Հենրիկ Էդոյան | Հենման կետ

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

 

ՀԵՆՄԱՆ ԿԵՏ

Դու հենման կետ ես փնտրում,

բայց նավի վրա ես դու,
իսկ նավը՝ ջրի վրա,
իսկ ջուրը՝ երկրի,
որը սլանում է մոլեգին վազքով
տիեզերքի սոսկալի
ամայության մեջ: Դու հենման կետ ես փնտրում
օրերիդ փոշու մեջ: Քո կյանքը մի օր է՝
ծածկված օրերով, ինչպես վարդի սիրտը –
նրա թերթերով, մի անշարժ
աստղի տակ, որի շողերի մեջ
ամեն ինչ հոսում է անսկիզբ,
անծրագիր,
և չունի հենման մի կետ
ոչ կյանքի, ոչ մահվան մեջ:

 

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ծառերը ճանապարհի երկու կողմերում
ննջում են անդորրի մեջ: Երազի ոգիները
օրորում են նրանց: Խոտերը ձայն են տալիս
մեկը մյուսին: Սեղմվում եմ երկու
աշխարհների միջև, հեռավոր քաղաքների
թախիծն է ճնշում ինձ, ձեռքիս մեջ կոտրվում է
օրվա ապակին: Մի քանի շներ
իրենց անորոշ կարոտն են խեղդում
հաչելով աջ ու ձախ, հենց այնպես,
անարձագանք: Քո հոգին
մի փրփուր է, որ քշվում, չքանում է,
թեև քամի չկա: Դու այստեղ պետք է
գտնես քո գաղտնիքը, քո գծագիրը
դու ինքդ պիտի կազմես: Հեռավոր
քաղաքների արձագանքը իր հետ
թախիծ է բերում:
Ամենադժվարը քեզ ուղիղ պահելն է
օրվա շեղբի դեմ
լույսի պես սրված:

 

ԻՆՉՊԵՍ ԵՐԵԽԱՆ

Ինչպես երեխան է ձեռքը երկարում
խաղալիքներին, իրերին, ամեն ինչի, որ իր
շուրջն են դրված, ես այդպես ձեռք եմ տալիս
անցյալի ստվերներին, այն բոլոր նկարներին,
որոնք ինձ են նայում իմ հիշողության
դեղնած պատերից: Նրանք ավելի
կարծր են ու շոշափելի, քան առարկաները,
իրերը, բոլոր
խիտ մարմինները, որոնց երեխան
ձեռք է երկարում
և հանկարծ արտասվում –
բարձրաձայն, մինչև վերջ,
մինչև ճիգերի
անկումը վերջնական
տիղմի մեջ հավերժության:

 

ԵՍ ՈՒՇԱՑԵԼ ԵՄ

Ես ուշացել եմ, գնացքներն արդեն
մեկնել են կայարանից, բայց դեռ չեն հասել
հաջորդ կայարանին: Միևնույն չէ՞ արդյոք
ինչքան ես ուշացել: Միայն աստվածների
մասին է ասվում, որ նրանք չունեն
ստույգ ժամանակ: Իսկ դու միշտ
ուշանում ես և հույս ես դնում
ամենավերջին քայլերի վրա: Ի՞նչ իմաստ ունի
նրանց գոյության հիմքերը քննել, երբ
քո ժամանակը թրթռում է կտրված
մի լարի նման: Իսկ կայարանում
քեզ ոչ ոք չի սպասում, բացի ժամացույցի
հանկարծակի զարկից – «արդեն կեսգիշեր է…»:
Վերադարձիր տուն, հաջորդ գնացքը այլևս չի գալու:
Բայց կարելի՞ է այդ մասին հարց տալ
անցորդին քնաթաթախ
կամ ժամանակը հրել դեպի ետ, մի ուղևորի
տեսադաշտի մեջ, ուր նա կանհետանա:

 

ԱՍԵՂՆԱԳՈՐԾԻՐ ԻՄ ԴԵՄՔՆ ՈՒ ԱՆՈՒՆԸ

Մի կեսօր փայլում է քաղաքի վրա:
Թռչուններն ըղձանքով նայում են հեռուներին
և ժամացույցի սլաքներն արագաշարժ
կտրում են ժամանակի թելերն աներևույթ,
ուր անգամ արևն է ցնցվում ու քարանում
իր տեսիլքի մեջ:
Եվ թեև ես ու դու ձուլված ենք իրար,
անցնում ենք իրար հետ, տքնում ու համառում,
բայց մի օր (երբ ոչինչ չի լինի այլևս)
ես պիտի դատապարտվեմ: Իսկ դու, իմ հոգի,
բարձրացիր հողից վեր,
մտիր թևերի մեջ անշարժ կեսօրվա,
նրա լույսերի մեջ
ասեղնագործիր իմ դեմքն ու անունը,
անցիր գետից այն կողմ,
որտեղից ջուր են խմում չվող թռչունները
և անշարժանում:
Մի՛ թող ինձ այստեղ: Մենք կապված ենք իրար:

 

ԲԱՅՑ Ո՞ՒՐ Է ՏԵՔՍՏԸ

Ինչը գրել ես՝ եղել է
առաջաբան:
Իսկ հիմա արդեն
վերջաբանն ես գրում: Այսպես,
միանգամից:
Բայց ո՞ւր է տեքստը,
որ դու չգրեցիր:

***
Ոչ թե սիրտն է բաբախում ժամանակի մեջ,
այլ ժամանակն է սրտի մեջ բաբախում,
նրա մեջ կյանք առնում,
նրա մեջ սրբագործվում:
Նա ժամանակը պահում է իր մեջ,
շունչ տալիս նրան, իսկ նրանից դուրս
չկա ուրիշ մի ձև և շնչառություն:
Նա սրտի ձևն ունի: Ընդունիր նրան քո մեջ:

 

***
Մենք` շարժվող բծեր Աստծու երազի մեջ,
երբ խաղաղ է օդը և նույնիսկ թռչունների
թևաբախյունը չի լսվում երկնքից:
Ոչ մի նետված քար չի հասել նպատակին:

 

ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

Ինչպիսի՞ն էր երկիրը՝ երբ առաջին անգամ
Ադամը տեսավ նրան,
և ինչպիսի՞ն կլինի՝ երբ վերջին մարդը
հրաժեշտից առաջ
կնայի նրան
արցունքների միջից: Դրանք կլինեն
Դրախտը կորցրածի
և երկրից հեռացողի
արցունքներ:
Դրանք չեն տարբերվի մեր արցունքներից:

 

***
Ովքեր քեզ համբուրել են, ովքեր չեն համբուրել,
որոնց դու համբուրել ես կամ միայն
երազել, արդեն չկան, արդեն
քնել են անհայտի մեջ: Դու, որ պահում ես ինձ,
կառավարում իմ բոլոր մտքերն ու շարժումները,
թող մի անգամ շոյեմ
նրանց գլուխները, ասեմ այն, ինչ չեմ ասել,
պատմեմ իմ միայնակ
օրերի մասին: Իսկ քամին կատաղի
սուլում է դրսում: Ամեն ինչ նույնն է,
ոչինչ չի փոխվել: Մի փակ պատուհան,
որ ես բացում եմ փողոցի վրա:
Ուրիշ քայլ չունեմ:

 

ԱՊԱԿԵ ԱՇԽԱՐՀՆԵՐ
Նայիր, թե ինչպես է թռչունը իջնում
ծառի ճյուղի վրա, կանաչ ու կենսախինդ
տերևների մեջ, ինչպես է կեսօրը
բողբոջում ձեռքի մեջ մի երեխայի,
որին թեև չորս կողմից սաստում են, վախեցնում,
բայց նա ձեռքը մեկնում է արևի շողին
և ծիծաղում է: Մի ձեռք նրա առջև
դնում է քառակուսի
մի համակարգիչ, պոկում ծառի ճյուղը
թռչունի ոտքի տակից,
և ձեռքը երեխայի
դիպչում է էկրանի սառը ապակուն:
Ապակե աշխարհներ, որ կոտրվում եք մի թեթև
հարվածից, ձեր փայլը ստվերն է սոսկ
հանգչող արևի, որ ընկնում է հորիզոնի
մութ ջրերի մեջ,
և չքանում են թռչունն ու երեխան:

 

ԴԵՄՔ՝ ԴԵՄՔԻ ԱՌԱՋ
Բացում եմ գիրքը, կարդում մինչև վերջ:
Փակում եմ գիրքը: Ես փնտրում եմ քեզ:
Ես քեզ չեմ գտնում այս էջերի մեջ:
Ես քեզ չեմ տեսնում այս էջերից դուրս:
Բայց որտե՞ղ ես դու: Որտե՞ղ ես դու ապրում
քո ժամանակը: Դա նաև իմ վայրն է,
ուր ես չեմ ապրում: Իրար հետ, միասին,
դեմք՝ դեմքի առաջ, բայց երկու տարբեր
արտացոլումներում, ուր երկու աշխարհներ –
մեկը վառվում է, մյուսը՝ հանգչում:
Երկու ուղիներ, որ իրար չեն հատվում:
Երկու սպասում՝
նույն դռան առաջ:

 

***

Համացանցից իմացավ, որ գարուն է,
նայեց ապակե թվատախտակին՝ ժամը
տասնմեկն էր, կարդաց՝ որ քաղցած է, պետք է
նախաճաշել, տեսավ՝ որ կինը ավելի գիրացել է,
գլուխը շարժեց: «Կյանքն,— ասաց մի պրոֆեսոր,—
սովորելու մեջ է»: Պետական մի գործիչ խոսում էր
գների բարձրացման մասին՝ «Բայց պետք է ավելի
հայրենասեր լինել», — ասում էր համոզված:
Մի երգչուհի պատրաստվում էր երեխա
ունենալ. բոլորը հուզմունքից արտասվում էին համացանցի մեջ:
«Աստված կա», — կրկնում էր մի երիտասարդ՝
մատը թափ տալով:
«Արդեն ժամանակն է», — գրում էր
մի կին: Դա մահն էր, որ նրան
նայում էր անկյունից և համակարգչի
լույսը թուլացնում, մինչև մեռնելը: Հետո լրիվ մթնեց:
Քանի որ նա չէր ապրում, ուրեմն՝ չմեռավ:

 

***
Ոչինչ դեռ կորած չէ, ամեն օր առավոտյան
արևն է բարձրանում, իսկ ուշ երեկոյան
լուսինն է դուրս գալիս, ինչպես միշտ, ինչպես
տարիներ առաջ: Պատերը մաքուր են, կահույքը
շատ հին չէ, ծաղկամանի մեջ
դեռ կան ծաղիկներ՝ հավատարիմ իրենց
նշանակությանը, խանութում դեռ հաց կա, դեռ կա
ցանկություն: Բայց պետք է իմաստների
հարցում կողմնորոշվել –
մի ձեռք փոխել է տեղերն ու անունները,
տառերն ու եզրերը:
Միայն շոշափելով կարող ես առաջ գնալ:
Գնալ՝ դեպի ո՞ւր: Ոչինչ դեռ կորած չէ, ասում ես, բայց երբ
ձեռք ես տալիս նրան՝ ոչինչն ես շոշափում:

 

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Վաղ առավոտյան անտառից թռչունների
ձայներն են լսվում, ծառերի արանքից
արևը փորձում է բարձրանալ վերև,
ինչպես երազի մեջ: Ես
գտնում եմ այն, ինչը կորցրել եմ –
անտառը, թռչուններին: Կարծես թե
ես տանն եմ, համարյա ապրում եմ,
համարյա նմանություն, համարյա մի արև, ճշգրիտ
արտացոլում, կորցվող և նորից գտնվող
բնանկար, այն, ինչը ես տալիս եմ անցյալի
ոգիներին, բայց առավոտյան նորից գտնում այն,
կարծես ամեն ինչ նույնն է, ինչ եղել է,
կարծես թե ես ապրում եմ: Համարյա ես այստեղ եմ:

 

***
Ո՞վ էր նա, որ մի օր ինձ ասաց տրամվայում —
«Թողեք իջնեմ, ընկեր»: Նա իջավ, իսկ ես մինչև
հիմա ինձ զգում եմ այդ տրամվայի մեջ: Որտե՞ղ
պիտի իջնեմ, երբ նա կանգառ չունի: Եվ
ո՞ւմ պիտի ասեմ — «Թողեք իջնեմ, ընկեր»:
Եվ ո՞ւր է այն քաղաքը, ծխամած մշուշի մեջ,
լույսերը հանգցրած, առանց կանգառի,
առանց անունի, ընդմիշտ, անվերադարձ:

ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ «ՀԵՆՄԱՆ ԿԵՏ» (բանաստեղծություններ): Երևան, «Անտարես», 2015, 112 էջ: Գրքում զետեղված են Հենրիկ Էդոյանի վերջին շրջանում գրված ստեղծագործությունները:

ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ «ՀԵՆՄԱՆ ԿԵՏ» (բանաստեղծություններ): Երևան, «Անտարես», 2015, 112 էջ:
Գրքում զետեղված են Հենրիկ Էդոյանի վերջին շրջանում գրված ստեղծագործությունները:

 

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *