Գեմաֆին Գասպարյան | Անձնական գրառում մատուցողուհուց փոխառած գրիչով, անձեռոցիկի վրա

Մեր ճանապարհները դեպի լռություն
ավելին են
չարչարանքներից,
մեղքը հեռացումն է
ներքին խորությունից:
սիրո ներկայությունը ազատության մեջ,
երբ ոչինչ քոնը չէ ու որպես դատարկ անոթ
լցվում ենք լույսով, ձայնով, թրթիռով
և բառը, որպես բեկոր
փոխանցում իրար.
առհավատչյա
ամբողջի հետ շփման:
ավելին քան կյանքը,
որ աշխարհը աշխարհով է լցնում
ավելի քան մահը –
հարմոնիա,
մտքերը արձագանքում են տիեզերքում
ամեն մեկի,
ձգտումը
սենյակի տարբեր անկյուններում նստած լռությունների ընդհանրությանը
տարածվում է,
տարածվում է,
կլանում:

……

Առաջին անգամ
չգիտես – հետաքրքիր է,
երկրորդ անգամ
գիտես – սարսափելի է,
արիությունը կրկնելու մեջ է
սխրանքը:
Պատահականությունը, անպատեհությունը, պատը
հերոսներ է ծնում:
Նահանջել աննկատ ու անհաստատ կիսաքայլով,
խոհեմորեն կրունկները օդում պարզած,
ամպերը ոտքի տակ:

առօրյա
առօրյա
առինքնում,
առօրյա
առօրյա
պարփակում,
առօրյա
առօրյա
հոսունություն :

……

Փոքրիկս

մեծացել ես.
պնդում ես քոնը
անհաղորդ, անդրդվելի, աննկուն ու բարձրաճիչ:
մեծացել ես.
ճշմարիտը քոնն է – սխալները շուրջդ,
չկա այլ անկյուն:
մեծացել ես.
լայն է աշխարհը քո նեղ պատուհանից
իսկ դրսում նեղմիտներ են,
պատուհանիդ չափսերին համապատասխան:
մեծացել ես.
կարդացել ավելին քան շատերը,
տեսել մայրցամաքներ տարբեր,
շփվել տարակարծիք ու բազմախոս մարդկանց հետ,
փորձել ես ուտեստներ տարաբնույթ,
սովորել, սովորել, սովորել
ու պարզել աշխարհը,
գտել իմաստությունը,
հասկացել ամեն բան:
թերևս:

……

Անձնական գրառում մատուցողուհուց փոխառած գրիչով, անձեռոցիկի վրա
առավոտ

կաֆե.
երկրորդի բացակայությունը
թույլ չի տալիս
հավեսով
ժամանակ սպանել:

….

Եզրագծի վրա
շշուկներ են
երազները,
արդ թեթև ու անհաղորդ ես
կրկնվելով.
Ու չկա հատուցում,
արցունքները
չկան,
ափսոսանք,
ժպիտ
ու
հեռացում,
նորից:

……

երբ ինձ նկատեցի հայելու մեջ
աշխարհը ճանաչեցի
տեսակավորեցի, դասակարգեցի
ու տեղավորեցի դարակներում.
ամեն քայլիս հետ
աշխարհի կենտրոնը շոշափեցի,
եռաչափ չափորոշիչներով չափեցի
օրը,
հիման ու այստեղը գտա.
մեռնելիս կթեթևանամ
մի քանի գրամ,
մի քանի Կուլոն,
կամ մի քանի վարկյան,
կթեթևանամ ինձ նկատած հայացքի չափ
ու կլուծվեմ
էներգիային,
կլինեմ ամբողջը,
հայելու մեջ չեմ ճանաչվի:

……
ճկույթս
ազնվացել է
սպիտակ ոսկով,
ու լավագույն նվերը
ճկույթից ճկույթ փոխանցված
եղբայրությունն է,
ամեն հայացքի հետ
մեծացող
անհանգստությունը․
ինչ գնով, որտեղից,
ինչի հաշվին և ինչ կլինի
եթե․․․

գրավատանը
գնահատեցին
միայն
լաթային վերամբարձությունը։

……

Ցանցահոր մոտ կգնամ
գրդնակի տակ արդուկված
ու կանգուն ջրի կանաչավուն տիղմից համտեսած,
որպես աղուն,
քարերի կողերը սեղմող պսպղան ջուր՝
պղնձարջասպով լեցուն.
և երկինքը խռով արգանավորդ
և երկինքը ապակի անլվա
և երկինքը դեղնած լեզու
մկրտվում է չորից ու կեղտից գոլորշիացած
իր սառնությամբ փոշեջուր է բեռնում
անապակից ապակ ու ապառաժ
սպասումով,
ամեն քնելու պես
փնտրող, անջատ, անսեռ.

չի եղել ամոքում,
երբեք,
հումքը վտակ չի դառնում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *