Մանե Գրիգորյան | Գնա ու հետ մի նայիր

Մանե Գրիգորյան

Եվա, դու գեղեցիկ ու տարօրինակ աղջիկ էիր ու մազերդ մատներիս արանքում խճճված նյարդաթելեր էին: Դու հանկարծակի վեր էիր թռնում, որովհետեվ երազումդ թվում էր՝քեզ հազար անգամ մայր մտնող արևի հետ մենակ եմ թողնում, չնայած բավական էր արևի շող տեսնեիր և այնքան անկախ,ինքնակործան էիր դառնում,թվում էր՝ քեզ ոչինչ չի կապում այս աշխարհին, և մարդիկ ճանապարհիդ հանդիպած պատահական քարեր են, որոնցից ոմանց հանդեպ ինչ-որ մարդկային թուլություն ունեիր. նրանք շարժում էին քո  ժպիտը:
Դու իմ չհանդիպած միակ կինն էիր, Եվա:
Նա քեզ մոտեցրեց ափերին, շունչդ մի բուռ դարձավ, կփոքրանաիր ու կանհետանաիր նրա կարճ ու կտրուկ մատների մեջ. ամեն վայրկյան զգում էիր՝ ինքդ քեզ կորցնելու գայթակղությունը մեծանում է, դու՝միակս, փոքրանում էիր:
Ոտքերդ սառն էին ու դեղին:
Թեթեվ ցավ կար մաշկիդ տակ. ներքնազգեստդ այնքան արագ էր ներծծում հուզմունքդ: Թաքցնում էիր պարանոցիդ զարկերը: Դու հավատում էիր, փոքրիկս, որ նա կփրկի քեզ: Դու, որ ինքնամփոփ վարդ էիր՝պարփակված սեփական փշերիդ մեջ, նրա կողքին այնքան միամիտ էիր,Եվա: Գիտեմ, որ լուռ էիր, որորվհետեվ բառերը լուսացույցի կարմիր նշաններ էին. ճանապարհի հակադիր կողմերում դուք այնքան անփութորեն էիք կործանվում:
Տղան զանգեց, ասեց՝ ուզում է քեզ ծով տանի. արագ դուրս եկար տանից ու նույնիսկ չհիշեցիր՝ հատկապես որ ծովի մասին է խոսքը: Անիծվես դու,Եվա, հետո երկար չես ների քեզ, որ այդպես էլ չհարցրեցիր այդ մասին:
Խոսում էիր. բառերը մեքենայի պատերին դիպչող ու մեռնող անպաշտպան հրթիռներ էին: Ասում էիր, որ մեռնում ես, որ ոչ մի քաղաք սիրող մայր չեղավ, և, առհասարակ, մենք մեր մայրերի պատանեկության ցավերն ենք: Ասում էիր, որ հայրդ այդպես էլ չհասկացավ՝ սիրում է մորդ, թե ոչ, որ քո հանդիպած բոլոր կանայք գիտեն՝ ինչու են լացում, որ ոչ մի տղամարդու ձեռք մինչև օրս արցունք չի չորացրել: Ցույց էիր տալիս ակնթարթորեն անհետացող փողոցները, իբր քո համար ամեն ինչ վաղուց կարդացված գիրք է: Ասում էիր նայիր՝ տեսնում ես այս փողոցները.սրանք կառուցողները տխրությունից են մեռել, տանիքներում հարբել են, ու տներում՝ սպունգի պես նրանց ներծծող բազկաթոռների մեջ, երբեք տաք չի եղել. ոչ ոք չի գտել իր ուզած կնոջը, ու ոչ մի կին չի հավատում, որ էս աշխարհի երեսին իսկական տղամարդ կա. լսում ես, դեռևս ոչ մի կին:
Տղան փորձեց կատակել.
-Իսկականը ո՞րն է, չներկա՞ծ ձվերով…
Հետո ձեռքը ոտքիդ դրեց, զգացիր` ոնց են ոտնաթաթերդ ձգվում, ասաց՝ շարունակիր խոսել, դեռևս ոչ մի կին իր փիլիսոփայական զառանցանքների մեջ այդքան հմայիչ ու սեքսուալ չի եղել:
Զգում էիր, որ խեղդվում ես:
Իջեցրեց մեքենայի պատուհանը:
-Արդեն երկու ժամ է պտտվում ենք այս գրողի տարած քաղաքում, հավանաբար ծովին շատ մոտ ենք, հոտը չես առնում:
Լուռ էիր:
-Որ ծովը չգտնեմ, քեզ ցամաքում քարերի վրա կսիրեմ. մարմինդ կդնեմ ասֆալտ փռողների տխրության վրա ու…
Ականջներումդ չգտածդ ծովի խշշոցն էր, զգում էիր պարանոցիդ տրոփը մարմնիդ երկայնքով, երբ ծովը գտնեք արդեն ուշ կլինի… Դու կմոռանաս տղայի մասին, նա ընդամենը խաղաղ պահերին շարժում էր ժպիտդ՝թեթև այլայլում դեմքդ, բայց նույնիսկ թարմ օդ չեղավ վերքիդ: Քո մեջ նա էր՝ այն ուրիշը, այնքան համառ, որ ոչ մի քամի չէր քշում, ու ոչ մի պատահական ձեռք չէր ջնջում. հատկապես աչքերը աստվածներն էին գրել:
Քթիդ տակ փնթփնթում էիր, որ էսպիսի ծովի մասին չես երազել, որը շրջապատված է շենքերով, որ ավազ չունի, որ ծովին նայող մարդկանց ուրիշ ձեվ էիր պատկերացնում, որ ջրերի վրա բացվող բոլոր պատուհանները քեզ համար փակված են ու այլևս երբեք,լսում ես, երբեք ինձ էլ ոչ մի ծովով չխաբես: Խեղճ Եվա, լացդ այնքան անկեղծ էր, որ նա առանց երկմտելու ջրերի կենդանի աստված կդառնար… միայն թե կարողանար:
Առաջին անգամ տղան զգաց իր անզորությունը, հասկացավ, որ ձեր հեռավորությունը ոչ մի ծովով չի լցնի: Նրան թվաց, որ եթե սանձի քեզ, փորձի գտնել ու շուրթերով ամուր պահել զարկերակդ, ապա գուցե մի ակնթարթ, շատ կարճ պահ իրենը լինես՝ մարմինդ ամեն բջիջով ու բզկտված թելով:
Նա կծեց ականջիդ բլթակը,շատ մեղմ, շոյելով դեմքիդ աղվամազերը, ասեց.
-Դու աշխարհի ամենասիրուն կղզին ես,Եվա, բայց ես չգիտեմ ոնց բնակեցնեմ քեզ:Կողքովդ սլացող նետ եմ, ու թեպետ շոշափում եմ մարմինդ, բայց այնքան հեռու ես:
Խեղճ տղա, հա, Եվա, մի ժպտա,խեղճ նավաստի. նա հավատում էր, որ իր նավն ես, ու ամենացավալին այն էր,որ քեզ անուն տվեց:
Նա չգիտեր, որ երբ ասի թռչել գիտես, կսկսես ցատկել կամ մարմնիդ ամեն օղակով կբռնես գետինը ու կսողաս. այդպիսին էիր դու,Եվա, քեզ նույնիսկ ես չեմ հասկանա, փոքրիկս:
Ծովի ու շենքի մեջտեղում, այնտեղ, ուր ոչ ջուր է հոսում, եվ ոչ մարդ քայլում, եվ կա միայն ծովի հիշողությունը եվ շենքերի ստվերը ձեր վրա, նա սիրեց քեզ՝ սեղմելով ավազի պես մարմնովդ շաղ եկած զգայուն ու հիվանդ բջիջներդ: Նա չկատակեց, չասեց, որ ջրերի վերևում փռված երկինք ես, եվ բջիջներդ մայր մտնող աստղեր են, միայն թե հիմա ցերեկ է, իսկ դու էնքան աստղառատ ես,Եվա:
Չխնդրեցիր նրան մեքենան արագ վարել, թեպետ այդպես հուսահատ սիրվելուց հետո կյանքը տաս անգամ երկար է տևում, եվ մեքենաները տաս անգամ արագ են սլանում:
-Եթե այսօր ինձնից մի կաթիլ էլ կա քո մեջ, ուրեմն պետք է սիրես ինձ:
Երբ է ամպրոպը մտածել կաթիլի մասին:
Փակեցիր աչքերդ, պատկերացրեցիր՝ գլուխդ դատարկ տակառ է: Ներսումդ ո’չ թռչուն կար, ո’չ ծառ, ո’չ երեխայի չընդհատվող լաց.միակ անելիքդ տակառի դատարկությանը ականջ դնելն էր:Երևակայեցիր՝ իբր տակառը աշխարհի ամենատաք տունն է:Ավելի ուշ երազ տեսար, իբր պառկած ես գետնին՝ արևի տակ, բայց չես զգում ոտքերդ, չեն ցավում ձեռքերդ: Հետո զգացիր, որ տեսնում ես քեզ միայն ներքին, շատ ինտիմ, խորը աչքով, այնպես, ինչպես միայն դու քեզ կտեսնեիր: Երկար վարտիք հագած տղամարդու հայացքը զգացիր վրադ: Հանկարծ մի բան փոխվեց, որովհետև ձեռքից ձեռք էիր անցնում. մի պահ մոլորվեցիր. ախր գիտեիր, որ ծախու կին չես:
Քար էիր,Եվա, միայն թե չգլորվեցիր քո չտեսած բոոր լեռներից,չսայթաքեցիր և չանհետացար, այլ հաց դարձար, և քեզնից ոչ շատ հեռու ձկան երկու աչք տեսար. աշխարհի ամենատխուր ձուկն էր: Մտածեցիր նա է, երևի ձուկ է դարձել, փորձեցիր մոտենալ ու համբուրել թաց աչքերը, բայց, ձեռքից ձեռք անցնելով, ավելիուավելի էիր փոքրանում: Շուտով միայն սպիտակ տարածություն տեսար. աշխարհի ամենամաքուր սպիտակը` բիբը նրա, Եվա:
– Եթե մեջդ ինձնից անգամ մի կաթիլ էլ կա, առավոտյան միզիր այգու կամ ձեր դռան մոտ աճած ծաղկի վրա, կտեսնես, թե ինչ սիրուն կծաղկի,- ասաց ու ճմկտեց հետույքդ:
Չգիտեր,որ երբ իջնես մեքենայից, հազարումի կողպեքով փակելու ես դուռդ և հորինելու ես, որ հրեշը բանալու անցքի մեջ նստած նայում է քեզ:
Հորինելու և հավատլու ես,Եվա:
Ինչպես ինձ հավատացիր:
Իմ խեղճ աղջիկ, ներիր ինձ, բայց ես քեզ չեմ խղճա:
Գնա նրա մոտ, գնա ու հետ մի նայիր:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *