ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ | Գորտը, կամ սցենար նկարահանված ֆիլմի համար

Գորշ-դեղնավուն ցեխն ամեն քսան քայլից հետո կիլոուկես ծանրություն էր դառնում մեր ոտքերին, անկախ, թե ինչ ենք հագել՝ կոշիկ, թե սապոգներ: Գարնան քմահաճ անձրևը սեթևեթ կնոջ նման գալիս էր ու չէր գալիս: Շարքով չէինք քայլում, բայց առաջ ընկնողը գորշ ցեխ էր շպրտում ետևից քայլողի հագուստին, գլխին: Սկգբում կանգում էինք, պոկում մեր ոտատակերի կոշտացած ցեխը ու մի քանի քայլ թեթև քայլում, բայց հետո ձանձրացանք կանգնելուց: Մի չափ կար, որից այն կողմ ցեխը չէր շատանում:

Բազմաթիվ պայթած ականների ու ռումբերի գոյացրած դեղին ջրափոսերը դժվարացնում էին ճանապարհը, անընդհատ հարկ էր լինում շրջանցել դրանք: Եթե ժամանակին չմտնեինք անտառ, երթը կարող էր անիմաստ դառնալ: Անձրևը, ցեխը, ծիածանը, ամպրոպը, հանկարծակի երևացող ու անհետացող արևը, անգամ դիմացի լանջին հայտնվող պարեկների աչքից մեզ թաքցնող մառախուղն ավելի ատելի էին, քան թուրքը: Շոգ ամառ լիներ, քրտինքը կաթեր կրունկներիցս, 30 կիլոգրամ ծանրությունը շալակներս թեթև քայլեինք չոր հողի վրա, ցուրտ ձմեռ լիներ, սառած, ճռճռացող ձյան վրա վազեինք քթներս ձնեմարդու գազար դարձած, չլիներ այս ցեխը, որ կառչում է, կաշկանդում, ամեն մեկիս չթվար, թե ջոկատն է ուսերին տանում, և աշխարհը չթվար անվերջանալի ճահիճ:

Աչքաչափը կարող էր խաբել, բայց առնվազն երեք կիլոմետր կար մինչև անտառը, որ ցեխի չփչփոցից բոլորովին տարբեր մի ձայն լսվեց, մետաղի կտորների իրար հետ շփման չխկոցը և Արամը ճչաց.

— Պառկել:

Բայց դեռ հրամանը չէինք հասցրել կատարել, որ Վարդանի՝ Արամի հրամանից վայրկյանի մեկ հարյուրերորդական մասով ուշացած, ոռնոցը լսեցինք.

— Չշարժվել:

Քարացել էինք տիղմի մեջ, զգուշանալով շնչել, իսկ Արթուրի ոտքը «գորտի» վրա էր, և նրա աջ ոտքից էր կախված բոլորիս ճակատագիրը, որովհետև այդ ականն սկսում էր գործել, երբ ճնշում էր գործադրվում վրան, և զսպանակը սեղմվում էր, բայց պայթում էր, երբ ճնշումը վերանում էր, և զսպանակը նորից վեր էր ձգվում: Արթուրն ամեն ինչ կռահել էր, և դեմքի գույնը դեղին էր՝ ինչպես ոտքերի տակի թաց կավը: Էլի մի պահ մնացինք քարացած և Վարդանն ասաց.

— Հեռացեք հարյուր քսան քայլ և պառկեք:

— Չէ, ինձ մենակ մի թողեք,— ասաց Արթուրը:

Մենք շուռ եկանք, մի անգամ էլ նայեցինք Արթուրի դեմքին և երջանիկ էինք, որ մեզանից չի կախված մեր ու մնացածի ճակատագիրը:

Ինչպես հասակն առած մարդիկ են երազում հանգիստ, անցավ ու անտառապանք մահ (երանի քնեի ու չարթնանայի), այնպես էլ մահվան հետ հաշտված զինվորն է գերադասում զոհվելու վայրկենական ձևը. «Մահ չիմացյալը անմահություն է»,— կատակում էինք երբեմն, որովհետև մետաղի ճկույթիդ չափ մի կտոր գալիս է, ինքը գիտի ուր է գալիս, իսկ դու՝ չէ, հասնում է քեզ, իսկ դու այդպես էլ չես իմանում, չես հասցնում հասկանալ, թե ինչ կատարվեց:

Թե չէ վիրավորվում ես, գիտես, որ չես ապրի, բայց հույսդ չես կորցնում, սկսում ես մտքումդ աղոթել Աստծուն, լացդ գալիս է, խղճում ես ինքդ քեզ, բայց մտահոգվում ես ընկերներիդ աչքի առաջ արժանապատվորեն մեռնելու խնդրով:

— Դու մնա այստեղ, — ասաց Վարդանը կինոխցիկը ուսին մեզ հետ ետ-ետ քայլող Սամսոնին:

— Ինչի՞,— վախեցավ Սամսոնը:

— Ես ու դու մնալու ենք այստեղ,— բացականչեց Վարդանը,— ինչ էլ որ լինի, պիտի նկարես մինչև վերջ: Ես այնտեղ՝ Աֆղանստանում էլ նման բան չեմ տեսել:

Սամսոնը փորձեց համառել, բայց Վարդանը գոռաց.

— Կատարի՛ր հրամանը:

Սամսոնը ջոկատի անդամ չէր, այլ հեռուստալրագրող և պարտավոր չէր կատարել Վարդանի հրամանը, մանավանդ որ Վարդանն էլ ջոկատի հրամանատարը չէր: Բայց հրամանն այնքան համոզիչ էր արտասանվել, որ Սամսոնն ուսից իջեցրեց խցիկն ու սկսեց նկարել: Այդ պահից սկսած մոտ մեկ ժամ տևող իրադարձությունների մեծ մասը մենք տեսել կամ լսել ենք նկարահանած ժապավենի վրա:

— Մամ, մամ ջան, ի՞նչ անեմ,— մի անգամ էլ կրկնեց Արթուրը և սկսեց անընդհատ մենախոսել՝ մեկ շշուկով, մեկ էլ բարձրաձայն, գրեթե բղավոցով:

— Ցնորվել է,— ասաց կողքիս պառկած Տիգրանը,— ես լինեի՝ հիմա սիրտս պայթել էր վախից:

— Մի բան մտածիր,— ասաց կողքին կանգնած Վարդանին, ի՞նչ անեմ, դե ասա, էլ չեմ դիմանում, էս եզը ոնց եկավ մտավ ոտքիս տակ: Դե ասա, ի՞նչ անեմ,— Արթուրն արդեն համարյա լաց էր լինում,— մի ձև օգնիր, էլի, ես ինչքա՞ն պիտի կանգնեմ սրա վրա, մի ժա՞մ, մի օ՞ր, հո ամբողջ կյանքս չեմ ապրելու էս ականի վրա:

— Դիմացիր,— պատասխանեց Վարդանը,— մի բան կմտածենք: Իմացիր՝ ինչ էլ որ լինի՝ քո կողքից տեղ չեմ գնա:

— Է՜, որ չես գնա, ինձ ի՞նչ,— ասաց Արթուրը: — Դու որ ինձ հետ մեռնես, իմ տեղը հո չե՞ս մեռնելու: Ավելի լավ է հեռացիր: Չէ, մի գնա, ինձ մենակ մի թող, էլ չեմ դիմանում, ոտքս սկսում է դողալ:

Վարդանը շուռ եկավ մեր կողմը ու ձեռքով կանչեց, և երեք հոգի՝ Արամը, եղբայրս ու Վաչոն, վազեցին նրանց կողմը: Երբ երեքն էլ հայտնվում են կադրում, նրանց զրույցն ու Արթուրի մենախոսությունը խառնվում է:

— Լավ է ամբողջ ջոկատով չեկանք,— ասաց Վարդանը:

— Հիշո՞ւմ ես, ծննդյանդ օրը վերադարձա,— Արթուրն իր մոր հետ էր զրուցում:— Ինչքան լացեցիր ուրախությունից, ասացիր, թե երբեք այդպիսի նվեր չէիր կարող երագել:

— Մինչև մոտակա գյուղն ինչքա՞ն ժամանակում կգնաք-կգաք,— հարցրեց Վարդանը:

— Գնալը դժվար կլինի, բարձրանալու ենք, բայց գալը 15 րոպե հազիվ տևի,— ասաց եղբայրս:

— Երեսունհինգ, քառասուն րոպե, — ավելացրեց Արամը:

— Փորձեք գյուղում արագ մեքենա գտնել ու մեքենայով ետ գալ, բայց մեքենան հեռու կկանգնեցնեք, շատ չմոտենաք, որ հողը չցնցվի,— հանձնարարեց Վարդանը:

— Ո՞նց,— զարմացավ Վաչոն,— իսկույն կնկատեն: Մեքենան իսկույն կտեսնեն, թիրախ ենք դառնալու:

— Ուրիշ ճար չկա,— ասաց Վարդանը:

— Թիթեղները կաշխատեք, որ հաստ լինեն,— վերջին հանձնարարականը տվեց Վարդանը, և Վաչոն ու Արամը ետ վազեցին:

— Մնամ մոտդ, էլի,— ասաց եղբայրս:

— Էշ նահատակ ազգ ենք, է՜, մնաս ի՞նչ անես, արա՛:

— Բա դու ինչի՞ ես մնում,— հարցրեց եղբայրս:

— Մնում եմ, որ շատ նկարվեմ,— պատասխանեց Վարդանը,— պատերազմից հետո դերասան եմ դառնալու:

Եղբայրս ձեռքը թափ տվեց ու վազեց ընկերներին միանալու, իսկ Վարդանը նրանց հետևից ձայնեց.

— Մի քանի հատ էլ հարթ տախտակ կամ աղյուս կբերեք, շատվորով գնացեք, որպեսզի թե մեքենա չլինի, արագ ետ գաք:

– Չլինեի, էլի, չծնվեի: Ճիշտ էիր, էլի, մտածել: Այդպես ծնվածն՝ այսպիսի մահ կունենա, բա ի՞նչ:

— Տղաները գնացին սակրավորների ետևից,— կարճ բացատրեց Վարդանը, շատ լավ իմանալով, որ սակրավորները նման դեպքերում ոչնչով չեն կարող օգնել: Բայց Արթուրը նրան չէր լսում:

— Քեզ ո՞նց չլսեցի: Ինչի՞ս էր պետք: Դե, հիմա ո՞նց անեմ, դու ո՞նց ես դիմանալու: Ղարաբաղ, հայրենիք, մայրենիք, քեզ ո՞նց չլսեցի:

— Խփնվել է,— լսվում է նկարահանողի ձայնը,— ճիշտ կլինի մի տասը քայլ հեռվից նկարենք: Մեկ էլ տեսար տրաքենք:

Վարդանը լավ գիտեր, որ 10-20 քայլը չի փրկելու: Հսկա ականը հարյուր մետր շառավիղով սանրում է տարածքը իր բեկորներով:

— Եթե քեզ ավելի հանգիստ ես զգում, պառկիր, պառկած նկարիր,— ասաց Վարդանը:

Երբ հեռվից տեսանք, որ Սամսոնը պառկեց, Տիգրանն ասաց.

– Վայ, քաքլան, ասում էի, չէ՞, վախկոտի մեկն ա:

— Անկախություն-մանկախություն,— շարունակում էր Արթուրը,— թքել եմ ամեն ինչի վրա: Բայց դու որ կարգին համոզեիր՝ չէի գնա: Կմնայի: Չգիտեմ, մի բան անեիր, կանգնեիր դեմս, ճանապարհս փակեիր, ասեիր մինուճար տղա ես, ո՞ւր ես գնում: Գիտեի չէ՞, որ հպարտ-հպարտ պատմում էիր հարևաններիդ իմ ու տղերքի պատմածները: Մամ ջան, մամ ջան ո՞նց անեմ:

Վարդանը ծխախոտը վառեց, ոտքերը լայն բացած մոտեցավ Արթուրին, ծխախոտը դրեց շուրթերին, բայց կադրում երևաց, թե ձեռքը ոնց էր դողում և աչքի տակով անընդհատ Արթուրի աջ ոտքին էր նայում: Ծխելը չխանգարեց, որ Արթուրը շարունակի խոսել:

– Կամ կգնաս Մոսկվա՝ պապայի մոտ, կամ իրեն կասես, որ ինքը գա։ Կասես, որ իմ վերջին ցանկությունն եղել է, որ միանաք, եղա՞վ, մամ։ Տղերքից որն էլ գա Լուսինեին ուզելու՝ չէ չասեք։ Լուսինեն մի քիչ երեխա է, ինչ որ մամայի բալի է կպել։ Մերոնք ուրիշ են՝ գիտես, որ տղամարդ են։

Լուսինեն գլուխը կախեց, իսկ Տիգրանն ասաց.

– Թե դրանց մեջ ինչ տղամարդ, Արթուր ջան, ու եղբայրս քոթակեց նրան։

– Պապան ուզում է, շատ է ուզում։ Ասաց, թե էնքան երկար է բացակայել, որ վերադառնալու երես չունի։ Հենց կանչես՝ կգա։ Կամ ինքդ կգնաս նրա մոտ։

Վարդանն զգուշորեն ոտքը դրեց Արթուրի աջ ոտքին և թեթև ապտակեց նրան:

— Ի՞նչ է, ի՞նչ է եղել, — սթափվեց Արթուրը:

— Հավաքիր քեզ, տղամարդ ես, հիմա ուր որ է տղերքը ետ կգան,— հուսադրեց նրան Վարդանը:

Արթուրը նայեց նրան, հետո գլուխը խոնարհեց, տեսավ իր ոտքը, իր ոտքի վրա Վարդանի ոտքը և ամեն ինչ մտաբերելով հեկեկաց: Սամսոնը վարպետորեն էր նկարել:

— Ի՞նչ հույսով ենք սպասում,— հարցրեց Արթուրը հեկեկալով:

— Հույս կա,— պատասխանեց Վարդանը,— մի բան եմ մտածել, եսիմ՝ երևի կօգնի:

Հետո կադրում երկար լռություն է:

— Արամին չանիծես, մամ,— նորից սկսեց մենախոսել Արթուրը,— մի քանի անգամ լսել եմ ոնց ես Արամին անիծում: Ինքը ոչ մի մեղք չունի, մամ, ես իրեն համոզեցի, որ ինձ ջոկատ վերցնի:

Ուզբոյի համար հեշտ էր, որբ տղա էր, ոչ մեկի կսկծի մասին չի մտածել: Ավոն ու Կարոտը, չգիտենք ողջ են, թե չէ: Ավոյի մայրը չդիմացավ, չկարողացավ էլ սպասել: Կարոտի մայրը Արմենչոյին ուղարկեց մեզ հետ, ասաց՝ պիտի գնաս եղբորդ փոխարինելու: Արամին չանիծես: Առանց այդ էլ չի ուզում Երևան գա, ամաչում է, որ ինքը ողջ է:

– Պահ,ամաչում է, ամաչկոտիս տեսեք,- նորից մեջ ընկավ Տիգրանը և դիմեց Արամին.

– Ապեր, թե տենց բան կա, ասա մյուս գնալուց հատուկ քեզ համար մի հատ ‹‹լիմոնկա›› վերցնեմ։

Եղբայրս նորից քոթակեց նրան, իսկ Տիգրանն այս անգամ ասաց եղբորս.

– Արա, խելոք մնա, թե չէ մի հատ ‹‹լիմոնկա›› էլ քեզ համար կվերցնեմ։

— Մամ ջան, քեզ հպարտ կպահես, Կարենի մոր նման: Գերեզմանոցում կասես. «Ես որդի եմ ծնել հայրենիքի համար» կամ էլ ուրիշ ձևով կասես, որ չմտածեն Կարենի մոր խոսքերն ես կրկնում:

Թող Եռաբլուր տանեն՝ չհակառակվես: Լավ կլիներ պատերազմը վերջանար, նոր Լուսինեն ամուսնանար, թե չէ հինգից որին էլ տաք, բոլորն էլ խելառ են, էսօր կան, վաղը՝ չէ:

Հինգից որին էլ ուզի պատերազմից հետո՝ չի փոշմանի: Վարդանից գլուխ չես հանի, մեկ-մեկ մտածում եմ՝ քարից է. զգացմունք չունի:

Սամսոնը կատարյալ վարպետություն է ցուցաբերել ու խցիկը ուղղել՝ Արթուրին կիպ կպած Վարղանի դեմքին: Նա, զգալով այդ, գլուխը մի կողմ շուռ տվեց ու քմծիծաղեց:

Վարդանին Եռաբլուր տանելիս հիշում էի Արթուրի խոսքը՝ զգացմունք չունի, քարից է: Վարդանից առաջ և հետո էլի ընկերների ճանապարհեցինք, բայց երբեք չէր եղել, որ վանականի գրաբար, հոգեհանգստի աղոթքն այդքան անհարիր լիներ դագաղում պառկածի կերպարի հետ: Նրանից հետո բոլորս սկսեցինք մի քիչ ավելի շատ վախենալ մեզ համար, անպատկերացնելի էր, որ նրան էլ կարող է թշնամին սպանել:

— Սմբոն մի քիչ վայրենի է, ոնց որ արջ լինի, բայց լավ հոգի ունի, նրան էլ չէ չասեք:

Եղբորս՝ Սմբոյի հարսանիքին, նախօրոք պայմանավորվածության համաձայն, մեքենաները Եռաբլուր մտան, նա իր հարսնացուին տարավ կանգնեցրեց Վարդանի ու Արթուրի շիրմաքարերի գլխին, իր աչքերի մեջ ապրողի ամոթ կար և թաքուն, թաքուն մի ուրախություն: Վարդանի մայրը համբուրեց հարսի ճակատը: Թաղում ու հարսանիք, թաղման թափոր ու հարսանքավոր խառնվեցին իրար: Ես մոտեցա զոհվածի հորը և խնդրեցի, որ ներող լինի:

— Կյանք է, տղա ջան,— ասաց,— ծնունդ, թաղում ու հարսանիք մեկ են, մարդ ենք,— ասաց: Ասաց՝ հաշվում եմ, թե իմ տղայի գերեզմանը պատվելու եք բերել ձեր հարսնացուին: Ի՞նչ տարբերություն, ասաց, բոլորն էլ զինվոր են եղել: Ասաց՝ բայց տղա ջան, դու չես պատկերացնում, թե ոնց կուզեի հարբել ու ձեզ հետ պարել:

— Լացեց, վերջապես լացեց,— լսվեց ամբոխի միջից,— սիրտն էլ չի պայթի:

– Տիգրանը ցանցառ է,- շարունակում էր Արթուրը,- անընդհատ ջրիկանում է, բայց մեկ-մեկ սրամիտ է ստացվում։

Տիգրանը Վարդանի թաղումից մինչև առաջին աքլորականչը մեկ անգամ միայն ուրացավ և այլևս չներվեց։ Բոլորս նրա նկատմամբ անարդարության չափ անողոք եղանք, նրան չներեցինք, երբ անարդարորեն բանտ նստեց անգամ։

— Սերոբը դմբո է, Կամոն էլ շատ կոլոտ է, Լուսինեի ուսերից, բայց երկուսն էլ լավ տղեք են,— շարունակում էր մենախոսել Արթուրր:

Սերոբը զինադադարին չդիմացավ, սովոր չէր խաղաղ ապրելուն, իր տեղը չէր գտնում, հեռացավ, գնաց օտար ափեր, իսկ Կամոն Վարդանից ու Արթուրից հետո այդպես էլ ուշքի չեկավ, հիմա տանն է, բայց մի քանի ամիս հոգեբուժարանում էր։

Սենյակում հանկարծ Տիգրանի պոռթկուն ծիծաղը լսվեց, ու բոլորս շրջվեցինք նրա կողմը։

– Մտքովս մի բան անցավ,- սկսեց բացատրել,- Արամին ու Սմբոյին խոստացա վերացնել, մնաց Վարդանը։ Նրա հարցերն էլ որ լուծեմ, համ միանգամից կամանդիր կդառնամ, համ էլ Սերոբն ո՞վ է, որ ձեռիցս աղջիկ տանի։

Լուսինեն դուրս եկավ սենյակից։

– Բա Կամո՞ն,- ասացի։

– Կամոն խաղից դուրս ա, թող գնա իր բոյին համապատասխան աղջիկ գտնի,- պատասխանեց։

– Լսիր, ապուշ,- փրփրեց եղբայրս,- թե մի հատ էլ ծպտուն հանես, կատակ չեմ անում, հենց էստեղ քեզ կվերացնեմ։

Տիգրանն այնքան ուշադիր էր սևեռվել դեպի էկրանը, որ թվում էր, թե աղմուկն իր հետ ոչ մի առնչություն չունի։

Վաչոն թեքվեց իմ կողմն ու ասաց.

– Լավ բան չարիր։ Կարծես չգիտեիր՝ էշն ինչ է ասելու։ Մի հատ Կամոյին նայիր, քիչ է մնում լաց լինի։

– Երբ Լուսինեն սուրճի մատուցարանը ձեռքին ներս մտավ, Արթուրը դեռևս մենախոսում էր։

— Մի օր Վարդանից հարցրի, հեչ չե՞ս վախենում: Չպատասխանեց: Սմբոն ասաց՝ սկզբում վախենում եմ, հետո ինչքան մարտը թեժանում է, էնքան վախը վերանում է: Ճիշտ էր ասում, ես էլ եմ այդպես զգացել: Մեկ էլ շատ եմ վախենում, երբ տուն ենք վերադառնում: Փափուկ անկողնում, հետ վարժված, պառկում եմ, չեմ կարողանում քնել, ամեն մի դրվագը մեկ-մեկ անցնում է աչքիս առջևով, սկսում եմ վախենալ, մտածում եմ վերջ՝ ինչքան կռվեցի, հերիք է: Բայց չի ստացվում: Հազար անգամ էլ քեզ երդում տաս, թե չես գնալու, մեկ է՝ չի ստացվի: Հենց մտածում եմ, թե տղերքն այնտեղ առանց ինձ կռվում են, ջանս քոս է ընկնում: Կարոն ասում էր՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ բան, բան ու գործ չունենք, դրա համար էլ վեր ենք կենում գալիս: Բայց արժեր գնալ, մամ: Աշխարհում ավելի ամոթ բան չկա, քան ուժեղ մարդու նեղվելը: Մի անգամ պապայի հետ զբոսնում էինք, ես դեռ փոքր էի, միլիցիոների հետ վիճեցին, ինքը մի քիչ հարբած էր։ Միլիցիոները վիրավորեց պապային, ինքը ծպտուն չհանեց։ Մի ձեռքով կխեղդեր, ուժեղ էր, բայց խեղճացավ։ Այդպես ղարաբաղցիք են ուժեղ, գետինը մտնենք ավելի լավ է, քան թողնենք խեղճանան։ Չէ, չեմ փոշմանել, մամ։ Դավիթը լավ էր գրել. ‹‹Կրակի տակ սողալով, մեր հայրենիքի սահմանն ենք առաջ տանում››:

Այդ պահից լսվում է մոտեցող տրակտորի հռնդյունը, քիչ անց կադրում հայտնվում ենք ջոկատի բոլոր անդամներս:

— Ի՞նչ ենք անելու,— հարցրեց Արամը:

— Մատերիալը ի՞նչ հաստության է,— ասաց Վարդանը:

— Երկու հատ երեքնոց է,— պատասխանեց Վաչոն,— վաթսուն մետրից գնդացրով ծակեցի:

Վարդանն սկսեց ցուցմունքներ տալ, աջ լանջից սկսեցին կրակել, մի քանիսս պառկեցինք ցեխի մեջ, բայց մյուսներին կանգնած տեսնելով՝ մենք էլ ելանք:

Աղյուսները դրվեցին Արթուրի աջ և ձախ կողմերը, թիթեղն զգուշորեն դրեցինք վրան, Վաչոն ու Արամը թեք պահեցին:

— Վարդան, վախենում եմ,— ասաց Արթուրը, բայց ձայնի մեջ ծնված հույսի նշույլներ կային:
Հետո աչքին ընկավ հեռուստախցիկը:

— Արա, Սահակ, էդ ի՞նչ ես անում,— օպերատորի անունը սխալվեց Արթուրը,— նկարո՞ւմ ես, մի նկարի, արա:

Սամսոնը դիրքը փոխեց, որովհետև թիթեղի հետևից Վարդանն ու Արթուրը հազիվ էին երևում: Հետո երկրորդ թիթեղը դրեցինք և չորսով պահեցինք:

— Ավազը ի՞նչ ենք անելու,— հարցրեց եղբայրս:

— Քանի՞ հատ է,— հարցրեց Վարդանը:

— Երեք մեշոկ,— ասաց Վաչոն:

Ավազը Մամսոնի համար է, դրեք իրար վրա, թող պառկի ետևն ու նկարի:

— Կերևա՞, արա,— հարցրեց Վարդանը:

— Հա,— ասաց Մամսոնը,— բայց մոտիկից ավելի լավ կերևա:

Սերգեյն ու Մհերը միասին գոռացին ցավից: Երկուսն էլ պպզեցին կուչ ու ձիգ լինելով, մի քանի վայրկյանից ոտների տակ գոլ արյուն էր: Չորս հոգով նրանց տարան 150 քայլ հեռու:

— Վախենում եմ,— նորից շշնջաց Արթուրը: — Սմբոյին ասեք, թող երգի:

Եղբայրս սկսեց երգել: Սամսոնը նկարելով ետ-ետ գնաց, պառկեց իրար վրա դրված ավազի պարկերի ետևն ու նկարելը չընդհատեց:

— Հիմա ինձ լսեք,— ասաց Վարդանը, — ես ու Արթուրը կպահենք, դուք շատ արագ պիտի հեռանաք, որովհետև չգիտեմ, թե ինչքան կդիմանանք էս ծանրությանը: Սկզբում բոլորդ հեռացեք, բացի պահողներից:

-Դու էլ արի,- ասաց Կարոն,- թող էս տրակտորիստը պահի Արթուրի հետ։ Իրենց համար ենք էստեղ կոտորվում։

Վարդանը չհայհոյեց նրան, ոչինչ չասաց, բայց ով տեսավ աչքերի կրակն ու դեմքի գույնը, հասկացավ, որ Կարոն այլևս մեր ջոկատի անդամ չէ։

— Մնամ, էլի,— ասաց Սմբոն,— համ կերգեմ, համ կպահեմ:

— Հեռացիր,— գոռաց Վարդանը,— պատվերով համերգ չի: Սմբոն գնաց պառկեց նկարահանողի կողքին ու շարունակում էր երգել:

– Վեր կաց,- նրան ասաց Սերգեյին ու Մհերին արդեն վիրակապած ու ետ եկած բժիշկ Գրիշը,- ես քեզնից շատ եմ այստեղ պետք։

– Ամեն մարդ որ իրեն բժշկի տեղ չդնի՝ չի լինի,- մրթմրթալով վեր կացավ եղբայրս,- գիտի մոռացել եմ, թե ոնց էր ծեծում իր խփած առաջին թուրքի դիակին:

– Էդ ի՞նչ մեռածի եմ ծեծել,- հարցրեց բժիշկ Գրիշը առաջին դիտման ժամանակ,- ի՞նչ էիր փչում։

– Վաչո, ասա, չի՞ ծեծել,- պնդեց Սմբոն։
– Հա, ես հիշում եմ,- ասաց Արամը։

Վարդանը, մինչ թիթեղները պահողներին էլ կհրամայեր հեռանալ, դիմեց Արթուրին.

— Ուշադիր լսիր ինչ եմ ասում: Ես մեջքով կպահեմ, դու ձեռքերով, պիտի դիմանանք մինչև սրանք հեռանան: Հետո հենց հաշվեմ մինչև երեքը, կսկսենք զգուշորեն թեքվել այնքան, մինչև որ զգաս, որ ոտքդ կտրվում է գետնից, կգոռաս ու կտրուկ կպառկենք, հասկացա՞ր:

— Լավ, լավ հասկացա,— կմկմաց Արթուրը:

Վարդանը զգուշորեն ոտքը բարձրացրեց Արթուրի ոտքից ու արագ շուռ եկավ, կանգնեց Արթուրի կողքին:

— Զգույշ եղիր, ոտքդ չթուլացնես:

Տղաները թիթեղները հենեցին Արթուրի ձեռքերին ու Վարդանի թիկունքին և վազեցին մեր կողմը:

— Աստված ջան, Տեր Հիսուս մեր Քրիստոս, փրկիր մեզ,— քրթմնջում էր Արթուրը:

— Վերջ տու տերտերությանդ,— փորձեց նրան լռեցնել Վարդանը, բայց Արթուրը շարունակեց.

– Պատերազմ էր, էլի, Աստված կռվում էինք, խփել ենք, մեզ էլ են խփել։ Մենակ մի բան կա, որ իզուր եմ արել, մեղքս խոստովանում եմ։ Բեռնատարով գերիների էինք տանում։ Մեկն ասաց,- հայ եմ, թուրք չեմ։ Անձնագիրը նայեցինք թուրք էր։

– Բա ինչի՞ է անունդ Վագիֆ, ազգանունդ էլ Ալիև,- հարցրեց Սմբոն ու ձեռքի թառը վերցրեց։

– Շշկլվել են,- պատասխանեց։

Տղերքը հռհռացին։

– Դե, հայհոյիր թուրքերեն,- ասացին,- հայհոյիր Ալլահին. Մուհամեդին։ Սկսեց հայհոյել, շատ էր ուզում ապրել, կարծում էր, թե սպանելու ենք տանում։ Սմբոն չդիմացավ, ոտքով խփեց, թափքից շուռ եկավ, բայց կառչած մնաց մեքենայից։ Շարունակում էր հայհոյել։ Ավտոմատի կոթով խփեցի մատներին։ Էս էր, Տեր Աստված, մնացածի համար մեղավոր չեմ։

– Էդ ո՞նց մեղավոր չես,- ասաց Տիգրանը առաջին դիտման ժամանակ,- ոնցա՞ էդ մեկը, բա էն Հայաստանից փախած կնիկը, որ շատ սիրուն էր։

– Ի՞նչ սիրուն կնիկ,- հետաքրքրվեց Արթուրը։

-,Էն որ ասում էր՝ ձեր դատախազի սիրուհին եմ եղել, ասում էր, թե դատախազը իրեն իմ Մարիամ Աստվածամայր է ասել,- հիշեցրեց Սմբոն։ – Բայց ինքը չի խփել դրան, ղարաբաղցի Մարտինն էր։

– Հա,- հիշեց Արթուրը,- էն որ ուզում էիր ուրիշ բան անե՞լ, էշ։

– Կարողա՞ սիրուն չէր,- արդարացավ Տրգրանը,- իզուր էլ չթողեցինք։

Մինչ տղաները վազում էին մեր կողմը Տիգրանն ասաց.

– Չէ, Սմբո ջան, թե որ փրկվեց, քրոջն իրան փրկողին էլ կտա։ Մենք արդեն հեչ կլինենք։

Արթուրն ու Վարդանը, մեկը մեջքի վրա, մյուսը դեմքով փռվեցին գետին, մենք մի քանի վայրկյան էլ իզուր սպասեցինք պայթյունի և վազեցինք նրանց մոտ։

Խցիկն ընկավ Սամսոնի ձեռքից: Այստեղ ֆիլմն ընդհատվում է: Մինչև հասանք, Վարդանն արդեն մի կողմ էր նետել թիթեղներն ու Արթուրին էր տնտղում: Գրիշը նաշադիրի սպիրտը մոտեցրեց Սամսոնի քթին, որից նա սթափվեց, իսկույն վերցրեց կինոխցիկն ու շարունակեց նկարահանել: Վարդանը մի քանի անգամ ապտակեց Արթուրին: Նա էլ ուշքի եկավ, նայեց չորս կողմն ու հարցրեց՝ չպայթե՞ց:

— Պայթեց, բայց մենք լավ պրծանք,— ասաց Վարդանը:

— Չէ, չպայթեց,— ասաց Արթուրն ու տնքալով ոտքի ելավ: — Բա ինչի՞ չպայթեց: Ինչի՞ չպայթեցիր,— դիմեց ականին,— հը՞, ու սկսեց ոտքով խփել ականին, դե պայթիր, է, դե, պայթիր է, ես քո մերը: Ինչի՞ չես պայթում: Ինչի՞ ինձ էս օրը գցեցիր:

– Կամացացրեք ձայնը,- ասաց Արթուրը առաջին դիտման ժամանակ,- մերոնք խոհանոցում չլսեն։

Վաչոն ու Արամը Արթուրին գրկեցին ու մի կողմ տարան, ծունկը վնասվել էր: Վարդանը մոտեցավ Սամսոնին, ձեռքը դրեց ուսին և ասաց.

— Ապրես, հանգստացիր: Ամեն ինչ լավ վերջացավ: Հետո շրջվեց եղբորս կողմն ու ասաց.

— Բա ուզում էիր երգել, ինչի՞ չես երգում:

Երկրորդ անգամ ֆիլմը դիտեցինք 8-9 ամիս անց: Սա նման չէր մեր տեսած ֆիլմին, տխուր մի բան էր, որովհետև արդեն չկային ֆիլմի երկու գլխավոր դերակատարները: Չպայթած ականն այնուամենայնիվ գործեց սկզբում Վարդանի, մի քանի ամիս անց Արթուրի համար: Երկրորդ դիտման ժամանակ արձագանքները նրանց և մնացածիս խոսքերին բոլորովին տարբեր էին: Վարդանն էլ չկար, և Լուսինեի մասին ոչ մեկը, անգամ Տիգրանն էլ ակնարկներ իսկ չարեցին:

Share Button

1 Կարծիք

  • Կարինե Մարտիրոսյան says:

    «Ինչպես հասակն առած մարդիկ են երազում հանգիստ, անցավ ու անտառապանք մահ (երանի քնեի ու չարթնանայի), այնպես էլ մահվան հետ հաշտված զինվորն է գերադասում զոհվելու վայրկենական ձևը. «Մահ չիմացյալը անմահություն է»,— կատակում էինք երբեմն, որովհետև մետաղի ճկույթիդ չափ մի կտոր գալիս է, ինքը գիտի ուր է գալիս, իսկ դու՝ չէ, հասնում է քեզ, իսկ դու այդպես էլ չես իմանում, չես հասցնում հասկանալ, թե ինչ կատարվեց»:
    «Մի օր Վարդանից հարցրի, հեչ չե՞ս վախենում: Չպատասխանեց: Սմբոն ասաց՝ սկզբում վախենում եմ, հետո ինչքան մարտը թեժանում է, էնքան վախը վերանում է: Ճիշտ էր ասում, ես էլ եմ այդպես զգացել: Մեկ էլ շատ եմ վախենում, երբ տուն ենք վերադառնում: Փափուկ անկողնում, հետ վարժված, պառկում եմ, չեմ կարողանում քնել, ամեն մի դրվագը մեկ-մեկ անցնում է աչքիս առջևով, սկսում եմ վախենալ, մտածում եմ վերջ՝ ինչքան կռվեցի, հերիք է: Բայց չի ստացվում: Հազար անգամ էլ քեզ երդում տաս, թե չես գնալու, մեկ է՝ չի ստացվի: Հենց մտածում եմ, թե տղերքն այնտեղ առանց ինձ կռվում են, ջանս քոս է ընկնում: Կարոն ասում էր՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ բան, բան ու գործ չունենք, դրա համար էլ վեր ենք կենում գալիս: Բայց արժեր գնալ, մամ: Աշխարհում ավելի ամոթ բան չկա, քան ուժեղ մարդու նեղվելը:… Այդպես ղարաբաղցիք են ուժեղ, գետինը մտնենք ավելի լավ է, քան թողնենք խեղճանան։ Չէ, չեմ փոշմանել, մամ։ Դավիթը լավ էր գրել. «Կրակի տակ սողալով, մեր հայրենիքի սահմանն ենք առաջ տանում»:
    Ես առանձնացրի ստեղծագործության ուժ ներշնչող տողերը:
    Քանի՜ այսպիսի իրավիճակներ են եղել, ու քանի՜ այսպիսի տղաներ, որ «ժապավենի» երկրորդ եւ արդեն հաջորդ դիտումները կատարվել են նրանց բացակայությամբ…
    Եվ ինչի՞ց վախ ունի հայ քաջորդին՝ ականի պայթյունի՞ց, թե՞՝ փափուկ անկողնուց…
    Առանց սարսուռների հնարավոր չէ կարդալ…
    ԽՈՆԱՐՀՈՒՄ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *