Համբարձում Համբարձումյան | Սաշան

Համբարձում ՀամբարձումյանԿնոջ մահից հետո կրկնապատկված պարտականությունների ճնշման տակ Սաշան ուշ էր պառկում քնելու և շուտ արթնանում, որպեսզի ամեն ինչ հասցներ անել. հիմա նա երեխաների համար և՛ հայր էր, և՛ մայր:
Սաշան արթնացավ պատշգամբի դիմաց էլեկտրալարի վրա թառած թռչունի ձայներից, իսկ կես րոպե անց բջջային հեռախոսի վրա դրված զարթուցիչի նյարդայնացնող ձայնը հաստատեց, որ վեր կենալու ժամանակն է: Կիսաբաց եվրոպատուհանից եկող թարմ օդը ծուլության էր հակում մարմինը, բայց հաղթահարեց անկողնու ջերմության մեջ գլուխն անջատած պառկելու ցանկությունը և բարձրացավ նոր օրվա մտածմունքներին ընդառաջ:
Մինչ էլեկտրական թեյնիկում սուրճի համար նախատեսված ջուրը կեռար, Սաշան անաղմուկ քայլերով մտավ լոգասենյակ ու բացեց ծորակի ջուրը: Նայեց հայելուն: Հայելու միջից իրեն էր նայում խռիվ, սպիտակած մազերով մի մարդ` ճպռոտած, հոգնած աչքերով, մի քանի շաբաթվա թրաշը երեսին: «Ես ե՞մ»,– մտածեց Սաշիկը և արհեստական ժպտալով` բերանը լայն բացեց. ատամները դեղնած, փառակալած էին, իսկ ժանիքներից մեկի վրա սև խոռոչ էր առաջացել. ատամնաբույժի մոտ գնալու ժամանակն էր:
Մեկ րոպեի չափ լուռ, անթարթ հայացքով նայում էր իրեն հայելում, իսկ ջուրը աննպատակ հոսում էր ու կորչում անտեղի, այդ այն դեպքում, երբ հարյուրավոր բնակավայրեր կան, որտեղ ջուր չկա կամ ամբողջ գյուղը մեկ աղբյուրի հույսին է, և մարդիկ դույլերով, ձեռքով են ջուրը տուն հասցնում: Սաշիկը արագ շարժումով ծորակը փակեց, հետո անմիջապես ավելի բարակ բացեց՝ ասես փոխհատուցելով անտեղի մսխված ջուրը։ Ձեռքի ափով ջուր վերցնելով՝ արագ հազիվ թրջեց երեսը ու կրկին փակեց ծորակը։
Պատրաստի, տաք, բուրումնավետ սուրճի բաժակը ձեռքին՝ անցավ աղջիկների ննջարանի կողքով: Ննջարանի լռությունը վկայում էր, որ աղջիկները քնած են, այլապես վիճելիս կլինեին ինչ-որ անհեթեթ հարցի շուրջ` թե ով է առաջինը լոգարան մտնելու կամ` թե նախաճաշը պատրաստելու ում հերթն է:
Դուրս եկավ պատշգամբ՝ կանխավայլելով քաղաքի փոշոտ լռությունը. դա օրվա միակ ժամանակահատվածն էր, երբ պողոտան դատարկ էր, և կարելի էր հանգիստ սուրճ խմել, ծխել, մտածել օրվա անելիքի մասին: Լուսանում էր: Քիչ հետո փողոցը կլցվեր մարդկանցով, մեքենաների շարժիչների ու ազդանշանների ձայներով, և այդ անմարդկային ժխորը կխուժեր տուն:
Նստեց աթոռակի վրա, ծխախոտ վառեց, մի քանի կում սուրճ խմեց: «Մինչև կեսօր բաղնիքի կաֆելը կխփեմ-կվերջացնեմ ու շաբաշ կանեմ»,– մտածեց Սաշան:
Խելահեղ արագությամբ, շուրջը ռուսական «բլատնոյ» ու մահվան սարսափ սփռելով՝ մի ճերմակ, թանկարժեք մեքենա անցավ պողոտայի նոր փռված սև ասֆալտի վրայով: Սաշան հայացքով ուղեկցեց մեքենան մինչև գետնանցում և մտքում ցանկացավ ու պատկերացրեց, որ մեքենան մեծ արագությամբ բախվում է գետնանցումի պատին և ջախջախվում, տեսավ մետաղակույտի վերածված մեքենան և անպատժելիության զգացումից արբած վարորդի ջարդված գանգը:
Կնոջը սպանած վարորդին դատարանի դահլիճից ազատ արձակելը չարացրել էր նրան: Վարորդը փոխնախարարի և համատեղության կարգով խոշոր գործարարի եղբոր որդին էր: Մի քանի անգամ նրա ուղարկած մարդիկ փորձել էին Սաշային կաշառել, համոզել, սպառնալ, որ չբողոքի ու գործը դատարան չհասնի: Կնոջը հարվածած մեքենայի արագությունը ականատեսների վկայությամբ 100 կմ/ժ-ից բարձր էր եղել, բայց քննիչի թեթև ձեռքով հարյուրը 50 կմ/ժ էր դարձել, դատարանի դահլիճում ինքնագոհ ու բութ հայացքով երիտասարդ վարորդը նայում էր տուժողի հարազատներին ու քմծիծաղ տալիս, որ նշանակում էր՝ տեսա՞ք, որ ասում էինք փողը վերցրեք, մի բողոքեք…
«Դա կանխամտածված սպանություն է,– մտածում էր Սաշան,– եթե հանցագործը համոզված է, որ պատասխանատվություն չի կրելու իր արարքների համար, ուրեմն կանխամտածված սպանություն է»:
Նյարդային շարժումով ծխախոտի մնացորդը հանգցրեց գետնին դրված մոխրամանի մեջ ու երկրորդը վառեց. բաժակի մեջ դեռ սուրճ կար:
Թույլ քամի էր փչում և պողոտայի վերջնամասում տնկված բարձր ձողերից կախ ընկած Երևանի ու հանրապետության դրոշները մեղմորեն շորորում էին, իսկ նրանց ներքևում, պողոտայի մուտքի ու ելքի երթուղիների արանքում ընկած փոքր հրապարակով քայլում էր հնամաշ, խունացած կոստյումով տարեց տղամարդը: Քայլում էր գլխահակ, մեջքը ծուռ, ասես շալակին ծանր պարկ էր դրված: Ձեռքին մեծ կտորից տոպրակներ էին, որոնք վաղուց դուրս էին եկել գործածությունից և ծերուկին սովետից էին ժառանգություն մնացել, ինչպես և կոստյումը: Խաչմերուկից նա թեքվեց պողոտա և քայլերը արագացրեց. շտապում էր, որովհետև մի քանի րոպեից աղբատար մեքենան կհայտնվեր և կտաներ ավարը:
Սառը, ճնշող տխրություն իջավ Սաշայի հոգուն: Այդպիսի շաբաթ չկար, որ աղբաման քչփորող նոր մարդ կամ մուրացկան չհայտնվեր տարածքում: Մուրացկանները որպես կանոն տարբեր տարիքի կանայք էին` անտերության մատնված կիսախելագար պառավներ և նիհար, տառապանքից չորացած ու անժամանակ ծերացած կանայք, իսկ աղբամանները տղամարդիկ էին քչփորում. հավանաբար տղամարդիկ ամաչում են մուրացկանություն անել, կամ էլ անցորդները տղամարդ մուրացկանի փող չեն տալիս՝ մտածելով, որ նա կարող է և պետք է աշխատանքով ապրի: Թեև բացառություններ էլ էին լինում: Մի շաբաթ առաջ մի կին մոտ երկու ժամ ապարդյուն փող էր մուրում անցորդներից, հետո հուսահատված մոտեցավ աղբամանին:
«Եթե երկրի նախագահը իրենից դժգոհ ժողովրդին բոմժ ասի,– մտածեց Սաշան,– ժողովուրդն էլ կբոմժանա էլի»:
Տարեց տղամարդը մի ամիս էր, ինչ այդ գործին էր անցել: Նա ցերեկները աղբամանների մոտ չէր երևում, գալիս էր առավոտ շուտ, երբ փողոցում մարդ չկար: Ամաչում էր կամ գուցե չէր ուզում իր ողորմելի ներկայությունը պարտադրել, խղճահարություն առաջացնել: Եթե պատահաբար ինչ-որ մեկն անցնում էր կողքով, մեջքով էր շրջվում դեպի անցորդը, հայացքը թաքցնում: Արբարկղը քրքրող անտունները, սովորաբար պոլիէթիլենային տոպրակները պատռելով, անպետք աղբը թափում էին աղբարկղի կողքին, իսկ տարեց տղամարդը կապերը քանդելով վերցնում էր իրեն անհրաժեշտ աղբը, ապա նորից կապում տոպրակների բերանը և ետ դնում: Եվ որովհետև անհարմար էր աղբամանի խորքում ընկած տոպրակները նայել, նա աղբարկղի միայն վերևի շերտն էր նայում և աղբարկղի շուրջ դրված տոպրակները (փոքր աղբարկղը շատ արագ լցվում էր և բնակիչները աղբի տոպրակները գցում էին աղբարկղի մոտ):
Սաշան նկատել էր՝ տղամարդը հիմնականում շշեր ու մետաղի ջարդոն էր հավաքում, հազվադեպ՝ նաև ուտելիքի ամբողջական կտորներ: Ապակյա տարաներն ու շշերը նա միշտ առանձնացնում էր ընդհանուր աղբից, որպեսզի թափառաշրջիկների համար դժվար չլինի դրանք գտնելը, իսկ այն օրվանից, ինչ տղամարդը հայտնվել էր նրա տեսադաշտում, ամեն գիշեր, աղբը իջեցնելիս Սաշան նաև առանձին տոպրակով ձեռք չտված ուտելիք էր տանում` հացի ու աղջիկների թխած քաղցրավենիքի կտորտանքներ, երբեմն խաշած նրբերշիկ, պանրի կամ երշիկի կտոր: Պոլիէթիլենային տոպրակի մեջ նա նաև անպետք թղթի կտորներ, սոխի կճեպներ և այլ ոչ ուտելի, բայց մաքուր աղբ էր լցնում, տոպրակի բերանը փակելուց հետո թափահարում էր այն, որպեսզի ուտելիքն ու մնացած աղբը խառնվեն իրար և ծերուկը չնկատի կեղծիքը. նրան դուր չէր գա, եթե իմանար, որ ապահով հեռվում օտար մեկը խղճում է իրեն:
Տղամարդու համար նախատեսված տոպրակը միշտ չէ, որ նրան էր հասնում: Պատահում էր, որ գիշերվա ընթացքում ուրիշ աղբակերներ էին տանում կամ անտեր կատուներն էին բարձրանում աղբարկղի վրա և ուտում: Ամեն առավոտ Սաշան պատշգամբում նստած սպասում էր, թե երբ կգա ծերուկը, իսկ մինչև նրա գալը պատշգամբից կախվելով՝ փորձում էր աղբամանի մեջ դրված տոպրակներից տարբերել իր դրածը, ինչը նրան ոչ միշտ էր հաջողվում: Պատահում էր՝ նրան թվում էր, թե տոպրակը գիշերվա ընթացքում տարել են, և երբ ծերուկը գտնում էր ուտելիքով տոպրակը, անսպասելի հաջողությունից Սաշան երեխայի պես ուրախանում էր: Իսկ երբ կարծում էր, թե տոպրակը տեղում է ու պարզվում էր, որ արդեն տարել են, հիասթափության զգացողություն էր ունենում և, որպես հետևանք, մեղքի զգացողություն մյուս աղբակերների հանդեպ. մի՞թե միևնույնը չէ, թե որ սովածը կտիրանա տոպրակին:
Թաքնված բարեգործությունից Սաշայի սիրտը ջերմանում էր և նա իրեն մարդ էր զգում անմարդկային ժամանակի ու հասարակության մեջ, որտեղ ուրիշին ստորացնելը, ոչնչացնելը հաջողության երաշխիքն ու նախապայմանն է:
Տարեց տղամարդը աղբամանի միջից մի գարեջրի շիշ հանեց, դրեց ձեռքի տոպրակի մեջ և դարձյալ կռացավ աղբամանի վրա: Սաշան մեղավորության զգացումով էր հետևում նրա գործողություններին. նրան դուր չէր գա, եթե տեսներ, որ ինքը վերևից հետևում է իրեն: Սաշան հայացքը կտրեց նրանից և նայեց ձողերից կախված դրոշներին, որոնց գույները խամրել էին, իսկ թույլ քամու հոսանքին հանձնված անկամ շարժումը ավելի էր ընդգծում խոնարհված վիճակը:
Աղբահավաք մեքենան կանգնել էր պողոտայի հետ խաչվող փողոցի վրա և երկու աղբահանները դատարկում էին աղբարկղը: Դատարկեցին, մեքենան շարժվեց և խաչմերուկում կանգնեց կարմիր լույսի տակ: Սաշան նորից ներքև` ծերունու կողմը նայեց՝ տեսնելու, թե արդյոք նկատել է աղբահավաք մեքենան: Սաշայի ու նրա հայացքները հանդիպեցին, ապա տղամարդը իջեցրեց գլուխը և արագ հեռացավ: Մեկ ամսվա ընթացքում առաջին դեպքն էր, որ տղամարդու և նրա հայացքները հանդիպում էին, և Սաշային թվաց, որ նրա հայացքի մեջ հանդիմանանք կար: Բայց ինչի՞ համար, արդյոք միայն նայելո՞ւ, թե՞ բացահայտել էր ուտելիքով լի տոպրակի գաղտնիքը:
Սաշան բարձրացավ տեղից, անշտապ քայլեց իր սենյակ և, թիկնաթոռին փլվելով, միացրեց համակարգիչը: Մտավ Ֆեյսբուք ու կարգավիճակ գրեց. «Հիշում եմ, թե ինչպիսի ոգևորվածություն էր, երբ եռագույն դրոշը առաջին անգամ բարձրացվեց ու հնչեց անկախ Հայաստանի հիմնը: Օդում և մարդկանց սրտերում արժանապատվություն ու հպարտություն կար, հույս և հավատ ապագայի նկատմամբ: Հետո մարդկանց հույսը սպառվեց, հավատը մսխվեց, արժանապատվությունը ոտնահարվեց և հպարտությունը հպատակվեց»:
Ապա միացրեց իր հեղինակած և սիրողական պայմաններում ձայնագրած երաժշտական ստեղծագործություններից մեկը. դա նրա վերջին գործն էր, որ գրել էր կնոջ մահվանից հետո և որից հետո այլևս երաժշտություն գրելու փորձ չէր արել՝ ոչ միայն այն պատճառով, որ ժամանակ և տրամադրություն չէր ունենում ստեղծագործելու համար, դա նրան այլևս անպիտան զբաղմունք էր թվում, որովհետև կնոջ կորստի հետ նա նաև կորցրել էր իր միակ ունկնդրին: Ո՞ւմ համար ստեղծագործեր: Սաշան երբեք չէր կորցրել սթափ դատողությունը և հասկանում էր, որ իրենից շատ ավելի տաղանդավոր ու մասնագետ երգահաններ պահանջարկ չունեին, ո՞ւմ էին պետք իր սիրողական ստեղծագործությունները:
Սաշան թերթում էր կարմիր կազմով, մոխրագույն էջերով լուսանկարների ալբոմը, և անվերադարձ անցած օրերի վերհուշը սիրտը լցնում էր ջերմացնող թախիծով: Ինչքան կյանք կար սև-սպիտակ այդ լուսանկարների մեջ, և որքան գորշ էր կյանքը հիմա:
Նա թերթելով հասավ ալբոմի այն հատվածին, որտեղից սկսվում էր 88-ի և 89-ի հանրահավաքների ժամանակ արված լուսանկարների շարքը: Կանգ առավ խմբային լուսանկարի վրա: Կոստյում հագած մի տղամարդ էր և իրենց ուսանողական ընկերախումբը` այն ժամանակվա նորաձևության տենդենցներին համահունչ հագնված, պարզ ու հանդուգն հայացքներով: Կանգնել էին բռունցքները վերև պարզած, ոմանց երեսին ժպիտ կար, իսկ մյուսները չափազանց լուրջ էին ի նշան նրա, որ հաստատակամ են և պայքարելու են մինչև վերջ, մինչև Ղարաբաղի միավորումը Մայր Հայաստանին: Իր հայացքը թեքված էր ապագա կնոջ կողմը, որի հետ հենց այդ օրն էր ծանոթացել:
Հիշեց` հանրահավաքի նշանակված ժամից շատ ավելի շուտ էին գնացել, բայց հրապարակը արդեն մարդաշատ էր: Լուսանկարչական սարքը տվեցին հրապարակով քայլող մի տղայի ու խմբով կանգնեցին նկարվելու: Իրենց կողքին մի տղամարդ էր կանգնած, վանդակավոր դարչնագույն կոստյումով ու սև դիպլոմատով: Եվ քանի որ այսպես, թե այնպես նա լուսանկարի մեջ էր հայտնվելու, կուրսի օյինբազը` Արմենը, հրավիրեց իրենց հետ նկարվելու: Ծանոթացան նրա հետ, ինժեներ էր ինչ-որ հաստոցաշինական գործարանում: Հետո նրան շատ էր տեսել հանրահավաքներում, բայց զրուցելու առիթ չէր եղել:
Լուսանկարում պատկերված ընկերախմբից հիմա միայն Սաշան էր Հայաստանում մնացել: Կինն ու Արմենը մահացել էին, իսկ մյուսները արտագաղթել: «Գոնե սա մնացած լինի»,– մտածեց Սաշան՝ նկատի ունենալով կոստյումով տղամարդուն:
Հաջորդ էջին պատերազմից ունեցած միակ լուսանկարն էր, որտեղ ինքն էր ու ջոկատի ամենաերիտասարդ ազատամարտիկը` 14-ամյա Ճուտոն, որը թողել էր դպրոցը, փախել էր տնից ու պատանեկան խանդավառությամբ միացել ջոկատին: Լուսանկարը դարձյալ սև ու սպիտակ էր, բայց շատ ավելի թարմ: Ճուտոյի ձեռքին փողը վերև տնկած ինքնաձիգ կար, որ նկարվելու համար իրենից էր վերցրել (տղաները նրան զենք չէին տվել և մարտական գործողություններից հեռու էին պահում): Նա ժպտում էր` հպարտ և ինքնավստահ, իսկ ինքը անտարբեր հայացքով նայում էր հեռուն: Տարիներ անց նա այդ լուսանկարը Արցախի անկախության 10-ամյակին նվիրված ցուցահանդեսում տեսավ: Մոտեցավ լուսանկարչին, խնդրեց այդ լուսանկարից մի օրինակ տալ:
Ֆոտոլրագրողի՝ դիրքեր այցելությունից մի ամիս էլ չէր անցել, Ճուտոն վիրավորվեց արկի բեկորից ու մահացավ իր ձեռքերի վրա, վազքով դիրքից մարտական բուժկետ տանելու ճանապարհին:
Սաշան փակեց ալբոմը (թե ինչո՞ւ էր վերցրել), որ մահացածների ու արտագաղթածների ֆոտոարխիվ էր և հաճելի վերհուշ արթնացնելու փոխարեն դառնացնում էր հոգին:
Ինչպես միշտ, Սաշան հանրահավաքի նշանակված ժամից մի փոքր շուտ էր եկել: Նախկինում արդեն քաղաքական իրավիճակը քննարկող կամ պարզապես զրուցող մարդկանց խմբեր կլինեին հրապարակում, իսկ հիմա այն դատարկ էր` ինքն էր, Թումանյանի ու Սպենդիարյանի արձանները, լավ առևտրի սպասումով իր պես նշանակված ժամից շուտ եկած արևածաղկի սերմ վաճառող կինը, սքեյթ, ամառային չմուշկներ քշող երեխաների խումբն ու հրապարակի եզրերով շարված նստարաններին նստած մարդիկ: Ամեն նոր հանրահավաքի հետ ցուցարարների թիվը և ինչ-որ փոփոխության հասնելու հույսը պակասում էր: Մարդիկ հոգնել էին, հուսահատվել էին, հիասթափվել էին, մաշվել էին, զրկվել էին հավատից:
Սաշան շատ էր լսել, երբ մարդիկ հուսահատված կամ հանրահավաքային պայքարին իրենց անտարբերությունը արդարացնելու համար ասում էին` 88-ին պայքարեցինք, ինչի՞ հասանք: Բայց չէ՞ որ 88-ի պայքարը սոցիալական արդարության կամ կոռումպացված իշխանություններից ազատվելու համար չէր, այլ Արցախը հայկական պահելու, և պայքարը տվեց իր արդյունքները: Սաշան մասնակցել էր բոլոր ընդդիմությունների հանրահավաքներին, 96-ի սեպտեմբերի 25-ին գրոհել էր Ազգային ժողովի դարպասները, 2004-ի ապրիլի 12-ին էլեկտրաշոկի էր ենթարկվել ու ուշագնաց եղել Բաղրամյան պողոտայում, 2008-ի մարտի 1-ին մահակների հարվածներ ստացել մեջքին ու գլխին և մինչև վերջերս վստահ էր, որ այս պայքարն էլ է իր արդյունքը տալու, բայց հուսահատության վարակիչ ալիքը նրան էլ էր համակում, և արտագաղթի հեռանկարը օր օրի մոտենում էր: Սոցիալական վիճակը կամ ավելի հարուստ ու բարեկեցիկ ապրելու ցանկությունը չէր նրան ստիպում մտածել արտագաղթի մասին (Սաշան ներքին հարդարման աշխատանքների լավ վարպետ էր ու պահանջված աշխատուժ), պարզապես ծանր էր ամեն քայլափոխի անարդարություն ու լկտիություն տեսնել` թշվառության ու շքեղության հանդես, ջարդված, ստորացված մարդիկ ու անպատիժ ստորացնող, ջարդող, խեղող, սպանող անհագուրդ ոհմակ, որ սերը և խիղճը թուլություն է համարում: Ապրել մի պետության մեջ, որ թուլամորթ, քծնող, շողոքորթող, կաշառվող քաղաքացիներ է բուծում, Սաշան չէր ուզում: Միշտ ցանկացել էր որդի ունենալ, բայց հիմա ուրախ էր, որ չէր ստացվել: Ինչպե՞ս էր դաստիարակելու իր որդուն, կամ պիտի անխիղճ անասուն մեծացներ, որ հաջողություն ունենար, կամ էլ` ազնիվ ու անհաջողակ մարդ: Իսկ աղջիկները, մի՞թե նրանց ապագան էլ վտանգված չի: Մեծը մանկավարժական համալսարանում է սովորում: Ի՞նչ պիտի դառնա, դասատու և ընտրություններ կեղծող հանձնաժողովի անդա՞մ:
Հանրահավաքից հետո Սաշիկի տրամադրությունը բարձրացել էր. այնուամենայնիվ, հրապարակը լցվել էր, մարդկանց մեծ մասը նույնիսկ երթին էր մնացել: Չնայած, որ ավելի թանկ էր նստում, սովորաբար օլիգարխներին չհարստացնելու համար գնումներ էր անում փոքր խանութներից, բայց ուշ ժամ էր, բաց խանութ չէր լինի և ստիպված տուն գնալու ճանապարհին սուպերմարկետ մտավ: Գանձարկղի մոտ կանգնած էր աղբարկղները քրքրող տարեց տղամարդը` նույն հնամաշ, խունացած գույներով վանդակավոր կոստյումը հագին, ձեռքին` սև դիպլոմատ: Նրան սուպերմարկետում տեսնելը անակնկալի բերեց Սաշային և շփոթեցրեց: Աշխատող գեղեցկադեմ աղջիկը, որի դիմահարդարանքը էժանագին մարմնավաճառների դիմահարդարանք էր հիշեցնում (լուրեր էին պտտվում, որ սուպերմարկետի հանրահայտ սեփականատերը իր ճաշակն էր թելադրում, ստիպում էր իր մոտ աշխատող աղջիկներին այդպես շպարվել), գանձարկղի հաշվիչով անցկացրեց ծերուկի առևտուրը` հաց և ձու:
Ծերուկը անցավ Սաշայի կողքով, և հանկարծ Սաշան տեսավ, որ տարեց տղամարդը լուսանկարում պատկերված, իր և կնոջ ծանոթության օրը իրենց ընկերախմբի հետ լուսանկարված տղամարդն է: Ճաղատացող գլուխը ճերմակել էր, դեմքը կնճիռներով էր ծածկվել, բայց միևնույն է՝ դիմագծերը ճանաչելի էին, իսկ վանդակավոր կոստյումն ու սև դիպլոմատը կասկածի տեղիք չէին թողնում: Սաշան ծերուկի հետևից դուրս եկավ և խաչմերուկի մոտ հասավ նրան:
– Բարև ձեզ, ինձ երևի չեք հիշի:
Ծերուկը կասկածանքով նայեց Սաշայի վրա և արագացրեց քայլերը՝ նրան կանգնած թողնելով: Սաշայի մտքով անցավ, որ ծերուկը հավանաբար հիշել է իր դեմքը, որ տեսել էր առավոտյան, երբ նրանց հայացքները հանդիպել էին, և հիմա կարծում է, թե ծաղրում է իրեն: Նա շարունակեց քայլել և ծերուկի հետևից ձայն տվեց:
– Դուք սխալ հասկացաք: Մենք ծանոթացել ենք 88-ի միտինգներից մեկի ժամանակ: Իմ տանը մի լուսանկար կա…
Ծերուկը կանգնեց ու շրջվեց: Խամրած աչքերը հիմա բարկությամբ կայծկլտում էին փողոցի անուրախ լույսերի տակ, իսկ դեմքի մկանները՝ ջղային ցնցվում:
– Սխալվում եք, երիտասարդ: Դուք ինձ ինչ-որ մեկի հետ շփոթում եք: Ես խելքս չեմ թռցրել, որ միտինգի գնամ:
Նա հետ շրջվեց ու շտապող, վճռական քայլերով հեռացավ Սաշայից:
Սաշայի հոգում մի տխուր մեղեդի էր հնչում: Շեփորի հուսահատ ձայնը սփռվում էր կեղծիքի ու կեղտի մեջ թաղված քաղաքի վրա և պարտության զգացողությունը սեղմում էր կոկորդը:

Արտատապված է «Գրանիշ» թիվ 4–ից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *