Լիլիթ Երանյան | Գրողը, ծաղրածուն ու երեխաները

Լիլիթ Երանյան

-Դու այդ ի՞նչ մարդ ես,-բացականչեց նա:
-Ես ծաղրածու եմ,- ասացի ես,- ծաղրածու, որ
ակնթարթների հավաքածու է կազմում:
Հ. Բյոլլ , «Ծաղրածուի աչքերով»

Գրողը

Նրան կոչում էին գերմանական ազգի խիղճ: Թեպետ հենց գրողը՝ Հայնրիխ Բլոլլը, չէր ընդունում իրեն տրված այս բնորոշումը, բայց իր գրականությունը իրոք դարձրել էր ապաշխարում իր ու իր երկրի համար: Նա պայքարում էր իր ժողովրդի հիշողության կորստի դեմ և նայում էր ազգի պատմությանը պարզ ու բաց հայացքով: Իր ժողովրդի խոցերը գրողի hամար իր սեփական բաց ու տրոփող վերքերն էին: Նա տեսնում է Գերմանայի պատմության մի քանի փուլեր (նախ կայսերական ժամանակներ, ապա հանրապետության ու հիտլերյան բռնապետության տարիներ) և չի մոռանում ոչինչ: Բլոլլն իսկապես մարդկային բացառիկ ու եզակի տեսակ էր: Հետաքրքիր է, որ դեռ գիմնազիայում ուսանելու տարիներին Հայնրիխը եղել է այն եզակի ուսանողներից, ովքեր հրաժարվել են մտնել «հիտլերուգենդ»-ի՝ Գերմանիայի նացինոալ-սոցիալիստական կուսակցության երիտասարդական կառուցի մեջ: Բայց խուսափել որոշ բաներից նա չէր կարող: Գրավաճառությամբ զբաղվող երիտասարդի կյանք է խուժում պատերազմը. երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մի քանի ճակատումներում է կռվում, չորս անգամ վիրավորվում է, անգամ փորձում է խուսափել ծառայությունից: Եվ ահա պատերազմից հետո վերադառնում է հայրենի Քյոլն քաղաք ու ընդունվում համալսարան, ըստ երևույթին շարունակելու համար ընդհատված բնականոն կյանքը, բայց պատերազմական տարիները պիտի խորը հետք թողնեին նրա կյանքում: Սա առաջին հերթին պիտի արտահայտվեր նաև և առաջ վեպերում: Նրա կենսագրության ամենաշրջադարձային պահերը խորը ու անդառնալի կնիք են թողնում առաջին հերթին գրականության վրա: Հակապատերազմական են նրա բոլոր հայտնի վեպերը, բայց սա արտացոլվում է նախ և առաջ կերպար-անհատականությունների վարքի մեջ:
Երիտասարդ Հայնրիխ Բլոլլը, որ հետագայում Նոբելյան մրցանակի պիտի արժանանար, դառնում է «47» խմբի անդամ: 1952 թվականին իր ծրագրային հոդվածում` «Ավերակների գրականության ընդունում» վերնագրով, Բյոլլը քննում է այդ գրական միության նպատակները և կոչ է անում ստեղծել նոր գերմանական լեզու՝ պարզ և ճշմարտացի: Հենց ինքն էլ պատմում է պարզ, առանց ավելորդ շպարի, բայց մինչև վերջին աստիճանը պեղելով մարդկանց ու նրանց զգացողությունները: Նա ստեղծում է «զուտ, անխառն» գրականություն՝ շշմեցնող իր իսկականությամբ:
Եվ ինքը գրողը հեռու չի իր ստեղծած կերպարներից: Բյոլլը եթե անգամ իր մասին էլ չի պատմում, ապա այնքան լավ է ճանաչում իր կերպարներին՝ օրինակ ծաղրածու Հանս Շնիրին: Իսկ նա էլ վստահ էր, թե ոչ մեկը չի կարող ծաղրածուներին ամբողջովին հասկանալ: Ուրեմն գրողն այդ առումով հենց ծաղրածու՞ չէր:

Ակնթարթներ հավաքող ծաղրածուն

«Ծաղրածուի աչքերով» վեպը մերժումն է ամեն տեսակի կեղծիքի՝ կեղծ հավատի ու զգացմունքների: Եթե անգամ փորձես պեղել, ոչ մի գրամ ավելորդ սենտիմենտ չես գտնի, բայց դրանով հանդերձ չես կարող չհուզվել կործանված ծաղրածուի՝ Հանս Շնիրի համար: Եվ եթե ընդունես աշխարհում այդպիսի ծաղրածուի գոյությունը, հնարավոր է, որ պարզապես գրքային կերպար լինելուց բացի, կյանքում այն դառնա ազնիվ աշխարհընկալմամբ մի բացառիկ էության օրինակ: Բնութագրելով մի բառով այս ստեղծագործությունը, կասենք՝ վեպ-կերպար: Մենախոսություն մի ծաղրածուի, ով 27 տարեկան է, սակայն արդեն անդունդի եզրին է հասել՝ միայնակ է և արհամարհված որպես ծաղրածու:
Վեպը ծաղրածուի մենախոսություն է, խոստովանանք, կամ էլ փորձ՝ դուրս գալու այն շփոթից, որտեղ հայտնվել է: Նրա ամբողջ պատմությունը կամփոփվի մի քանի տողերում. մեծացել է Շնիրների հարուստ ընտանիքում, որի ժլատ ու քաղքենի միջավայրի խեղդուկից հեռանում է: Նա փախչում է հայրական տնից Մարիայի հետ՝ այն միակ կնոջ հետ, ում նա կարող էր սիրել: Ապրեց նրա հետ հինգ տարի խելահեղ ընթացքով՝ խաղեր, տարբեր հյուրանոցներ, մնջախաղային ներկայացումներ, հաղթանականեր, «ինքնասահմանակվելու անընդունակություն», իրեն որոնելու ուղիներ, Մարիայի արցունքները, կամ ուրախությունը ռիչ-ռաչ խաղալիս: Սա էր նրա երջանկությունը, մինչև կաթոլիկ գործիչները գաղտնի հավաքների ժամանակ կնոջը վստահեցնում են, որ կապը ծաղրածուի հետ առանց որոշ թղթերի՝ անօրինական է ու մեղավոր:
Եվ վեպը սկսում է այն ժամանակ, երբ Հանս Շնիրը գալիս է հայրենի քաղաք Բոնն՝ առանց փողի, առանց Մարիայի: Նորից Շնիրների հարուստ ընտանիքը, որտեղ որևէ մեկն ընդունակ չի օգնել նրան: Պատահահաբար, թե ոչ՝ ոտքը կոտրել է, և տեղի է ունեցել անթույլատրելի մի բան` ծաղրածուին խղճացել են: Հանս Շնիրն իսկապես բարդ մարդկային տեսակ է: Միայն մեկը՝ Մարիա անունով մի կին, մոտ էր եղել ճանաչելու նրան, բայց էլի ոչ ամբողջությամբ: Ամենսարսափելի հենց դա էր ծաղրածուի համար, որ հեռացել է Մարիան՝ միակ կինը, ում աչքերին նայելով վարժություններ կարող էր անել:
Այս վեպի առանցքում առկա են երկու խոշոր թեմաներ՝ պատերազմ ու կրոն, արտացոլված Հանս Շնիրի տեսակի մեջ: Կաթոլիկները «ազնիվ չեն վարում խաղը», խլում են նրանից Մարիային, աթեիստները թախիծ են առաջացնում և միշտ խոսում են Աստծու մասին, իսկ ո՞վ է նա: Հանս Շնիրը հավատավոր չէ, բայց այնքան սիրում է երգել կույս Մարիամի երգը: Եվ անպայման արթնացնում էր Մարիային, որ պատարագից հանկարծ չուշանա: Նա հասկանալի չէ կաթոլիկական միջավայրում, նա ընդունելի չէ պատմերազմի օրերի մոլեռանդ ազգայնականների համար, ովքեր նույն հաջողությամբ խաղաղ ժամանակ «ցեղերի հակասությունները մեղմելով» են զբաղվում:
Շնիրը ընդհանրապես չի սիրում խոսել արվեստի ու փողի մասին, և Գերմանիայի քաղաքական վայրիվերումներից հեռու է, բայց նրա միջոցով Բյոլլը ներկայացնում է գերմանական պետությունը: Չկան այստեղ ֆաշիստական Գերմանիայի պատկերներ, բայց դրա փոխարեն կա Հենրիետայի իրական թվացող կերպարը եղբոր մտքում: Պատերազմը արտացոլվում է Շնիրի ներսում՝ միայն զոհված քրոջ կենդանի պատկերով: Հանսը պարզապես չի կարողանում մոռանալ 15 ամյա քրոջը՝ Հենրիետային, ով զոհ գնաց պատերազմին այն ժամանակ, երբ այն ավարտին էր մոտենում: Մայրն աղջկան ուղարկել էր հաստատական մահվան ճանապարհ, քանի որ այդպես ընդունված էր, «պատշաճ էր» պայքարել հանուն հայրենի սուրբ հողի: Հենց այսպես է ծնվում զրույցը մոր և ոչինչ չմոռացող Հանսի միջև:.
«-Խոսում է ժամանակավորապես Բոննում գտնվող Կենտրոնական բյուրոյի՝ քոսոտ յանկիների գործերի լիազորը: Բարի եղեք, միացրեք ինձ ձեր դստեր հետ:
Ես ինքս վախեցա այն բանից, ինչ ասացի: Մայրիկը ճչաց, ապա մի հառաչ արձակեց, և այդ հառաչանքից ես հասկացա, թե որքան ծերացել է նա:
-Դու երբե՞ք չես մոռանա դա: Այո՞,-հարցրեց նա:
Ես ինքս դժվարությամբ էի զսպում արցունքներս:
-Մոռանա՞լ: Միթե դա հարկավոր է մոռանալ, մամա,- հարցրի ես կամաց»:
Նրա հիշողությունները կազմված են ակնթարթներից, որոնք ոչ մեկը չի կարևորել, նրան տխրեցնում են մանրուքներ, որոնք շատերի համար կարող են չնչին լինել: «Իմ կարծիքով աշխարհում չի գտնվի մի մարդ, որը կկարողանա հասկանալ ծաղրածուին»,-ասում է նա: Ծաղրածուն ճանաչում է մարդկանց շատ լավ, բայց նրա սեփական էությունը ըմբռնել մի քիչ դժվար է, որովհետև ծաղրածու է: Նա այնքան սիրում է երեխաներին, բայց դա չի օգնում անընդհատ պատող մելամաղձությունից ազատվել: Հանս Շնիրը բաց է աշխարհի առաջ իր զգայարաններով: Նա զգում է մարդկանց բույրերը անգամ հեռախոսով խոսելիս: Նա առանձին մարդկային տեսակ է՝ ծաղրածու, ով ատում է կեղծը: Բյոլականությունը՝ այն ինչ հատուկ է այս գրողին, ամեն տեսակի կեղծիքի մերժումն է: Բայց սա բնականաբար ինքնին գեղարվեստական արժեք չէ: «Ծաղրածուի աչքերով» վեպը իսկական գրականություն է, ոչ բարոյախոսություն և ոչ էլ փիլիսոփայություն:
«Ծաղրածուի աչքերով» -ը վեպ է առանց ճիգի, ծաղրածուն այնքան բան ունի ասելու, և այնքան հոգնած է թվում, և մտքերի տարափն էլ այնքան արագ է, որ ջանք չի գործադրում դրանք գեղեցկացնելու: Երբ արդեն ոչ մի այլ բան չի մնում անելու, միայնակ ու աղքատ ծաղրածուն կոտրված ոտքով դուրս է գալիս փողոց, կիթառով նվագում ու երգում: Նետված առաջին կոպեկից հետո փրկություն կա՞, թե՝ ոչ: Այս հարցը մնում է առկախ, պարզապես հավատում ես, որ մարդկային այդպիսի ուժեղ տեսակը կարող է հաղթել անգամ ինքն իրեն:

Երեխաները

Հանս Շնիրը ասում էր, թե տիրամայրեր պիտի նկարեն միայն իրենց նկարիչ չհամարող քահանաներն ու երեխաները: Կարելի է ենթադրել, որ այս կերպարը ստեղծողը՝ Բյոլլը, նույնպես հավատում էր երեխաներին: Նրանք նայում են աշխարհին ազնիվ հայացքով և արտացոլում են այն իրենց մեջ այնքան մաքուր ու պարզորեն: Եվ ահա իր «Անտերունչ տունը» վիպակում Բլոլլը ներկայացնում է հետպատերազմական Գերմանիան երկու փոքրիկ տղաների՝ Մարտինի և Հայնրիխի հայացքով: Այս վեպում չկան ռումբի պայթյուններ, կրակոցներ, բայց կան հայրերից զրկված երկու տղաներ՝ ավերված հոգով: Այն հարցին, թե գիտակցում են՝ ինչ է նշանակում հայր կորցնել, նրանք հաստատական պատասխան ունեն: Առաջին հայացքից վեպում անգոյություն ու մշուշ է պատերազմը, բայց ըստ էության առարկայորեն շոշափելի է երեխաների կյանքի ու օրվա մեջ: Այն երեխաների տեսակն է ձևավորել, նրանց մանկությունը խեղել: Հայր չունեցողների հանդեպ վերաբերմունքը այլ է նույնիսկ դպրոցում՝ մի փոքր ավելի բարի ու մեղմ, բայց նյարդայնացնող:
Հենց վեպի սկզբում թվում է՝ շնչելը դժվար է. օդը պատված է ծխով, անքնությունը համատարած տանջում է բոլորին, և գիշերային լռության մեջ պտտվող օդափոխիչի ձայնը անհանգստացնում է: Թեպետ մյուս կողմից Մարտինի համար սա հանգստություն է և նշանակում է, որ մայրը կողքին է: Երկու տղաների՝ Մարտինի ու Հայնրիխի կենսագրությունները շաղկապված են, նրանք ընկերներ են, բայց շատ տարբեր են: Մարտինը չի կարող հասկանալ, թե ինչպես էր ընկերը սև շուկայում առևտուր անում, թե ինչպես դեռ ինքը խնամքի կարոտ՝ պահում է ընտանիքը: Մարտինը չգիտի՝ ինչ է փողը, որովհետև իր ընտանիքը շատ ունի դրանից, իսկ Հայնրիխի համար որոշ ուտելիքներ ձեռք բերելը շռայլություն է: Հայնրիխը շատ լուրջ ու մտածված է գործում, նրան հուզում է միայն փոքր քրոջ խնամքը: Նրա ու մոր՝ Վիլմայի կյանքում մնացել են տարբեր «քեռիներից» որոշակի հուշեր՝ սուպի հոտ կամ հայհոյանք: Իսկ այս նոր Լեո «քեռուն» Հայնրիխն ատում է այնքան, որքան սիրում է Մարտինն իր Ալբերտ քեռուն՝ հոր ընկերոջը: Մարտինը սիրում է քեռի Ալբերտին , բայց ո՞վ է նա՝ հո՞ր ընկերը, ի՞ր ընկերը, թե՞ հայրը: Մարտինի համար հայրը նկարում պատկերված մի երիտասարդ է, որի տարիքին նա շուտով կմոտենա, իսկ Ալբերտը պարզապես քեռի չէ… նա այնպիսններից չէ, որ անընդհատ հայտնվում են ընկերոջ մոր կյանքում, բայց նա իսկական քեռին էլ չէ: Եթե Հայնրիխը ստիպված է հանդուրժել Լեո «քեռուն», ապա Մարտինն էլ հոգնում էր մոր անուշադրությունից, տատիկի պատճատած տհաճությունից ու անհանգստությունից..«…և վերջում ձեռքը պահում էր տատիկի այտի վրա, ու այլևս նրան չէր ատում. սքանչելի գեղեցիկ դեմք, որ այնպես փոխվել է մի կես մատանոց անգույն ինչ-որ բանից: Երբեմն տատիկը նույնիսկ չէր քնում և առանց աչքերը բանալու, քնքշանքով ասում էր նրան. «Իմ լավ տղաս», իսկ տղան ամաչում էր, որովհետև սովորաբար ատում էր տատիկին:»
Իսկ մայրը՝ Նելլան չէր կարողանում ապրել այդ օրով, ապրում էր արդեն վաղուց մեռած ամուսնու կենդանի հիշողություններով, որոնք պտտվում էին կինոժապավենի պես: Նելլան ուղղակի սիրում էր նրան, իսկ շատերի համար ամուսինը հայտնի պոետ էր, ում անունը կարող էին շահագործել ու քծնել պատերազմի օրերին նրան մահվան ուղարկողները: Իսկ Վիլման կարծես չի էլ հիշում ամուսնուն, որին պատերազմն այնքան շուտ է խլել, պատերազմի օրերին ծնված որդին՝ Հայնրիխն է միայն նրա կենդանի վկայությունը: Իսկ նա ընկնած է խառնաշփոթի մեջ և չի կարողանում կառավարել սեփական կյանքը: Տարբեր են երկու ընկերները՝ Հայնրիխը և Մարտինը, տարբեր են նրանց մայրերը, բայց վեպի վերջում նրանք ակամա միասնանում են: Բոլորն էլ փախչում են հեռու քաղաքային միջավայրից և Ալբերտ քեռու մոր գյուղական տանը ուզում են խաղաղություն գտնել: Այստեղ նրանք հանգիստ կարող են խաղալ, արտասվել, այստեղ նրանց չեն քծնի, չեն հայհոյի….և անգամ ամենաանելանելի վիճակում գտնվող փոքրիկ տղան հավատում է ինչ-որ բանի. «Նա ուզում էր լաց լինել այնպես բարձր, ինչպես պատշգամբում լալիս էր մայրիկը: Սակայն Մարտինն արցունքները զսպեց. Նա համոզված էր, որ Հայնրիխը դեռ քնած չէ և մտածում է իր մոր մասին, հրուշակագործի մասին, այն խոսքի մասին, որ նրա մայրն ասել էր հրուշակագործին: Սակայն Հայնրիխը բոլորովին ուրիշ բան էր մտածում-նա մտածում էր այն հույսի մասին, որ մի պահ լուսավորեց մոր դեմքը: Դա տևեց մի պահ միայն, բայց նա հիմա գիտեր, որ մի պահը կարող է ամեն ինչ փոխել:»
Բյոլլը իր տեսակը դրել է իր այս երկու վեպերում, բայց նա լուռ հետևում է, թե ինչ են զգում, ինչ են ապրում իր ստեղծած մարդիկ: Եվ իրոք նրանք այնքան իրական մարդիկ են՝ իրենց հատուկ ընդվզումով, անկումով, բույրերով ու հույսով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *