Համլետ Մարտիրոսյան | Տեղ պիտի հասնենք մինչև լուսաբաց…

Քիչ առաջ էր «Սու»–ն թեթևացել Ստեփանակերտի վրա, և օրվա ընթացքումայս էլ արդեն երրորդ անգամ, իրենից կաթնագույն շիթն արձակելով՝ միզելու նման, ճողոպրել էր դեպի արևելք։ Դեռ փողոցներում մարդ-մուրդ չկար, դեռ ռումբերի ծնած ծխախառը փոշու սնկերը չէին հալվել քաղաքի վրա՝ հերթական անգամ շուրջը տարածելով կական, սարսափ ու տտիպ ցավ… դեռ ռադիոն ընդհատ-ընդհատ ճչում էր. “Граждане, воздушная тревога” և այսուայնտեղ դեռ ոռնում էին օդային տագնապի կաթվածահարող շչակները, որ ես, շրջվելով, տեսա այգու դռնակը բացող զինվորականին։ Վայրկյաններ անց ճանաչեցի՝ եղբայրս էր։ Մինչ այդ այգում ցցված, աչքերս պլշել էի երկնքին, ասես թուրքի,«Սու»-ն կամ, «Միգ»–ը, որ գա, ռմբակոծելը պիտի խափանեի։ Ու հիմա Սեյրանին տեսնելով բակ մտնելիս` շշմեցի։ Չլինելու բան էր, յոթ ամիս չէի տեսել։ Մինչ այդ էլ հանդիպում էինք առիթից առիթ։
Անթրաշ էր։ Նաև հողի խոնավություն զգացի գրկիս մեջ։ Խրամատի հոտն էր։
– Դե լավ, լավ։ Տղամարդ կաց,- ասաց՝ թփթփացնելով մեջքիս, հուզմունքս լափու էր տվել։
Դեռ մի կարգին կարոտս չառած, երեխաներս նկուղից դուրս վազեցին՝ ճռվողելով եղբորս խլելով ինձանից, ասես մինչ այդ վախից սսկվածները չէին։ Սեյրանն էլ՝ էլ ինչ Սեյրան. երեխաներ տեսնի, շքերթ չսարքի։ Ինչքան որ ուրախ էի մեր այս անակնկալ հանդիպման համար, նույնքան էլ… մացառուտ ընկածի նման էի. ռադիոն դեռ ծղրտում էր воздушная тревога …Ու երեխաներին ուզեցի կրկին նկուղ ուղարկել: Գնացողն ով էր։ Փոխարենը Սեյրանը գնաց դեպի դարպասը, շվարիս ասելով՝ տղերքը դրսում են։ Տղերքը` ընկերներն էին։ Երկուսն էին։ Անունով էին Աշոտ, Տիգրան, իրենք Սեյրանի նման անթրաշ, շորերում հողի խոնավություն։
Տուն մտանք։ Տղերքը մի անկյունում ավտոմատները խրձեցին պատն ի վեր։ Ասում-֊խոսում, ծիծաղում էին։ Ասես ռադիոն իրենց համար սիմֆոնիկ համերգ էր տալիս ե ոչ թե գուժում էր, воздушная тревога… Միայն ես էի, որ ներքուստ նման էի մացառուտ րնկածի. սրիկաները հաստատ մեր օրը հարամ են անելու։ Գոնե երեխաները նկուղ գնային։ Բայց, չէ, րոպեն մեկ թառում էին Սեյրանի ծնկներին կամ երեսը շոյում. հետն էլ ճռվողելով.
– Վո՛ւյ, վո՜ւյ, ոզնի է։
Սիրտս եղինջաթակ էր լինում նաև այն բանի համար, որ տան պակաս-պռատը շատ էր. հնարավորություն չունեի արժանի սեղան բացելու եղբորս պատվին ու ղարիբ տղաների համար։ Եվ, ուրեմն, մի ականջս դրսի ձայներին` ուշադրությունս կեսը տղերքի պատմությունների վրա, իսկ միտքս ձեռ ու ոտ ընկած կնոջս հետ՝ տան քունջ ու պուճախն էր պատռում, որ Սեյրանը անսպասելի վեր կացավ տեղից։
– Ես քեզ գիտեմ,- կնոջս ասաց կես կատակ-կես լուրջ,- մինչև քո ուզածը չպատրաստես, հաց չես դնելու սեղանին։ Մենք էլ էդքան ժամանակ չունենք։ – Խրձած ավտոմատների մոտ գտնվող իր ուսապարկից դուրս տվեց ինչ կար-չկար. զինվորական օրապահիկը։
– Սրանցով տես վռազ ինչ ես անում,- ու եկավ տեղը նստեց՝ մի կարճ պահ մյուսներից թաքուն նայելով աչքերիս՝ մի մտահոգվիր։
Հուզմունքս էլի լափու տվեց, տան եղածը միայն հաց էր ու կարտոֆիլ։
Շատ չանցած՝ ռմբակոծվող քաղաքին բնորոշ սեղան բացեցինք։ Բայց բաժակներ զրնգացրինք։ Պատերազմի ժամանակ քաղաքում ինչն էր բոլ՝ խմիչքը։
– Ընկերներս,- Սեյրանը ինձ համար ասաց,- սեղանին եղածով չեն գնահատում մարդկանց։ Աշոտն ու Տիգրանը ուրիշ աղերք են, ու նայեց նրանց։
Տղերքը, իրոք որ, իրենց տանն էին։
– Էնպես որ ախպերս, դու մի նեղսրտիր, թող հլա մեր գործը հաջող ավարտենք, էս բակում մի այնպիսի խորոված ենք անելու, որ հոտը Կիրովաբադ հասնի։
– Շառապով, առաջ մի ընկնիր, հլա թող Հորադիզը մերն անենք` նոր.- միջամտեց Տիգրանը։
– Հա….- եղբայրս մի պահ լռեց ու դարձավ ինձ,- հիշում ես Հորադիզի մեր ոդիսականը։ Տոմսավաճառին քեզանից մի լավ բարև եմ անելու… մենակ թե հանդիպեմ։
Տղերքը բարևի վրա ծիծաղեցին, հետո թե.
– էդ ի՞նչ տոմսավաճառ է։
– Հորադիզում կտեսնեք։
ճաշելուց հետո զինվորավարի վեր կացան։ Հետները` նաև Սեյրանը։
– էս ի՞նչ է. արդեն գնո՞ւմ եք,- շփոթվեցի։
– Շարապով, դու առայժմ կարող ես մնալ,- Տիգրանը ըստ երևույթին խմբի ղեկավարն էր,- հանգստացիր,– ասաց տեսնելով շփոթմունքս,- ձերոնցից կարոտդ առ։ Մենք գնում ենք рембат, շարժիչը հենց որ պատրաստ եղավ, կբարձենք, կգանք քո ետևից։
Փոքր-ինչ խաղաղվեցի, որ եղբայրս մնում է, մեկ-երկու ժամն էլ մխիթարություն է զատիկից զատիկ հայտնվող եղբորս հետ լինելու համար։
Իսկ իրենք հսկա «Ուրալը» հռնդացրին ու հայդե։
Երկնքի կապույտը արդեն շղարշվել էր քաղաքից բարձրացած ծխախառն փոշուց։ Օդը թրատող շչակները այլևս չէին ոռնում, և ռադիոն էր խաղաղվել։
Մենք մնալով դարպասի մոտ, «Ուրալը» ճանաաարհելուց հետո, նստեցինք նստարանին։
– Սա դիր գրպանդ, քանի մենակ ենք.- հանկարծ ասաց Սեյրանը` ձեռքի փողը մեկնելով ինձ։
– Հարկավոր չի։
– Երեխայաթյուն մի արա։
– Ասացի`հարկավոր չի. քեզ պետք կգա։
– Ի՞նչ եմ անելու։ Էնտեղ թուրքի հետ ուրիշ առևտուր ենք անում։ Վերցրու: Շուխուր մի սարքիր,-ու գրպանս խոթեց։
Կարճատև, բայց անհարմար լռություն տիրեց։
– Էդ ի՞նչ շարժիչ է, որ պիտի տանեք,- հարցրի։
– Տանկի շարժիչ է։ Դրա համար ենք եկել։ Հորադիզ ենք տանելու։ Լավ, սրանք թողնենք։ Դու պատմիր՝ ինչ կա-չկա։ Տնից ի՞նչ նորություններ ունես։
– Առանձնապես ոչինչ չկա։ Մաման էլ, պապան էլ լավ են։ Քեզ համար են շատ անհանգստանում… լսիր, չգնա՞նք փոստ, գուցե գիծ կա, կխոսենք։ Գիտե՞ս`ինչքան կուրախանան։ Չեն հավատալու, որ էստեղ ես, որ մենք միասին ենք։
Չպատասխանեց, իսկ աչքերում թախիծ հայտնվեց, թախծոտ աչքերով նա երեխայի էր նման։
– Չեմ կարող… հանկարծ…,- ասաց ի վերջո։
– է՜խ,- հառաչեցի,- երանի՜… թե…
– Համբերիր, էդ օրն էլ կլինի,- ընդհատեց՝ կռահելով ցանկությունս։ Ծխախոտ վառեցի։
– Ի՞նչ ես մտածում,- հարցրեց որոշ լռությունից հետո.
Իսկ ես չէի մտածում։ Հիշում էի մեր անդարձ հեռացած մանկությունը, ուր այնքա՜ն ջերմություն, սեր ու երջանկություն կար։ Մեծացանք, հեռացանք իրարից։ Այնքան հեռացանք, որ տեսնվում ենք առիթից առիթ, հպանցիկ, ոտքի վրա…
– Հիշո՞ւմ ես, երբ մաման քեզ Օդեսա տարավ….- չգիտեմ ինչու հանկարծ հիշեցի։
Տասը տարեկան էր։ Զինվորական խանութից աստղեր գնել տվեց ու կպցրեց իր վերնաշապիկի ուսերին…
Սեյրանը հիշելով՝ ծիծաղեց մանկան նման պարզ, զրնգուն, ինչպես տասը տարեկանում։
– Իսկ դու հիշո՞ւմ ես մեր Բողարին,- հարցրեց քիչ անց։
– Հա, իհարկե։
-Երամիշենց Մելսիկի՞ս էլ։
– Բա ոնց։
– Դո՞ւ էլ ես լսել, որ Մելսիկը խփվել է։
– Ի ՞նչ ես ասում։
– Ըհը… Ստյոպան էլ զոհվեց։ Խնձորեսկի մոտ։
– Ստյոպան ո՞վ է։
– Խաչոյի տղան։
– Էդ ո՞ր մեկն է։ Չեմ հիշում։
– Փոքրը։ Մեծը քո հասակակից էր՝ Լյովան։
– Ստյոպային աղոտ եմ հիշում։
– Կլասիկ տղա էր։
Լռեցինք։
– Ինձ էլ մի ծխելու բան տուր, -ասաց անսպասելի։
-Երբվանի՞ց ես ծխում։
Մեղավոր ժպտաց։
Քիչ անց Քրիստիկս վազելով եկավ, թե մաման ասում է ջուրը տաք է։ Սեյրանը զինվորավարի սափրվեց՝ չլինի՞ օճառը երեսին՝ տղերքը գան։ Հետո, քանի որ տղերքը ուշանում էին, մինչև գոտկատեղ մերկացավ՝ լվացվելու։ Եղբորս կողքը թրատած սպին տեսնելով, այն է՝ սիրտս ցա– վալլուկ դուրս պիտի թռչեր, որ գյուտ արածի պես հիշեցի, տասնչորս տարեկան էր, որ երիկամը վիրահատեցին: Ազդեցիկ սպի էր:
– Լսիր, միտք չունե՞ս տուն գալու,- ասացի՝ ձեռքերին ջուր լցնելով։ Ջուրը թափվեց տազի մեջ, ինքը ներքևից վեր նայեց։
– էդ ո՞նց,- ձայնը ցրտեց։
– Շատ պարզ, կամավոր ես, չէ՞, գնացել: Գրպաններումդ դեղեր ման ածելով ո՞ւր ես հասնելու։
– Մինչև մըր էրգիր… ջուր լցրու։
– Դու քեզ չե՞ս խղճում։
– Թեման փոխիր, հա՞։
-Ախր…
– Հենց էդ ախրն է պատճառը, որ էնտեղ մեկը հինգի փոխարեն է գործ անում։
– Ոչինչ չես հասկանում։
– Քեզ է թվում, թե էստեղ նստած՝ դու շատ բան ես տեսնում։
– Երանի~, երբ փոքր էիր։
– Որ քո խոնարհ ծառան էի։
Ու ինչ-որ բան միտը ընկած՝ ժպտաց հանկարծ էլի դառնալով տասը տարեկան ու ափերով բռնած ջուրը անսպասելի ինձանով տվեց։
– Ի՞նչ ես անում։
– Քեզ օծում եմ, թագավորն ապրած կենա։
– Ախ, էդպե՜ս… Դե առ քեզ,– դույլի ջուրը գլխին շուռ տվեցի, ու երկուսիս էլ հոմերական ծիծաղ բռնեց: Հիշել էինք մանկութունից մեզ ծանոթ դեպքը։
– Մաման տեսնի….- ասաց ծիծաղի արանքում,- մաման տեսնի, պիտի ասի` սրանք էլի գժվեցին:
Չէինք գժվել, պարզապես օրը երջանիկ էր։ Երջանիկ էր անկախ ամեն ինչից։ Գոնե ինձ համար։ Չեմ հիշում վերջին անգամ երբ էինք այսքան ժամանակ միասին եղել: Ու տանը մոտեցող ամեն ավտոմեքենայի ձայնից սիրտս լոք էր տալիս` եկան, ու խաղաղվում էր էլի` մեքենայի հեռանալուն պես։ Այնքան շատ էի ուզում, որ տղաները, այդ օրը չգան…
Ռադիոն հանկարծ ընդհատելով համերգը, հայտարարեց, որ արյուն է հարկավոր` վիրավորների կյանքը փրկելու համար։ Սեյրանը թեյի բա ժակը մի կողմ հրեց, վեր կացավ։
– Ի՞նչ պատահեց,- չհասկացա։
– Չլսեցի՞ր, արյուն են ուզում։
–Լսեցի։
– Իմ արյունից է:
– Բայց…
-Գնանք հոսպիտալ։
– Ցնդեցի՞ր: Բա որ մեքենան գա… փողոցներն ընկած՝ քե՞զ պիտի փնտրի:
Տեղի տվեց։ Քիչ հետո, թե.
– Մոտերքում հեռախոս կա՞։
– Կողքի տանը։
– Ինձ ուղեկցիր։
Գնացինք։ Ինչ-որ համար հավաքեց։ Չմիացավ։ Փորձեց էլի, էլի, Էլի։ Ես ձանձրացած՝ տուն վերադարձա։ Քիչ հետո ինքն Էլ եկավ։ Մռայլ էր։
-Հը, խոսեցի՞ր։
– Չստացվեց,- ասաց՝ նստելով տնամերձ տանող աստիճանաքարին։ – Ծխելու բան տուր։
Որոշ ժամանակ լուռ ծխեց՝ մեջքով դեպի ինձ նստած։
– Ին՞չ ես կարծում` հասցրա՞ծ կլինեն,- հանկարծ հարցրեց ուսի վրայից։
– Ի՞նչը, արյո՞ւնը։ Երևի։ Էլ ռադիոն չի հայտարարում։ Դարձյալ լռեցինք։ Քիչ հետո, թե.
– Տղերքը շատ ուշացան։
– Դրա համար է՞լ ես մտածում։
Ծուռ նայեց ինձ։ Ծխախոտի կոթուկը ոտքի տակ տրորեց։
– Էսօր անպայման տեղ պիտի հասնենք։
Ես,ընդհակառակը, ուզում էի, ոո նա գոնե այսօր մնար, գոնե այս գիշեր տանը քներ։
Իմ բախտից էր երևի, օրը խաղաղ իրիկնացավ։ Այլևս ինքնաթիռներ չեկան և նկուղ մտնելու անհրաժեշտություն չեղավ։ Փոխարենը, սակայն, երեկոն որքան մոտենում էր, Սեյրանը ինքն էր մացառուտ ընկածի պես զինքը դես ու դեն տալիս, տղերքին ի՞նչ պատահեց, ինչո՞ւ չեն գալիս։ Ես նույնպես չգիտեի նրանց ուշանալու պատճառը, բայց ներքուստ գոհ էի, և անցնող ժամերի հետ հույսս ծիլ էր տալիս։ Ու թեև եղբորս պատճառաբանում էի բացատրելու նման, բայց զգում էի, որ ավելի շատ ցանկությունս էի հայտնում. վայ թե նորոգելը դեռ չեն պրծել… Մութն ընկել է արդեն, իրենք էլ բեզարած, հանգստանում են, առավոտյան նոր ճամփա կընկնեն։ Ի վերջո եղած-չեղածը շարժիչ է` թեկուզև տանկի։ Աշխարհում ոչինչ էլ չի փոխվելու՝ այսօ՞ր տեղ կհասնի այդ շարժիչը, թե վաղը…
Տնեցիք` կինս ու երեխաներս, հարևան սենյակում երևի արդեն քնել էին, մանավանդ որ նախորդ գիշերն էլ նկուղում էին լուսացրել՝ անքուն, մինչդեռ երկու եղբայր, ճաշասենյակում նստած, աստված գիտե` մտքով ուր միայն չէինք հասնում, հիմնականում մանկությունից գալիս, ետ գնում էինք մանկություն։ Ու թե հանկարծ շեղվում, կռվից խոսք էի բացում, մտահոգված, խրամատի կյանքից ինձ համար մազալու պատմություններ էր անում, ու այնքան էր պատմում, ասես հեչ՝ իր գնացած տեղը ռազմաճակատ չէր արյուն-մահերով, իսկական цирк էր։ Цирк–ը իր խոսքն էր, որով վերջակետում էր գրեթե բոլոր փոքրիկ պատմությունները։
– Լսիր, ուշ է արդեն, քնել չե՞ս ուզում։
– Չէ… Տղերքը պիտի գան։
– Էլ ուր կգան… կեսգիշեր է դառնում, ո՞նց չես հասկանում։
– Կապ չունի…
Այնուամենայնիվ, մի կերպ հաջողվեց համոզեl, որ տեղաշոր մտնի։ Փոխարենը անդրդվելի մնաց անկողնու ընտրության հարցում, եղածը մի մահճակալ էր. մեկս պիտի հատակին գցված տեղաշորում քներ։ Բայց Սեյրանը Սեյրան չէր լինի, եթե թույլ տար իրենից տարիքովը հատակինպառկեր։ Սիրո, հարգանքի, պատվի ու նման գեղեցիկ բաների մասին նա իր չափանիշն ուներ։ Մինչդեռ ինձ համար մահճակալս տատասկոտ էր. սրտիս ցավ էր տալիս, որ եղբորս համար իմ տունը չփոխարինեց բլինդաժին, իսկ այնպես էի ուզում, որ գոնե այս գիշեր նա վայելեր անկողնու փափուկ երանությունը։ Ասես միտքս կռահելով, բացականչեց.
– Էս ինչ լազաթ է, իսկական արքայություն է,- ու աչքով անելով ինձ, մտավ վերմակի տակ։
– Զեռ մի առ, արքայություն կլիներ, թե որ տեղներս փոխեինք,- վերջին հույսով ասացի։
– Լավ, լավ։ Օրակարգ մի սարքիր։ Ազգային ժողովում չենք։
Պառկած՝ հեռուստացույց էինք նայում։ Արտասահմանյան համերգ էր.գեղեցիկ, պճնազարդ ու կիսամերկ աղջիկներ էին հայտնվում էկրանին։ Ես պարող աղջիկներին մի երկու կոմպլիմենտ ուղարկեցի, բայց դա ավելի շատ արեցի Սեյրանի համար։ Եղբորիցս, սակայն, արձագանք չս-տացա։ Ինքս էլ լռեցի։ Ու միայն քիչ անց, երբ ձեռքս երկարեցի սիգարետն ու մոխրամանը վերցնելու, նկատեցի, որ… քնած է։ Ա՜յ քեզ բան. տեղաշոր մտնելն ու… Բայց երևի ոչ այնքան զարմացա, որքան ցավալի գյուտ արեցի, խրամատից եկողը հեռուստացույցի փոխարեն, պարզվում է, նախ և առաջ շատ սովորական բաների կարիքն ունի։
Հուշիկ վեր կացա, անջատեցի հեռուստացույցը, սենյակի լույսը։ Սակայն չքնեցի։ Չէի՞ ուզում, թե՞ քունս չէր տանում։ Կողքի պառկած գլուխս հենած ձեռքիս, մթան մեջ լսում էի եղբորս խաղաղ շնչառությունը ու անբացատրելի հաճույք էի ստանում։ Վայելում էի մեր ապրած օրը վերապրում մեր մանկությունը, որտեղից նորանոր՝ մինչ այդ մոռացված պատառիկներ էին հայտնվում, որոնք փորձում էի մտապահել, առավոտյան, երբ արթնանա, անպայման հիշեցնելու եմ…
Գիրթ վեր թռա։ Առաջին պահ կարծեցի թվաց, բայց ոչ, փողոցում մեքենա էր ազդանշան տալիս։ Ձայնից կռահեցի`«Ուրալն» էր։ Արագ հագնվեցի, որ շուտ դուրս գամ՝ մեքենան ձայնը կտրի, քանի դեռ Սեյրանը չէր արթնացել։ Միտքս էր տղաներին էլ տուն բերել։ Բայց մինչև– դուրս կգայի, նա նստեց տեղը։
– Տղե՞րքն են,- հարցրեց դեռևս քնկոտ։
– Կարծում եմ հա։
– Ասում էի, չէ՞, պիտի գան։
– Դու պառկիր, ես իրենց էլ տուն կբերեմ: Կտեղավորվենք։
– Ավելորդություններ մի արա,- ասաց ու արագ հագնվեց։ Գրեթե միասին դուրս եկանք։ Ողջ ժամանակ մեքենան հռնդում էր։
– Շառապով, պատրա՞ստ ես,- ասաց Աշոտը մեզ տեսնելով մեքենային մոտենալիս։
– Պատրաստ եմ։ Ինչո՞ւ էսքան ուշացաք։
– Ճամփին կպատմենք։
– Տղերք, ժամը երկուսն է, շուտով կլուսանա։ Մնացեք գոնե մի երկու ժամ հանգստացեք։ Առավոտյան կգնաք,- մեջ ընկա խնդրելով, համոզելու հույսով։ – Ախր, էդպես սոված, ծարավ…
– Չէ, ցավդ տանեմ, սոված չենք, մնալու էլ հնարավորություն չկա, մինչև լուսաբաց տեղ պիտի հասնենք։
– Ախր,էդ ի՞նչ անհետաձգելի գործ է, չեմ հասկանում։ Պատասխանի փոխարեն ծիծաղի տվեցին, հետո թե.
– Շառապով, քեզ ենք սպասում,- բայց իզուր,Սեյրանն արդեն տուն էր մտել` ավտոմոտը վերցնելու։
Ես էլ տուն եկա, համոզելն անհնար էր։ Սեյրանը, դուրս գալով հարևան սենյակից, ասաց.
Երեխեքին լավ նայիր,– և ավտոմատն դատարկ ուսապարկն ուսն առավ։ – Դե…
Ուզում էի ինչ֊-որ բան ասել, բայց ձայնս կերկերաց, սիրտս սկսեց թակել կուրծքս։ Եղբորս գրկել ու, անկախ ինձանից, չէի ուզում բաց թողնել։
– Դե լավ, լավ։ Տղամարդ կաց։
– Մեկ էլ ե՞րբ ենք հանդիպելու,- տնքացի։
– Մեկ էլ… հաջորդ անգամ։
– Է՜- հառաչեցի նախատելով,- ամեն ինչ կատակի ես տալիս։
– էդ դեպքում լուրջ եմ ասում, գոնե դու շուտ-շուտ զանգիր Կապան… Իմ փոխարեն էլ։
Մեքենան էլի ձայնը գլուխը գցեց;
Սեյրանը դուրս գնաց։ Ես շփոթվել-մնացել էի։ Այդ կարճ ընթացքում անիմաստ ներսուդուրս էի անում, ինչ-որ բան էի ուզում անել, բայց թե ինչ, չգիտեի։ Կինս էլ, ինչպես գրեթե բոլոր կանայք, դեռ նոր-նոր էր հագնվում։
– Տղերք, մի րոպե սպասեք, մի րոպե,- ասացի ու վազեցի տուն։ Տանը մի բոքոն հաց կար։ Վաղվա բաժինն էլ էի օր առաջ առնում։
Գրեթե միշտ էի այդպես անում։ Ասենք քաղաքում բոլորն էին այդպես անում, ռմբակոծվող քաղաքում հայտնի չէ` վաղն ինչ կլինի։
Բոքոնն առած՝ դուրս վազեցի։ Սեյրանը, որ մեքենայից իջել էր, տեսնելով ձեռքինս, մոտենալով՝ ձայնը իջեցրեց։
– էդ ինչի՞ համար է, հո ինձ խայտառակ չե՞ս անելու ընկերներիս մոտ։
– Խնդրում եմ, վերցրու հետդ, երկար ճամփա է… ուրիշ բան չկա….– ես էլ շշուկով խոսեցի։
– Պահիր երեխեքի համար։
– Ախպոր պես… ճամփա գնացողը դու ես։
– Մամայի՞ց ես սովորել:
-Ճամփորդը հաց կունենա։
-Ասում եմ չէ՞, մամայից ես սովորել:
– Վերցրու, խնդրում եմ…
– Շառապով, եղբորդ սիրտը մի կոտրիր, վերցրու հացր.- ասաց Տիգրանը` խցիկի պատուհանից գլուխը հանած։
Սեյրանը տեղի տվեց: Մենք նորից գրկախառնվեցինք։ Ու արագ էլ դուրս պրծավ գրկիցս` զգալով, որ սիրտս փուլ է գալու։ Ցատկեց մեքենայի ոտնակին ու մինչ «Ուրալը» ազդանշան տվեց ի նշան հրաժեշտի՝ պոկվելով տեղից, ինքը մտավ խցիկ։ Հռնդալով` գնաց «Ուրալը» դատարկ փողոցն ի վար։ Ես աչքերս չէի կտրում հեռացող մեքենայի կարմիր լույսերից, որոնք չնայած շուտով անհետացան ոլորանի հետևում, դեռ երկար ժամանակ լսում էի շարժիչի հեռացող ձայնը ու փորձում գուշակել, թե որ փողոցով են անցնում հիմա։ Երբ լիակատար լռություն տիրեց, տան մտա։ Սակայն հոգիս ավերված էր։ Այն ամենը, որ եղել էր, իրական էր, հիմա մի վայրկյանում… Հատակին փռված անկողինն էր վկայում, որ ոչ մի պատրանք էլ չի եղել…
Հենց շորերով էլ նստեցի մահճակալի եզրին։ Դատարկ, կողոպտված։
Պատճառն այն չէր, որ քունս փախել էր, ձեռքս չէր գնում շոր հանելու և տեղաշոր չմտա, որովհետև թվում էր, թե եղբորս առաջ, Աշոտի, Տիգրանի, բոլոր տղերքի հանդեպ մեղք եմ գործում, հանցանք եմ կատարում… Ու նստել, ծխով բարուրում էի բռնվող մտքերս։ Սիրտս ավելի շատ փոթորկվում էր, որ չթողեցին եղբայրս գոնե մի քիչ աչք կպցնի: Պարզվում էր, բնավ էլ միևնույնը չէր, թե տանկի նորոգված շարժիչը երբ տեղ կհասնի։ Այդ պահին ես դեռ չգիտեի, որ առավոտյան մեր բանակը պիտի սկսեր հակահարձակումը ռազմաճակատի հարավ – արևելյան հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ…
Մտքերով ընկած՝ չգիտեմ, իրո՞ք ննջեցի նստած տեղս, թե՞… Անբացատրելի ինչ-որ բան էր դա, որ կատարվեց հետս… Անհայտ կայարանի երկաթուղագծերի արանքում շփոթվել եմ՝ չգիտեմ` ինչ եմ որոնում։ Գծերից մեկի վրա մանկասայլակ հիշեցնող անվավոր, երկաթե տաշտ եմ տեսնում։ Որքան փորձում եմ ուղղել, միևնույն է, հենց որ բաց եմ թողնում, քթամասը կախ է գցում` բռնակ-կոթերը տնկելով վեր… Հեռանում եմ, ինքս էլ չիմանալով ինչ փնտրելու, երբ, քիչ անց, երկաթե մի տաշտի մեջ (դագաղի է նման) տեսնում եմ… եղբորս։ Զինվորական համազգեստով է։ Առաջին պահ շփոթված նայում եմ՝ ծխո՞ւմ է, ինչ է։ Ոչ, դագաղի մեջ պառկել է, իսկ գլխավերևում` ուսի մոտ, ծորակից առատորեն ջուր է թափվում վրան։ Երկյուղած մոտենում, հարցնում եմ.
– Ի՞նչ է պատահել։
– Մեռնո՜ւմ եմ, ախպերս…,- ու տնքում է։
– Չէ, չէ… խոսիր, ախպերս… խոսի՜ր, աղաչում եմ.- թևատակերից գրկած փոքր-ինչ բարձրացնում եմ, որ խոսի։ Բերանը դժվարությամբ բաց ու խուփ է լինում ու մնում կիսաբաց։ Եղբորս բերանից արյուն է ծորում…
– Չէ՜,չէ՜…,- խելագարված գոռում եմ` գրկիս մեջ ցնցելով… …Սարսափած վեր թռա։ Իսկույն աչքովս ընկավ հատակին փռված դատարկ անկողինը, և տեղաշորի այդ դատարկությունը ահավոր էր: Կրծքիս տակ սուր ծակոց զգացի։ Ասես սիրտս մախաթ մխրճեցին։ Քիչ առաջ կատարվածը դեռ ամբողջովին գիտակցությանս չէր հասել, բայց արդեն բնազդիս մեջ ցավ կար ու վիշտ: Եվ հոգիս ներխուժած վախը չէր անցնում։ Այն,ինչ տեսել էի, չգիտեմ արթո՞ւն, թե՞ երազի մեջ, ցավալիորեն ծանոթ էր ինձ։ Ինչ – որ տեղից ծանոթ էր։ Ծանոթ, որպես մե անգամ արդեն ապրված կորուստ, վիշտ։ Ու հենց որ հիշեցի, քսան տարի առաջ տեսածս երազն էր դա, որ նույնությամբ կրկնվել էր, սարսափեցի: Քիչ էր մնում խելքս թռցնեի։ Սրտիս մեջ մախաթ էր, շունչս կտրվում էր։ Սենյակն էլ ասես ճզմում էր ինձ։ Թվում էր` հիմա-հիմա կմեռնեմ… սիրտս ո՜նց էր հուսահատ թակում կուրծքս, ասես շնչահեղձվելուց վերջին ճիգով փորձում էր դուրս պրծնել` կողերս ջարդելով…
Դուրս եկա փողոց։ Լուսադեմի սառնությունը առաջին պահ էր,հովացնող։ Երկնքում էլ դեռ աստղեր կային` մինչև լուսաբաց դեռ ժամանակ կար։ Ժամանակ կար, բայց ինչ կարող էի անել։ Ոչ ոք չկար, գոնե մեկնումեկը։ Եվ ինձ համար աշխարհը դատարկ էր այդ պահին, անմարդաբնակ, ես միակ արարածս` խեղճ ու անօգնական։ Կանգ նել էի հենց այնտեղ, ուր հրաժեշտ էի տվել եղբորս, շվարած նայում էի չորս կողմս, աղերսալի հայացքս հառում երկնքին, ամայի փողոցին։ Ուզում էի բղավել, այնպես բղավել, որ ձայնս հասներ եղբորս… Ու ոռնալ անզորությունից: Ուզում էի, բայց անօգնական կանգնել նայում էի դեպի դատարկ փողոցի վերջը` մեքենայի գնացած ուղղությամբ…Սիրտս է, որ շարունակում էր առջվա պես պատեպատ խփվել, փորձում էր դուրս թռչել, մի շնչով հասնել Հորադիզ, հասնել մեքենայի հետևից, ճամփան կտրել` կանխելու համար կատարվելիքը…Ուզում էր, բայց ոչ ինքը, ոչ էլ ես, ի զորու չէինք ինչ-որ բան փոխելու այս աշխարհում: Այն մտքից, որ անկարող էի ինչ-որ կերպ, որևէ հնարքով եղբորս սատարել, հուսահատությունից, անզորությունից, փողոցում կանգնած սկսեցի բարձրաձայն լաց լինել: Այդ պահին, ես միակ մարդն էի, որն արդեն գիտեր` երկու ժամ առաջ եղբորս ճանապարհել էի դեպի մահ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *