց:
Մինչ կանգառում գտնվողները նյարդային սպասում էին, թե երբ է ջինսով աղջիկը իջնելու, որպեսզի իրենք բարձրանան, վերջինս կռացավ` 100-անոց կոպեկը փոխանցելու և իր փարթամ ու գրավիչ հետույքի վերևում ցուցադրեց թելանման կապույտ ռեզինը: Գուցե դա՞ էր պատճառը, որ վարորդը կանգնեցրեց: Փռված տղամարդը, ով արդեն հասցրել էր վերադառնալ իր հին դիրքին, արագորեն սկսեց իրար խփել ծնկները` կարծես անճոռնի կերպով գնահատելով աղջկա հետույքի գեղեցկությունը և միաժամանակ տարօրինակորեն ռևանշի հասնելով և դրանից անասելի երջանկանալով:
– Դու ինձ ստիպեցիր չփռվե~մ, իսկ ես քո ռեզինը տեսա, – հասկանալով վարորդի կանգնեցնելու պատճառը՝ իրենից գոհ ժպտաց:
Բարձրահարկ սանրվածքով կինը մտովի համեմատեց իր և նեղ ջինսով աղջկա հետույքները և առանձնապես շահեկան վիճակում չհայտնվելով` ավելի կուչ եկավ պատուհանի մոտ: Կանգառում մի քանիսը աչքերով վազեցին աղջկա հետևից: Նեղ ջինսով աղջիկը չգիտեր տանը, 20 րոպե անց սպասող հականեղաջինսային հանդիմանանքի մասին… Բարձրահարկ սանրվածքով կնոջ սրտով կլիներ:
Երթուղայինը լցվեց նոր ուղևորներով, որոնցից մեկը հասցրեց տեղավորվել փռված տղամարդու կողքին, իսկ մնացածը` այդպես էլ մնացին կանգնած մի քանի կանգառ շարունակ, որովհետև ո´չ գեր կինը, ո´չ փռված տղամարդը, ո´չ էլ անգամ տղան, ով քիչ առաջ տարակուսում էր, ոչ ոքի չզիջեցին իրենց տեղը: Երթուղայինը գռմռաց, իսկ կռացած հետույքներն ու հետույքահարած դեմքերը անտարբեր նայեցին պատուհաններից: Առջևի նստարանին մեկ այլ՝ գյուղացի կթվորուհու հիշեցնող գեր կնոջ տեղ զիջեցին, բոլորը խտացան, վարորդը մտքում հաշվեց իր այսօրվա սպասվելիք օգուտը` աչքի պոչով անցկացնելով ուղևորներին: Տղայի ականջակալները նորից խըշշացին…
… Երևա~նը տուն ու շենք չէ,
Երևա~նը ՄԵՆՔ ենք…
Տղան հիշեց մի քանի տարի առաջվա «Էրէբունի-Երևանը», հիշեց ինչպես էր խելագարի պես չափում Երևանի մեքենայազերծված փողոցները, երգում, պարում: Միայն նա չէ, իհարկե´: Ջահել աղջիկների հետ էր պարում, հետո մի տարեց մարդուց կնոջը «փախցրեց» ու ստիպեց, որ հետը պարի: Անծանոթների հետ մտերմացավ: Տոնը լցրել էր Երևանի փողոցները, մի տեսակ բոլորին սիրում էր այդ օրը… Ինչ-որ մեկին էլ էր հանդիպել, ով գարեջուր հյուրասիրեց իրեն: Քաշեց գլուխը, մի հատ էլ այտը լոզոտ, բայց ջիգյարով պաչեց ու շարունակեց երգել այն, ինչը այժմ լսում էր երթուղայինում.
Երևա~նն անկեղծ սիրելը,
Չգրվա~ծ օրենք է…
Այն ժամանակ աշխատանք չուներ տղան, ոչ էլ փող, բայց, միևնույնն է, Երևանը տուն ու շենք չէր, Երևանը ինքն էր: Հիմա արդեն թե´ փող ունի, թե´ աշխատանք ու նաև միշտ հիշում է, որ մենք Երևանն ենք… Բայց ինչու՞ էր ուրեմն այդչափ առօրեական, երբ գուցե այն ջինսով աղջկա հետ պարել էր, դեղնամազ դժգոհ մռութով կնոջը փախցրել էր ամուսնուց… Կամ գուցե երթուղայինի դռան մոտ խցկված երիտասարդներից մեկի հետ մի շշից գարեջուր էր ըմպել…
Երթուղայինը դանդաղեցրեց ընթացքը` մոտենալով հերթական կանգառին:
Դիմացում տեղավորված կթվորուհի կինը ուշադրությամբ զննեց մյուսներին և ինքն իր համար հաստատելով, որ ոչ-ոք չի պատրաստվում իջնել երթուղայինից, հանկարծակի բորբոքվեց.
– Զզվեցրի´ք: Ախր, հարյուր դրամի համար… Հերիք չի՞ մարդ վերցնեք…
– Չեն ուզում, թող չնստեն, – անտարբեր պատասխանեց վարորդը` ասես մոռանալով որ իջնող կա, և որ իր կողքի ուղևորն է պատրաստվում փոխարինել երթուղայինում իր ներկայությունը 100-անոց կոպեկով:
– Բա եթե նստողները անուղե՞ղ են, հետո՞, մե՞նք պիտի տուժենք դրանից, – ավելի բորբոքվեց կինը, – էս շոգին էսքան լիքը քշել կլինի՞:
– Դե´, դուք տուժում եք, բայց ես շահում եմ, – շպրտեց վարորդը, – իսկ շոգից էլ մի´ նեղվեք, արագ կքշեմ, կհովանաք:
– Հա´, արագ քշի, որ ավարիա տանք, մեռռռ~նենք ու հովանանք, – կրկին բորբոքվեց կինը` այնուհետև իր ասածից չգիտես ինչու քիթը ցցելով և ապա հաղթական ժպտալով:
Մի քանիսը ևս մեխանիկորեն ժպտացին, խոսեցին իրար հետ, օտարության ծանրությունը թոթափվեց, մյուսներն էլ միացան զրույցին: Կատակեցին, բողոքեցին, բլբլացին, լռեցին, իսկ վարորդը տարակուսում էր` այժմ արագացնի՞ ընթացքը, թե՞ ոչ:
– Խըըը~շ… Մխիթարյանը դարձավ երկրորդ հայ ֆուտբոլիստը, ով կարողացավ գրավել Մյունխենի Բավարիայի դարպասը…
Տղան դիտել էր խաղը, իսկ Հենոյի գոլը համացանցում` մի քանի անգամ, սակայն այս լուրն ամեն անգամ լսելիս նա նորովի էր վերապրում իր ուրախությունը:
Այսպես, ինչ-որ գեղագիտական հանկարծակի ժայթքմամբ երթուղայինը մոռացության էր մատնում անցնող կանգառները և թեթևացնում իր բեռը` բազմապատկելով վարորդի կոպեկները: Ուղևորներից ոմանք իջնելիս «ցտեսություն» էին ասում: Առաջինը երթուղայինից իջավ փռված տղամարդը. գեր կինը բավականությամբ ժպտաց: Երթուղայինը սլանու~մ էր մոլորակի պտույտին հակառակ` ճեղքելով ամենօրյա հոգսերի, մտահոգությունների և վախերի վահանը, թոթափելով օրվա ծանրացած բեռը: Երթուղայինից դուրս աշխարհը դադարում էր գոյություն ունենալ, և տղան ևս` ուղևորների պակասելուն զուգահեռ չէր մտահոգվում իջնելու բարդությունների մասին:
Մինչ վերջին կանգառ հասնելը երթուղայինը ամբողջովին դատարկվեց: Ժամը 23:30-ին վարորդը արդեն տանն էր: Թեպետ ամբողջ օրվա ընթացքում ինքն իրեն հիշեցնում էր, որ ուշ երեկոյան ճաշ ուտելն ամենևին պարտադիր չէ, առավել ևս` իր ստամոքսային այրոցների պարագայում, երբ կինը դուռը բացելուն պես կարոտով ու երանությամբ լի ձայնով գրկեց ու համբուրեց վարորդին…
– Դե´, դու լվացվիր, մինչև ճաշը տաքացնեմ:
– Հա~ սոված եմ:
Սլաքները գլորվեցին: Քունն ավելի ու ավելի ուժեղ էր քաշում դեպի անկողին, սակայն վարորդն անթրաշ ժպտում էր ու մթությունը վերապրում կնոջ շնչառության մեջ: Տղան արդեն խո~րը քուն էր մտել: Չէ´: Սափրվելը կսպասի: Իր ամենօրյա տանջանքի ամենամեծ վարձը… Չածիլված դեմքը և օրվա ընթացքում կուտակված քրտնահոտը ոչ մի խոչընդոտ չէին միմյանց գրկելու, մինչ քնի մասին մտքերը հետզհետե քուն էին դառնում… Թերևս երջանկություն, որի միակ պատճառը պատանեկան երազանքի հիշողություն-վերապրումն էր:
Այսպես` գիշերը գրկեց բոլորին. ջինսով աղջկան, Պուտինին, գեր կնոջը, Շուբերտի անմեռ հիշատակը, փռված տղամարդուն, գարեջուր հյուրասիրողին… Տղան երազում վերլուծում էր Պուտինի հայտարարության քաղաքական հետևանքները և որոշում, թե ինչպես է հարկ օգտագործել դրանք ի նպաստ մեր պետության, իսկ վարորդի կինը հարցրեց ամուսնուն.
– Բա ե՞րբ ես տանը մնալու…
– Վաղը չէ´, չէ´, չէ´, մյուս օրը:
– Ա´յ տղա, էս ուղևորներիդ ձեռը սկսել ես կակազե՞լ:
– Աղչի´, – գռմռաց վարորդը, – ուզում եմ ասեմ, որ երեք օրից, առավոտյան մարդու պես կքնեմ, – ու վայրկենապես սկսեց խռմփացնել:
– Հա~, ես էլ քեզ համար առավոտյան կարտոֆիլ կտապակեմ, – արդեն ինքն իրեն ասաց կինը, կուչ եկավ ամուսնու մոտ ու խառնվեց նրա քնին…
Երեք օր հետո, երբ աշխարհում ինչ-որ բան փոխվի, երբ ինքնաթիռներ ընկնեն, ավտովթարներ լինեն, երբ սահմանում մահագույժ կրակոցներ հնչեն, երբ ամենուր ընթերցեն պաշտոնյաների հայտարարությունները, և տղան վերլուծի դրանց քաղաքական հետևանքները, իսկ վարորդը անու~շ խռռացնի առավոտյան շողերի ներքո, նրա կինը խոհանոցում կկլպի կարտոֆիլը և հերթով կփոխի ռադիոալիքները` պատահմամբ գրողի ծոցը ուղարկելով բոլոր նախարարների հայտարարությունները, մինչ կյանքով լի մի մեղեդի կգտնի և դանակը սահեցնելով կարտոֆիլի վրայով` կձայնակցի.
Երևա~նը տուն ու շենք չէ´,
Երևա~նը ՄԵՆՔ ենք…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *