Ասպրամ Սարատիկյան | Հոգեհաց

Սարատիկյան ԱսպրամԳործող անձիք`

Հայկ-ուսուցիչ ով նոր է վերադարձել պատերազմից
Ղումաշ-Հայկի մայրը
Զանո-Ղումաշի հարևանուհին
Արմեն-Զանոյի տղան
Մարիամ-Հայկի նախկին ընկերուհին
Մուրադ-Մարիամի ամուսինը
Տնօրեն
Աշակերտներ
Հարևաններ
Գյուղի կանայք

 

 

Տեսարան 1
Քարքարոտ ճանապարհով քայլում է մի երիտասարդ. մի ձեռքը կապված է ,վիրավոր է, իսկ մյուս ձեռքում բռնել է ուսպարկ: Լուռ քայլելով հասնում է գյուղի ամենաբարձր կետին, որտեղից երևում է ողջ գյուղը: Տխուր ժպիտով նայում է իր առջև փռված տեսարանին, մի պահ կանգնում է և շարունակում ճանապարհը, իջնում է դեպի ներքև:

Տեսարան 2
Արդեն մայրամուտ է:
Գյուղի քարե տան բակում խաղողի թարմայի տակ դրված է փայտե սեղան, սեղանի երկու կողմերում դրված են կոճղեր, որից մեկը վրա նստած է Ղումաշը, և մաքրում է սկուտեղի վրայի ոսպը, հագին կա մուգ դարչնագույն շրջազգեստ, որի վրայից կապված է սև գոգնոցը, իսկ գլխին կապված է սև գլխաշոր:

Տեսարան 3
Զանոն, հասնելով դռան մոտ, տեսնում է մի բարձրահասակ տղամարդու:

Զանո
-Հա՞յկ
Հայկը ժպտալով պատասխանում է.
-Ես եմ:
Զանոն մոտենալով Հայկին գրկում է,և համբուրում,հետո բացականչելով ասում.
-Ղումաշ աչքդ լույս,էլ ինչ ունես մտածելու.
Ղումաշը ետ է նայում հանկարծակի եկած հայացքով,Հայկը վազում է,իսկ Զանոն գնում է առանց ետ նայելու:

Հայկ
Մամ,ես եմ:
Ղումաշի աչքերը միանգամից լցվում են արցունքներով,դեռ ուշքի չեկած` ամուր և միանգամից գրկում է տղային:

Ղումաշ
Վայ աստված լսեց ձայնս,Հայկ ջան,բալա ջան:
Ղումաշը նկատում է տղայի ձեռքի վիրակապը:
Էս ինչ են արել քեզ,այ բալա:

Հայկ
Ես տանն եմ կարևորը,-ժպտում է և միասին գնում են տուն:

Տեսարան 4
Սենյակում, որտեղ ոչ մի վերանորոգում չկա, երևում են քարե պատերը. ետևի պատին խալի է կախված, դրա դիմաց դրված է փայտե թախտը, իսկ թախտի դիմաց փայտե սեղանը, որի վրա Ղումաշի եփած ոսպով ապուրն է դրված: Սեղանի երկու կողմում դրված են փայտե աթոռներ, մի անկյունում անկողինն է, իսկ սեղանի մոտի մի անկյունում էլ դրված է դարակ, որի վրա վառվում է ճրագը: Մայրը նստած է աթոռին` տղայի դիմաց, տղան՝ թախտին: Նա մի ձեռքով զգուշորեն ուտում է ապուրը, իսկ մայրը նայում է նրան:

Հայկ
Վաղուց չէի կերել, մի տեսակ մանկությունս հիշեցի այս հոտից:

Ղումաշ
Էհ բալես, երբ մանուկ էիր, այս սեղանի շուրջ միայն ես ու դու չէինք, եղբայրներդ ու հայրդ կային… ուրիշ էր, ճաշն էլ էր ուրիշ, ես էլ էի ուրիշ: Հիմա դու ես ինձ մնացել միայն:
Ղումաշը հոգոց է հանում ,և գլուխը հենում ձեռքին:

Տեսարան 5
Առավոտ: Լսվում է աքլորի կանչը: Ճանապարհով «հո-հո» ասելով գնում է հովիվը անասուններն առաջն արած: Երևում է աշնանային մեղմ արևը:

Տեսարան 6
Մայրը բացում է դուռը, գլխաշորը կապելով առաջ է գալիս: Հագին սև գույնի հնամաշ շրջազգեստ՝ քայլում է դեպի քարե աստիճանները: Աստիճանների կողքին դրված է սարից քաղած ավելը, որը այնքան էլ խնամքով չէր կապված, թելերը դուրս էին եկել: Սկսում է թելերը պտտեցնելով ամրացնել, և ավլել քարքարոտ բակը,որտեղ լցվել էին չորացած տերևները:

Տեսարան 7
Մի տղա երեխա վազելով գալիս է ճանապարհով, վազելով հասնում է Հայկենց դռան մոտ և ձայն է տալիս,

Երեխա
Ղումաշ տատի,այ Ղումաշ տատի:
Ղումաշը գլուխը բարձրացնում է:

Ղումաշ
Հա, բալես:

Երեխա
Ղումաշ տատի, նախագահը ձեր տղային իր մոտ է կանչում:

Ղումաշ
Ինչի համա՞ր:

Երեխա
Չգիտեմ, ասաց գամ ասեմ, որ շուտ ներկայանա:

Ղումաշ
Եղավ բալա.

Տեսարան 8
Հայկը թակում է տնօրենի դուռը, ներս է մտնում, տնօրենը նստած ինչ-որ բան է գրում, սենյակում կախված տնային ծաղիկներ են, երկու հնամաշ կիսաներկված աթոռ ու մի հնամաշ սեղան:

Տնօրեն
Արի, Հայկ ջան,
Հայկը առաջ է գալիս

Տնօրեն
Տեսնում եմ պատերազմն այնուամենայնիվ իր հետքը թողել է քեզ վրա, բայց փառք Աստծո ձախդ է, կկարողանաս գրել: Կարծում եմ հասկացար՝ ինչի համար եմ կանչել քեզ:

Հայկ
Դե,մոտավորապես:

Տնօրեն
Տղաս, մեր մաթեմատիկայի ուսուցիչն էլ գնաց պատերազմ, և այդպես էլ չվերադարձավ,

Հայկ (գլուխը կախելով)
Հա, գիտեմ, գիտեմ…

Տնօրեն
Ուզում եմ որ հենց վաղվանից աշխատանքի գաս:

Հայկ
Իհարկե, աշխատանքն ինձ անհրաժեշտ է: (Երկմտելով) Ես դեռ չեմ հասցրել ավարտել կրթությունս ,բայց կուզենայի աշխատել:

Տնօրեն
Կարևորը երեխանների դաստիարակությունն է, իսկ դա դու կարող ես տալ…ես գիտեմ,
Տնօրենը ժպտում է:

Տեսարան 9
Զանոն մազերը գզգզված ափսեներ է լվանում և գոռգոռում է տղայի վրա:

Զանո
Արմեն, դու ինչ տղա ես, տեսնում ես գալն ու աշխատելը մեկ եղավ, իսկ դու,դու ինչացու ես, հորդ կտորն ես: Օրվա հացը հազիվ եք հայթայթում:
Արմենը նիհար և վտիտ մարմինը ցնցելով դուրս է գալիս սենյակից, քայլում է դեպի դուռը, կացինը վերցնում է, որը դրված էր դռան ետևում, և դուրս է գալիս տնից:

Զանո
Գնա, հողեմ գլուխդ, հերդ էլ ա ամբողջ օրը հանդերում կորած:

Տեսարան 10
Հայկը դպրոցում է,երեխաները նստած են ,նրա մի ձեռքը փաթաթած է մյուս ձեռքով թվաբանություն էր գրում գրատախտակին: Նստած են մոտ մի տասնհինգ երեխա:
Երեխաներից մեկը հազիվ տասնհինգ տարեկան տղա,ով հագնված է շատ կոկիկ, նույնիսկ օձիքը օսլայած է, հարց է տալիս:

Աշակերտ
Պարոն վարժապետ իսկ ձեր ձեռքը պատերազմի ժամանա՞կ է վիրավորվել:

Հայկ
Այո, տղաս:

Աշակերտ
Բա, ինչդի՞ էր պետք պատերազմը:

Հայկ
Գիտես որդիս, եթե ոչ ոք չգնա, մենք կկորցնենք մեր հողն ու ջուրը, և ամենավատը՝ մեր անունն ու պատիվը:

Աշակերտ
Իսկ իմ հայրը չի գնացել:

Հայկ
Հետո՞ ինչ, եթե պետք լինի, դու կգնաս, երբ մեծանաս, իսկ հիմա շարունակեք գրել:

Տեսարան 11
Հայկը տրեխներով քայլում է խաշամի վրայով դեպի տուն տանող ճանապարհով: Մի քանի ակնթարթ երևում են, թե նրա կարկատած տրեխները ինչպես են տրորում խաշամը: Լսվում է չորացած տերևների ձայնը:

Տեսարան 11
Աշակերտը հոր հետ փոցխով մաքրում է այգին, հավաքում չորացած տերևներն ու բանջարեղենի չորացած մնացորդներն ու լցնում մի կողմ:

Աշակերտ
Պապ, գիտե՞ս, մեր պարոն վարժապետը ասաց, որ ես չեմ վախենա կռվից, և եթե պետք լինի, ես էլ կգնամ երբ մեծանամ:

Հայր
Իհարկե կգնաս տղաս, իսկական տղամարդը պետք է կռվել իմանա:

Աշակերտ

Իսկ դու ինչու՞ չես գնացել

Հայր
Ե՞ս, ես շատ կուզենայի, բայց այստեղ էլ է տղամարդ պետք: Պետք է մեկը, որ պաշտպանի, և թույլ չտա որևէ մեկին տիրանալ այս մի պատառ հողին :
Տղան ժպտում է, և շարունակում են աշխատել:

Տեսարան 11
Կանայք ջրամաններով կանգնած են մի դարպասի մոտ, հանգստանում են, ջրամանները դրված է նրանց կողքին: Բոլորի հագին շրջազգեստ է, գոգնոցով, մեկի հագին խալաթ է, և մազերը կոկիկ հավաքված են: Նա նիհար է, ընդգծված է նրա գեղեցիկ կազմվածքը, ունի նուրբ դիմագծեր:

Կին 1-ին

Հայկն է:

Կին 2-րդ
Հա,արդեն ուսուցիչ է:

Կին 1-ին
Բա Մարիամ ջան…այ եթե մի քանի ամիս էլ սպասեիր, ուսուցչի կին կդառնայիր և ոչ թե փայտահատի:
Մարիամը գլուխը կախում է:

Մարիամ
Ի՞նչ իմանայի, որ ողջ է, ես նրանից ոչ մի լուր չստացա, ոչ մի նամակ,գոնե մի նամակ:

Հայկ
Բարև ձեզ:

Կանայք միասին
Բարև Հայկ ջան

Հայկը մի պահ նայում է Մարիամին, հետո շարունակում ճանապարհը:Գնալուց հետո կանանցից մեկը փսփսում է:

Կին 3-րդ
Շատ լավ տղա է, Աստված պահի:

Տեսարան 12
Զանոն և Ղումաշը նստած են դրսի սեղանի մոտ:

Զանո
Հայկի աշխատավարձն ինչքա՞ն է:

Ղումաշ
Դե դեռ աշխատավարձ չեն տվել, ի՞նչ իմանանք

Զանո
Ոնց կարա մարդ աշխատի ու չիմանա ինչքան փող է ստանալու,հա դե ինչի պետք ա ասես,կարող ա թալանեմ:

Ղումաշ
Զանո վերջացրու…ինչի՞ պետք ա թաքցնեմ, կտան կտեսնենք, վայ էն էլ Հայկս:

Հայկը դժվարությամբ բացում է դուռը և իջնում դեպի ներքև:

Ղումաշ
Ո՞նց անցավ օրդ

Հայկ
Լավ էր:
Հայկը ժպտալով պատասխանում է:

Տեսարան 13
Առավոտ է , Հայկը արթնանում է ու սկսում հազալ: Ղումաշը թեյ է բերում :

Ղումաշ
Խմի, մրսել ես երևի,տրեխներդ բարակ են:

Հայկ
Կանցնի, այ մամ:

Հայկը խմում է թեյը:

Տեսարան 14
Հայկի կոշիկը պոկվում է ճանապարհին, նա արագ հանում է

Հայկ
Գոնե երեխաները չտեսնեն, դիաման մինչև տուն, քանի դեռ շատ չի պատռվել:
Նա դնում է թևատակին, քայլում է բոբիկ, գուլպաներով: Դուրս գալիս անտառածածկ տարածքից ու հագնում է պոկված տրեխները և հասնում դպրոց: Դասի ժամանակ երեխաներց մեկը նկատում է նրա պոկված տրեխը:

Աշակերտ
Պարոն վարժապետ ձեր տրեխը պոկվել է:

Հայկ
Ոչինչ տղաս:
Նա սկսում է այդ խոսքի վրա կրկին հազալ:
Դուք ավելի լավ է գրեք:

Հնչում է զանգը, երեխաները վազելով դուրս են գալիս, մնում է միայն դարբնի տղան:
Հայկ
Դու ինչու՞ դուրս չէս գալիս, Տիգրան ջան:

Տիգրան

Չգիտեմ:

Նա գլուխը կախ է պատասխանում ու փոքր ինչ տխուր է:

Հայկ
Ինչպես թե չգիտես,ի՞նչ է պատահել

Տիգրան
Ոչինչ ոչինչ
Վերցրու պայուսակդ, և դուրս գանք, կպատմես ճանապարհին:

Տեսարան 15
Նրանք քայլում են ճանապարհով,և զրուցում:Հեռվից երևում են երկուսն էլ,քայլում են դանդաղ,նրանց ձայնի հետ միասին լսվում է նաև չորացած խոտի և տերևների ձայնը որ տրորում են:

Հայկ
Գիտես որդիս, ես շատ կուզենայի իմ հայրն ամեն օր բարկանար ինձ վրա, բայց իմ կողքին լիներ:

Տիգրան
Ինչու՞

Հայկ
Որովհետև ծնողները աշխարհում միակ մարդիկ են, ովքեր պարզապես միակն են քեզ համար: Նրանք կարող են ունենալ ուրիշ եերեխաներ,և բոլոչիդ սիրել հավասարաչափ,բայց դու ուրիշ ծնողներ չես գտնի որոնց սիրես նույնկերպ ինչպես հարազատ ծնողներիդ:

Հայկը ժպտալով շոյում է տղայի գլուխը,տղան նույնպես ժպտում է,շարունակում են քայլել:

Տեսարան 15
Հայկը պառկած է, անընդհատ հազում է :Մայրը նրա համար թեյ է բերում:

Ղումաշ
Խմի, մի հովացրու, տաք-տաք խմի, թող անցնի, վաղը կարող ա դասի չգնաս:

Հայկ
Չէ մամ, չեմ կարող,երեխաները ինձ են սպասում ո±նց չգնամ

Ղումաշ
Դե խմի բալա, խմի:

Հայկը շարունակում է հազալ:

Տեսարան 16
Առավոտ: Զանոն անփույթ արտաքինով, ավելը ձեռքին կատաղած ավլում է բակը:Հայկը դուրս է գալիս հազալով, իջնում է աստիճաններով, նկատելով Զանոյին ասում է:
Հայկ
Բարև,Զանո նան:
Զանո
Բարև, Հայկ, էդ հիվա՞նդ ես:
Հայկ
Հա մի քիչ էլի:
Ժպտալով պատասխանում է Հայկը և դուրս գալիս բակից դեպի դուռը: Զանոն գոռում է:
Զանո
Տո ինչնե՞րդ ա պակաս որ հիվանդ եք, թողես մենակ բողոքեն:
Նա ջղայնացած ավելն ավելի ուժգին է քսում գետնին:
Ըհը, հիվանդ ա բայց գնում ա ու աշխատմ ա, ոչ թե իմ ոչուփուչի պես քնում ա էս ժամին:
Տեսարան 17
Դասարանում նստած են երեխաները, նրանցից մեկը լացում է, ուսուցիչը մտնում է ներս և զարմացած հարցնում
Հայկ
Ի՞նչ է կատարվում, ինչու՞ ես լաց լինում:

Աղջիկներից մեկը կանգնում է. թմբլիկ է, մազերը ձիգ հավաքված,կարմիր այտերով,ինչպիսին միշտ լինում են դասարանի բամբասկոտ աղջիկները: Նա գլուխը բարձր պատմում է:
Աշակերտուհի
Պարոն վարժապետ կռիվ էին անում էս երկուսը,(և մատով ցույց է տալիս տղաներից մեկին):
Հայկ
Ես քեզ չէի հարցնում աղջիկս, նստիր, դու կանգնիր.
Աշակերտը աչքերը սրբելով կանգնում է
Լսում եմ, խոսիր:
Աշակերտը գլուխը կախ ուսերն է ցնցում, չիմանալով ինչ ասել աղջիկը կանգնում է կրկին:
Աշակերտուհի
Արտակը Արմենի թանաքամանը շրջել է Արմենի շալվարի վրա:
Աշակերտ
Ես էս մի շալվարն ունեմ ընդամենը…
Նա սկսում է հոնգուր հոնգուր լաց լինել: Հայկի հայացքը Արմենի թանաքոտ տաբատի վրա է:
Հայկ
Արտակ վաղը Արմենը նոր տաբատով պիտի գա դպրոց,գնա և ծնողներիդ ասա` ինչ ես արել,թե չէ ես կասեմ, սպասում եմ վաղվան:

Արտակը գլուխը կախում է:
Հայկ
Իսկ հիմա նստեք:
Խիստ ձայնով ասում է ուսուցիչը:
Հանեք թղթերը:
Աշակերտները տեղավորվում են:
Տեսարան 17
Հայկը քայլում է ճանապարհով և հանկարծակի հանդիպում է Մարիամին:Մարիամը նկատելով Հայկին` հայացքը փախցնում է, և քայլերն արագացնում:
Հայկը նրա ետևից ,Մարիամը նկատելով սկսում է վազել: Հայկը նրա ետևից,հասնում է,քաշում թևից և կանգնեցնում:
Հայկ
Սպասի
Մարիամ
Թող, Մուրադը կտեսնի,թող Հայկ:
Հայկը քաշում է ձեռքը:
Մարիամ
Կներես, կներես ինձ.

Մարիամը գլուխը կախել է ,արցունքախառն աչքերը գետնին է հառել: Նա գլուխը թեքում է և հեռանում: Հայկը մնում է կանգնած:
Տեսարան 18

Տան մի սենյակում, որտեղ վառվում է վառարանը, վրան դրված է թեյնիկը: Լսվում է թեյնիկի սուլոցը: Մայրը մոտենում է՝ բացում է թեյնիկի կափարիչը, և մեջը լցնում է մի բուռ մասուր փակում կափարիչը, թեյնիկը շարունակում է սուլալով եռալ:Հայկը դանդաղ քայլերով գալիս է, և մոտենում թախտին:
Ղումաշ
Դուրս չես գալի՞ս, բալա
Հայկ
Տաք չայ բեր էլի մամ:
Հայկը նստած թեյ է խմում, հիշում է: Մարիամը թափված մազերով, հագին թափանցիկ երկարափեշ ծաղկավոր շրջազգեստ, որ գրկել է նրա մարմինը և ընդգծում է նրա գեղեցկությունը, կանգնած է Հայկի դիմաց: Հայկը ավելի երիտասրդ է երևում առանց մորուքի:
Հայկ
Կսպասես ինձ
Մարիամ
Կսպասեմ:
Լացակումած աչքերով Մարիամը գրկում է Հայկին:
Հայկը թարթում է աչքերը, մի կում խմում է մոր պատրաստած մասուրով թեյից
հետո կրկին բաժակը դնում սեղանին,: Աչքի առաջ է գալիս մի խումբ կանանց մեջ կանգնած ամոթխած հայացքով իրեն նայող արդեն ուրիշի կին դարձած Մարիամը:

Տեսարան 19
Հայկը դպրոցում է, աշակերտները նստած են: Նրանց մեջ են նաև Արտակն ու Արմենը: Հայկը գրասեղանին շուրջ նստած մատյան է լրացնում, մի պահ գլուխը բարձրացնում է և ասում .
Հայկ
Կանգնիր, Արմեն:

Արմենը համեստորեն ժպտալով կանգնում է, երևում է նրա նոր տաբատը:
Ապրես, Արտակ, կանե՞ս այլևս նման բան.
Արտակ
Ոչ:
Արտակը ամաչելով հայացքը փախցնում է ու գլուխը կախում:
Հայկ
Նստեք երկուսդ էլ:

Տեսարան 20
Հայկը քայլում է խաշամի վրայով,որ արդեն պատված է եղյամով.գուլպաներով է,տրեխները թևատակին են, քայլում է սփրթնած, գունատ, անընդհատ լսվում է նրա հազի ձայնը: Երևում են կանաչ և դեղին թելով գործված գուլապները, որոնք տրորելով չոր և եղյամոտ խաշամը առաջ են գնում:
Մի ծերունի կացինը ձեռքին փայտ է կտրում,քիչ հեռու կանգնած է սայլին լծած ավանակը` ավանակը կապված է ծառին: Հայկի քայլերը մոտենում են ծերունուն: Ծերունին կացինով փայտ է կտրում,հանկարծակի լսում է հազի ձայնը ,գլուխը թեքում է,առաջ է շարժվում տեսնելու համար թե ով է:
Ծերունի
Հայկ,այ Հայկ
Հայկը ետ է շրջվում, շնչահեղձ լինելով պատասխանում է
Հա ,
Ծերունին առաջ է գալիս.
Ծերունի
Էս տրեխներդ ինչի՞ են թևատակիդ, էս ինչ օրի ես այ բալա, արի նստի,նստի սայլը կտանեմ տուն:
Հայկ
-Դե պոկվում էին, մտածեցի գոնե մինչև վաղը հագնեմ, վաղվանից արձակուրդներ են,-շնչակտուր պատասխանում է տղան:

Ծերունի
Աստված Ալխանանաց մենակ խելք ա տվել, դրա համար էլ էդ օրին եք, մի թիքա բախտ տար ,խելքն ի՞նչ էիք անում : (գլուխը շուռ ու մուռ տալով)Ղաչաղ հերդ էնտեղ գնաց, չեկավ ,ախպերներդ դեռ չեն եկել, ի՞նչ անի խեղճ Ղումաշը:
Հայկը տխուր աչքերով ու հոգոց հանելով պատասխանում է:
Հայկ
Դե էդ էլ մեր բախտն ա երևի:
Հայկը նստած է սայլի մեջ,իսկ ծերունին ավանակի վրա:Նա տխուր հայացքով նայում է իր առաջ բացվող գյուղին կարոտով:

Տեսարան 21
Ղումաշը տանը նստած ոսպ է մաքրում,և հանկարծակի ներս է խուժում Զանոն:
Զանո
Աղջի Ղումաշ, ճի՞շտ ա, որ Հայկը թոքախտ ա:
Ղումաշը մի պահ լռում է:
Ղումաշ
Եկել ես աչքալուսանք անես, Զանո՞:
Զանո Դե չէ ուղակի լսել եմ, որ խելքը ետ ա տվել. էնքան բոբիկ ման ա եկել, մրսել ա ու թոքախտ ընկել:
Ղումաշ Զանո, մտածու՞մ ես ինչ ես ասում, խելքը ետ տված մարդը ուսուցիչ կաշխատի՞:
Զանոն քմծիծաղով և արհամարական պատասխանում է:
Զանո
Ի՞նչ իմանամ…Ղումաշ, էս ոսպիցդ մի քիչ էլ ինձ տուր էլի,Արմենը բան չի կերել էսօր տանեմ եփեմ թող ուտի, մեղք ա խեղճ երեխես:
Ղումաշը տխուր և հոգնած հայացքը վեր բարձրացնելով պատասխանում է:
Ղումաշ
Արի հավքի գոգնոցիդ փեշը:
Զանոն առաջ է գալիս, բացում գոգնոցի փեշը և Ղումաշը ուղիղ կեսը լցնում է Զանոյի գոգնոցի մեջ:
Զանո
Ապրես Ղումաշ ջան, գնամ:
Զանոն ձևական շնորհակալություն է հայտնում և դուրս գալիս:

Տեսարան 22
Սայլը մոտենում է Հայկենց տանը: Զանոն մի պահ կանգ է առնում, սպասում մինչը տեղ հասնեն: Հայկը իջնում է սայլից:
Հայկ
Ապրես պապի, ապրես շատ:
Ծերունի
Գնա գնա տուն, թող Ղումաշը խնամի քեզ:
Ծերունին ասում է և ավանակին քշում առաջ: Առաջ է գալիս Զանոն:
Զանո
Էս արդեն պատիվդ էնքան ա բարձրացել ավանակով ես ման գալի, Հա՞ :
Հայկ
Իմ պատիվը միշտ էլ բարձր է եղել:
Հայկը պատասխանում է և իջնում դեպի տուն: Բացում է դուռը, Ղումաշն ընդառաջ է գալիս:

Տեսարան 23
Լուսաբաց: Գյուղական տան բակ, որտեղ հողին թափված եմ աշնանային կիսաչոր տերևներ: Քամին, թափահարելով ծառի տերևները, շաղ է տալիս այս ու այն կողմ:
Մարիամը բացում է քարե տան փայտե դռնակը, դուրս է գալիս տնից,երկնագույն երկար խալաթով.ամուսինը նրա ետևից կանչում է :
Մուրադ
Էդ ո՞ւմ համար ես բերել էդ տրեխները, ո՞ւմ ես տալու:
Մարիամ
Մուրադ կամաց:
Նրանք կանգնած են ծառի տակ, իսկ ծառի վրայից տերևները թափվում են դանդաղ:
Մարիամ
Մուրադ…
Մուրադ (խիստ ձայնով)
Ասա:
Մարիամի խարտյաշ մազերը թափված է ուսերին. Կիսաթաց աչքերով լուռ նայում է ամուսնուն:
Մարիամ Մուրադ, էդ տրեխները մերոնց տանից եմ բերել, եղբորս տրեխներն են:
Մուրադ
Եղբայրդ որ գա, ի՞նչ ա հագնելու: Ես ունեմ էլի, լավ վատ հագնում եմ, ինչի՞ ես բերել:
Մարիամը կախում է գլուխը, ամուսինը նայում է նրան և հարցական հայացքով բարձրացնում գլուխը:
Մարիամ
Մուրադ քեզ համար չեմ բերել, Հայկի համար եմ բերել,,,
Մուրադը ձեռքով ամուր բռնում է Մարիամի թևից:
Մուրադ
Ինչի՞:
Մարիամ
Ես տեսա… նա գունատ էր, տխուր, հիվանդ, իսկ ոտքերը համարյա գետնին էին:
Վերջին խոսքերն ասելիս աչքերից արցունքներ են գնում: Մուրադը գրկում է նրան:
Մուրադ
Ես կտանեմ, գիտեմ, գիտեմ նրանց վիճակը:

Տեսարան 24
Մուրադը քայլում է դեպի Հայկենց տուն տանող ճանապարհով, մոտենում է նրանց բակի փայտե դռնակին, բացում դռնակը, տրեխները մի կտորե տոպրակի մեջ փաթաթած դնում նրանց դռնից ներս, հետո լուռ հեռանում:

Տեսարան 25
Զանոն ճանապարհից պատահաբար նկատում է, որ ինչ որ մեկը բան է դնում Ղումաշենց բակում: Սպասում է Մուրադը հեռանա, հետո ինքն է մոտենում, գալիս բացում է դուռը, վերցնում է տոպրակը: Նա բացում է ու նայում,հետո կրկին փաթաթում դնում գոգնոցի մեջ, և չորսկողմը նայելով հեռանում է:

Տեսարան 26
Հայկը պառկած է անկողնու մեջ, պոկված տրեխները դրված են նրա անկողնու տակ:
Վառարանը հազիվ վառվում է, լսվում է թեյնիկի թույլ սուլոցը: Հայկի անկողնու մոտ դրված է մի փայտյա աթոռ, որի վրա էլ վարդագույնի նմանվող թեյ: Զանոյի տղա Արմենը ցախը շալակած գալիս է դեպի Ղումաշենց դուռը, նա անընդհատ չորսկողմն է նայում,վախվորած հայացքով:
Ղումաշը նստած է Հայկի կողքին որդու ձեռքը բռնած, հանկարծ մեկը կամացուկ ձայն է տալիս:
Ղումաշ նան,այ Ղումաշ նան.
Ղումաշը բացում է դուռը, տեսնում է ընդառաջ եկող Արմենին:
Ղումաշ
Ասա Արմեն ջան, Զանոն ա ուղարկե՞լ:
Արմեն
Չէ Զանոն չգիտի որ եկել եմ, էս ցախը ձեր համար եմ բերել, գիտեմ՝ Հայկը հիվանդ ա:
Ղումաշ
Ինչի ես չարչարվել այ բալա,բայց շատ գոհ ու շնորհակալ եմ
Արմեն
Հայկն էլ նույնը կաներ, շնորհակալության կարիք չկա:
Արմենը հպարտ հայացքով նայում Ղումաշին:
Ղումաշ
Ներս արի էլի, Արմեն ջան:
Արմենը առաջ է գալիս ու մտնում ներս:
Ղումաշ
Հայկն էլ կուրախանա, կխոսեք կթեթևանա:
Արմեն
Հա, Ղումաշ նանի:
Արմենը մտնում է սենյակ: Հայկը նկատելով նրան միանգամից ժպտում է, փորձում է գլուխը բարձրացնել: Ղումաշն առաջ է գալիս, արագ բարձը բարձրացնում, որ տղան նստի և հենվի բարձին:
Արմեն
Այ ընկեր, էս խ±ի ես հիվանդացե՞լ: Բա քեզ կարելի է՞ հիվանդանալ:
Հայկ
Է դե մրսել եմ էլի կանցնի, արի,առաջ արի:
Արմենը մոտենում է Հայկին գրկում են իրար,այդ ընթացքում Ղումաշը հասցնում է աթոռ բերել, որ Արմենը նստի Հայկի կողքին:
Ղումաշ
Նստի Արմեն ջան, գնամ քեզ էլ թեյ բերեմ, Հայկս արդեն խմել ա, մի անգամ էլ երկուսով խմեք:
Արմեն
Հա եթե Հայկը կխմի ես էլ կխմեմ
Հայկ
Հա բա ոնց:
Ղումաշը թեյ է լցնում, սրբում է լացակումած աչքերը, վերցնում է սկուտեղը, որի վրա դրված են թեյի երկու տարբեր բաժակներ, և մի ափսեյի մեջ չորացած սալորի չիր: Տղաները զրուցում են այդ ընթացքում Ղումաշը սկուտեղը ձեռքին մտնում է ներս:
Արմեն
Հայկ բա հիշում ես որ փոքր ժամամանկ գնացել էինք իրար հետ Փայտասարի տակի քարանձավը… Հետո մերոնք եկան` ծեծելով հետ բերին:
Արմենը քահ քահ ծիծաղում է ,նրա ծիծաղի վրա Հայկն էլ է սկսում ծիծաղել, իսկ ծիծաղը վերածվում է հազի:
Արմեն
Վայ Հայկ, էդ ինչ եղար:
Արագ կանգնում է տեղից սկսում խփել Հայկի մեջքին,Հայկը ուշքի է գալիս,ներս է մտնում Ղումաշը.
Ղումաշ
Հայկ ջան ի՞նչ եղար
Այդ խոսքի վրա լսվում է Զանոյի ձայնը.
Զանո
Ղումաշ այ Ղումաշ
Ղումաշը դուրս է գալիս:
Զանո
Կարող ա Արմենը ձեր տանը լինի՞:
Կողքի է շրջվում և տեսնում ցախը, որ Արմենն էր բերել: Ղումաշը չի հասցնում հարցին պատասխանել, երբ հնչում է հերթական հարցը:
Իյաա, աղջի էս ցախն էս ովա բերել:
Ղումաշ
Արմենն ա բերել Զանո ջան, մեր տանն ա, Հայկիս հետ թեյ են խմում,դու էլ արի:
Զանոն առաջ է գալիս: Այդ ընթացքում Արմենն ու Հայկը զրուցում են,Հայկը նկատում է Արմենի նոր տրեխները , որ Մարիամն էր իրեն ուղարկել:
Հայկ
Ինչ էլ լավ տրեխներ են, Արմեն ջան, տաք էլ կլինեն:
Արմեն
Հա մաման ա գտել, տոպրակով մեր դռան դիմաց է դրված եղել:
Մինչ Արմենը հիանում էր իր նոր տրեխներով առաջ են գալիս Ղումաշն ու Զանոն:
Արմենը տեսնելով մորը ժպիտը մի պահ խամրում է: Զանոն կեղծ ժպիտով է խոսում:
Զանո Հայկ ջան, տեսնու՞մ ես ինչ ախպեր ունես, գնացել ,ցախ ա հավաքել քո փոխարեն:
Հեգնական ժպիտը ուղղում է դեպի Ղումաշը:
Հայկ
Հա Զանո նան, էսա ոտքի կանգնեմ, ձեր լավության տակից դուրս կգամ:
Զանո
Չէ, ի±նչ լավություն, մեծ բան չի:
Կրկին նույն տոնայնությամբ պատասխանում է Զանոն: Արմենը անհանգիստ նստած է և որպեսզի դուրս գան անհարմար իրավիճակից դողացող ձայնով արձագանքում է:
Արմեն
Մամ, Հայկը նոր տրեխներիցս էր հարցնում, ասում ես՝ որտեղի՞ց գտար:
Զանոն մինագամից փոխում է դեմքի արտահայտությունը.
Մեր դռան դիմաց վեր ընկած էր, որտեղից պետք ա գտնեի՞:
Ղումաշ
Տեսնես էդ ո՞վ ա եղել էդ բարեկեանդանը, որ թազա տրեխները բերել ա ու թողել գնացել.
Զանո
Հա ես էլ եմ մտածում բայց չեմ կարողանում հասկանալ:
Զանոն կատաղած վեր է թռչում տեղից:
Դե վեր կաց, Արմեն, գնացինք:
Արմենը տեղից վեր է կենում և երկուսով դուրս են գալիս: Արմենը առաջ է ընկնում, խուափում է մորից: Տան ճամփին Զանոն սկսում է անիծել:
Զանո
Քո ինչ գործն է թե որտեղից…քեզ թողնեն ամեն եթիմի համար ցախ հավաքելու կգնաս:
Արմենը քայլերն արագացնում է, մայրը նրա ետևից փնթփնթում է:
Տեսարան 27
Անձրև, ամպամած երկինք: Հայկենց տան պատշգամբից երևում է դիմացի սարը,որի գագաթը ամբողջությամբ պատված է մշուշով: Սաստիկ անձրև է սկսվում, լսվում է ամպրոպի ձայնը,այգու ծառերի գույնզգույն տերևները անձրևի նման թափվում են հողին:
Տեսարան 28
Մարիամենց բակը: Նույն ուժգնությամբ գալիս է անձրևը,նույն ուժգնությամբ թափվում է նրանց բակի միակ ծառի` թթենու չորացած տերևները:
Երևում է դեպի բակը նայող պատուհանը,պատուհանից ներս կանգնած է Մարիամը,անձրևի կաթիլները այնքան ուժեղ են խփում պատուհանին որ նրա դեմքը հազիվ է նշմարվում:Նա լուռ նայում է դեպի դուրս:

Տեսարան 29
Հայկի սենյակը: Անձրևը նույն ուժգնությամբ թակում է նրա սենյակի միակ պատուհանը: Հայկը պառկած խոսում է:
Հայկ
Մարիամ, տեսնես ինձ հիշու՞մ ես:
Նույն պահին նրա հազի հետ միաժամանակ ամպրոպն ավելի է ուժգնանում: Ղումաշը արագ արագ անձրևի տակից հավաքում է Արմենի բերած ցախը և լցնում պատշգամբ, նա ամբողջովին թրջված է:

Տեսարան 30
Զանոն նստած է իր տանը, վառարանի մոտ իր հարևաններից մեկի հետ: Սենյակում ծայրահեղ աղքատություն է, միայն վառարանն է, որ ճտճտալով վառվում է, մի անկողին, մի թախտ, բետոնե հատակ, վառարանի վրա դրված է կաթսայատիպ թաս, որի մեջ խլթփլթալով ինչ որ բան է եփում: Նրանք նստած են փայտե կոճղերի վրա:
Հարևանուհու գլխին նույնպես գլխաշոր է կապված, նա էլ է գոգնոցով. իսկ գոգնոցի տակից կախված է նրա շրջազգեստի փեշը, որի վրա կլորավուն բացվածք կա, նման է կրակի այրածի: Հագուստը մաքուր չէ, տեղ- տեղ երևում են սննդից մնացած հետքեր:
Վարդուշ
Զանո ես գնամ, հալիվորը էսա թրջված հանդիցը կգա,գնամ կրակը վառեմ,հաց դնեմ որ ուտի.
Զանո
Հա կգնաս էլի, էս անձրևին ուր ես գնում, լավ ա քո հալիվորը հանդն էլ ա գնում ա,իմը իսկի չգիտեմ ուր ա,հանդը գնացող մարդը կարա գա կրակ էլ վառի:
Վարդուշ
Հա դե էդ էլ ես ճիշտ ասում, բա էս Ղումաշի տղայից ինչ կա,ասում են հիվանդ ա:
Զանո
Ամեն օր էլ գնում եմ, ձեռքիցս ինչ գալիս ա, անում եմ, Վարդուշ ջան: Երեկ էլ Արմենիս ասի՝ գնաց մի քանի խտիտ փետ բերեց դրանց համար, հետո ինչ՝ մեջը փուչ օխտը հատիկ,մի հատ շնորհակալություն էլ չասին:
Վարդուշ
Տո չէ հա այ Զանո, Ղումաշը նամուսով կնիկա,հնարավոր չի
Զանո
Է ,բոլորն են ասում, բայց հո ես եմ հետները հարևանություն անում, էնա տղեն ես ըսկի չեմ էլ հավատում որ լուրջ հիվանդ ա, դիտավորյալ ա սուտամեռուկի տվել որ դպրոցից առանց աշխատելու փող ստանա որպես հիվանդ ուսուցիչ:
Վարդուշ
Այ Զանո, էդ ինչ օրենքներ ես քեզնից հորինում, որտեղ ա գրած որ հիվանդ ուսուցիչը փող ստանա անաշխատանք:
Վարդուշը վրդովված խոսում է, իսկ Զանոն արհամարհական ժպտում է և մատը թափ տալով պատասխանում:
Զանո
Տո դու ի՞նչ ես հասկանում գիր ու գրականությունից, որ ասում եմ՝ ուրեմն էդպես ա:
Վարդուշ
Լավ-լավ Զանո, քո ասածն ա… անձրևը ոնց որ կտրվեց, ես գնացի:

Զանո
Դե էնա արի իրար հետ դուրս գանք.ես էլ գնամ Ղումաշենց տուն, տեսնեմ պակաս պռատ ինչ կա,ինչով կարամ օգնեմ:
Երկուսով դուրս են գալիս սենյակից:
Գյուղի նեղլիկ կածան, որտեղով քալում են Զանոն և Վարդուշը: Զանոն երկարաճիտ ,վերևի մասը պատռված ռեզինե կոշիկներով,Վարդուշի հագին նմանատիպ կոշիկանման բան:
Հեռվից քիչ քիչ մոտենում են Ղումաշենց տանը:Լսվում է նրանց ձայնը:
Վարդուշ
Էս վերջերս մահն էնքանա շատացել այ Զանո,մարդիկ արդեն իրենց մեռելին չեն ուզում թաղեն.
Զանո
Էդ խի, բա հո չե՞ն պահելու
Վարդուշ
Դե չէ, ուղղակի հոգեհաց չեն կարողանում տալ մարդկանց, ո±վ էր տեսել էսպես բան,մինչև քառասունմեկ թիվը,երբ ա անցնելու էս տարին: Վաղն էլ թաղում կա գյուղում, էն անտառապահ Հովիկի տղան ա մահացել, ասում են դռնեդուռ են ընկել, որ մեկը մի բան տա, երեսներով տան սևերես չմնան, ոչ մսացու կա, ոչ հաց:
Զանո
Հոգեհացն ում ա պետք այ Վարդուշ, մարդը մեռավ գնաց, էլ ուտես չուտես մեկ ա, հո հետ չի գալու:
Վարդուշ
Դե ադաթա էլի, ես շատ գիտեմ:
Նրանք մոտենում են Ղումաշենց դռանը և այնտեղ բաժանվում: Զանոն բացում է փայտե դռնակը և ներս մտնում, իսկ Վարդուշը շարունակում է ճանապարհը:
Տեսարան 31
Ղումաշը նստած է պատշգամբում, որտեղ ձախ կողմի վրա պատի մեջ բուխարի կա,և վառվում է կրակը,Զանոն բարձրանում է աստիճաններով և նկատում է նաև Հայկին ով փաթաթվել է տաք վերմակով և նստել բուխարու կողքին:
Զանո
Հը մաքուր օդի եք դուրս եկե՞լ:
Ղումաշ
Հա Զանո, Հայկս ինքն է վառել կրակը
Զանո
Մտքի մեջ « Հա հո դու չես բերել, որ խնայողաբար վառես, խալխը ձեր նոքարն ա»:
Հաա, հա մաքուր օդը պետք ա, մանավանդ անձրևից հետո,Ղումաշ բա իմացա±ր…
Այս ասելիս Զանոն առաջ է գալիս:
Ղումաշ
Ինչը՞:
Զանո
Անտառապահ Հովիկի տղան ա մահացել:
Ղումաշի դեմքն միանգամից անհանգիստ տեսք է ստանում, նա խղճահարված հայացքով խոսում է:
Ղումաշ Հըըը, ինչի այ Զանո, ինչից ա մահացել,ափսոս էր, ջահել ջիվան…
Զանո Չգիտեմ Ղումաշ ջան: Նոր Վարդուշն ասաց, ըսկի միտք չարի հարցնեմ ինչից, ասեց չգիտեն ինչ անեն, որ խայտառակ չլինեն,հոգեհացի համար..
Ղումաշ Ես մի խան գարու ալյուր ունեմ նեղ օրվա պահած, կտանեմ կտամ:
Զանո Սրանից էլ նեղ օր, ինչիդ ա պետք,հո մեռելը հետ չի գալու քո ալյուրից, ոչ էլ տար:
Ղումաշ
Զանո Հայկիս տարիքին ա:

Հանկարծակի միջամտում է Հայկը, ով բուխարու մոտ նստած թեյ է խմում:
Հայկ
Մամ, տուր ես կտանեմ
Ղումաշ
Չէ, բալա, դու էդ վիճակին …ես կգնամ:
Հայկ
Քեզ սազական չի .. կտանեմ, համ էլ քանի լավ եմ զգում, կքայլեմ մի քիչ…
Զանո
Էտա, մեկդ մեկիցդ անխելք եք:

Տեսարան 32
Հայկը նստած է, հագին գուլպաներ են, վրայից փաթաթում է ցելաֆան,և հագնում իր հին, մաշված տրեխները: Հագնվում է, վերցնում տոպրակը և դուրս գալիս տնից:
Ղումաշ
Կամաց կքայլես Հայկ ջան, հանկարծ շունչդ չկտրվի:
Հայկ
Եղավ:

Տեսարան 33
Հայկը տոպրակը ձեռքին դուրս է գալիս տնից և կածանով քայլում դեպի ճանապարհը: Նա հիացմունքով նայում է դեպի իր առաջ բացվող ճանապարհը, որը կիսաամպամած էր: Հայկի աչքերը տխուր են ,արցունքախառն, իսկ դեմքին ու շուրթերին ժպիտ է նշմարվում: Դանդաղ քայլում է, հանկարծ ճանապարհին հանդիպում են նրա աշակերտներից, ովքեր կանգնած էին ճանապարհի մի կողմում ու խոսում էին: Նկատելով Հայկին, միանգամից առաջ են գալիս, միասին կանչում:
Վայ ընկեր Հայկը…

Աշակերտ 1-ին
Ընկեր Հայկ, տվեք օգնեմ:
Հայկի դեմքը միանգամից ժպիտով է լուսավորվում, բոլորը մոտենում են համբուրում սիրելի ուսուցչին:
Աշակերտ 2-րդ
Ընկեր Հայկ, բա ե՞րբ եք դպրոց գալու… արձակուրդը վերջացավ,իսկ դուք չեք գալիս:
Հայկ
Նախ սկսենք այնտեղից թե դուք ինչ եք անում այստեղ,ձեր ծնողները տեղյակ են որ հասել եք կողքի գյուղ:
Մի քանիսը միանգամից լռում են ,մեկ էլ հանկարծ մեկը միանգամից պատասխանում է:
Աշակերտ 3-րդ
Մենք արդեն մեծ տղերք ենք, համ էլ մերոնք են ինձ ուղարկել …իրենք էլ ինձ հետ են եկել:
Հայկը ժպտում է:
Հայկ
Իսկ ինչի՞ համար եք եկել:
Աշակերտ 3-րդ
Գյուղից մերոնք մսացու էին մորթել, մի քիչ հայրս տվեց, ուղարկեց անտառապահ Հովիկենց տուն, ծանր էր, հո մենակ չէի բերելու:
Հայկը գլուխը կախում է, աչքերը ներքև է հառում ու խոսում տխուր ձայնով:
Հայկ
Ապրեք, ապրեք բոլորդ էլ: Ես էլ եմ այնտեղ գնում;
Աշակերտ 2-րդ
Ընկեր Հայկ, բա ե՞րբ եք դպրոց գալու:
Հայկ (ժպտալով)
Հենց ապաքինվեմ, առաջին իսկ օրը գալու եմ, ձեզ շատ եմ կարոտում:
Աշակերտները միասին
Մենք էլ ձեզ:
Հայկ
Դե գնացեք գնացեք տուն, ուշ է արդեն, համ էլ ցուրտ, ես էլ գնամ :
Հայկը հրաժեշտ է տալիս աշակերտներին և գնում առաջ:

Տեսարան 34
Հովիկենց տունը: Դարպասից դուրս կանգնած են տղամարդիկ, Հայկը մոտենում է լուռ,տոպրակը դնում գետնին, ձեռքով բարևում տղամարդկանց, հետո մոտենում Հովիկին,ով աչքերը կարմրած կանգնած է տղամարդկանց մեջ: Հայկը կամաց նրան էլ է ձեռքով բարևում :
Հետո իջնում դեպի ներքև,տնից կանացի լացի ձայներ են լսվում,նա տուն չի մտնում, մուտքի մոտ մի կնոջ է հանդիպում:
Կին
Վայ այ բալա. դու էս վիճակին ու±ր ես եկել:
Հայկ
Մարուս տատի ձեզնից վատ հո չե՞մ,խնդրում եմ ընդունի էս փոքր օգնությունը:
Մարուսը միանգամից սկսում է բարձրաձայն լացել:
Կին
Վայ էս ինչ տղա ես դու, այ բալա,էս ինչ տղա ես դու:
Հայկին գրկում է ամուր ու բաց չի թողնում,մինչև նա չի սկսում հազել:
Արի գնանք էն կողքի սենյակ թեյ սարքեմ, խմի:
Հայկ
Չէ չէ, ավելի լավ ա ես տուն գնամ:
Նա բռնում է Մարուս տատի ձեռքից, կարեկցական հայացքով նայում նրա լացակումած աչքերին շրջվում և դուրս գալիս:

Տեսարան 35
Հայկը դանդաղ բարձրանում է դիք ճանապարհով, Մարիամը գալիս է նրան դիմացից:
Երկուսն էլ հայացքով նկատում են միմյանց: Մարիամը մի ակնթարթ կանգ է առնում, հետո նորից սկսում իջնել դեպի ներքև, իսկ Հայկը շունչը կտրվելով բարձրանում է դեպի վերև:
Մարիամը ուշադիր նայում է նրան, հետո հայացքն իջեցնելով նկատում է Հայկի հին տրեխները: Նրանք մոտենում են իրար, Մարիամը չի փորձում կանգնել: Հայկը բարևում է:
Հայկ
Բարև Մարիամ, ինչպե՞ս ես:
Մարիամը գլուխը թեթևակի բարձրացնելով պատասխանում է:
Մարիամ
Լավ եմ:

Հայկը
Փորձում ես արհամարե՞լ:
Մարիամ
Փորձում եմ չնկատել արհամարանքդ…
Հայկ
Ինչպես թե, ինչ արհամարանք:
Մարիամ
Ես քեզ համար Մուրադի հետ տոպրակ էի ուղարկել,դրել էր դռան տակ,մի մեծ բան չէր, ճիշտ է մ իքիչ հին,բայց ամուր տրեխներ էին, իսկ դու արհամարհել ես…ու չես հագել:

Հայկը մի պահ լռում է: Հետո հիշում է Արմենին, երբ նոր տրեխներով իրենց տուն մտավ և ասաեց, որ մայրն է գտել:
Մարիամ
Ինչու՞:
Հայկ
Երևի շներն են տոպրակը քարշ տվել Զանոյի տուն:
Մարիամ
Ինչպե՞ս թե…Ի՞նչ շներ:
Հայկ
Շնորհակալ եմ, շները տրեխ շատ են սիրում…

Մարիամի աչքերը լցվում են արցունքներվ:
Հայկը ժպտում է, մոտենում Մարիամին համբուրում ճակատը, թեքում գլուխը դանդաղ, և առանց ետ նայելու բարձրանում դեպի վեր:
Մարիամը մնում է տեղում կանգնած մի քանի վայրկյան, կիսահավաքված մազերը քամին այս ու այն կողմ է տանում, երկար շորի փեշը քամուց խճճվում է դույլի կողքից դուրս ցցված երկաթին հետ: Մարիամը առանձնացնում է փեշը, և իջնում դեպի ներքև:

Տեսարան 36
Գիշեր: Երևում է աստղազարդ երկինքը, լսվում են քամու թեթևակի սուլոցը, սոված կենդանիների վայրենի ձայները:
Տեսարան 37
Այգի: Ճրագը ձեռքին մի կին մոտենում է Ղումաշենց պատշգամբին,առաջ է գնում, դանդաղ բարձրանում աստիճաններով դեպի վեր: Կինը երևում է մեջքի կողմից, նրա մազերը հավաքված են, գլխին գլխաշոր է գցված:
Նա ունի հազիվ քսան քսանհինգ տարեկանի տեսք ,ճրագից բացի նրա ձեռքին կա մի կտորից կարված տոպրակ, որի մեջ ինչ որ բան, շատ ծանր, չերևացող:Նա հասնում է դռան մոտ ,կանգնում մի պահ,և թակում դուռը:Մի քանի անգամ ձեռքով թխկթխկացնելուց հետո բացվում է դուռը:
Ղումաշը ճրագը ձեռքին բացում է դուռը, ճրագի լույսից լուսավորված է նրա կիսադեմը.նա զարմացական հայացքով նայում է հյուրին:
Ղումաշ
Դու ՞
Երևում է անծանոթ հյուրի՝ Մարիամի կիսադեմը: Նրա դեմքը նույնպես լուսավորված է ճիշտ նույն կերպ:
Մարիամ
Հա, ես եմ Ղումաշ նանի,թող ներս գամ…
Ղումաշը դուռը բացում է
Ղումաշ
Արի, արի, Մարիամ ջան ,ջահել հարսն էս ժամին դրսում ի՞նչ գործ ունի, ի՞նչ ա եղել այ բալա:
Մարիամը ներս է մտնում, գլուխը թեքում է, տեսնում է քնած Հայկին, ով քնած էր:
Ձեռքի տոպրակն ու ճրագը դնում է սեղանի վրա .մի քայլ առաջ գալիս,հետո գլխաշորն իջեցնում գլխից,և ասում:
Մարիամ
Ղումաշ նանի.կներես էս ուշ ժամին եմ եկել:
Ղումաշ
Այ բալա ինչ կներես, տանը չնեղացնեն, գիտե՞ն, որ եկել ես:
Մարիամ գլուխը կախում է և խոնարհ հայացքը մի պահ բարձրացնում կամացուկ պատասխանում:
Մարիամ
Չէ, Մուրադին ասել եմ մերոնց տուն եմ գնում, էսօր էնտեղ եմ մնալու,գնացի մերոնց ,չկարողացա տուն գնամ:
Մարիամը գլուխը դնում է Ղումաշի կրծքին, և հոնգուր հոնգուր սկսում լաց լինել: Ղումաշը գրկում է նրան:
Սենյակում «կատաղած» վառվում է վառարանը, այդ պահին Հայկը շուռ ու մուռ է գալիս անկողնու մեջ, և աչքերը կիսափակ նայում է Մարիամին,մշուշի մեջ հազիվ նշմարում նրան,թեթևակի ժպտում է:
Հայկ
Մարիամ, Մարիամ
Հազիվ ասում է Հայկը, Մարիամը գլուխը բարձրացնում է,և շփոթված ասում.
Մարիամ
Հայկը…
Ղումաշն ու Մարիամը միասին արագ շփոթված գնում են Հայկի մոտ,Մարիամը կռանում է .
Մարիամ
Հայկ ինչ է եղել, սիրտդ ի՞նչ ա ուզում:
Հայկ
Էսա ,հաղթենք.պատերազմը պրծնի, կգնամ գործի,դպրոց
Հազիվ տնքալով է խոսում Հայկը: Մարիամը կարեկացական հայացքով նայում է նրան, ձեռքով շոյում Հայկի գլուխը , համեստորեն ժպտում:
Մարիամ
Կհաղթենք,կավարտվի պատերազմը,կգնաս դպրոց:
Հայկ
Կամուսնանաք, երեխա կունենանք .անունը Լևոն կդնենք ,չէ Մարիամ…
Մարիամ
Հա, հա:

Մարիամը լացակումած ձայնով է խոսում: Նա բռնում է ձեռքը, հետ է շրջվում մի պահ: Մարիամի կողքին կանգնած է Ղումաշը,ով նայելով Մարիամի հայացքին առաջ է գալիս, ձեռքը դնում Հայկի ճակատին և շոշափում: Ձեռքը քաշելով ասում է.
Ղումաշ
Վառվում ա…
Մարիամ
Ջուր բեր ,ջուր բեր Ղումաշ նանի,մի կտոր էլ հետը
Ղումաշը մի թասի մեջ ջուր է լցնում և բերում սենյակ:Մարիամը նստած է Հայկի կողքին,Հայկն անընդհատ զառանցում է:
Հայկ
Հաղթելու ենք,մենք հաղթելու ենք:

Մարիամ
Հաղթելու ենք, բա ինչ ենք անելու:

Մի ձեռքով բռնած է Հայկի ձեռքից ,մյուսով կտորը թրջում է ջրի մեջ ,ձեռքով քամում և դնում հայկի ճակատին:Ղումաշը նստած է Հայկի անկողնու հակառակ կողմում,նա էլ մի ձեռքով բռնել է տղայի մյուս ձեռքից ,իսկ գլուխը հենել է նույն ձեռքին:
Հայկ
Մամ որ մերոնք գան,<շունչ է քաշում>,-տղերքը էլի,անպայման կասես վեր կենամ,թե չէ կարողա քնեմ, չնկատեմ:
Ղումաշ
Ի՞նչ տղերք Հայկ ջան,որ տղերքը
Հայկ
Մեր էլի,կռվի տղերքը…
Ղումաշ
Կասեմ բալա, կասեմ:
Հայկ
Մարիամ, դու էլ կմնաս էստես…որ ես գնամ, մեկ մեկ կգաս մեր տուն, մերս մենակ չմնա,մինչև ետ գամ,,,նորից
Մարիամ
Շունչը արցունքներից կտրվելով պատասխանում է:
Չես գնա, ուր պետք ա գնաս,ես էստեղ եմ,դու հանգիստ եղիր:
Մարիամը նույն կերպ թրջոցներն անընդհատ փոփոխում է, լուսնի լույսը պատուհանից ներս է ընկել:

Տեսարան 38
Դրսից պատուհանից ներս երևում են Մարիամը, Ղումաշը և , ովքեր նստած են հիվանդ Հայկի կողքին,և խոսում են և թրջոցները փոխելով փորձում բուժել: Մեղմ երաժշտություն է հնչում և հետզհետե մարում :

Տեսարան 39
Լուսաբաց:Երևում է ողջ գյուղը, աշնանային վերջին արևը հետզհետե լուսավորում է ամայի դաշտերը: Անասուններն առաջն արած ճանապարհով գնում է հովիվը:
Տեսարան 40
Հայկենց տունը: Զանոն մազերը թափթփված փնթի հագնված առաջ է գալիս դեպի Ղումաշենց տունը:Ձայն է տալիս
Զանո
Ղումաշ, այ Ղումաշ
Ղումաշը աչքը բացում է, շփոթվում տեսնելով, որ ինքը Մարիամը և Հայկը քնած են նույն կերպ ինչպես գիշերը նստած էին:
Աչքը բացելով իրար է խառնվում Ղումաշը, արթնացնում Մարիամին:
Ղումաշ
Մարիամ ջան վեր կաց, Զանոն ա այ բալա:
Մարիամն աչքերը բացում է,
Մարիամ
Ի՞նչ ա նանի
Ղումաշ
Ասում եմ Զանոն ձեն ա տալիս, դուրս չգաս սուս նստի չտեսնի քեզ,գնամ տենամ ինչա ուզածը:
Զանոն այդ ընթացքում շարունակում է ձյան տալ: Ղումաշը շալը գցում է գլխին դուրս գալիս:
Զանո
Ղումա՞շ:
Ղումաշ
Հա Զանո, ի՞նչ ա եղել
Զանո
Էսոր թաղում գալու՞ ես:
Ղումաշ
Է, Զանո ջան,բա որ գամ Հայկիս ով նայի:
Գլուխը կախում է:
Զանո
Ասի տեսնեմ գալի±ս ես:
Ղումաշ
Էն օրը մի քիչ պահած ալյուր կար,Հայկն ասաց տանեմ գամ, ինչ անեմ գոնե միքիչ խիղճս հանգիստ ա, Հայկս գնաց,չեմ կարա գամ Զանո,ապրես որ ասացիր:
Զանո
Հա դե ասի ասեմ:

Զանոն շրջվում է և գնում:Քայլում է առաջ և կիսաձայն ինքնիրեն խոսում,
Զանո
Էդ սրանք ինչքա±ն ունեն, որ մի բան էլ պահում են, իրենք չեն ուտում, խալխին են տալիս: Հետո էլ կասեն չկա չունենք:
Ղումաշը բարձրանում է տուն, տեսնում Մարիամը շալը գցում է գլխին:
Ղումաշ
Գնու՞մ ես Մարիամ ջան
Մարիամ Հա Ղումաշ նանի, գնամ քանի շուտ ա, Մուրադը կջղայնանա: Ղումաշ նան էն տոպրակի մեջ մի ճիթ խաղող կա, Հայկի համար եմ բերել,որ զարթնի կտաս իրան,թող գոնե մի գիլա ուտի…
Ղումաշ
Աստված քո հետ բալա ջան,ապրես որ եկար,հետդ գամ անցկացնե՞մ
Մարիամ
ՉԷ կգնամ,ավելի լավ ա մենակ գնամ, թե չե Մուրադին խաբար կտան:

Մարիամը համբուրում է Ղումաշին, գրկում,արցունքախառն աչքերը հառում նրան:
Մարիամ
Աստված մեծ ա,Ղումաշ նան ջան, կլավանա Հայկը, եթե հարմարացնեմ, էլի կգամ:
Ղումաշ
Գնա, բալա, գնա…

Մարիամն առաջ է ընկնում և չորսկողմը նայելով շատ արագ քայլում դեպի տուն տանող ճանապարհով: Մռայլ եղանակ է: Առավոտյան շաղը նստած է կիսաչոր և խոնավությունից շունչ առած խոնավ տերևների վրա:

Տեսարան 41
Մարիամին հեռվից նկատում է Զանոն,ով կանգնած է իրենց դարպասից այն կողմ:
Նայում է հեռվից :
Տեսարան 42
Արդեն կեսօր է: Եղանակը առաջվա նման մռայլ է,բայց այդքան էլ մշուշոտ և դատարկ չեն փողոցները:
Փողոցով գնում է թաղման թափորը: Նրանք ետ են գալիս հողարկավորությունից:
Բազմաթիվ մարդկանց մեջ է նաև Զանոն: Նա գնում է բոլորի հետ համընթաց:
Հիմնականում կանայք են գնում առջևից, իսկ շատ ավելի հեռվում նկատվում են մի քանի տղամարդ:Կանաց որոշակի մասը լաց է լինում: Առջևից գնում է մահացած երիտասարդի մայրը, ում ուղեկցում են երկու կանայք, ովքեր բռնել են կնոջ ձեռքերից: Կինը սև հագուստով է:
Տեսարան 43
Հանգուցյալի տան առաջ մի երկար փայտե սեղան էր դրված,որի չորս կողմը երկու նստարաններ: Սեղանի վրա հնադարյան հնամաշ սպասքի մեջ դրված է միս և հաց :
Միսը դրված է երեք տեղից, հացը նույնպես: Սեղանից օգտվելու համար սպասք չկա :
Կանայք տեղավորվում են բոլորով այդ սեղանի շուրջ, մեկի համար սեղանը հոգեհացի սեղան է,մեկը վշտից չի օգտվում սեղանից,իսկ ուրիշներն էլ ախորժակով ուտում են:
Կանանց մեջ միքանի հոգի են ընդամենը, որ զուսպ են օգտվում սեղանից կամ չեն օգտվում, իսկ մնացածը ուտում են անխնա և անամոթաբար,որոնցից մեկը նաև Զանոն է, նա նույնիսկ փորձում է աննկատ մի քանի կտոր եփած միս հացի մեջ դնել գոգնոցի գրպանը:
Տեսարան 44
Ղումաշը նստած է Հայկի մոտ, Հայկը պառկած է:
Ղումաշ
Հայկ ջան սիրտդ խաղող չի ուզի՞, Մարիամը քո համար խաղող ա բրել:
Հայկ
Մի գիլա կուտեմ:
Ղումաշը ետ է շրջվում, որ սեղանի վրայից վերցնի ափսեի մեջ դրված խաղողը:

Տեսարան 45
Զանոն կանանց հետ հեռանում է հոգեհացից: Նրանք ճանապարհին բաժանվում են:
Զանոն մտնելով իրենց նեղլիկ փողոց ուշադիր նայում է չորսկողմը,տեսնում է մարդ չկա, հանում է գոգնոցի գրպանից հացը որ գողացել էր, արագ արագ միքանի անգամ կծում է, կուլ տալիս, հետո պոկում կծած տեղը, և մի փոքրիկ կտոր ձեռին մոտենում Ղումաշենց տանը, սկսում կանչել.
Զանո
Ղումաշ,այ Ղումաշ մի դեսն արի բան եմ ասում
Ղումաշը Հայկի մոտից դուրս է գալիս:
Ղումաշ
Ասա Զանո, առաջ արի էլի:
Զանո
Չէ դու արի բան եմ բերել քո ու Հայկի համար:

Ղումաշը առաջ է գնում Զանոյի մոտ: Զանոն գրպանից կրկին հանում է այդ մի կտոր հացը, որի մեջ հազիվ մի կտոր միս կտեղավորվեր :
Զանո
Էս էլ ձեզ համար եմ բերել:
Ղումաշ
Էս ի՞նչ ա Զանո
Զանո
Թաղումի տեղիցը էլի, ասի դուք էլ օգտվեք
Ղումաշ
Քաշի ձեռքդ, բա դու ամոթ ունե՞ս
Զանո
Դե արի լավություն արա, հա Ղումաշ մթամ ո՞վ չգիտի որ ժողովուրդը սոված ա,որ չկերաք ետ եք բերելու՞:
Ղումաշ
Ամոթ քեզ Զանո, ամոթ:
Ղումաշը ետ է շրջվում և գնում: Զանոն փնթփնթալով ետ է գնում:

Պահ, էլ ինչի ա ամոթ, չես ուտում՝ ես կուտեմ,
Կծելով հացը հեռանում է:
Տեսարան 46
Ղումաշը մտնում է տուն և լսում Հայկի ձայնը:
Հայկ
Մամ:
Ղումաշ
Հա ջան, Հայկ:
Անհանգստացած ձայնով ասում է Ղումաշը և վազում առաջ:
Հայկ
Մի բաժակ ջուր կտա՞ս:
Ղումաշ
Էս ա բալա:

Հայկի աչքերը փակվում են, նրա դեմքը վառվռում է: Ղումաշը ջուրը բերում է, նայում տղայի դեմքին, հետո ասում:
Ղումաշ
Ջուրդ բերել եմ բալա, վեր կաց Հայկ ջան:

Հայկն այս ու այն կողմ է թեքում գլուխը, բայց չի նստում, անհանգիստ շարժումներ է անում և զառանցում:
Հայկ
Մենք հաղթելու ենք,խաղաղությանը քիչ ա մնացել, մամ..
Ղումաշ
Քոռանամ ես, հա հաղթելու ենք, բա ի՞նչ ենք անելու,-
Վշտահար և հուսահատ ձայնով ասում է մայրը: Նա ձեռքը դնում է տղայի ճակատին և հուսահատ ձայնով ասում:
Վառվում ա, տեր Աստված,օգնի բալիս:
Հայկ
Մամ Մարիամը որ գա,կասես որ ես իրեն նամակ ուղարկել եմ ,բայց չգիտեմ ինչի չի հասել,երևի լավ ա, որ չի հասել:
Ղումաշ
Կասեմ բալա,կասեմ:
Հայկ
Մամ գնա ջուր բեր էլի:
Ղումաշ
Բերել եմ Հայկ ջան, էս ա բալա :
Հայկ
Չէ, նորից բեր …

Ղումաշը տեղից վեր է կենում, գնում կողքի սենյակ: Հայկի աչքերն այլևս չեն բացվում:
Ղումաշը ետ է գալիս :
Ղումաշ
Հայկ ջան բերել եմ ջուրդ,վեր կաց:
Հայկը չի շարժվում:
Վեր կաց բալա ջուրդ բերել եմ:
Ղումաշը ձեռքով շոշափում է տղային և ավելի բարձր ձայնով աղաղակելով ասում:
Ասում եմ ջուրդ բերել եմ, Հայկ ջան վեր կաց, զարթնի,այ քոռանան մորդ աչքերը, քեզ էսպես չտեսնի, վեր կաց իմ բալա, զարթնի…
Ղումաշը ծնկի է գալիս ,սկսում հուսահատ ու ուժգին լաց լինել: Շփոթահար ներս է մտնում մի կին,որը ենթադրյակ նրա հարևաներից է:
Կին
Ղումաշ վեր կաց այ Ղումաշ, ձենդ ուրա՞ հասնում
Ղումաշ
Թող Հայկս:
Կին
Երևի ուշքն ա գնացել.
Ղումաշ
Դե հետ բեր բալիս,հետ բեր.

Կինը ձեռք է տալիս տղային, հուսահատ հայացքով,աչքերը լցված…վերցնում սեղանի վրայի ջուրը և տալիս Ղումաշին.
Կին
Խմի Ղումաշ ջան, խմի…
Ղումաշ
Տար, ես մեռնեմ էլ ջուր չեմ խմի …

Ասում է և շարունակում աղի-աղի լաց լինել:

Տեսարան 47
Լուրը տարածվում է գյուղում: Կանայք կանգնած են մեկի դարպասի մոտ, խոսում են, և դանդաղ սկսում են քայլելով շարունակել զրույցը, ջրամաններ կա ձեռքներին:

Բա իմացա՞ք՝ Ղումաշի տղեն ա մահացել.

Ո՞նց, ո՞վ ասեց, ե՞րբ:
Կին 1-ին
Սկեսուրս իրանց տան մոտով էր անցնում: Ղումաշի ձենի վրա գնացել ա տեսել էնա…էլ չկա,-ասում է և գլուխը կախում
Կին 2-րդ
Աստված օղորմի, մեղք էր ջահել տղա էր
Կին 3-րդ
Ինքը գնաց, խեղճ մերն ինչ անի…
Կին 1-ին
Էն օրը ասում են ալյուր ա տարել մեռելատուն.

Կին 2-րդ
Տենաս իրա համար ով ա տանելու…էհ..էն որ ասում են էսոր կաս, էգուց չկաս,,,
Կին 3-րդ
Նրանք կանգնում են Մարիամենց տան մոտ և ձայն են տալիս:
Կին 3-րդ

Մարիամ գալի՞ս ես աղբյուր:
Մարիամը դուրս է գալիս տանից և պատասխանում:
Մարիամ
Հա, մի րոպե սպասեք, դույլը դատարկեմ գամ:
Նրանք կանգնած են այգու դռան մոտ, և մի մարդ անցնում է ավանակով: Ավանակին սայլ է լծած, սայլի մեջ փայտ: Մոտենում է և բարևում:

Բարև Ձեզ հարսներ ջան, էլի հավաքվե՞լ եք:
Հարսներից մեկը
Էհ ,Արտեմ պապի,մեր դուրս գալու տեղն էլ ջրի ճամփեն ա,ինչ անենք..
Մարտո
Հա ով ա բան ասում այ բալա,խոսում է ծերունուն հատուկ առոգանությամբ, ձայնը բարձրացնելով և բառերը երկարացնելով:

Մարտո պապի բա իմացար ինչ վատ բան ա եղել:
Մարտո
Չէ, հիմա ի՞նչ ա եղել,հարսներից մեկը`
Ղումաշի տղան ա մահացել:

Հո.,այ բալա…էս ինչ վատ բան ասիր…իմացել էի որ հիվանդ էր..էհ խեղճ տղա,խեղճ Ղումաշ.երեկ էն մի ջահելը,էսոր էլ սա…երևի Աստված բարկացելա մեզ վրա…ում պատերազմի դաշտից չհասցրեց տանել էստեղիցա տանում,գնամ տուն տենամ ինչ եմ անում,մի մսացու ունեմ..երևի դրանով էլ ես օգնեմ Ղումաշին:

Այդ խոսքի վրա երևում է Մարիամի այլայլված դեմքը, ով մոտեցել էր և լուռ քարացած լսում էր: Հարսները ետ են շրջվում Մարիամը ընկնում է ուշագնաց: Խառնվում են իրար:
Կանայք միասին
Մարիամ, ջուր բերեք…
Մուրադ (վազելով )
Մարիամ ուշքի արի:
Մարիամի աչքերի առաջ մութ է:

Տեսարան 48
Հաջորդ առավոտը:
Հայկենց տան մոտ հավաքված են սևաշոր մարդիկ: Հեռվից էլ տեսանելի է որ այդ տանը սուգ է: Բոլորը մտնում են ներս ու դուրս գալիս կիսափակ դռնակից,այդտեղ է նաև Զանոն, ով կանգնած է դրսում,դրսի սեղանի մոտ և հետևում է գնացող եկողներին: Նրան է մոտենում նաև մի ուրիշ հարևանուհի և աչքերն ուռած սկսում խոսել:
Հարևանուհի
Էն Մարտոն մի գառն ա տվել, մորթել են, բերել ,կրակին ա …
Երևում է մի կողմի վրա վառված կրակը,,
մի խան էլ գարու ալյուր կա Զանո, էն ա շաղաղել եմ Արուսենք թխում են, մինչև գնան գան, դու գոնե մնա տիրություն արա սարքի:
Զանո
Ես չեմ կարա, ես էլ եմ գնալու :
Հարևանուհի
Լավ դե, հարսներին կասեմ ձեռի հետ ուշադիր կլինեն:

Տեսարան 49
Թաղման թափորը քայլում է , Զանոն քայլում է եզրից:
Երբ մի քիչ հեռանում են նա փորձում է աննկատ դուրս գալ մարդկանց մեջից,սակայն նույն հարևանը նկաում է նրան:
Հարևանուհի
Ո՞ւր, Զանո:
Զանո
Լավ չեմ զգում, էնտեղ ավելի կվատանամ,հետ եմ գնում;
Ասում է և հետ գնում: Հասնում է տուն վերցնում մի թաս և զգուշորեն գալիս դեպի Ղումաշենց բակ, տեսնելով մարդ չկա ,առաջ է գնում: Նույն պահին հարսները տան մեջ վառարանի վրա հաց են թխում: Զանոն բացում է կրակի վրա դրված կաթսայի կափարիչը, ձեռքով որքան հնարավոր է հանում եփվող միսը լցնում իր ձեռքի կաթսայի մեջ և գաղտագողի հեռանում,կրակի վրա դրված կաթսայի մեջ համարյա ոչինչ չի մնում:
Նույն պահին հարսները հացը թխում են,և մեկն ասում է.
Հարսներից մեկը
Վարդուշ ջան գնա տես միսը եփել է, էսա ետ կգան ժողովուրդը:

Վարդուշը դուրս է գալիս տնից, մտնում Զանոյենց տան բակ, բացում կրակի վրա դրված կաթսայի կափարիչը և կաթսայի մեջ ոչինչ չգտնելով շփոթահար վազում է դեպի տուն: Դուռը բացելով շունչը կտրվելով ասում է:

-Միսը գողացել են:
Վարդուշ
Ո՞նց թե գողացել են,ո՞վ ա գողացել:

-Եսիմ,գնացի նայեմ, բացեցի տեսա չկա..
Բոլոր երեք հարսներն էլ վազելով գնում են ու նայում կաթսային:
Հարսները միասին
Հա էլի գողացել են, բայց ո՞վ ա տարել:
Տեսարան 50
Ժողովուրդը հետ է գալիս: Սկզբից գալիս է մյուս հարևանը, հարսը մոտենալով նրան ասում է:
Հարսներից մեկը
Մամ միսը տարել են, գողացել են՝ չկա:
Հարևանուհի
Ոնց թե չկա էդ ի՞նչ ես ասում:

Հա ,Վարդուշին ուղարկեցի ճաշը խառնելու տեսավ չկա:

Հարևանը միանգամից հիշում է Զանոյի շփոթահար հեռանալը և արձագանքում.
Շունը…
Հարսներից մեկը
Շու±նը…շունը հո չի կարող մռութը եռման ջրի մեջ խցկել…
Հարևանուհի
Շունն է:
Տեսարան 51
Մարդիկ դուրս են գալիս Ղումաշենց տնից իրար մեջ փսփսալով:
Կին 1-ին
Հոգեհացը գողացել են:
Կին 2-րդ
Աղջի մարդ էլ հոգեհացը գողանա ,տենաս էդ ո՞վ ա տարել:
Կին 1-ին
Աստոծ գիտե:

Տեսարան 52
Երեկո:
Վառվում է Ղումաշենց տան լամպը, նա նստած է լուռ,նրա հետ նստած են նաև մի քանի կանայք,և իր մյուս հարևանը:
Հարևանուհի
Ես կասկածում եմ մեկի վրա, Ղումաշ ջան:
Ղումաշ
(կարմրած լացակումած աչքերը հառելով)
Ո±վ ա…

Հարևանուհի
Էստեղ չի:
Ղումաշը հիշում է թե ինչպես իր հարևան Զանոն իր համար հաց էր բերել թաղումից:
Ղումաշ
Զանո քո տունը չքանդվի, ոնց իմը քանդվեց, ինչի համար…
Հարևանուհի
Գնամ կանչեմ…
Ղումաշ
Գնա:

Տեսարան 53
Ներս են մտնում Զանոն և հարևանը: Առանց բառ անգամ ասելու Զանոն առաջ է գալիս և սկսում արդարանալ:

Զանո
Ղումաշ թե ես լինեմ տարած թող օխտը շաբաթ հետո քո օրին նստեմ,ես չեմ արել:
Ղումաշ
Ճիշտն ասա Զանո, Աստծուց վախեցիր:
Զանո
Իմին էլ գետնում դնեմ թե ես լինեմ:
Ղումաշ
Ստու~մ ես լեզուդ պապանձվի…գնա իմ տնից…
Զանոն շփոթված դուռը շրխկացնելով դուրս է գալիս:
Տեսարան 54
Կադրեր որտեղ Ղումաշը գնում է որդու գերեզմանին,Զանոն ինչպես միշտ իր գզգզված մազերով,բակն է ավլում,հարևանների հետ բամբասում,այլևս Ղումաշի տուն չի գնում առաջվա պես:Մարիամը առաջվա նման ջուր է բերում հարսների հետ,բայց փորը մի փոքր կլորացած է:
Հետզհետե զգացվում է եղանակի փոփոխությունը,կադրերի մեջ երևում է ձյան նշույլներ:
Արմենը հերթական անգամ փայտ է կտրում անտառում:Շուրջբոլորը ծառեր են,Արմենը կացինով կտրում է ծառը,հերթական հարվածից հետո ծառը ընկնում է ուղիղ նրա վրա:
Տեսարան
Գյուղամեջ,մարդիք իրար են խառնվել,Արմենին սայլի վրա բերում են անտառից,նրա ետեևից մարդկանց ամբոխ է գնում,ովքեր խոսում են:
Ձայն 1-ին
Մահացել ա, Զանոյի տղան է…
Ձայն 2-րդ
Ի՞նչ եղավ էս Ջահելին ինչ եղավ:

Հարևանուհի
Մոր անեծքը:
Տեսարան 55
Գիշեր:
Ղումաշը իր տան մեջ նստած է վառարանի մոտ, ճրագը վառում է:
Վազելով ներս է մտնում Զանոն: Նա ծնկի է գալիս Ղումաշի առջև:
Զանո
Ղումաշ ջան, ների ինձ, Աստված իմ պատիժը ինձ ա տվել, մենակ դու ների:
Ղումաշ
Արմենդ դեռ տանն ա…գնա …գնա ու էլ չգաս:

Տեսարան 56
Առավոտ: Փետրվարյան կծող արևը ընկել է լուսավոր ձյունածածկ դաշտերի վրա ու շողում է: Ղումաշը որդու գերեզմանի մոտ է: Նա ձեռքով մաքրում է այնտեղ գոյացած ձյունը:
Ղումաշ
Հայկ ջան եկել եմ քեզ ասեմ՝ երազածդ խաղաղությունից երեք ամիս էր մնացել, որ դու գնացիր:
Նա փարվում է ձյունոտ հողին ու գլուխը դնում գետնին:
Հեռվից գալիս է Զանոն,մոտենում Ղումաշին նստում նրա կողքին ձեռքը դնում ուսին և արցունքները չզսպելով գրկում նրան:
Ղումաշը նայում է նրան արցունքոտ աչքերով, և գլուխը հենում Զանոյի գլխին,նրանց երկուսի աչքերն էլ թաց են:
Վերջ

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *