Գաբրիելա Միստրալ | Գնանք դեպի ծովը

gabriela mistral

Գաբրիելա Միստրալ (իսկական անունը՝ Լուսիլա Գոդոյ Ալկայագա, իսպ.՝ Lucila de María del Perpetuo Socorro Godoy Alcayaga) (ապրիլի 7, 1889 – հունվարի 10, 1957), չիլիացի բանաստեղծուհի։ 1924-1946 թվականներին եղել է դիվանագիտական ծառայության մեջ զանազան երկրներում։ 1946 թվականից մասնակցել է Ազգերի լիգայի, հետագայում՝ ՄԱԿ-ի աշխատանքներին։ Միստրալի առաջին գրքում («Հուսահատություն», 1922) արտահայտված են կնոջ նվիրական զգացմունքներ՝ տոչորող սեր, մայրության տենչ։ Հաջորդ ժողովածուն («Տալա», 1938) արտացոլումն է Լատինական Ամերիկայի հասարակ մարդկանց խոհերի ու զգացմունքների։ Միստրալի վերջին ժողովածուն է «Հնձան»-ը (1954): 1945 թվականին արժանացել է  Նոբելյան մրցանակի։

 

Հեռավոր ափին

և Կրքի ծովում
իրար հրաժեշտ տվեցինք`
առանց «Մնաս բարով» ասելու:
Սակայն ճշմարիտ չէր
տեսախաբությունը.
ո՛չ դու նրան հավատացիր
ո՛չ` ես,
«և ճիշտ է, և ճիշտ չէ»
ինչպես երգում:
Չէ˚ որ Հարավ գնալիս
ես ասում էի.
«Գնանք դեպի ծովը,
որ խժռում է Արևին»:
Եվ դեպի Հյուսիսը գնալիս
քո ձայնն ասում էր.
«Եկ միասին գնանք տեսնելու,
թե որտեղ է ծնվում Արևը»:
Կասես, որ ոչ խաղը,
ոչ էլ չափազանցությունը
մեզ չբաժանեցին,
այլ հողն ու ծովը,
որ հենց դրանք են
երազն ու տեսախաբությունը:
Միայն թե չասես,
միայն թե ձայնդ մեկի համար
իջևանատուն չխնդրի իջևանատիրոջը:
Դու ստվեր կգցես
այն ստվերը, որ միշտ է եղել,
երկուսի քայլերով կքերծես
ավազաթումբը,
որպեսզի ոչ ոք
ո՛չ մարդը, ո՛չ աստված,
մեզ չանվանի իրարից զատված,
ինչպես լուսինն ու արևը,
որպեսզի ոչ ժայռը
ո՛չ թափառող քամին,
ո՛չ գետն իր ծանծաղուտով,
ո՛չ ստվերոտ ծառը,
սուտ կամ սխալ
չսովորեն և չխոսեն
Հարավի և Հյուսիսի,
մեկի և երկուսի մասին:

 

***
Հավատում եմ սրտիս, ծաղիկների բույրին,
որ իմ փոխարեն ցնցվում է տերևի պես`
ամբողջ կյանքս անուշահոտ և օրհնյալ դարձնելով:
Հավատում եմ սրտիս, այն, որ չի խնդրում
ոչինչ, որովհետև ունակ է ստեղծել իր բարձրագույն երազանքը
և գրկել նրա մեջ արարումը
անսահմա՜ն տեր:
Հավատում եմ սրտիս, որ երբ երգում է
ճշմարիտ ցավը խորտակում է խորը Աստծու մեջ,
որպեսզի կենդանի ջրավազանից դուրս հանի նորածնին:
Հավատում եմ սրտիս, այն, որ սասանվում է,
որովհետև հենց ինքն է խառնել ծովերը,
որտեղ Կյանք է տալիս երաժշտական գործիքներին,
ինչպես մակընթացությունները:
Հավատում եմ սրտիս, որին քամում եմ,
որպեսզի կարմրությամբ կամ գունատությամբ
ներկեմ կյանքի կտավը,
և որից պատրաստել եմ այրող պիջակս:
Հավատում եմ սրտիս, այն որ ցանքատարածքներում
ակոսներում անվերջ աճել է:
Հավատում եմ սրտիս` գլխիվայր շուռ եկած,
բայց ոչ երբեք դատարկ:
Հավատում եմ սրտիս, որը որդը չպետք է կրծի,
քանի որ ճնշելու է մահին,
հավատում եմ սրտիս` ծնկի իջած
ահարկու և ուժեղ Աստծու սրտի առաջ:

 

***
Հուսահատ գիշեր է`
հարթավայրերից մինչև ծով:
Բայց ես, որ օրորում եմ քեզ
ես մենակ չեմ:
Այդ երկինքն է հուսահատ,
եթե լուսինը ծովն է ընկնում:
Բայց ես, որ նեղացնում եմ քեզ
ես մենակ չեմ:
Հուսահատ աշխարհում
նույնիսկ տխրությունն է հեռանում:
Բայց ես, որ ճնշում եմ քեզ
ես մենակ չեմ:

 

***
Ես երգում եմ այն երգը, որ դու էիր սիրում, իմ կյանք,
եթե մոտենաս և լսես, իմ կյանք,
եթե հիշես այն կյանքը, որ ապրել ես,
մթնշաղին եմ երգում, իմ ստվեր:
Ես չեմ ուզում համրանալ, իմ կյանք,
Առանց իմ հավատարիմ ճիչի, ինչպե˚ս կգտնեիր ինձ
Ի˚նչ նշան, էլ ի˚նչն ինձ կմատնի, իմ կյանք:
Ես նույնն եմ, ինչպես որ քոնն էի, իմ կյանք:
Ոչ դանդաղկոտ, ոչ մոռացված, ոչ էլ կորած:
Իջնում է գիշերը, իմ կյանք,
արի` հիշելով երգը, իմ կյանք,
եթե սովորածդ երգը ճանաչես,
եթե անունս հիշում ես դեռ:
Քեզ սպասում եմ անժամկետ, անժամանակ:
Չվախենաս ո՛չ գիշերից, ո՛չ մշուշից, ո՛չ տեղատարափից:
Արի արահետով կամ առանց արահետի:
Կանչի՛ր ինձ, որտեղ էլ լինես, իմ հոգի,
և քայլի՛ր ուղիղ դեպի ինձ, ընկե՛ր:

 

***
Ա՜խ, եկ խաղանք, որդի՛ս,
Թագուհին թագավորի հետ:
Այս կանաչ դաշտը քոնն է
ուրիշ ու˚մը կարող էր լինել:
Առվույտի ալիքները
քեզ համար պետք է օրորվեն:
Այս ամբողջ հովիտը քոնն է,
ուրիշ ու˚մը կարող էր լինել:
Դրա համար մենք կվայելենք
խնձորենիներից ստացած մեղրը…
Գառնուկը խտացնում է
բուրդը, որից պիտի գործեն:
Եվ քոնն են բոլոր մակաղները
ուրիշ ու˚մը կարող էին լինել:
Ա՜խ, ճիշտ չէ, որ դողում ես,
ինչպես Մանուկ Հիսուսը մսուրում,
և որ քո մոր կաթը
չորացավ մեռնելիս:
Եվ ախոռի կաթը,
որ պետք է կենդանու պտուկից հոսի,
և հասած հաղահատիկի խուրձը քոնն են,
ուրիշ ու˚մը կարող էին լինել:
Ա՜խ, ճիշտ չէ, որ դողում ես,
ինչպես Մանուկ Հիսուսը մսուրում,
և որ քո մոր կաթը
չորացավ մեռնելիս:
Այո՛, եկ խաղանք, որդի՛ս,
Թագավորը թագուհու հետ:

 

***
Ես նրան գտել եմ արահետին,
նրա երազանքը չպղտորեց ջուրը,
ոչ էլ վարդերն ավելի բացվեցին.
զարմանքը հոգիս բացեց:
Եվ մի խեղճ կնոջ դեմքը
արցունքներով ողողվեց:
Իր անխնամ շուրթերին
մի թեթև երգ էր տանում
և ինձ նայելիս երգը, որ երգում էր,
հանկարծ լրջացավ:
Նայեցի կածանին, և նրան գտա`
տարօրինակ, մի տեսակ քնատ:
Եվ ադամանդե աղձամուղջին
դեմքս արցունքներով ողողվեց:
Շարունակեց իր ճանապարհը` երգելով,
և հայացքներս հետը տանելով….
Սակայն նրանից հետո ավելի կապույտ և ավելի բարձր
չդարձան եղեսպակները:
Կարևոր չէ: Օդի մեջ մնաց
ալեկոծ հոգիս:
Եվ չնայած ինձ ոչ ոք չի վիրավորել,
դեմքս արցունքներով է ողողված:
Այս գիշեր նա աչք չի փակել,
ինչպես ես` լամպի կողքին….
Ես մենակ էի քայլում և վախենում էի,
քաղցից և ծարավից չէի լալիս,
այն պահից ի վեր ինչ նրան տեսա անցնելիս
իմ Աստվածն ինձ պատեց վերքերով:
Մայրս իր մահճում ինձ համար աղոթում է
իր միամիտ աղոթքով:
Բայց ես միգուցե հավերժ մնամ
արցունքներով ողողված դեմքով:

 

Իսպաներենից թարգմանությունը՝ Ռուզաննա Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *