Գեորգի Հարությունյան | Լիալուսին

Գեորգի Հարությունյան

Անմոռանալին չի մոռացվում…

Արցախ: 1992 թվականի ամառ: Գիշեր: Լիալուսին: Ժամացույցները թկթկում են՝ քնել, քնել… Եվ գյուղը ննջում է՝ հնազանդվելով բնության օրենքին: Գիշերային լռության մեջ լսվում են կրակոցների խուլ ճայթոցներ:
Երեք տարի է, ինչ բնության օրենքն այստեղ խախտվում է մարդկանց հորինած դաժան օրենքով:
Արմենը բացեց աչքերը: Որոշ ժամանակ ականջ դրեց սովորական դարձած հրետակոծությանը, այնուհետև վեր կացավ, վրան քաշեց շալվարը, վերնաշապիկը և կամացուկ, որպեսզի չարթնացնի քնածներին, ուղղվեց դռան կողմը:
Թարմ զեփյուռը սվսվում էր խնձորենիների ու տանձենիների տերևների մեջ: Արմենը նայեց երկինք: Լուսնի սկավառակը նման էր երկնային պատուհանի: Նա չէր սիրում լիալուսինը: Երկու այդպիսի գիշեր զոհվել էին նրա երկու քեռիները: Այդպիսի մի գիշեր էլ, գյուղի հրետակոծության ժամանակ, ոտքից վիրավորվել էր նրա բարի ու սիրելի բիբին:
Նա հայացք գցեց դեպի այգու շրջակայքը: Այգին շրջապատված էր փշատի ու մոշի խիտ թփերի ցանկապատով: Այգու հեռավոր ծայրին, երկու տարի առաջ, հայրը խոր խրամատ էր փորել՝ ապաստարանով: Արմենն օգնում էր նրան: Ավարտելով աշխատանքը՝ հայրն այդ ժամանակ պարզապես ասաց. «Ով գիտե, ինչ կարող է լինել»: Այնուհետև, շրջվելով դեպի Արմենը, նրան ամուր սեղմեց կրծքին ու շշնջաց. «Դու ես մնում որպես տան տղամարդ: Դե, տղամարդ եղիր»:
Հայրը կռվում էր տարբեր տեղերում, ուր հայտնվում էր թշնամին, երբեմն տուն էր գալիս: Եվ գոհ էր որդուց:
Արմենն իջավ խրամատ: Առանց մոմերը վառելու շոշափեց ավտոմատը: Ամեն գալուց հայրն իր հետ ռազմավար էր բերում: Արմենը սովորեց կրակել, նաև կարողանում էր գլուխ հանել «լիմոնկաներից» ու «մուխաներից» (ժողովուրդն այդպես էր անվանում նռնականետը): Նա տասնչորս տարեկան էր: Բնույթով լինելով հետաքրքրասեր, նա ծարավ էր գիտելիքի: Ապրելով գյուղում՝ նա հաջողեց սովորել երաժշտական այբուբենը և նվագել հին «Շելենբերգի» վրա, որ պապն էր գնել Գետաշենում՝ մի գերմանացուց: Յակովը, այդպես էին անվանում գերմանացուն, պապի ընկերն էր և դաշնամուրը նրան վաճառեց գետնանուշի դիմաց՝ տալով նաև մի կույտ նոտաներ: Արմենին հատկապես դուր էր եկել մի հատված և նա դա սովորել էր անգիր: Շուբերտի «Ֆորելն» էր:
Նա շատ ընկերներ ուներ: Նրանց թվում կային նաև ադրբեջանցիներ: Երբ սկսվեց չհայտարարված պատերազմը, Արմենը երկար ժամանակ չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Ինչո՞ւմ էին մեղավոր իր ադրբեջանցի ընկերները: Ինչպե՞ս կարող էր ինքը նրանց ատել: Նրա հոգին ընդդիմանում էր նման անարդարությանը: Բայց երբ տեսավ իր համադասարանցուհուն՝ Գայանեին, փոքրիկ դագաղում պառկած, նրա մեջ ինչ-որ բան փուլ եկավ: Այնուհետև սկսվեց մահերի շարանը. մեռյալների շարքում կային հարազատներ, ծանոթներ, և, որն ավելի կատաղեցնում էր՝ երեխաներ: Նրա մտերիմ ընկեր Աշոտը մնաց առան ձեռքի. «Գրադի» արկի բեկորները կտրել էին նրա բազուկը: Ամեն անգամ տեսնելով նրա վիրակապված թևը, մի ամուր գունդ սեղմում էր Արմենի կոկորդը, և նա դժվարությմաբ զսպելով արցունքները, ցավեցնելու չափ սեղմում էր բռունցքները:
Արդեն երկար ամիսներ Արմենը տանջվում էր մտածմունքներից: Նրա մեջ հայտնվել էր մեծ, հետզհետե ավելի սաստկացող խղճահարություն ոչ միայն մարդկանց, այլև Աստծու ստեղծած բոլոր արարածների հանդեպ: Մեռնում և վիրավորվում էին շներ, կատուներ, ընտանի կենդանիներ: Մի անգամ, պայթած արկի ձագարի մեջ նա տեսավ շուռ եկած փեթակ և պատկերացրեց, թե ինչպես են մեռնում ու ավերվում գորտերը լճակներում և մարգագետիններում, թռչունները և նրանց բները, հազարավոր տարբեր միջատներ և կենդանիներ: Եվ նա սկսեց բժիշկ դառնալու մասին երազել: Ոչ թե ազատամարտիկ, ինչպես լսել էր բազմաթիվ ընկերներից և բարեկամներից, այլ՝ բժիշկ: Նրա ամբողջ էությունը, նրա գիտակցության ամեն մի մասնիկը, մարմինը ցանկանում էին լսել «Ֆորելը», և ոչ թե կրակահերթեր և պայթյուններ: Բայց կռվելը դարձել էր անհրաժեշտություն: Պետք էր կռվել ապրելու համար: Եվ նա կռվեց: Կռվեց իր գյուղի, իր տան, իր հարազատների, իր բիբիի, իր Ղարաբաղի համար:
Հանկարծ գիշերային լռությունը խախտեց ավտոմատի կրակահերթը: Արմենը վեր թռավ և գլուխը դարձրեց կրակոցի ուղղությամբ: Վերև թռավ ու օդում կախվեց ձայնային հրթիռը: Գրեթե միաժամանակ լսվեց սաստկացող դղրդյուն և բզզոց:
– Հարձակվում են գյուղի վրա,- անցավ Արմենի մտքով:
Նա արդեն գիտեր, թե ինչ էր պետք անել: Տանը մնացել էին մայրը, վեցամյա քույրը՝ Թամարան, իննամյա Արսենը և ոտնակոճից վիրավորված բիբին: Պետք էր անմիջապես նրանց տեղափոխել ապաստարան, քանի դեռ չէր սկսվել ռմբակոծությունը: Արմենը շտապով լուսնի լույսի ներքո ստուգեց ավտոմատը և դրեց մուխայի կողքին: Ուղղեց մեջքը, և նույն վայրկյանին հարևան այգում պայթյունի ձայն լսվեց: Դեռ չէր հասցրել արձագանքը տարածվել գյուղում, հետևեց երկրորդը՝ քիչ հեռվում: Այնուհետև երրորդը, չորրորդը…
Արմենը պառկել էր ապաստարանի հատակին և հաշվում էր: Շուրջբոլորը բեկորներ էին թռչում: Պայթյունների ձայնին գումարվում էին ավտոմատների և գնդացիրների կրակահերթերն ու կենտ կրակոցները: Լսվում էին ճիչեր, լաց, տնքոց: Կրակոցներն ու պայթյունները տարածվում էին ամբողջ գյուղի տարածքով:
– Բայց չէ՞ որ այնտեղ, հարևան գյուղի մոտակայքում մենք դիրքեր ունենք: Մի՞թե ազերիները թիկունքից են հարձակվել մեզ վրա, – տենդագին մտածում էր Արմենը:
Ինչպես պարզվեց՝ դրանք պարզապես կրակոցներ չէին: Հարձակում էր:
Հաջորդ վայրկյանին նա վեր կացավ և կքանստած վազեց տան կողմը:
– Արմեն ջան,- լսեց մոր տագնապած ձայնը, և այդ պահին կարծես լուսինն ընկավ տան վրա: Տունը լուսավորվեց աներևակայելի փայլով, ներսում լսվեց խլացնող պայթյուն: Արմենը տեսավ, թե ինչպես թևերը թափահարելով ընկավ մայրը: Ջարդված պատուհաններից երևացին կրակի լեզուները: Նա ճչաց և նետվեց առաջ:
Մայրը բերանքսիվայր ընկած էր: Արմենը նրա թեքեց մեջքի վրա: Ցավի ծամածռություններ էին հայտնվել նրա գեղեցիկ դեմքին: Նա միայն հասցրեց շշնջալ. «Փրկիր երեխաներին»:
Արմենը հասկացավ, որ դա վերջն է: Նա չէր լացում, նա ետ էր վարժվել լաց լինելուց: Ջղայնությունից չէր կարողանում շնչել: Նա երկու անգամ խոր շունչ քաշեց և համբուրեց մորը՝ դեմքը սեղմելով նրա նուրբ, հարազատ պարանոցին:
Բիբին ընկած էր հատակին, անկողնու կողքին: Ճերմակ վարսերը ներկվել էին կարմիր գույնով: Նա մեռած էր: Ննջարանից լսվում էր Թամարի լացի ձայնը: Այնտեղ հնարավոր էր գնալ միայն հյուրասենյակի միջով: Կրակը նոր-նոր բորբոքվել էր և ծուխը շատ էր: Իմանալով որտեղ է գտնվում ննջարանի դուռը, Արմենը փորձեց հասնել այնտեղ:
– Թամար, մի լացիր, ես գալիս եմ: Պառկիր հատակին, մի շարժվիր: Ո՞ւր է Արսենը:
Թամարը չհասցրեց պատասխանել: Արկը պայթեց ննջասենյակում: Արմենը բնազդորեն ընկավ: Երեք վայրկյան նա պառկած էր՝ գլուխը ձեռքերով ծածկած, այնուհետև վեր թռավ և ճիչով, որում հուսահատություն, ցավ և զայրույթ կար, սլացավ ննջարան:
Թամարը լաց էր լինում, զարդասեղանի և աթոռակի մեջտեղի անկյունում սեղմված:
– Մայրի՜կ, որտե՞ղ է մայրիկը: Ես մայրիկին եմ ուզում…
Արմենը գրկեց նրան և փորձեց շոյելով հանգստացնել… Թամարի հետ ամեն ինչ կարգին էր: Արմենը նետվեց անկողնու մոտ, որի մեջ պառկած էր եղբայրը: Արսենը մեռած էր: Ձախ քունքին լճացել էր արյան մեծ մի հետք: Արմենը գրկեց եղբորն ու լաց եղավ: Նրան գիրկն առավ, մոտեցավ Թամարին և արցունքները զսպելով արտաբերեց. «Հենվիր ինձ, պինդ հենվիր և փակիր աչքերդ»: Արսենին դնելով խնձորենու տակ, նա Թամարին տարավ ապաստարան, հրամայեց հանգիստ նստել և ներսուդուրս չանել, ապա վերադարձավ տուն:
Ամբողջ գյուղում մարտեր էին մղվում: Փողոցներով անցնում էին տանկեր և զրահամեքենաներ: Արմենը տեսավ դրանք: Բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր խնձորենու մոտ բերել նաև մորն ու բիբիին. հրդեհը գնալով սաստկանում էր: Նրանց դրեց Արսենի կողքին ու վերադարձավ ապաստարան: Թամարը չէր խոսում, միայն հարցնում էր՝ «Ո՞ւր է մայրիկը»:
– Մայրիկը քնած է: Դու էլ պետք է քնես, չէ՞ որ դու խելացի ես:
Արմենը նրան պառկեցրեց ծղոտի խրձի վրա, փաթաթեց ծածկոցով, որը միշտ պահում էր ապաստարանում:
Իսկ շուրջբոլորը քաոսն էր թագավորում: Գնդացիրների և ավտոմատների կրակահերթեր, ճիչեր, արկերի և նռնակների պայթյուններ, բղավոցներ և շաչյուններ, մետաղի ձայներ, վառվող տներ…
Արմենը մոտեցավ իր զինանոցին և վերցրեց մուխան: Համոզվելով, որ սարքին է, լիցքավորեց: Նայեց Թամարին, մեկ անգամ էլ ուղղեց ծածկոցը և դուրս եկավ ապաստարանից: Տանկերն ու բեէմպեները թափառում էին գյուղի փողոցներում և միաչքանի կիկլոպներ էին հիշեցնում: Նրանք րոպեն մեկ կանգ էին առնում՝ արկը արկի ետևից բաց թողնելով: Արմենն ընտրեց իր թիրախը: Մայրը չէր ճանաչի իր որդուն: Մանկությունը, մոտալուտ պատանեկությունը մոռացության էին տրված: Նա վերածվել էր մի մարդու, որի բոլոր նյարդերը ուղղված էին մեկ ուղղությամբ, մեկ նախասահմանված նպատակի՝ վրեժ լուծել:
Բեէմպե-թիրախի վրա Արմենը նկատեց ավտոմատավորների: Նրանք կրակում էին վառվող տների, դրանցից դուրս վազող մարդկանց վրա: Արմենը թաքնվեց թթենու հաստ բնի ետևում: Սպասելով հարմար պահի, նա նշան բռնեց և շշնջաց՝ բիբիի համար, մայրիկի համար, Արսենչիկի համար… հայրիկի համար նույնպես…
Չնայած մեքենան լավ էր երևում, նա դիպուկ լինելու համար պահեց շունչը և քաշեց ձգանը: Բեէմպեն օդ թռավ: Մուխայի արկը դիպուկ էր եղել, ընթացել էր ճիշտ ուղղությամբ: Օգտվելով խառնաշփոթությունից՝ Արմենն արագ վերադարձավ ապաստարան: Թթենու վրա ցոլում էր կրակի բոցի ստվերը: Վերցնելով ավտոմատը և հեռանալով դեպի թիրախի հեռավոր կետը, նա կրակ բացեց: Սառնասրտորեն դիտում էր, թե ինչպես են ընկնում մարմինները, ինչպես են այդ խառնաշփոթի մեջ ճչում մարդասպանները: Յուրաքանչյուր անգամ ձգանը քաշելիս նա սեղմում էր ծնոտը, և ատամների արանքից դուրս էին թռչում վրեժի բառերը: Հակառակորդը պատասխանեց անկանոն կրակոցներով: Պայթեց նռնակը: Սպառելով փամփուշտները՝ Արմենը կռացած ետ վազեց: Դնելով նոր պահունակ, նա սկսեց փափուշտներ դասավորել նաև նախորդ, արդեն դատարկ պահունակի մեջ: Նրա հայացքն ըկավ Թամարի վրա: Նա քնել էր գրեթե բերանքսիվայր: Նա պպզած վիճակում տենդագին շարունակում էր տեղադրել փամփուշտները՝ նայելով քրոջ խաղաղ դեմքին: Ձախ աչքի փոքրիկ մի մասը ծանրորեն, հակառակ նրա ցանկությանը, կենտրոնացել էր ծածկոցի մուգ կետերի վրա: Նա զգաց, որ երակներում սառում է արյունը: Դանդաղ իջեցնելով աչքերը, նա նայեց արյան հետքին: Այն մուգ կարմիր էր: Դեն նետելով պահունակը՝ նա բացեց ծածկոցը: Եվ անմիջապես, կարծես հազարավոր շամփուրներ մտցնեին մեջքը, նա ցավ զգաց թիկունքին: Չգոռաց: Խեղդվում էր: Շրջվելով՝ նկատեց ապաստարանի մոտ կանգնած մարդկային կերպարանքներ և ամպի մի կտոր լուսնի շուրջը: Նրա գլուխը կախ ընկավ և հպվեց Թամարի մետաքսե վարսերին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *