Հովհաննես Գրիգորյան | Գրողը և ժամանակը

Հովհաննես Գրիգորյան

Հովհաննես Գրիգորյան

1. Ինչպե՞ս կբնորոշեիք Հովհաննես Գրիգորյանի գրական աշխարհը։

2. Ինչպե՞ս եք ընկալում «Գրողը և ժամանակը» հավերժական բանաձևը։

3. Համաշխարհային գրական չափանիշներն ու արժեքները, հայ մշակույթը և Դուք:

4. Ու՞մ կառանձնացնեիք ձեր սերնդակիցներից և ինչո՞ւ

5. Ինչպե՞ս եք աշխատում և ի՞նչ եք գրում հիմա։

6. Փորձեք աժեվորել «Գարունում» ներկայացվող Ձեր գործը։

7. Ի՞նչ հարցի կուզենայիք պատասխանել, որը չտրվեց։

1. Թեև գրողը պորտալարով կապված է արտաքին աշխարհին և նրա մի մասնիկն է կազմում, սակայն նրա ներաշխարհն իր «լանդշաֆտով» կարող է չնչին հիշատակներ ունենալ արտաքին աշխարհից, և քիչ չեն դեպքերը, երբ դրանք պարզապես հակապատկեր են ներկայացնում։ Այս պարադոքսի պատճառները բազմաթիվ են, բացատրությունները՝ նույնպես։
Իր մտահղացումն իրականացնելիս (եթե, անշուշտ, նպատակը գեղարվեստական երկ ստեղծելն է և ոչ թե՝ քրոնիկոն), գրողն անպայման օգտվում է դետալներից (մանրամասնը ամբողջությամբ չի արտահայտում դետալի իմաստը), որոնք ռեալիստորեն արտանկարված են իրականությունից։ Սակայն ռեալիստական դետալներից «հավաքված» վերջնական կառույցը կարող է խիստ ֆանտաստիկ, անիրական լինել։
Մտահղացումը երկի հոգին է, իսկ հոգին, ըստ վերջին տվյալների, ձև չունի, նա ձև ու նկարագիր է ստանում հենց այն դետալների օգնությամբ, որոնք գրողը ընտրողաբար և մեծամասամբ բնազդով վերցնում է արտաքին աշխարհից։ Մտահղացման մարմնավորման՝ ինկարնացիայի ընթացքը կարող է տևել այնքան, քանի դեռ ստեղծագործողը չի գտել, իրական կյանքից չի վերցրել այն մանրամասները, որոնցից նա «հագուստ է կարելու» իր մտահղացման՝ «անտեսանելի մարդու» համար, որը միայն այդ հագուստով է, որ տեսանելի է դառնում ինչպես ընթերցողի, այնպես էլ հենց իր՝ գրողի համար, խնդիրն այն է, որ ստեղծագործության նախնական փուլում գրողին թվում է, թե իրեն ոչինչ չի խանգարելու նախապես մտահղացված ծրագիրը իրականացնելիս, սակայն նրանցից ո՞ր մեկը կարող է չվկայել, թե ինչպես, սկսած մի ինչ-որ պահից, ստեղծագործությունն հետզհետե անկախանում է և ապա ինքը թելադրում գործողությունների հետագա ընթացքը, ի վերջո, խորապես զարմացնում հեղինակին՝ գործը հասցնելով բոլորովին անսպասելի ավարտի…
Եվ երբ ես ասում եմ՝ որոնումների մեջ եմ, դա պարզապես նշանակում է, որ ես հենց այդ դետալ-մանրամասներն եմ որոնում։ Մտահղացումները որոնելու կարիք չունեմ, դրանք՝ այդ անմարմին հոգիները, այդ անտեսանելի էակները՝ շրջում են ներաշխարհի տարօրինակ փողոցներով՝ սպասելով իրենց ինկարնացիային։

2. Այս հարցը կարող էր տեղավորվել նախորդի տարածքում, որպես գրողի ներաշխարհը բնորոշող չափանիշ: Սակայն առանձին դիտարկումն էլ է հասկանալի, որովհետև ժամանակը չափազանց կարևոր «գործող անձ է», թերևս ամենակարևորը, և դա հատկապես ընդգծվում է քսաներորդ դարի գրական ընթացքի բնութագրումներում։
Անշուշտ, հասկանալի է, հարցուպատասխանի այս կարճ տարածքում հնարավոր չէ երկխոսության մեջ մտնել այն ահռելի ծավալի տեսական նյութի հետ. որը կուտակվել է ամբողջ հարյուրամյակի ընթացքում, սակայն հնարավոր էլ չէ քիչ թե շատ լուրջ խոսք ասել ժամանակի մասին՝ կոնտեքստում չունենալով, օրինակ, Ֆոլքների «Աղմուկ և ցասում» վեպում ժամանակի խնդիրը քննարկող Ժան-Պոլ Սարտրի հոդվածը, Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանաների որոնումները» վեպն ու այդ վեպին նվիրված բազում մենագրություններն ու հոդվածները, Ջոյսի, Դոս Պասոսի, Բուլգակովի, Վոննեգուտի, Բեկկետի, Իոնեսկոյի, Մարկեսի, Բորխեսի… բոլոր նրանց ստեղծագործությունները, որոնք քսաներորդ դարի գրականության ողնաշարն են կազմում, ստեղծագործություններ, որոնց մեջ հատկապես որոշակի են երևում էմպիրիկ, պատմողական Ժամանակի և գեղարվեստական ժամանակի տարբերություններն ու հատման կետերը։ Համառոտ խոսենք մի քանի ստեղծագործության մասին, որոնք հայ ընթերցողին ծանոթ են՝ թարգմանված են հայերեն։ Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», «Նահապետի աշունը» վեպերում, օրինակ, ամենաուշադիր ընթերցանության դեպքում անգամ կդժվարանաս սահմանաբաժան տեսնել անցյալի, ներկայի և ապագայի միջև՝ ժամանակների միահյուսման այս դժվարին «գործընթացն», անշուշտ, ինքնանպատակ չէ, հարյուրավոր էջեր են հարկավոր մեկնության համար, ասենք միայն, որ Կոլումբիայի (թերևս ամբողջ Լատինական Ամերիկայի) ժողովրդի պատմության և հենց ժողովրդի նկարագրի ամբողջականության բացառիկ տպավորիչ արդյունքին Մարկեսը դժվար թե հասներ, եթե հավատարիմ մնար իրադարձությունների ժամանակագրական միապաղաղ, ավանդական հաջորդականությանը։ Սույնը կարելի է ասել դարձյալ հայ ընթերցողին ծանոթ Կարլոս Ֆուենտեսի «Արտեմիո Կրուսի մահը» վեպի մասին, այս տեսակետից հատկապես տպավորիչ է վեպի ավարտը՝ կյանքի բարդ ոլորաններով ու սահանքներով անցած մեքսիկացի միլիոնատեր Արտեմիո Կրուսի մահվան հոգեվարքին խառնված, հետզհետե երևակվում են նրա ծննդյան մանրամասների գրեթե լուսանկարչական, ճշգրտության հասցված պատկերները։ Հոգեվարքի խռպոտ հոգոցներն ու նորածին մանկան ճիչն ու լացը այնպես են իրար միահյուսված, որ անհնար է որոշել, թե ինչն ինչին է հաջորդել… Գեղարվեստական ներգործության միջոցներին գումարվել է ժամանակների համադրության հնարանքը, և արդյունքում ստացվել է մի չափազանց ազդեցիկ ավարտ, ուր վերոհիշյալ հնարանքի շնորհիվ թարմ շունչ է ներարկվել կյանքի ու մահվան էկզիստենցիալիստական բազմաչարչար «առեղծվածին»…
Ավելորդ չեմ համարում կրկնել, որը վերը նշածս հեղինակների՝ ներկայից անցյալ և ապագա «փախուստները» և կամ ընդհանրապես ժամանակների միահյուսումը ինչ-որ անժամանակ հոսանքի մեջ, ամենևին ինքնանպատակ չէ՝ անցյալ տեղափոխված գրողի հայացքը երբեմն շատ ավելի պարզորոշ է տեսնում ներկա և առավել ևս՝ ապագա իրադարձությունների տրամաբանությունը։ Եվ այս տեսակետից դժվար է համաձայնվել Սարտրի խիստ սոցիալականացված կարծիքի հետ, ըստ որի այս հեղինակներն իբր գլխատում և ավերում են ժամանակը՝ զրկելով ընթերցողին ազատ գործելու կերպի և միջոցների ընտրության չափանիշներից։
Սակայն, իմ խորին համոզմամբ, ժամանակների մեջ անկաշկանդ տեղաշարժվող գրողի փորձն արժեքավոր է միայն այն դեպքում, եթե գրողն ինքը, նրա խոսքը արժեքավոր են ներկա ժամանակի տեսանկյունից և ինչքան մեծ է այս փոխկապվածությունը, այնքան մեծ է իր կյանքի ժամանակից, իրական ժամանակից գրողի անջատվելու ձգտումը։ Տեղի սղությունը ստիպում է հեռու մնալ այս պարադոքսի և նրա՝ թերևս ամենատաղանդավոր կրողի՝ Էլիոթի ստեղծագործության մասին խոսելու գայթակղությունից, թեև հենց այդ պարադոքսն է տարբերակիչ նշան դնում քսաներորդ դարի գրականության վրա՝ անցյալ դարերի գրականության շարանում։
Անշուշտ, յուրաքանչյուր գրող իրավասու է ունենալ ժամանակի մասին իր սեփական, մյուսներից, թեկուզ և հանճարեղ մյուսներից տարբեր պատկերացումներ։ Ընդհանրապես, ինձ համար առավել հարազատ եմ գտնում գրականության հետ մանկական խաղի կորտասարյան համեմատությունը։ Երջանիկ է այն գրողը, որն այնպես է տարված գրականությամբ, ինչպես մանուկն է տարված խաղով։ Պարզ ու անմիջական, անշահախնդիր, ոտից-գլուխ նվիրումով… Այստեղից էլ ժամանակի այն զգացողությունը, որը միայն երեխային է հատուկ, նրա համար օրը ոչ սկիզբ ունի (եթե ժամանակի միավոր օրը վերցնենք) և ոչ էլ վերջ։ Եվ երբ մթնում է, և նրան պառկեցնում են քնելու, նրա համար դա ոչ թե օրվա վերջ է նշանակում, այլ՝ խաղի վերջ։ Եվ եթե օրը բաժանենք ժամանակային երեք չափումների՝ անցյալի, ներկայի և ապագայի, ապա դժվար թե կարողանանք երեխային բացատրել, որ երբ նա առավոտյան ավազից ամրոց էր կառուցում գետափին՝ անցյալ է, այս պահին, երբ նա թեյ է խմում՝ ներկա է, իսկ այն, ինչը հաջորդելու է թեյ խմելու «արարողությանը»՝ ապագա… Եվ այս բացատրությունը երեխան ընկալում է յուրովի՝ թեյելուց հետո նա շտապում է անցյալ՝ շարունակելու ավազե ամրոցի կառուցումը, և դա միաժամանակ անցում է դեպի ապագա, որովհետև հաջորդել է թեյախմությանը, իսկ ներկան, այսինքն՝թեյախմությունը, ձուլվեց անցյալին, որովհետև այս պահին երևի ամրոց է կառուցում անցյալում… Իսկ ընդհանրապես երեխան խաղում է՝ բացարձակապես չմտածելով այդ ամենի մասին։ Պատահական ոչինչ չկա աշխարհում, և բնավ պատահական չէ, որ ես էլ օրը վերցրեցի որպես ժամանակ միավոր, այլապես չէի կարողանա ընկալել Ջոյսի վիթխարածավալ (ավելի քան յոթ հարյուր էջ) «Ուլիսը», ուր խոշորացույցի տակ է դրված փոքրիկ քաղաքի ընդամենը մեկ օրը, կարող ենք նույնիսկ նշել այդ օրը՝ 1904 թվականի հունիսի 16-ը… Եվ մի՞թե պահմտոցի խաղացող, հուսալիորեն թաքնված երեխայի մանկական չարաճճի-պարծենկոտ կեցվածք չկա «Ուլիսին» վերաբերող Ջոյսի այս խոսքերի մեջ «Ես իմ տեքստն այնքան հանելուկ-առեղծված եմ լցրել, որ գիտնականները, մեկնաբանները, քննադատները, գրականագետները չարչարվելու են դրանց լուծումը գտնելու վրա մինչև իրենց կյանքի վերջին օրը…»։
Եվ այն, որ Մեսրոպ Մաշտոցը տառերի գյուտն արել է, 1600 տարի առաջ՝ դա միայն մեծահասակներիս համոզմունքն է, նորածին երեխայի համար այդ հրաշալի գյուտն արվելու է ապագայում՝ տարիներ հետո… Նույն կերպ՝ Վարդանանց պատերազմը, և ընդհանրապես անցյալի մեր բոլոր մեծ ու փոքր, մեծամասամբ բարոյական հաղթանակները հաջորդելու են դարձյալ տարիներ հետո՝ ապագայում, իսկ ներկա, իրական հաղթանակները նրանց համար բարոյականի են վերածվելու… անցյալում։ Ավելի ճշգրիտ արտահայտված՝ ներկա ժամանակի հետ անցյալի հավասար և զուգահեռ գոյության և ներկա իրադարձությունների վրա իր թարմությունը չկորցնող ուժգնությամբ ներգործելու հետևանքով։
Գրողը, որն ինչ-ինչ պատճառներով այլևս չի կարողանում այսպես մտածել ու ստեղծագործել, նշանակում է՝ անվերադարձ կորցրել է թագավորի մերկությունը տեսնելու՝ արվեստագետի համար ամենաթանկարժեք հատկանիշը, կարող է իրեն ազատված համարել ավազե ամրոց կառուցելու ինքնամոռաց ու անարծաթ աշխատանքից և, ի վերջո, կարող է: Թեթև սրտով նետվել քաղաքականության ու պաշտոնակռիվների հորձանուտը։

3. Օժտված գրողների պակաս հայ գրականությունը երբեք չի զգացել, և այժմ էլ կարող եմ իրար ետևից թվել մի տասը-տասնհինգ անուն, որոնք բավարար չափով համապատասխանում են գրողի դասագրքային պատկերացումներին՝ մեր հանրապետությունում ձևավորված չափանիշների մակարդակով։ Սակայն չափազանց քիչ է նրանց թիվը, որոնք օժտվածության առկայությամբ, գրականության պրոֆեսիոնալ աշխատավորներ են. երկու-երեք… և արդեն։ կդժվարանաս չորրորդին գտնել։ Պատճառները, որոնք թույլ չեն տալիս օժտված գրողներին պրոֆեսիոնալ դառնալ, իրենց արմատներով թաքնված են անցյալի խորխորատներում։ Վաղ անցյալում վեց հարյուր տարի պետականությունից զրկված հայ գրողը, եկեղեցու հետ միասին հիմնովին զբաղված էր ազգապահպանության գործով, նա իր գրավոր ու բանավոր խոսքով, ստեղծագործությամբ միմիայն այդ կարևոր նպատակին էր ծառայում և իր արհեստավարժությունը հղկելու, կատարելագործելու, գրողական աշխատանքի նրբությունների մեջ խորանալու հնարավորություն չուներ և. ճիշտն ասած, դրա կարիքը չէր էլ զգացվում,– մեծ լարում չէր պահանջվում ժողովրդին հայրենասիրական պաթոսի մթնոլորտում պահելու համար, պարզապես հարկավոր էր արվեստի բարձր ոլորտներից հրաժարվել և չափազանց պարզ ու մատչելի, ռամիկին ու գեղջուկին հասկանալի պատկերներով ու խորհրդանշաններով խոսել զանգվածների հետ…
Պրոֆեսիոնալիզմը, բարձր արվեստը չխրախուսվեցին նաև սոցիալիստական-կոմունիստական պետականության շրջանում, սոցիալիզմի և կոմունիզմի գաղափարախոսի վերածված հայ գրողներն այս անգամ էլ էին «ազատված» Օլիմպոսի բարձունքները հաղթահարելու անհրաժեշտությունից.-նախորդ դարաշրջաններում խորապես յուրացված պարզ ու մատչելի լեզվով ու պատկեր-խորհրդանշաններով նրանք հիմա արդեն պրոլետարի վերափոխված հայ գեղջուկներին ու ռամիկներին պիտի համակեին մարքսիզմ-լենինիզմի առաջավոր գաղափարներով՝ գեղարվեստի հնարանքներով փոքր-ինչ քաղցրացրած… Սակայն ազգապահպան գրականության հայրենի անցյալ փառքի հերոսական-քաղցր երազային ապրումներ արթնացնող «դոզային» վարժված հայ ընթերցողի «լոմկան» չեզոքացնելու համար կոմունիստները հարկադրված էին վերստին լեգիտիմացնել պատմավեպի փրկիչ ասեղը… սակայն, ինչպես միշտ, ոչ առանց շահադիտական նպատակների, իրենց առտնին հնարամտությամբ՝ կոմունիստական «առաջադեմ» գաղափարախոսությունը, պրոլետարիատի հեգեմոնիան, դասակարգային պայքարը, դեմոկրատական ցենտրալիզմը և այլ ատրիբուտներ՝ ընդհուպ մինչև «Փառք ՍՄԿԿ», կոմունիստները կարողացան վերոհիշյալ պատմավեպերի միջոցով տեղափոխել խորը անցյալ… Ես ինքս անսահման վայելքի և հրճվանքի անզուգական պահեր եմ ապրել՝ այդօրինակ պատմավեպերի էջերում հանդիպելով քաղլուստան հրահանգիչների մակարդակով ճամարտակող դարբին-պայտարների, որոնք մարդակերության բուռն զարգացման առաջին փուլը թևակոխած կիսավայրենի, շատ հաճախ՝ լիովին վայրենի աշխատավորական զանգվածներին ամեն հարմար առիթով կոչ էին անում հրաժարվել եղբայրական Ժողովուրդներին ուտելուց և մարտնչել համաշխարհային իմպերիալիզմի դեմ… որպես այդպիսին, ըստ երևույթին, հասկանալով դինոզավրերին և իխտիոզավրերին։ Այդ համընդհանուր պայքարի հետևանքով չէ՞, արդյոք, որ այդ շրջանի «համաշխարհային իմպերիալիզմը» լիովին վերացավ։ Սակայն սա մեկ այլ խոսակցության նյութ է… իսկ վերադառնալով ներկային, դժվարանում եմ որոշակի տերմին (եզր) գտնել այս խառնափնթոր ժամանակը բնութագրելու համար, առայժմ տպավորությունն այնպիսին է, որ հայ ժողովրդին «հացի խնդրից» և դրան հարակից խնդիրներից զատ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում՝ ոչ պրոֆեսիոնալ գրականություն է պետք նրան և ոչ էլ ինքնուսական…

4. Սերնդից որևէ մեկին առանձնացնելն այս պահին, թերևս, գրաքննադատության խնդիրն է։ Առաջին փորձերն այս ուղղությամբ արդեն կան. հիշենք, թեկուզ, Սեյրան Գրիգորյանի հայտնի հոդվածաշարը «Գրական թերթի» 1996 թ. համարներում։ Ցավոք, այն շարունակություն չունեցավ, չնայած հոդվածաշարի սուր հարցադրումներն ու բանավիճային ուժեղ լիցքն այդպիսի շարունակություն ենթադրում էին։ Բանավիճելու, իրենց տեսակետներն արտահայտելու փոխարեն շատերը պարզապես նեղացան ու խռովեցին…
խմբագրից և թերթից ու գերադասեցին վերջիններիս դեմ պայքարել գրականությունից չափազանց հեռու մեթոդներով՝ սկսեցին աջ ու ձախ վատաբանել թերթն ու խմբագրին… «Սերնդից որևէ մեկին առանձնացնելու» պատմությունը մեր պարագայում ավարտվեց նրանով, որ այդ անհավասար պայքարում թերթն սկսեց շնչահատվել և 1997-ի օգոստոսին վերջնականապես կանգ առավ… Ասում եմ՝ անհավասար պայքարում, որովհետև թերթի դեմ պայքարողների թիվը շատ մեծ էր, այդ թվի մասին որոշ պատկերացում տալու համար ասեմ, որ Ս. Գրիգորյանն իր վերոհիշյալ հոդվածաշարում մեր վիթխարի գրական հասարակայնությունից «առանձնացրել» էր ընդամենը 5-6 գրողի։
Մի խոսքով, հաշվի առնելով այս՝ ոչ այնքան հեռավոր անցյալի դառը փորձը, ես հիմա նախընտրում եմ սերունդն առանձնացնել ամբողջությամբ… Ինչ սկզբունքով։ Աչքի ա– ռաջ ունենալով թեկուզ այն մի չափանիշը, որ այս խառնափնթոր, բազմակուսակցական-շուկայական շրջանը սերունդն հաղթահարում է՝ գոնե առայժմ մնալով զուտ Գրական սերունդ… Սա ամենևին չի նշանակում, թե նրանք անտարբեր են հասարակության կյանքի իրադարձությունների նկատմամբ, ընդհակառակը, իմ կարծիքով երբեմն նրանք չափից դուրս են ակտիվացնում, առաջին պլան մղում իրենց մասնակցությունը, այնուհանդերձ, մնալով գրականության սահմաններում։ Ասել է թե՝ նրանք ժողովրդի, հանրապետության կյանքի «գործընթացին» ձգտում են միջամտել գրական միջոցներով։ Այլ խնդիր Է, թե նրանք կարողանու՞մ են և թե ինչքանո՞վ են կարողանում պահպանել գրական բարձր չափանիշներն այդ «գրական միջամտությունն» իրականացնելիս։ Այս հարցերին պատասխանելը, կարծում եմ, առայժմ առաջնահերթ չէ, թերևս, միայն մի պատճառով՝ այս դժվարին ու գրականության համար չորային տարիներին, երբ գրականությունը, ավադ, զրկվել է իր նախկին սոցիալիստական հմայքներից՝ դադարել է փողի ու հռչակի աղբյուր հանդիսանալ, չորս դին համատարած դավաճանություն է, և շատերը խուճապահար լքում են «խորտակվող նավը», իմ սերունդը, հիմնականում «չդավաճանեց իր Նվարդին» և մնաց գրողի անարծաթ ու անփառունակ կոչմանը հավատարիմ։ Ի դեպ, ջրի երեսին մնալու հարցում, ինչպես իր ծննդյան օրից, շարունակում Է սերնդին սատար կանգնել «Գարունը», որը ևս, անասելի դժվարություններ հաղթահարելով, ձգտում է չկորցնել իր վաղեմի, հարազատ նկարագիրը։

5. Աշխատում եմ, ինչպես միշտ եմ աշխատել՝ ամեն օր. գիշերային գրեթե նույն ժամերին, առանց ժանրային խտրության,– երբ հոգնում եմ չափածոյից, անցնում եմ արձակի, հետո թարգմանության, իսկ սրանցից հոգնելու պարագային՝ անցնում եմ գրական, հրապարակախոսական հոդվածների…

6. «Գարունում» ներկայացված պատմվածքը վերցված է վերջերս ավարտած «Գերեզմանիա» վիպակ-պատմվածաշարից… Հասկանալի պատճառներով չեմ կարոդ արժեվորել, այլապես կստացվի սովորական ինքնագովերգություն։

7. Այդպիսի հարցեր շատ կան։ Շուտով «Գարունին» կներկայացնեմ մի հոդված, ուր փորձել եմ պատասխանել այդ հարցերին։

«Գարուն», 1998թվական, թիվ 3:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *