ՄՀԵՐ ԲԵՅԼԵՐՅԱՆ | Գվարդիական Ժան-Բատիստ Բերտյեի սխրանքը

1. Շարասյուներով առա՜ջ

Ես ծնվեցի 150 տարի անց այն բանից հետո, երբ Վոբանը ստիպեց բոլոր եվրոպական բանակներին հրաժարվել նիզակներից: Մինչ այդ, հռոմեականների օրինակով, եվրոպական բանակների հետևակները բաժանվում էին երկու մասի` ծանր ու թեթև: Թեթևն արկեբուզիռներն էին, որոնք հետախուզությամբ էին զբաղվում և անհանգստացնում հակառակորդի առաջավոր գծերը, իսկ ծանրը` պիկիներները, որոնք փոխարինում էին հռոմեական ծանր հետևակը: Ես երազում էի ծառայել ծանր հետևակում, քաջաբար գրոհել թշնամու վրա և իմ քաջությամբ ու նիզակով խառնաշփոթ մտցնել նրա շարքերում: Այո, նախանձում էի հին հույների, հին հռոմեացիների փառքին, բայց իմ ծառայության ժամանակ բանակում ծանր հետևակ արդեն գոյություն չուներ: Գրենադյորների փոխարեն եգերական գումարտակներ էին, որոնցից ամեն մեկը` ինը վաշտից բաղկացած: Բացի այդ, կայսրը ստեղծեց բոլտիժերների գումարտակներ, որոնք բաղկացած էին հինգ ֆուտից ցածր հասակ ունեցող մարդկանցից` զինված դրագունական հրացաններով: Մինչ այդ ցածրահասակները չէին զորակոչվում: Դա յուրահատուկ մրցակցության սկիզբ դրեց կարճահասակների ու հաղթանդամների միջև: Եթե Նապոլեոնի բանակում ծառայելիս լինեին նաև սևամորթներ, նա անպայման կստեղծեր սևամորթների և սպիտակամորթների առանձին գումարտակներ: Եթե մի երկրում ապրելիս լինեին միայն միաչքանիներ ու կուզիկներ, մեծ օգուտ կարելի էր քաղել կուզիկների ու միաչքանիների գումարտակներ ստեղծելով: Եգերների գումարտակներում հավաքագրում էին լեռնային շրջաներում բնակվող անտառապահների տղաներին. սրանք ալպիական և պիրինեյան լեռների լավագույն սահմանապահներն էին: Այդպիսի ընտանիքից էի նաև ես` Ժան-Բատիստ Բերտյես: Ես անվանակիցն էի Մեծ բանակի շտաբի պետի, և ծառայող տղաները հաճախ ընկերաբար կատակում էին, թե իրականում Բերտյեն է քո անվանակիցը: Ընդհանուր առմամբ, ծառայությունն ինձ դուր էր գալիս: Տղաները շատ բարյացակամ էին ու ընկերասեր. դժվար է ընկերասեր չլինել, երբ ժամերով կառեի (քառակուսի զինվորական շարաձև) մեջ ընկերներիդ հետ կանգնած ես մնում թշնամու անդադար հրետակոծման տակ: Դա միակ բանն է, որ ատում եմ ծառայության մեջ. ոչինչ չանել, այն ժամանակ, երբ թշնամին ոչնչացնում է քեզ. կամ կառեյով առաջ քայլելու հրաման ստանալ և աղոթել, որ թշնամու արկերը քեզ կտոր-կտոր չանեն նախքան կրակելու հեռավորությանը հասնելը: Բանակում ազատ ժամանակ ես կարդում էի հին հույն հերոսների մասին և, ինչպես ասացի, նախանձում էի նրանց փառքին. որքան կուզենայի սրով նետվել թշնամական շարքերի վրա, զոհվել մարտի բովում, այլ ոչ պատահական արկից` ճակատամարտի գծից հարյուրավոր ոտնաչափ հեռավորության վրա: Ամենավտանգավորը համարվում էր փոքր հետևակային խմբերով հետախուզության գնալը. հետախուզությունը հիմնականում հեծելազորի գործն էր, բայց երբեմն ստիպված էինք լինում ինքներս գնալ առաջին գիծ, քանի որ հեծելազորը չափազանց հեռու էր լինում: Նման դեպքերում բոլորն ընկճվում էին, իսկ ես ուրախանում էի, միշտ առաջ էի նետվում և իմ խիզախությամբ վարակում շատերին: Հիմնականում հակառակորդի հետ շփման գծին չէինք հասնում. թշնամու հետախույզ հեծյալները մեզ նկատում էին ու հարձակվում: Նման պահերին ամենակարևորը արագորեն ազատ շարային քայլից փոքր շարքեր կազմելն էր. դա ողջ մնալու միակ հույսն էր: Ըստ զինվորական կանոնակարգի նախ անհրաժեշտ էր 4 հոգիանոց շարք ստեղծել, ապա` 7, ապա` 16: Տասնվեց հոգիանոց կառեները, շախմատաձև շարվելով, նահանջում էին դեմքով դեպի հակառակորդը: Հասնելով հիմնական ուժերին` մտնում հիմնական գումարտակային կառեների մեջ և, եթե հակառակորդը շարունակում էր նեղել, նահանջում էր արդեն ողջ գումարտակը` ՙԿես-շրջադարձ դեպի աջ, կրա՜կ՚ հրամանով: Դրանից հետո նահանջում էինք առանձին շարքերով, ըստ դասակների: Քիչ անց հետևում էր հրամանը. ՙԿանգ ա՜ռ: Ըստ դասակների աջ և ձա՜խ: Շարքերով կրա՜կ՚: Մեր կրակոցները հնձում էին հակառակորդի հեծելազորը, բայց եթե նա շարունակում էր հարձակումը, նորից կառե էինք կազմում` հակառակորդի համար վերածվելով հսկայական մի ոզնու. որ կողմից էլ մեզ վրա հարձակվեին, թշնամուն կդիմավորեին մեր սվիններն ու հրացանների փողերը: ՙՆահանջը շարունակե՜լ՚ հրամանով նորից շարքերով էինք շարվում ու նահանջում` դեմքով դեպի հակառակորդը: Գուցե այս ամենը ձեզ հետաքրքիր չի, բայց դա իմ կյանքն է, ավելի շուտ իմ կյանքն էր, նախքան Վաթերլոոյում զոհվելս: Շատ ճակատամարտերի եմ մասնակցել մեր ՙփոքրիկ կապրալի՚ հետ (զինվորներս մեր մեջ այդ քնքշական մականունով էինք խոսում կայսեր մասին)` իտալական արշավանքից մինչև Վաթերլոո: Ես տեսա, թե, ինչպես կայսրը (Իտալիայում նա դեռ գեներալ էր) դրոշը ձեռքին երկու անգամ նետվեց գրոհի, երբ արդեն պատրաստ էինք նահանջել և երկու անգամ էլ մենք հաղթող դուրս եկանք: Առհասարակ կայսրը առանց ծայր աստիճան անհրաժեշտության կյանքը չէր վտանգում` համարելով, որ հրամանատարը իրավունք չունի մահանալ, եթե դա կարող է հանգեցնել պարտության: Նա մահվանն ընդառաջ էր նետվում միայն այն դեպքերում, երբ իր մահով կարող էր ապահովել հաղթանակը: Վերոնշյալ երկու դեպ
քերում էլ նրա անձնական օրինակի շնորհիվ մենք գրավեցինք կարևոր կամուրջներ, ինչի շնորհիվ զորքը կարողացավ արագորեն ներխուժել հարավային Իտալիա: Բայց վերջին ժամանակներում նա հաճախ էր առանց ծայր աստիճան անհրաժեշտության վտանգում կյանքը: Բոլորս տեսնում էինք, որ նա զինվորին արժանի մահ է փնտրում: Մի անգամ, երբ մարտի տանելուց առաջ կայսրը ստուգում էր մեր շարքերը, արկերից մեկն ընկավ առջևի գծում կանգնածների դիմաց: Տղաները իրար հրմշտելով` ետ-ետ գնացին: Կայսրը որոշեց անձնական օրինակով քաջալերել զինվորներին: Նա իր ձին քշեց ուղիղ արկի վրա և սկսեց սպասել պայթյունին: Երբ պայթյունը որոտաց, ձին տապալվեց, կայսրը ընկավ, ամեն ինչ կորավ ծխի մեջ: Մեկ վայրկյան անց կայսրն անվնաս դուրս եկավ ծխի միջից և հրամայեց իրեն նոր ձի բերել: Հին ձիուց քիչ բան էր մնացել: Մեկ ուրիշ անգամ, երբ արկը սուրացել էր նրա գլխավերևով, կողքին կանգնած զինվորը կռացել էր. կայսրը քամահրանքով նայել էր նրան և ասել. ՙԵթե այդ արկը ձեզ համար էր նախասահմանված, դուք նրանից չէիք փրկվի, եթե անգամ հարյուր ոտնաչափ փոս փորեիք ու թաղվեիք մեջը՚: Այդպիսին էր նա: Նրան հնարավոր չէր չսիրել. շատերիս նա անունով գիտեր, հաճախ էր զրուցում մեզ հետ, ոլորում մեր բեղերը, թփթփացնում ուսներիս: Հրամանատարներից շատերը հարբած ժամանակ ասում էին, որ Նապոլեոնը թքած ունի բոլորիս վրա, որ մենք նրա համար ֆիգուրներ ենք շախմատային իր պարտիայում, բայց զինվորները միշտ էլ նրան սիրել են ու պատրաստ են եղել մահանալ նրա համար: Մենք պատրաստ էինք մահանալ նրա համար նաև 1814-ին, երբ թշնամին, ձեռք գցելով Նապոլեոնի նամակները, տեղեկացել էր, որ Փարիզի ճանապարհը բաց է, որ կայսրը շրջանցում է կոալիցիոն ուժերին, և նրանք առանց ճակատամարտի մտել էին մայրաքաղաք: Մենք պատրաստ էինք, բայց ոչ գեներալներն ու մարշալները, որոնք արդեն անասելի հարստության տեր էին և հոգում էին նախևառաջ իրենց կալվածքների մասին: Նախքան թշնամին կմոտենար Փարիզին, կայսրը փայլուն հաղթանակներ տարավ 15-16 տարեկան երեխաներից կազմված նորաստեղծ զորամիավորումներով, հաղթանակներ, որ հիացնում էին նույնիսկ թշնամիներին: Կայսրը չէր կարող ամեն ինչ ինքնուրույն անել. նա ջարդում էր մեկը և շտապում պատերազմել երկրորդ բանակի դեմ: Փախչող բանակների ետևից ուղարկում էր իր գեներալներին ու մարշալներին` տալով նրանց ամենալավ զորամիավորումները, բայց նրանք գրեթե միշտ բաց էին թողնում թշնամուն վերջնականապես ջախջախելու հնարավորությունը: Կայսրի գրագիրներից մեկը մի անգամ ինձ պատմեց, թե ինչպես էր կայսրը 1814-ին տարած հերթական փայլուն հաղթանակից հետո գոռում մարշալ Օժերոյի վրա. ՙԻնչ խղճուկ արդարացումներ եք բերում, Օժերո: Ես ոչնչացրի 80 հազար թշնամի մի կերպ հագնված նորակոչիկներով… եթե ձեր 60 տարիները բեռ են ձեզ համար` հանձնեք հրամանատարությունը՚: Գրագրի ասելով, այդ պահին սենյակի հեռավոր անկյունում կանգնած գեներալներից մեկը շշնջացել է. ՙԿայսրը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել, որ իր ենթականերից և ոչ մեկը Նապոլեոն չէ՚: Երբ թշնամին արդեն Փարիզում էր, կայսրը հավաքեց 40 հազարանոց բանակ, և նա էլի կհաղթեր, եթե չընդդիմանային մարշալներն ու գեներալները. կհաղթեր, չնայած որ Փարիզին մոտեցող զորքերի հետ միասին կոալիցիոն ուժերի ընդհանուր թիվը անցնում էր մեկ միլիոնից: Նա դեռևս պարտություն չէր կրել: 59 ճակատամարտ և 59 հաղթանակ (ես մասնակցել եմ դրանցից 21-ին, վերջինն, ինչպես ասացի, Վաթերլոոն է): Դա ավելի շատ է, քան Ալեքսանդրի, Կեսարի ու Հաննիբալի բոլոր հաղթանակները միասին վերցրած: Որքան էլ նողկալի լինի պատերազմը, մեր կայսրը կարողանում էր մեզ վարակել մեծ իրադարձությունների մասնակիցն ու կերտողը լինելու պատվախնդրությամբ: ՙԶինվորնե՜ր, այս բուրգերի գագաթներից ձեզ են նայում 40 հարյուրամյակներ՚. նման խոսքերից հետո մենք չէինք կարող չջարդել թուրք-անգլիական բանակները: Աբուքիրի ճակատամարտում մի քանի ժամում մամլուքները կորցրին ողջ բանակը: Մարշալներ Նեյն ու Մյուրատը կայսեր հրամանով անսպասելի հեծելազորային ու հրետանային շրջանցով հայտնվեցին հակառակորդի երկու թևերի թիկունքում ու սկսեցին հրետակոծել բլուրների վրա ամրացած առաջին գծի նրա հրետանին: Խուսափելով վերջնական շրջապատումից` հակառակորդը լքեց առաջին գիծը: Երկրորդն ավելի ամրացված էր, երկու կողմերից պաշտպանված ծովով ու 18 հրանոթներով, բայց կայսրը նկատեց (նա միշտ ճակատամարտի ընթացքում փոխում էր նախնական առաջադրանքները), որ հակառակորդի երկրորդ բանակային գծի ետևում գտնվող փոքր թերակղզին լավ պաշտպանված չէ և քիչ առաջ գրավված բլուրների վրա ամրանալու փոխարեն, հեծելազորային ուժեր ուղարկեց այդ թերակղզի: Մեր` 18-րդ գծային գումարտակը ժամանակից շուտ նետվեց մարտի և, երբ արդեն թվում էր, թե կենտրոնում գտնվող բլրի հրետանին արդեն մեր ձեռքում է, թշնամու տեղատարափ կրակը կանգնեցրեց մեզ ու տրվեց նահանջի հրաման: Որքան էլ չուզենայինք ենթարկվել այդ հրամանին, ստիպված էինք նահանջել` թողնելով մարտի դաշտում 50 վիրավորների: Թուրքերն ըստ իրենց սովորության նետվեցին այդ տարաբախտ զինվորների վրա ու սկսեցին կտրե

Share Button

1 Կարծիք

  • Հայկ says:

    Պատմվածքը լավն էր։
    Ուղղակի մեկ փաստագրական սխալ կա 🙂
    Նեյը երբեք չի ասել, որ «մարշալը պետք է մահանա 30 տարեկանում»։ Նման արտահայտություն սիրում էր անել հուսարական մարշալ Լանը՝ Նապոլեոնի մեկ այլ զինակից, ընդ որում ասելով՝ «հուսարը պետք է մահանա 30 տարեկանում»։ Իսկ ինքը մահկանացուն կնքեց 36-ում՝ հենց Նապոլեոնի գրկու…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *