ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ | Հիշողության պոետիկա

Նաիրա Համբարձումյան

Գերմանացի բանաստեղծներ Նովալիսն ու Հյոլդերլինը աշխարհը ճանաչելու միակ հնարավոր ճանապարհը համարում էին պոեզիան,
քանի որ գեղարվեստական ստեղծագործությունը կարող է գոյաբանական նոր դիտանկյուններից արտացոլել լինելության հարցերը: Ու քանի որ պոետական արարչագործությունը ուղղակիորեն առնչվում է կյանքին, ուրեմն միայն նրա միջոցով է այդ իրողությունը դառնում իրադարձություն: Մարտին Հայդեգերը նշում է Dasein – ի (աստ – լինելության) ու Sein–ի (լինելության) անմիջական կապը, հիմնավոր այն փաստը, որն էկզիստենցիան համարում էր միակ գոյավորը ու դրանով վերականգնում լինելությունը (որպես էույթ), ու որն իր ներսում կրում է Dasein – ի հետ հարաբերվելու ազատությունը: Ըստ Հայդեգերի, այդպես կարող է ձևավորվել մարդաբանական ու սուբյեկտիվիստական մետաֆիզիկան, որտեղ գոյությունը փոխարինում է էույթին: Սակայն վերջինս փշրում է Հայդեգերի նախնական մտահղացումը. լինելությունը որպես այդպիսին չի կարող առաջադրվել մարդու կողմից, ով սոսկ ուրվագծում է լինելությունը, ուստի «Նամակ հումանիզմի մասին» (1944) հոդվածում գրում է. «Մտքի միջոցով իր-ականանում է գոյի հարաբերությունը մարդկային լինելությանը: Միտքը չի ստեղծում ու չի վերարտադրում այդ հարաբերությունը, այլ ուղղակի հարաբերում է լինելությունը նրան, ինչ միտքը հղում է բառի գոյությանը: Լեզուն գոյության տունն է» //Xайдеггер М., Письмо о гуманизме // Xайдеггер М., Время и Бытие, М., 1994): Այսպիսով, ոչ թե Dasein – նն է ասում ` ստեղծաբանելով լինելությունը, այլ վերջինս իր ասացման մեջ գոյավորում է Dasein – ը (աստ – լինելությունը): Այս ենթատեքստում տեսանելի է հայդեգերյան շրջադարձի ներքին արդարացումը` գոյության ըմբռնումը որպես բնօրինակ (բնագիր), որը երևութանում է պոետական կառույցի փակման ու բացման դեպքում` հավաստելով նրա էույթի սկզբունքայնությունն ու ինքնուրույնությունը: Ու գաղափարը, թե հիշողությունն անմիջականորեն առնչվում է գոյաբանական կարգին, միաժամանակ համընկնում է ըմբռնում ու օբյեկտիվություն հասկացություններին՝ նշելով, թե վերջինս նաև սուբյեկտիվ երևույթ է: Այս կերպ կարևորվում են պոետական բարդ աշխարհն ու գեղագիտական սկզբունքները միավորող կապերը, որոնց օգտագործման դեպքում հիշողությունն իրացվում է ելքային սկզբունքով. ստեղծվում են ժամանակն ու տարածությունը, որոնց միջև ապրում ու ստեղծագործում է մեր ժամանակների պոետը` Ավագ Եփրեմյանը, մարգարեանալով` «Ժամանակն անցնում է Հանգ առ հանգ առ տող…: // Ծան. Ժամանակն ավերակներ է կառուցում» //Տե՛ս «Գրվածք», Ե., 2006: Այսուհետ բոլոր մեջբերումները սույն գրքից), հետևաբար և եփրեմյանական հիշողության պոետիկան պահանջում է առավել խորքային ու համակողմանի վերլուծություն:
Ժողովածուն` «Գրվածքը» որպես ամբողջական կառույց, երևութացնում է հեղինակի անպայմանական հակազդումները սեփական կյանքին: Կազմավորվում է հիշողության կենտրոնը, որը նպաստում է տեքստի կառուցվածքային հնարավորությունների ընդլայնմանը, ու դիտարկելի է աշխարհ – պատկեր – տեքստ բևեռից: Կազմավորման ընթացքը գալարաձև է` նույն վիճակների անընդմեջ վերադարձով. հանգամանորեն թաքցնելով ու ապա մանրամասն բացահայտելով նյութի տիրույթը, միաժամանակ լուծելով նաև ձևի հանելուկը.

Ո՛չ երկինք է, ո՛չ երկիր,
ո՛չ մակերես, ո՛չ էլ խորք,
ո՛չ նայողն է իրական,
ո՛չ քաղաքն անմիտ`
հազիվ ոտքի վրա, փակուղու

հմայքն ըմպող: Թվակիր
օրեր չկան արդեն:

Ընթերցողըը հասնում է գեղագիտական ամբողջականության ըմբռնմանը` հայտնաբերելով հեղինակային հիշողություն երևույթը, քանի որ տեքստի գեղագիտական գործառույթը պայմանավորում է նրա մի շարք հատկանիշները մշակութի որոշակի տիրույթում: Բանաստեղծության կառուցման այս գաղափարը հեղինակը ստեղծում է անցյալ – ներկա զուգահեռականության միջոցով`

«Հայտնվում է Առաքյալը՝ բերնով
փրփրակալած ու դեմքով ջղաձիգ,
եւ ասում. «Ամեն ինչ այս մեռնող
ներքեւում նման է վերեւում եղածին»…

Այս կերպ` մարդու և աշխարհի հարաբերությունները միավորող նշանները, ձևավորում են նաև տարբեր կառույցներ` համաձայն իրականության մեջ ստեղծվող համակարգերին: «Այդպիսի վերադիր շատ դեպքերում կարող է իրականանալ անմիջապես, առանց կարճաժամկետ հիշողության միջամտության, քանզի ճանաչողությունն իրականանում է հիշողության տեղեկատվական մեխանիզմներին զուգահեռ, վերակարգավորման շնորհիվ, որը կարող է ստեղծել ճանաչելի պատկերը` տեղեկատվության հիմքով` մասամբ վերակերպավորելով պահպանվող ազդանշանը» //Прибрам К., Языки мозга, изд. Прогресс, М., 1975, ст. 370. Ռուսերեն տեքստը կատարված է անգլերենից` չափազանց մեծ փոփոխություններով. տե՛ս նաև` Karl H. Pribram, Languages of the brain, USA, 1971), – գրում է ամերիկացի հոգեբան, նեյրոֆիզիոլոգ Կարլ Պրիբրամը` նույնականացման մեթոդով դիտարկելով մարդու հոգեբանական վարքը` կոդավորման ու ապակոդավորման կերպափոխումների արդյունքում նրա ուղեղից ստացվող տեղեկատվության (պատկերային ու իմաստաբանական) հիմքում:
Հիշողության նյութը տարածական է. տարածությունը դառնում է հիշողության մետոնիմիան. ճակատագիրը պահպանում է անցյալի կորուսյալ նշանները` ճանաչելի որպես քրոնոտիպեր, «Եվ միշտ – Աստծուց հետո մնում է արյունը», որոնց միջոցով իրականանում են «Գրվածքի» գեղագիտական հղումները. կորուսյալ անցյալը ուրվագծում է օտարված ներկան: Բանաստեղծություն կառուցելու այս հնարքները միաժամանակ արտացոլում են հեղինակային խոսքի ներքին, իմաստաբանական կողմը, որն իր հետքն է թողնում տեքստ – կառույցի հենակետերում, ուստի կուտակման սկզբունքի միջոցով Եփրեմյանը առաջադրում է հեղինակային ճակատագրի զարգացման երկու եղանակ` սկզբունքորեն տարբեր միմյանցից.

ա. ներքին կոնֆլիկտը
բ. հիշողություն – ճակատագիր զուգահեռը. որտեղ հիշողությունը բաժանում է անցյալի ու ներկայի գաղտնագրերը ճակատագրի տիրույթում:

Ստեղծվում է գեղարվեստական ամբողջականության շղթա, որը հակադրվում է անտիկ ժամանակաշրջանի ճակատագրապաշտությանը (ֆատալիզմին), սակայն ընդլայնում է առանձին – առանձնակերպ նշանի` հիշողության ժամանակը ու նրա միջոցով մահկանացուական ժամանակում դառնում մշակույթի անմահության վկան:
Եվ ընդհակառակը` հիշողություն – գաղտնագրի հայտնաբերումը Եփրեմյանի քերթվածներում երբեմն ընթերցողին ուղղորդում է Բերգսոնի առաջադրած «մաքուր հիշողության» // Бергсон А., Материя и память // Бергсон А., Творческая эволюция, Минск, Xарвест, М., 1999, ст. 866 – 924) գաղափարի ընկալմանը, որի շնորհիվ մարդու և ժամանակի հարաբերությունները փոխադրվում են գեղագիտական հարթություն` հասնելով ժողովածուի` որպես ամբողջականության, ընդունման գաղափարին:
Այս առումով ժողովածուն կարելի է բնութագրել`
ա. հաղորդագրությունների բոլոր տեսակների ու գաղտնագրերի հեռարձակման անփոփոխելիության տեսանկյունից` որպես յուրօրինակ ֆիլտր, որը բաժանում – մեկուսացնում է ոչ ինքնուրույն հաղորդագրությունները ոչ միասեռ տեքստերից` ստեղծելով յուրակերպ պոետիկա, որն առավել մոտ է ռեալիզմի ոգուն (նկատի չունեմ բուհական մեթոդը, այլ պլատոնյան ռեալիզմը), որը հակադրվում էր էմպիրիկ աշխարհի տեսանելիությանը:
բ. Հեղինակը կազմավորում է սեփական մշակույթի աշխարհը. որը ոչ թե անունների ու իրադարձությունների թվարկում – հանգրվան է` պայմանավորված որևէ հիերարխիայով կամ մշակույթի պատմությամբ, այլ հաղորդակցական իրադարձությունների հերթագայությամբ, որոնք իրականանում են այստեղ և այժմ: Մյուս կողմից, անցյալի մշակութաբանական գաղտնագրերի ֆիլտրումը նրա տեքստերում` կենդանացնում է անտիկ մշակույթը` վերակերպավորելով այն որպես ինտերտեքստուալություն. տեքստը առանձնանում – օտարվում է հեղինակից, Գրի տարածությունը անջատվում է սահմանայնությունից, որքան էլ տեքստն այս դեպքում ան-տարանջատելի է, ու նրան տիրում է որևէ օբյեկտ (ընթերցողը): «Աչքը, որով նայում եմ Աստծուն, նույն աչքն է, որով նա նայում է ինձ»,- գրում է Ռոլան Բարտը «Հաճույք տեքստից» //Барт Р., Удовольствие от текста // Барт Р., Избранные работы. Семиотика. Поэтика., М., 1989, ст. 473) հոդվածում` ազատելով հեղինակին հյուր լինելու շրջանակի նեղությունից: Այս դեպքում հեղինակային տեքստը դառնում է ինտերտեքստի հիմնական միջակայքը, իսկ վերջինս ընդունվում է որպես հղում` օտար մշակույթից, որը պահանջում է ծանոթագրություններ, մշակութային գաղտնագիրը` մեկնություն.

Վարում երեւացող տանիքների անզարմանալի մի հանդես է
(օ, այդ Հանդեսը՝ անդենական Ստիքսը մտքում պահած)
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Տեսիլներ չկան։ Կան գրեր։

Ցանկացած ինտերտեքստ ստեղծվում է ճանաչողության արդյունքում` ընդլայնելով գեղարվեստական լեզվի սահմանները` ստեղծագործության տիրույթում նկարագրվող աշխարհի չափով: Անդրադարձը անտիկ միֆոլոգիային` մեկուսացնում է մեջբերումը` դարձնելով երկխոսություն, որի հիմքում ընկած է տեքստի հաղորդակցական իրադարձությունը: Վերստեղծվում է վաղուց առկա հին կապը` անտիկ տեքստ – ժամանակակից տեքստ անցումով: Քերթվածները կառուցվում են մասնավորից – ընդհանուր անցման սկզբունքով, որը հուշում է հիպերբոլիկ պատկերացումների սահմանը: Ուստի տեքստը դառնում է ոչ միայն նոր իմաստների շարժիչ, այլև մշակութաբանական հիշողությունը պահպանող ու բանաստեղծական էներգիա կուտակող մեքենա, որի դեպքում Եփրեմյանի մտածումները զարգանում են երկու ուղղությամբ.
ա. քերթվածների ստեղծման անմիջական խնդիրը, որը բխում է փորձի սահմանից կամ ուղղակիորեն կապված է նրան
բ. քերթվածների կառույցների կամ պոետական ձևերի զարգացումները, որոնք կարող են իրականանալ բանաստեղծման տարբեր գործառույթների զարգացումների դեպքում:

avagՏեքստի ըմբռնումը Եփրեմյանի պոեզիայում ստեղծում է հակադարձող տիրույթի ազդեցությունը, որը նույնպես տեքստի մեկնության և ուսումնասիրության հարուստ նյութ կարող է դառնալ: Արտաքին աշխարհի հետ շփումը ենթադրում է որոշակի տեղեկատվության ստացում, կուտակում ու ապագաղտնագրում: Այս դեպքում` «լեզուների հիերարխիայի ստեղծումը ավելի շուտ տեղեկատվության պահպանման համապարփակ միջոց է, քան հաղորդագրությունների անվերջության հասցեները մեկ լեզվում ամրագրող միջոց» //Յու. Լոտման, Գեղարվեստական տեքստի կառուցվածքը, 1970:
Պոետական մեթոդի ընտրության առումով հեղինակը, կապված նրա տեսական զարգացումների ու գեղարվեստական գործառույթի գործնականությանը, հղում է պոետական լեզվի (որը ներառում է փիլիսոփայական աշխարհընկալման, ինչպես նաև պոետական արվեստի հոգեբանական եզրագծերը), ինչպես նաև պոեզիայի էության ու նպատակների տիրույթները: Ստեղծագործության ըմբռնելիությունն ու թափանցելիության պատրանքը ընթերցողի ուշադրությունից թաքցնում են բազմաթիվ բառեր, արտահայտություններ, ցիտատներ, վերհուշեր` հեռացնելով դրանք տեքստի առավել ճշգրիտ ու սթափ գնահատման փորձից: Շարժման ու արտահայտությունների ձգտումը, հոգևոր ու նյութական ֆենոմենների համաչափ ու համահունչ փոխանցումներն արտացոլում են փոխներթափանցումների բարդ խաղը, որը հատուկ է միմիայն մարդկու ներքին կյանքին, մտքերին, վիճակներին. այս երևույթն էլ պայմանավորում է քերթվածների ներքին կառույցները` ձևավորելով վերջիններիս իմաստաբանական բազմաշերտ էույթները:
Նշանագիտության տեսանկյունից ժողովածուն կարելի դիտարկել որպես ամբողջական տեքստ կամ նշան, որն ունի մի քանի մակարդակ և ընկալելի է նշանների հերթագայության մեջ` կառույց – նշանների ներքո` ներառելով նշանակելին ու նշանակությունը նշանի տարբեր կողմերում, որոնք միավորվելով դառնում են ամբողջականություն: Այս դեպքում նշանները դառնում են նշանակելի, և ըմբռնելի` եփրեմյանական աշխարհի մշտակա հատկանիշները: Նրանք ենթատեքստից ազատ գոյություններ են, որոնք իմաստավորվում են աշխարհ – տեքստ ազդեցության արդյունքում` նշանավորելով ու համակարգելով նրանց արտահայտչաձևերը: Ուստի տեքստը շրջապատող իմաստային տիրույթը, նշանային ոլորտը, որը շարժուն գոյություն է, անընդհատ փոփոխվում է ու կախված է այն բանից, թե մշակութային ո՞ր գաղտնագրերն են արդիական տվյալ ժամանակափուլում:

Այստեղ ծառերը ոչնչի նման չեն,
այստեղ ծառերը նման են ոչնչին
կամ իրենք իրենց: Դժվար չէ ճանաչել:
Մարդկանց էլ: Բոլորին: Առաջին թե վերջին:

XX դարում մարդու էությունն իրականացավ հատկապես լեզվի իմաստային հղումների միջոցով, ու վերջինիս հետ ցանկացած պոլեմիկա ստեղծեց նոր կենսակերպի հնարավորությունը` «Լեզուն մշտապես նույնն է ու մշտապես մղում է նույն հարցադրումներին, քանի դեռ խոսում ենք ժամանակի հոսքի ու տարածության ձգողականության մասին. մարդիկ մշտապես հանդիպադրվում են նույն գաղտնի դժվարություններին» //Витгенштейн Л., Культура и ценность // Витгенштейн Л., Философские работы, т.1, М.,1994, ст.425), քանզի պոեզիան ու փիլիսոփայությունը, մշտապես վերադառնալով գոյաբանության սահմանային հիմքերին, միավորվում են: Աշխարհ-պատկերի իրենց մեկնություններով պոետն ու փիլիսոփան ստեղծում են յուրօրինակ իրականություններ, որոնք կերպափոխվում են լեզվի տիրույթում` գոյավորելով Լինելությունը որպես Բառ: Սոցիալ – պատմական ու գաղափարաբանական հարթություններում XX դարավերջը ու XXI դարասկիզբը նշվում է առավելապես համաշխարհային – պատմական նշանակության իրադարձություններով, ինչը բնութագրվում է ընդգծված ներքին հակադրություններով ու առաջ բերում բոլորովին նոր սոցիալական, փիլիսոփայական ու գեղագիտական հարցադրումներ:

Հ. Գ.
Այս երևույթի սաղմնային վիճակներում նույնիսկ երբեմն հայտնաբերվում են հետաշխարհականացման ու ապասակրալացման, քաոսի ու գրական երկի կոսմոսի քայքայման հատկանիշներ:

Share Button

2 Կարծիք

  • gevorg says:

    Այս գրությունը մոտավորապես նման է այն բանին,որ մարդ մժեղի կառուցվածքը բացատրելու համար սկսի ջրհեղեղից ու նոյյան տապանից:
    Հիմա առաջացել է մի պոեզիա, որը հասկանում կամ հասկանալ ու բացատրել են ձևացնում մի խումբ գրականագետներ:

  • Naira Hambardzumyan says:

    Երբ քոմենթ գրողի ուղեղի չափերը կարող ես երկու մատով ցույց տալ, պատասխանելու ցանկությունը այդ ժամանակ կորչում է: Նամանավանդ, երբ անհայտ ծագմամբ տվյալ պրոֆիլը (այստեղ՝ ոչ անձը) առանց ազգանվան, որ նույնն է թե՝ անհայր ու առանց նկարի առկայության, որ նույնն է թե՝ առանց ինքնության, անհույս որոնումների մեջ է: Բայց արի ու տես, որ խոսում է ամպագորգոռ բաներից՝ ջրհեղեղից ու նոյյան տապանից: Մտքերդ նորմալ շարադրիր գոնե, այ անհայր պրոֆիլ :Ճ:ՃՃ: ողորմելի, ողորմելի վիճակ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *