Անի Ղարիբյան | Հատվածներ գրքից, որ դեռ չկա……

Անի Ղարիբյան1. ……ամեն անապատ ծովի մասին հիշողություններ ունի, ավազի բլուրներին ալիքների հպում կա, ու քամին, որ անապատում օազիսներ է փնտրում, ժամանակին ծովում կղզիներ է գտել……արևելյան հեքիաթը պատմում է անապատի հրաշքների մասին՝ հիշելով ծովի մեջ սուզվող ու ծովից դուրս եկող արևները…..

2. …..երբևէ մտածե՞լ ես՝ երբ ավազե ժամացույցի մեջ ավազի վերջին հատիկն ընկնում է ներքև, դու հնարավորություն ես ստանում շրջելու ժամացույցը, անհաշիվ շատ, ինչքան սիրտդ ուզում է, ամեն անգամ կրկին հնարավորություն ստանալով ինչ-որ բան փոխելու ու դարձնելու ավելի լավը…… իսկ դու դրա փոխարեն ժամացույցն ես կոտրում ու մտածում, որ փշրված ապակիների ու ցրիվ եկած ավազահատիկների հաշվին կարող ես ժամանակ շահել….. կարող է և շահես, բայց կշահես ընդամենը մի կոտրված ժամացույց, ոչ ավելին…մարդիկ ավազե ժամացույցը ստեղծել են երևի ոչ միայն ժամանակին հետևելու, այն արժևորելու համար, այլ ժամանակի հետ իրենց գտնելու ու ժամանակը վերաարժևորելու համար….

3. ……ամենահեռու գնացող ճանապարհները միշտ էլ սկսում են ամենածանոթ փողոցների ամենամոտիկ խաչմերուկներից: Ամենամեծ երազանքները սկսում են ամենափոքր ցանկություններից……ամենաօտար անծանոթները դառնում են ամենահարազատ մարդիկ: Ու մի օր այնպես է պատահում, որ մարդիկ, երազանքներն ու խաչմերուկները հանդիպում են………..ամենահեռու գնացող գնացքի կայարանը սովորաբար ամենամոտն է լինում, ու տոմսերն էլ կարելի է գնել կողքի տոմսարկղից: Մոտենում ես տոմսավաճառին, ով միլիոնավոր կիլոմետրերի ու հազարավոր պատմությունների տոմսեր է վաճառել, դնում հիշողություններով լի ճամպրուկը գետնին ու գրպանումդ մնացած վերջին փողով գնում ես նոր հույսերի ու նոր նպատակների տոմսերը…..երբեմն ամենահեռու գնացող ճանապարհները սկսվում են ամենօրյա ամենապատահական մտքերից….

4. …տարօրինակ են մարդիկ, երբ արևը ամեն օր լույս, ջերմություն ու կյանք է տալիս, հիասքանչ արևածագ ու գունագեղ մայրամուտներ նվիրում, դա ընկալվում է որպես սովորական ու հասարակ երևույթ, բայց երբ որևէ անկենդան մոլորակ մի քանի ակնթարթ խավարեցնում է արևին, մարդիկ դարեր շարունակ մուգ ապակու կտոր են գտնում ու ողջ ուշադրությունը կենտրոնացնում այդ վարկյանական մթության վրա…

5. …..ժամանակի ժապավենը հետ է պտտվում ու շունչդ պահած նայում ես, որ կադր բաց չթողես…գույները խունանում են ու խտանում…սիրելիներիդ երեսներից կնճիռները վերանում են ու սպիտակ մազերը մգանում…դու մանկանում ես ու մոռանում աշխարհի բոլոր դարդերը, որ էսօր կարծես քեզ են տվել…կադրերը դանդաղում են ու դառնում լուսավոր…ձայներն ու երազները դառնում են ավելի կենդանի ու խոսուն…ժպիտը ջերմացնում է հոգիդ ու ժպտում ես, որ մանկության հիշողություններից գտած հին բաժակի նկարը այդքան կյանք կկարողանա իր մեջ ամփոփել…ու թեյի հասարակ բաժակի մեջ այդքան տաքություն կարող ես գտնել…..

6. ……երբեմն մարդիկ լաբիրինթոսներ են ստեղծում իրենց ներսում ու կորում են իրենք իրենց մտքերի մեջ: Հաճախ տարիներ է անհրաժեշտ լինում այդ լաբիրինթոսից դուրս գալու համար, երբեմն էլ այդպես էլ ապրում են՝ չհասկանալով, որ ելքն այդպես էլ չեն գտել: Բայց այդ լաբիրինթոսից դուրս գալու միակ ելքը դրա պատերը քանդելն է. մոռանալը լաբիրինթոսի մասին և վերջ. դու արդեն լաբիրինթոսում չես…… ինչքան ենք սիրում չէ՞ բարդացնել ամեն ինչ, երբ այն ավելի քան պարզ է….

7. ….աշխարհում ապրում է 2 միլիարդից ավելի մարդասպան, որից յուրաքանչյուրը ժամացույցի ամեն զարկի հետ սպանում է իր մեջ ապրող հանճարեղ նկարչին, տաղանդավոր դերասանին, ամենաարհեստավարժ մեխանիկին կամ բժշկին, որ կարող էր հազարավոր կյանքեր փրկեր…… ժամանակն էլ, որպես վկա մարդկության դեմ արված ամենադաժան սպանությանը, լռում է ու միայն տարիներ անց ափսոսանքի մի ստվեր գցում մարդկանց արդեն մարող հոգիներում…….

8. ……երբ գիրք են նվիրում առանց մակագրելու, այդ գրքերը նման են լինում հանրային գրադարանի գրքերին, որ կարդալուց հետո պետք է վերադարձնես՝ ինչ-որ մի օր մոռանալու անհաստատ գիտակցմամբ, միևնույն է, մի օր ամեն ինչ էլ մոռանում ես……….իսկ այ մակագրված գիրքն այլ է. դու այն տալիս ես մարդուն, հետը հոգուցդ պոկված մի բարեմաղթանք ու ուզում, որ իր աշխարհն ավելի լուսավոր լինի ու ավելի լավը…..հետո անցնում է ժամանակ, պատահաբար գտնում ես աշխարհում եզակի օրինակով գիրքը, այն նվիրել են հենց քեզ ու մակագրել միայն քեզ համար…..
…….թերևս գիրքն ամենալավ նվերն է, որ կարելի է տալ ու ստանալ, իսկ գիրք նվիրելն էլ ինքնին երևի արվեստ է…գիրք նվիրելու արվեստ……

9. ……..երբ կարողացար պինդ փակված աչքերով անգամ տեսնել աշխարհում թաքնված գեղեցիկը, առանց շոշափելու զգացիր դիմացինի հոգու նրբությունը, երբ լռության մեջ լսեցիր ամենակարևոր խոսքերը, կարողացար գնահատել կյանքի արժեքն ու սիրելի մարդկանց ներկայությունը՝ նրանց կորցնելուց առաջ, ուրեմն դու երջանիկ ես…….
Հ.Գ…..երջանկությունը ամենահասարակ սովորությունն է, որ կարելի է ձեռք բերել….այն ոչ կարող ես գտնել սուրճի մրուրի պատկերներում, ոչ ձեռքիդ ափի գծերի նկարագրություններում…երջանկությունն այն օդի մեջ է, որը շնչում ու արտաշնչում ես ամեն օր……..

10. ……..մի վախեցիր ակնթարթից,-ասաց Հավերժությունը,-պահը կորցնելով՝ մենք ավելին ենք կորցնում քան ողջ հավերժությունը…..ամեն ակնթարթի մեջ այնքան ժամանակ կա, որ բավական է հավերժության մասին մոռանալու համար…պատկերացրու՝ մարդիկ որքան իրական հավերժություններ են կորցնում՝ բաց թողելով կարևոր ակնթարթները……

11. ……խավարը շարունակվելու է այնքան, մինչև դու ինքդ աչքերդ չբացես, իսկ եթե աչքերդ բացեցիր ու էլի խավար եղավ, խարխափելով փնտրիր ու գտիր աշխարհի վերջին լուցկու տուփի միակ լուցկու հատիկը ու վառիր այն. բոլորը հենց այդ լուցկու հատիկն են փնտրում…

12. …մարդը, զբոսնելով օվկիանոսի ափին, մտածել անգամ չէր կարող, որ անապատում երազելու է մի կաթիլ ջրի մասին… և պատկերացում անգամ չէր կարող ունենալ, որ մի օր օազիսներ են աչքին երևալու հալուցինացիայի տեսքով, երբ ինքն անտառում ծառ էր կտրում…

13. …..մի ողջ հավերժություն տևացող ժամանակի մեջ անցողիկության ստվերը վիթխարի օձի նման փաթաթվում է այն ամենին, ինչ թվում է՝ երբեք ավարտ ու սահման չի ունենալու……գիշատիչ զեռունը իր լպրծուն մարմնով դանդաղ ճզմում է մարդկանց անմարմին ոգեղեն երազները, շունչը կտրվելու աստիճան սեղմում ժամանակին տրված բոլոր խոստումներն և ժամանակին արված բոլոր խոստովանությունները…..……..ու մարդիկ սնում են այդ հսկա սողունին՝ հեշտությամբ թողնելով այն լավն, ինչ ունեն, մոռանալով այն մարդկանց, ում հարազատ են համարում, անկատար երազների ու խոստումների անդունդներ ստեղծում ու իրենք էլ գլորվում այդ անդունդը……
Հ.Գ. (մաս 2)……ծառը տարիների ընթացքում խորը արմատներ էր գցել, ժամանակն էլ իր ստվերն էր գցել ծառի բնին՝ մի մեծ սպիի նման դրոշմելով իր հաղթանակը ամեն ինչի նկատմամբ……………..ամեն ինչի՞…….ծառը խորը արմատներով կարողացել էր պահել իր ամրությունը՝ անկախ ժամանակի հարվածներին, սաղարթը ավելի մեծ ու հիասքանչ էր դարձել, ու արմատներն ավելի ամուր էին կառչել հողին……….. մարդկային մի տեսակ կա, ում հաջողվում հոգու արմատներով պահել այն, ինչ թանկ է, ու ժամանակն անզոր է դառնում այդ ամրության դեմ……….ու մինչ մնացած մարդիկ ասում են, որ ամեն ինչ անցողիկ է, այս տեսակի մարդիկ ժպտում են՝ իրենք ժամանակին ու անցողիկությանը հաղթած մարդիկ են, մարդիկ, ովքեր սովորել են լավը ամուր պահել՝ անկախ ամեն ինչից…….մարդիկ, ովքեր երազանքներ են կյանքի կոչել……

14. ……ամառվա վերջում աշնան մասին հեքիաթները կամաց-կամաց արթնանում են…փնտրում աշխարհի ամենատաք գույները, ամենագունավոր երազները…..արվեստանոցը լցվում է աշնանային բույրերով, աշնանային ստվերներով, աշնան մասին կարոտներով….աշունը վրձիններն ու ներկերը հանում է նախորդ տարվա փոշով պատված դարակներից…..մի պահ մոլորվում նախորդ աշնան հիշողությունների մեջ, հետո ժպտալով սկսում վրձնել մի նոր աշնան կտավ՝ նոր երազներով, նոր գույներով ու աշնան նոր հեքիաթներով…..

15. ….Երբ ինչ-որ մեկին երաժշտություն ես նվիրում, երաժշտությունը կապկպում ես հոգուդ լարերին ու տալիս ես…….հոգուդ լարերն էլ հետը…նույնը տեղի է ունենում, երբ քեզ են երաժշտություն նվիրում, չեմ ասում երգ, բառեր….այլ մեղեդի, ռիթմ, տրամադրություն, կյանք… հետո դրանք դառնում են հիշողություններ …պատահում է, որ դու մարդուն մի երաժշտություն չէ, աշխարհի բոլոր մեղեդիներն ես ուզում նվիրել….նոտա առ նոտա հավաքում ես ու լցնում սրտիդ ծալքերում, հետո պատահաբար անկյունի սրճարանից լսում ես այդ երաժշտությունը…ժպտում…հրաշք է ունենալ կյանքում մարդիկ, ում ուզում ես նվիրել երաժշտություններ ու ունենալ մարդիկ, ովքեր քեզ են նման նվերներ տալիս…..հետո ժամանակն անցնում է….դու լսում ես երաժշտությունը, ինքն էլ լսում ինչ-որ մի տեղ հեռվում, ու աշխարհը սկսում է պարել այդ երաժշտության տակ…….ճիշտ է` հիմա դու սա չես կարդում, ու ավելին, դու իմ լեզուն չես հասկանում, բայց գիտեմ, որ իմ երաժշտությունները լսում ես……իմացիր, աշխարհի բոլոր գեղեցիկ մեղեդիները քեզ եմ նվիրում……

16. …..դժվար է տարբերվել չտարբերվող մարդկանց շրջապատում……դառնալ լսելի՝ խուլ ու տեսանելի՝ կույրերի համար….լռել աղմուկի մեջ ու խոսել համրերի կողքին…դժվար է մարդկանց տարբերել դիմակներով ու թատրոնի ներկայացումներով կյանքի արժեք որոշել…..դժվար է հանդարտություն պահել քաոսի մեջ ու շարժվել քարացումի դարում….դժվար է անկեղծ լինել կեղծավորների հետ ու ժպտալ ժպտալ չիմացողների համար….դժվար է լույս տալ խավարում ու ստվեր գցել անապատի վրա……դժվար է յուրօրինակությունը տարբերակել միօրինակության մեջ…դժվար է կորցնել հաշիվը հաշվարկներով ապրողների մոտ, դժվար է հավատ տալ անհավատներին ու հույս տալ հուսախաբներին……դժվար է կարոտել անհոգիների ու սիրել անսիրտների աշխարհում…..դժվար է……….բայց հնարավոր…….

17. Ինչու են մարդիկ ժամերով նայում պատուհանից դուրս….մոլորակի տարբեր անկյուններում, տարբեր եղանակների կտեսնես տարբեր դեմքեր…տարբեր հայացքներ ու տարբեր պատուհաններ…..միգուցե նրանք փողոցում մարդկանց են փնտրում ու կորցնում….. կամ իրենց հուշերն են փնտրում պատուհանից դուրս ու….. կորցնում….սիրահարված հայացքներով երիտասարդ աչքեր կտեսնես պատուհանից այն կողմ, ովքեր անձրևների ու պատուհանին պարող անձրևի կաթիլների հետ երազել գիտեն…մտացրիվ հայացքներ՝ խորասուզված վաղվա հոգսերի մեջ, ովքեր միգուցե նայում են փողոցին, բայց հաճախ չեն էլ տեսնում…ոչ փողոցը, ոչ փողոցով անցնող մարդկանց, ոչ էլ արդեն երկար տարիներ նույն փողոցի վրա աճող ծառերը……արդեն տարիների մեջ խունացած հայացքներ կտեսնես, ովքեր անգիր գիտեն փողոցի ամեն քարն ու ամեն ճաքի պատմությունը…..հետաքրքասեր ու բամբասկոտ հայացքներ էլ կտեսնես…..անտարբեր հայացքներ….երբեմն հոգնած…երբեմն երազկոտ….երբեմն տխուր…երբեմն ժպիտի տակ հանդիպումներ թաքցնող հայացքներ…….ու քեզ կտեսնես, պատուհանի այս կողմում, բայց նաև փողոցում…..սեփական հուշերի ու ժպիտների հետևից վազող քամու նման ու անձրևի նման…..հետո տաք թեյից մի կում կխմես ու կժպտաս….պատուհանից այս կողմ դու հանգիստ կարող ես հետևել փողոցին……միգուցե հետևել մարդկանց….միգուցե անձրևին…..միգուցե մտքերով հասնել ինչ-որ մի տեղ՝ բայց շարունակելով ժպտալ…..մինչև հոգուդ ամենախոր անկյունում էլ ժպտալ…..Հ.Գ. ու դու կժպտաս, քանի որ գիտես պատուհանդ լայն բացել…..

18. Մեծանալը տարիներ չի տևում… Մեծանում ես մեկ անգամ ու մի վայրկյանում. մի հայացքից, մի զարմանքից, մի բացահայտումով, մի դժվարությամբ, մի լացով, մի թռիչքով, մի անկումով, մի ապտակից, մի համբույրից, մի որոշմամբ, մի քայլով, մի բառով, մի լռությամբ։

19. .….քաղաքում աշունը ամառվա հետ միախառնված է գալիս, ու դու չես էլ hասցնում նկատել, թե ծառերի տերևները երբ գունափոխվեցին, երբ արևը հասցրեց մտնել ծառերի մեջ ու գունավոր ստվերներ գցել քաղաքի փողոցների վրա՝ մի տեսակ անսովոր, բայց հարազատ խաղաղություն ու հանգստություն տարածելով մայթերին…..ամառվա տոթից հետո քաղաքը սկսեց շնչել, գիշերները դարձան ավելի զով ու երեկոներն ավելի գայթակղիչ՝ քաղաքային լույսերի հետ զբոսանքների համար……քաղաքի լույսերն ու գույները շատացան, ստվերները սարդոստայներ գործեցին լույսերի ու գույների մեջ ու աշունը փարվեց հին ու հարազատ քաղաքին……

20. Լավ կամ վատ մարդիկ չկան, կա սխալ կամ ճիշտ ընտրված հեռավորություն․․․․տարածության ադեկվատ և ոչ ադեկվատ պատկերացում․․․մարդուն թողում ես մեկ շունչ քեզանից հեռու, սրտի զարկերը լսելու չափ մոտիկ, կամ մեկ պարզված ձեռքի հեռավորությամբ, կամ միլիոն լուսնատարի հեռու է լինում մարդ, որ այնքան հեռու լինես, նույնիսկ երազներում էլ չկարողանա հասնել քեզ․․․․․․բայց կարող ես նաև մարդուն հոգուդ ամենակարճ ճանապարհները ցույց տալ, տիեզերքիդ ամենակենտրոնական գալակտիկան կոչես իր ներկայությամբ, քո աշխարհի ուղեծիրը քո ձեռքում է ու մոլորակների դիրքերը դու ես որոշում:

21. …..կարդացած մարդիկ միշտ կտարբերվեն. դիմացինդ կխոսի, դու կհասկանաս, որ նրա ներսում տիեզերքների ու գույների փոխարեն հաշվիչ մեքենա է, որն իրականում այնքան էլ լավ չի աշխատում…ներողամտորեն կժպտաս ու կլռես, որովհետև հաշվիչ մեքենաների շարժիչների ձայնն այնքան էլ հետաքրքիր ու հաճելի չի լինում իրականում….

Share Button

Նշանաբառ՝

3 Կարծիք

  • Լիլիթ Թորոսյան says:

    շատ գեղեցիկ էր ու խորը: Չնայած չեմ ճանաչում այս մտքերի հեղինակին, սիրով կսպասեմ գրքին՝ ամբողջական կարդալու համար,մտքերը շատ տարբեր են ու շատ հետաքրքիր:

  • Կարինե Հայրապետյան says:

    Նայում եմ այս աղջկան, բավականին երիտասարդ է, կարդում եմ գրածները՝ անսահման խորություն կա մեջը ու հաճույքով կարդացվում է: Բրավո, հաջողություն եմ մաղթում:

  • Tigran says:

    molodec, @ntir mtqer ein, mek@ meic lavn er

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *