Աշոտ Ալեքսանյան | Տիեզերածնական

Աշոտ Ալեքսանյան

ԿՅԱՆՔԻ ԱՆՏԱՆԵԼԻ ԹԵԹԵՎՈՒԹՅՈՒՆԸ

Այս կյանքը խենթ, այս կյանքը խորթ, այս կյանքը
կարճ,
ով ում գտավ, ով ում կորցրեց՝ անվերադարձ,
ով ում հետ սիրտն իր շաղկապեց ու միացավ,
ով ում լքեց, ով ում թողեց ու հեռացավ:

Կյանքն այս թեթև, կյանքն այս փշոտ ու դարձդարձիկ,
հալվեց-մաշվեց օրերի մեջ մելամաղձիկ,
մեզ այն ի ցույց դրեց հմայքն իր նյութեղեն,
սակայն մերժեց մեզ տալ թևեր աստվածեղեն:

Այս կյանքն անծայր, այս կյանքն անծիր, այս կյանքը խենթացնող,
սիրատոչոր հոգիների սրտերն իրար կապող,
շուտով ցնդեց այն՝ թողնելով ավերակներ մեր շուրջ՝
անտանելի թեթևությամբ ու վարանքով անլուրջ:

Կյանքն այս ծանոթ, կյանքն այս ծածուկ ու մեկուսի,
միայն այդքանն ու այդքանով իսկ խաբուսիկ,
սեր-թշնամանք նույն ափսեի մեջ մատուցվող,
որ այս կյանքի բուն աղանդերն է անփոփոխ:

Ապրում ենք դեռ լուսապայծառ մեր երազի շեմին,
օրախնդիր ու նյութեղեն անրջանքին գերի,
մինչ մենք ձգվում ենք գրկելու մեր երազանքը ծեր,
հանկարծ պարզվում է, որ կռնատ ենք ու չունենք թևեր:

Ահա և վե՛րջ, ահա՛ փակվեց մեր հոգեմաշ ուղին,
հրմշտոցում այս դիվահար, ինքնամեծար ու սին,
մենք անրջում ենք հեռավոր աշխարհների մասին,
բայց վիճակված է մեզ ապրել այստեղ սուսիկ-փուսիկ:

Մենք թախանձում ենք երկնային վայելքների մասին,
բայց անցողիկ ենք մենք, ավաղ, և վայելքներն են սին:

 

1979-1984

Այս աշխարհի հարափոփոխ տոնացույցում
մի հանգրվան կա մշտանշարժ ու հաստատուն,
ուսանողի անհոգ ծիծաղ է այն կոչվում,
որից մեր կյանքն է ծայր առել իրապատում,
անհուն բերկրանք, անհոգ ծիծաղ ու ցնծություն,
որ բուն ակունքն է մեր կյանքի աստվածատուր:

Ծխախոտի ծուխն առաջին, թունդ գինարբուք,
բույլ մը նայվածք, շիկնանք, թրթիռ ու թովչություն,
ես ձեզ հիշում եմ տագնապով ահասարսուռ
որպես մարմնի-հոգու համակ խառնակչություն:

Աշխարհի բոլոր գույները
մեկտեղված են մի կետում,
մարմնից դուրս հորդող հունդերը
հոգիներն են ծվատում:

Երկինքներ պատռող ծիծաղը
ուղեկցում է ողջ կյանքում,
քանզի մենք՝ այս երկրի աղը
պահի մեջ ենք պարտակում:

Մեր այս կյանքի խենթ ու խելառ օրակարգում
հարցերի հարցն է՝ լինել հաշտ, թե ինքնաբուխ,
ապրել սրտի՞ կյանքով՝ անսանձ ու անհագուրդ,
թե՞ բռնանալ մամնիդ, մտքիդ, այլև հոգուդ:

Չունի սկիզբ և չունի վերջ,
հարցն այս հին է ու հավերժ,
հոգեմաշ այս երկվությունը
մեր բնույթն է իսկապես:

Սա՛ է սույն կյանքի դրվածքը.
խիզախի՛ր, կրկի՛ն փորձիր,
հուզախախտ այս հորինվածքը
դեռ երկար մեզ կխոցի:

Այսպես եղել է, այսպես կա ու կլինի,
զի մենք ծնունդն ենք մեզ ծնած ակնթարթի,
ում հաջողվում է ակնթարթն այդ առկախել,
հենց նա էլ տե՛րն է հավերժող ժամանակի:

Պահն անցավ՝ կեցցե դադարը,
չկա շարժ՝ չկա ոչինչ,
մի ողջ կյանք ձգվում է պահը՝
կատարյալ պա՛հմտոցի:

Կյանքն անցավ՝ փակվեց շրջանը,
հուշն է մեզ ահաբեկում,
ինչ մնաց՝ պահի վախճանն է,
ու չկա ներում-բեկում:

 

2013-2014

Այս Նոր Տարին եկավ հանկարծ,
անդրենածին հեռուներից փռվեց մեր դեմ,
քշեց-տարավ վախ ու կասկած,
մեր սրտերում բացեց ծաղկուն վառքի եդեմ:

Իր հետ բերեց նոր ցնծություն,
փրկչական լույս ու զարթոնքի ոսկե շիվեր,
սաստեց հոգին անբարեհույս,
մարմինների մեջ ներարկեց հույսի ծիլեր:

Իր հետ տարավ անցյալների
հոգսերը բյուր, ցավերը ծով, խոհերը սև,
մեզ ազատեց չար մտքերի
որոգայթից ու տաժանքից վահր ու նսեմ:

 

***
Տարին փակվեց և վերստին
սին հասույթով՝ փոքր ու չնչին,
մեր սուղ կյանքից ևս մի ծեղ
հալվեց-ձուլվեց մեծ Ոչնչին:

Ահա՛ կանգնած ենք ես և դու
շփոթի մեջ սարսափազդու,
և մեր կյանքի նոր հարթակից
հենացատկի ենք պատրաստվում.

Անցած տարին ոմանց բերեց
բերք-բարիքի գերկուտակում,
շատ-շատերի հույսն էլ թաղեց
զամբյուղի մեջ նվազագույն:

Անցնող տարին, կամոքն Աստծո,
ոմանց համար եղավ շռայլ,
իսկ որ անհաշտ են ու դժգոհ՝
պատկերը ծանր էր ու մռայլ:

Գներն այնքան ահագնացան
շուկաներում միջազգային,
սակագներն էլ բարձրացան
ու արժեքները բորսային,

որ մենք բոլորս՝ ազգովի,
պարտքերիի տակ ճկռեցինք,
եղած-չեղածն օտարեցինք
ու տոկոսները փակվեցինք:

Դռներն հուսո ի բաց եղան
ու ներխուժեց ձմեռը ցուրտ,
մենք դուրս եկանք ազատ տեղանք,
ուր սուտը ճիշտ է, ճիշտը սուտ:

Ճանապարհի քարտեզը նոր
լլկեց հոգին սիրատոչոր,
մեր հույս գրվեց լերկ սառույցին՝
ուր չորը թաց է, թացը չոր:

 

ՄԻԳԱՄԱԾ ՀԱՅԵԼԻ

Մոգական աշխարհի առասպե՛լը ծեր
մեզ իր գիրկն է առել մայրական ու ջերմ,
նետելով այս կյանքի ասպարեզը մեծ
մեզ ասում է՝ ապրի՛ր, սա քո տե՛ղն է հենց:

Վայելի՛ր հավերժի բարիքները ճոխ,
ընդունի՛ր անհատնում պարգևներն աստծո,
ըմբոշխնի՛ր զմայլանքն ու թովչանքը ծով՝
շատերին ըղձալի, քչերին հաճո:

Մե՜նք ապրու՛մ ենք դեռ,
անրջում ենք դեռ
տենչանքներ ունենք նվիրական,
վայելում ենք սեր,
անծանոթ հույզեր,
ճամփեքին անգո, անիրական:

Մեզ տրված են, թեև, վերամբարձ թևեր՝
թռչելու աստղկա երկնքից էլ վեր,
բայց իղձերը հոծ և հույսերը բոց
ծիկրակում են, սուզվում ծովընդերքը գոց:

Գույնզգույն լապտերներ, առկայծող շիթեր,
օդի մեջ կայլակվող փայլածու շեղբեր,
երազում երազվող ճայթռուկներ հավկուր,
մոլորված ասուպներ, գիսաստղեր մանկուրտ:

Խաղացկուն փայլերի սրտամաշ հրդեհ,
մանրածախ հույզերի լուսածուփ զարդեր,
անապակ մսխումի խտանյութը սև
կլանել է իր մեջ բնահյութը մեր:

Միգամած հայելի՝ խունացած, ծանծաղ,
մեր հայացքն ես գամել պատկերիդ ճապաղ,
շղթայել ես ընդմիշտ կենսավիշը մեր
խամրափայլ հրճվանքի զնդանում շքեղ:

Մե՜նք ապրու՛մ ենք դեռ,
անրջում ենք դեռ
տենչանքներ ունենք նվիրական,
վայելում ենք սեր,
անծանոթ հույզեր,
ճամփեքին անգո, անիրական:

 

ԶՈՒԳԱՇԽԱՐՀՆԵՐ

Ծավալվում է կյանքն այս մահապարտ
զուգաշխարհների շփման գծում,
շուրջը ծուղակներ են ու թակարդ
և հաղորդակներ՝ ոսպնյակը ծուռ,
կան, որ թաքնված են մեր աչքից
կան, որ ակնհայտ են, անթաքույց,
բայց տեղի չունի առերեսում
աչքակապության այս հանդեսում:

Մեր սրտերն իրար է շաղկապում
աշխարհների հևքը չարխափան,
գամվում է մի պահ հայացքը բութ
ու հետո նորից շեղում ճամփան,
շուրջը խուլ ժխոր, իրարանցում,
անհաղորդ ենք մենք միմյանց հանդեպ,
ակնթարթի մեջ իրար բացվում՝
ու հետ ենք քաշվում խորշակը մեր:

Անջրպետված ենք իրարից
որմնապատով աներևույթ,
մենք չենք տեսնում սահմանագիծ
ու չենք լսում ձայները մութ,
սև անցքերից անդնդախոր
անտես հյուրեր են այցելում,
խորշակներից բազմաժխոր,
սողանցքներից ամենակուլ:

Աջ ու ձախ խաչվող զուգաշխարհներ՝
դոնդողանման ու մածուցիկ,
կան որ անթափանց են, անվավեր
և կան որ փքուն են, ուռուցիկ.
դա մեզ ի վերուստ բաժին հանված
քաղցր լուծն է դյուր ու փութանցիկ,
ժամանակների գետում շաղված
մեր հոգու պարապը մուրացիկ:

Շռնդալից մուտք՝ փութկոտ ընթացք,
վեհերոտ խոյանք՝ եղերավերջ,
աշխարհի խարխուլ փառքին վստահ՝
մսխում ենք ավիշը սնամեջ,
բույլերով բեկ-բեկ ու խմբովի,
բնույթով անհաշտ ու կռվազան,
մղվում ենք ահեղ ձեռնամարտի՝
բիրտ, գիսախռիվ, ապերասան:

Պատերազմներ՝ մեղկ ու եղուկ,
խաղաղություն՝ ծախու ու ժանտ,
մի տեղ ցավի գերավելցուկ,
մի տեղ փողի լեռներ հսկա,
տեղախախտվածք է մեր ուղին,
հող-հայրենին՝ քաղցր պատրանք,
մանր ու ճղճիմ հրճվանք ու խինդ,
ավար, ավեր, աղապատանք:

Շուրջառել է մեզ այժմ և միշտ
եկվորների չուն մանրապճեղ,
որ սևեռումով հույժ ակնապիշ
մեր հոգու տաճարն է նվաճել,
սև խոռոչներից կաթել է ցած,
լքել է վաղուց թռչող ափսեն,
և ձիավարում է մեզ հեծած՝
խթանելով մեզ աչքով անզեն:

Լծկաններ ենք մենք՝ շնչակտուր,
երիվար, նժույգ, թե հովատակ,
որ ասպատակում ենք առաթուր
մրցասպարեզն այս՝ հիմնահատակ:
Մեզ դեռ հանդուրժում են տարասեռ
արտաքին ուժերն անհյուրընկալ,
քանի դեռ, աստված մի՛ արասցե,
մեզանից իրենց վտանգ չկա:

Կրկնալծված ենք ես և դու՝
մեր տերերի ձեռքին հլու,
մրցավազքի հանված ձիեր՝
ընտելացված ու ձեռնասուն,
մեզ խթանող հեծյալներին
մենք ո՛չ լսում ենք, ո՛չ տեսնում,
մեզ իրապես թամբածներին՝
ում հետ չկա առերեսում:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *