Ալբերտո Մորավիա | Լուսնից եկած «Հատուկ հրավիրյալի» առաջին այցը երկիր

Ալբերտո ՄորավիաՏարօրինակ աշխարհ է` բնակեցված երկու հստակ տարբերվող ռասաների կողմից, որոնք տարբերվում են ինչպես բարոյապես, այնպես էլ արտաքնապես. հարուստ ու աղքատ կոչվող մարդկանց ռասաներ: Տեղի լեզուն լավ չգիտենք ու այդ պատճառով չենք կարող ասել, թե ինչ են նշանակում հարուստ ու աղքատ բառերը: Տեղեկությունների մեծ մասը ստանում ենք հարուստներից, որոնք ավելի հասանելի են, շփվող ու հյուրընկալ:

Հարուստների խոսքերով` աղքատները մի ժողովուրդ են, որ եկել են չգիտես որտեղից, հաստատվել երկրում անհիշելի ժամանակներից և այդ պահից սկսած` ոչինչ չեն արել, բացի բազմանալուց՝ միշտ անփոփոխ պահելով իրենց տհաճ բնավորությունը:

Իմանալով նրանց բնավորությունը՝ ոչ ոք չի ցավում նրանց համար ու չի կարող չհամաձայնել հարուստների հետ: Աղքատներն առաջին հերթին չեն սիրում մաքրությունն ու գեղեցկությունը: Նրանց հագուստները քրտնահոտ ու մաշված են, տներն անփույթ, կահ-կարասին՝ հնամաշ ու տգեղ: Բայց ճաշակի աղճատման պատճառով թվում է, թե նրանք նախընտրում են ցնցոտիները` նոր կտորեղենի, գյուղական հյուղակները՝ շենքերի ու շքեղ առանձնատների, էժանագին կահույքը՝ բրենդայինի փոխարեն:

«Եվ ի վերջո, ո՞վ կկարողանա փաստել, որ երբևէ տեսել է ճոխ տանն ապրող ու լավ հագնված աղքատ մեկին»,- հարցնում են հարուստները:

Այսքանն էլ հերիք չէ` աղքատները մշակույթ չունեն: Շատ բարդ է հանդիպել գիրքը ձեռքին կամ համերգային դահլիճում նստած մի աղքատի: Արվեստից ոչինչ չեն հասկանում ու հեշտությամբ կարող են արտատպած նկարը շփոթել գլուխգործոցի, Լուկկայից[1] մի արձան` Պրաքսիտելեսի [2] աշխատանքների և մի պարզ ժողովրդական երգ՝ Բախի նախերգանքի հետ:

Եթե իրենցից կախված լիներ, աշխարհում ամեն լավ բան վաղուց գրողի ծոցն ուղարկած կլինեին:

Հարուստները պատմում են, որ աղքատների զվարճանքները փողոցային զբաղմունքներն են` հարբեցողություն, պարեր, բոչչայի[3] կամ գնդակի խաղ, մարտախաղեր և նմանօրինակ այլ բաներ:

Ավելին՝ աղքատներն ատում են բնությունը: Լավ եղանակին հարուստները ճամփորդում են. գնում են ծով, գյուղ, վայելում են երկնագույն ալիքները, մաքուր օդը, ալպյան միայնությունը, վերալիցքավորում հոգիներն ու մարմինները: Բայց աղքատները ոչ մի կերպ չեն ուզում դուրս գալ իրենց քաղաքային գարշահոտ բնակարաններից: Եղանակային փոփոխությունների հանդեպ իրենք անտարբեր են, չեն զգում ցուրտը տաքով կամ տաքը ցրտով մեղմելու անհրաժեշտությունը, ծովի փոխարեն նախընտրում են քաղաքային ավազանները, գյուղակների փոխարեն՝ արվարձանների կեղտոտ դաշտերը, սարերի փոխարեն՝ իրենց տների պատշգամբները։

«Ախր ինչպե՞ս կարելի է չսիրել բնությունը»,- հարցնում են հարուստները:

Ստացվում է, որ քաղաքի աղքատները գոնե հասարակական կյանքով են ապրում: Ոչ մի նման բան, սրանք հավաքվելու ոչ մի այլ վայր չգիտեն բացի, այսպես կոչված, ֆաբրիկաներից: Պարզ ասեմ, որ գործարաններն այնքան էլ հաճելի տեղեր չեն. մութ, աջ ու ձախ ցեմենտի ու ապակու կույտեր, աղմկոտ մեքենաներ, ծխահոտ, գարշահոտ, ձմռանը ցուրտ, իսկ ամռանը՝ շատ շոգ:

Այլ աղքատներ, իմիջիայլոց, քաղաքում չեն ապրում, այլ գյուղական մենության մեջ: Նրանց միակ զբաղմունքը, հավատանք, որ նաև հանգիստը, կոպիտ ու ծանր մետաղյա գործիքներով առավոտից երեկո հողակտոր մշակելն է բոլոր եղանակներին` ինչպես արևի, այնպես էլ անձրևի տակ: Միայն թե մտածեին, ասում են հարուստները, որ կյանքում անելու շատ ավելի խելամիտ ու պետքական բաներ կան։

Եվ հետո կան աղքատներ, երևի թե ամենատարօրինակը, որ արևի ու երկնքի փոխարեն նախընտրում են իջնել գետնի խորքերը: Մտնում են ամենախոր թունելներն ու այնտեղ՝ մթում, զբաղվում քարեր հանելով: Այս ստորգետնյա վայրերը հանքեր են կոչվում: Ոչ մի հարուստի մտքով անգամ չէր անցնի որևէ հանք մտնել:

Այն ամենը, ինչ աղքատներն աշխատանք են անվանում, մեկ այլ՝ առեղծվածային ու անվերծանելի իմաստ ունի մյուսների համար: Աղքատներն այնքան կապված են գործին, որ եթե ինչ-որ անհայտ պատճառով գործարանները փակ են լինում, իսկ հանքերն ակտիվ չեն լինում, բողոքում են, գոռում, անկարգություններ անում ու բռնություն գործադրում: «Ոչ ոք բան չի հասկանում»,- ասում են հարուստները: Արդյոք ավելի լավ չէ՞ր լինի դրա փոխարեն հավաքվել ինչ-որ հարմար սրահում` բարձրաշխարհիկ միջավայրում:

Աղքատների խոհանոցի մասին խոսելն անգամ ավելորդ է: Նրանց համար ընտիր պատրաստված ուտեստներ, հին գինիներ, անուշահամ քաղցրավենիք գոյություն չունեն: Նախընտրում են հասարակ սնունդ` լոբի, սոխ, բողկ, կարտոֆիլ, սխտոր ու չոր հաց: Եթե անգամ հարմարվում են մսեղեն ու ձկնեղեն ուտելուն, ապա համոզված եղեք, որ կընտրեն ամենաանհամ ձուկն ու ջլոտ միսը: Չեն սիրում երախայրիքը, այլ սպասում են ալյուրոտ սիսեռին, մազմզուկներով պատված արտիշոկին ու փայտացած ծնեբեկին: Ի վերջո, նրանց անհնար է ուտելիքը վայելել սովորեցնել:

Ի՞նչ ասենք աղքատների ծխախոտի մասին: Այդ խելագարները ժխտում են Արևմուտքի նրբաճաշակ արտադրանքն ու Ամերիկայի ամենահամեղներն ու ծխում են սև, չոր ինչ-որ բան, որը մխում է և ոչ մի հաճույք չի պատճառում: Մի համեղ «Հավանա» սիգարը, մի թեթև թուրքական ծխախոտը ոչինչ չեն ասում աղքատներին:

Մեկ այլ տարօրինակություն. առողջությունը նրանց չի հետաքրքրում: Դե, իրականում էլ ի՞նչ պիտի մտածեիք`տեսնելով այն անխնամ վիճակը, որում նրանք հայտնվում են հանրության մեջ: Եվ այն անտարբերությունը, որ ցուցաբերում են հիվանդ լինելու դեպքում. ոչ մի դեղորայք չեն գնում, առողջարաններ չեն այցելում, նույնիսկ չեն համաձայնում անկողնում մնալ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:

Հարուստները բացատրում են, որ աղքատներն առողջությունն անտեսում են իրենց անհասկանալի կրքի պատճառով, որն էլ ստիպում է և ոչ մի օր չբացակայել հանքերում, ֆաբրիկաներում և արտերում լինելուց: Անհասկանալի է, բայց որ կողմից էլ նայես, պատճառը դա է:

Կարելի էր անվերջ խոսել աղքատների և նրանց վնասակար, արտասովոր ու տարօրինակ սովորությունների մասին: Շատ հետաքրքիր կլիներ ուսումնասիրել այսքան տարօրինակ պահվածքի պատճառները:

Հարուստները մեզ տեղեկացնում են, որ աղքատներին միշտ էլ խոր հետազոտությունների են ենթարկել: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրողները երկու մասի են բաժանվում. նրանք, որոնք աղքատների այդ տարօրինակ բնավորությունը վերագրում են ինչ-որ չար ուժի և համարում, որ ցանկության դեպքում կարելի է ուղղել ու փոխակերպել նրանց, և նրանք, որոնք հակառակն են պնդում` նշելով, որ նման աշխարհընկալումը ձեռքբերովի չէ, ու դրանից ձերբազատվելը դժվար է: Առաջինները խորհուրդ են տալիս ակտիվորեն աղոթել ու մեղքերի թողություն խնդրել. երկրորդները՝ ավելի հոռետեսները, միայն օրենքի միջամտությանն են վստահում: Վերջիններն ավելի տրամաբանական են թվում, քանի որ մինչ օրս մաքրության, գեղեցկության, ճոխության, մշակույթի ու հանգստի մասին զրույցներն ու հորդորները որևէ արդյունք չեն տվել:

Չնայած այն փաստին, որ հարուստներն այդքան հոգում են աղքատների մասին, անշնորհակալները նրանց չեն սիրում: Բայց և այնպես, պետք չէ մոռանալ այն փաստը, որ հարուստները միշտ չէ, որ կարողանում են թաքցնել աղքատների ապրելակերպի հանդեպ ունեցած իրենց տհաճությունը:

Ինչպես մեր բոլոր ճանապարհորդությունների ժամանակ, այս անգամ էլ փորձեցինք լսել նաև հակառակ կողմին: Սկսեցինք աղքատներին հարցուփորձ անել: Հեշտ չէր` հաշվի առնելով  տեղականից բացի ցանկացած այլ լեզուների չիմացությունը: Սակայն վերջում կարողացանք ստանալ այս աննախադեպ պատասխանը. իրենց ու հարուստների միջև եղած տարբերությունների պատճառը մեկն է. հարուստներն ունեն մի բան, որ ՓՈՂ են անվանում, որը միշտ պակասում է աղքատներին:

Ուզում էինք հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ այդ փող կոչվածն այդքան մեծ տարբերությունների պատճառ է դառնում: Եվ բացահայտեցինք, որ դրանք ընդամենը գունավոր թղթի կամ կլորավուն մետաղի կտորներ են:

Հիմնվելով այն փաստի վրա, որ աղքատները ճիշտն ասելու սովորություն չունեն, կասկածում ենք, որ այսպես կոչված փողն է այդ տարօրինակ ազդեցությունների սկզբնաղբյուրը:

Հենց այդ պատճառով էլ կրկնում ենք. տարօրինակ աշխարհ է:

Թարգմանությունը՝  Լիլիթ Պետրոսյանի

[1] Լուկկա – փոքրիկ քաղաք Իտալիայի Տոսկանա նահանգում:

[2] Պրաքսիտելես – հույն քանդակագործ (մ.թ.ա. 4-րդ դար):

[3] Բոչչե – գնդակով խաղի հին հռոմեական տեսակ, որի կանոնները շատ նման են բոուլինգի կանոններին:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *