ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ | Տունը, որում …

Օրերս “Ռուսսկայա պրեմիա” հեղինակավոր գրական մրցույթի “Խոշոր արձակ” անվանակարգում լավագույն գիրք ճանաչվեց Մարիամ Պետրոսյանի “Տուն, որում…” վեպը: Գիրքը անչափահաս հաշմանդամ երեխաների գիշերօթիկ դպրոցի մասին է: “Տուն, որում…”-ը գրողի միակ վեպն է, Մարիամ Պետրոսյանն ասում է, որ այն իր համար է գրել, դրա շնորհիվ էլ հաջող է ստացվել: Ի դեպ, այս վեպը 2009 թվականին հավակնել է նաեւ “Большая книга” մրցանակին եւ ընթերցողների քվեարկության արդյունքում զբաղեցրել երկրորդ տեղը:

– Շնորհավորում ենք “Ռուսսկայա պրեմիա” գրական մրցանակին արժանանալու կապակցությամբ: Ե՞րբ հաղթանակի լուրը ստացաք:

– Նույն օրն եմ իմացել: Լրագրող Կոնստանտին Միլչինը ինձ հենց դահլիճից ապրիլի 12-ին զանգահարեց, շնորհավորեց, ասաց, որ առաջին տեղն եմ գրավել: Մրցույթը ԱՊՀ տարածաշրջանի ռուսերեն ստեղծագործող գրողների համար է, որ կապերը պահպանվեն: Մրցույթներ բոլորովին չեմ սիրում, միտք էլ չունեի մասնակցելու: Ուղղակի հրատարակչությունն իրավունք ունի գիրքը  ներկայացնել մրցույթներին: “Большая книга”-ից շատ ուրախացա, մի քիչ հանգստացա, մտածեցի` կվաճառվի, հրատարակչությունն էլ իմ պատճառով չի քաշվի:

– Ցանկություն չկա՞ր մասնակցել  մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը:

– “Большая книга”-ի փակմանը ներկա եմ եղել: Ամուսնուս հետ գնացինք: Ճիշտն ասած` բան չհասկացա: Լիքը մարդ կար, հայտնի գրողներ, բայց քանի որ տեսողությունս լավ չի, ես էլ ակնոց չէի դրել… Ամուսինս ինձ ասում էր` չվախենաս:): Ես էլ օտար մարդ էի, ոչ մեկին չէի ճանաչում, չգիտեի` ում հետ խոսել: Գրողները իրար հետ շփվում էին սեղանի շուրջ…

– Հայաստանու՞մ էլ նման հավաքների չեք սիրում մասնակցել:

– Ես մինչեւ այս գրքի հրատարակվելը գրող չէի, գրողների հետ ոչ մի կապ չունեմ: Ինձ առաջարկել են Գրողների միության անդամ դառնալ, բայց չհամաձայնեցի: Ինձ պրոֆեսիոնալ գրող չեմ համարում, հետո չգիտեմ` կշարունակեմ գրել, թե` ոչ:

– “Տուն, որում…” վեպում ամեն ինչ մի զույգ կարմիր մարզակոշիկներից է սկսվում, իսկ գիրքը գրելը ինչի՞ց է սկսվել:

– Սկսեցի գրել 1991 թվականից, երբ բոլորս անգործ մնացինք: “Հայֆիլմ”-ում մուլտֆիլմերի բաժնում էի աշխատում: Մուլտիպլիկատոր չեմ, “Большая книга”-ի ժամանակ գրել էին` մուլտիպլիկատոր եմ, ես խնդրեցի, որ ուղղեն, որովհետեւ անհարմար է, մուլտիպլիկատորները շատ քիչ են, իրենք բոլորն իրար ճանաչում են, իրենց բոլորը ճանաչում են: Ես նկարիչ եմ, ով աշխատել է մուլտիպլիկացիայում, բայց մուլտիպլիկացիա անել չեմ սովորել: Շատ դժվար ու բարդ գործ է, որ համբերություն է պահանջում: Ես ու ամուսինս միասին էինք աշխատում, անգործ մնացինք: Ինքն այդ ընթացքում սովորում էլ էր, այնպես որ այդքան էլ տխուր չէր: Ես տանն էի մնացել ու զբաղմունք էի փնտրում, սկսեցի գրել: Դա գիրք չէր, պատմություններ էին, որ որոշեցի` կարելի է իրար միացնել, միացրի, մեկ կամ երկու տարի տեւեց գրելը, որոշեցի` արդեն գիրք է, դրեցի մի կողմ: Հետո գնացինք Մոսկվա, երկու տարի այնտեղ ապրեցինք: Ինձ թվում էր` այն գիրքը, որ թողել եմ Երեւանում, վատը չի ու կարելի է շարունակել: Շարունակեցի, բայց երբ եկանք Երեւան, զգացի` դուրս չեն գալիս գրածներս, շատ մանկական են, նույնիսկ ծիծաղելի: Մտածեցի` ափսոս, գաղափարը լավն է, ուղղակի վատ է արված, սկսեցի փոխել: Հիմա բոլորին թվում է` տասը տարի է` նույն գիրքն եմ գրում, բայց այդպես չէ, որովհետեւ առաջինի հետ բոլորովին կապ չունի, ուրիշ պատմություն էր, փոփոխել եմ, միայն ինչ-որ հերոսներ մտան վերջնական տարբերակի մեջ: Հետո երկրորդը Մոսկվայում եմ գրել` 95-96 թվերին էր, ավելի մոտ էր: 98 թվականին էլ ինձ թվում էր` արդեն պատրաստ է, միայն վերջը չկար: Գիտեի, որ վերջին` երրորդ մասն էլ պետք է լինի: Այդ առաջին երկու մասը թողեցի Մոսկվայում մի կնոջ մոտ, ում տանը մի ամիս ապրել էինք: Հանրակացարանում ապրելու ժամկետը վերջացել էր, մենք պետք  է գայինք Երեւան, բայց տոմսերը մի ամիս հետոյի էին լինելու… Պահ եղավ, որ փողոցում մնացինք ու այդ կնոջ տանը հայտնվեցինք: Շատ լավ կին էր, ընկերացանք, 98 թվականին գիրքը նվիրեցի իրեն: 9 տարի հետո, երբ ինձ Մոսկվայից զանգեցին, շատ զարմացա: Այդ կնոջ տղան զանգեց, ով, ինձ թվում էր, ընդհանրապես գիրք չի կարդում:): Ասաց` իր ընկերը ցանկանում է զբաղվել այդ գրքով, հրատարակչություն կա, որ ցանկանում է հրատարակել: Ես էլ վաղուց այդ գիրքը թողել էի… 2000 թվականին երեխա ունեցա, մեկ-մեկ բացում-կարդում, փոփոխություններ էի մտցնում: Ասաց, որ շատ մարդկանց դուրն է եկել, փոքր ֆան ակումբ են ստեղծել, ապշեցի: Հասկացա` շատ դժվար կլինի ավարտել գիրքը, որովհետեւ վաղուց անջատվել էի նրանից:

– Այդ ընթացքում ընդհանրապես չէի՞ք ստեղծագործում:

– Ես չէի ցանկանում ավարտել գիրքը, մտածում էի` շատ լավ զբաղմունք կլինի, երբ երեխաները մեծանան, թոշակառու տատիկ կլինեմ, տանը կնստեմ, կգրեմ: Բայց դրանք իլյուզիաներ էին, որովհետեւ, երբ  ինը տարի չես գրում, չի ստացվում, հետ ես սովորում գրելուց: Նույնիսկ վախեցա, ասացի, եթե հիմա ինձ չստիպեմ ու գիրքը չավարտեմ, կյանքում գիրք չի դառնա: Խնդրեցի ժամկետ սահմանել, որ  ստիպված լինեմ ինչ-որ ժամանակահատվածում ավարտել: Պայմանագիրը ստորագրեցինք 2008-ի ձմռանը, ինձ թվում էր` կես տարում կավարտեմ, բայց ուշացրի ու դժգոհ էի վեպի ավարտից: Քանի որ պրոֆեսիոնալ գրող չեմ, չեմ կարողանում հասկանալ` տեքստը լավն է, վատն է, եթե որոշ ժամանակ չանցնի ու թարմ աչքով չնայեմ: Երեք-չորս ամիս հետո ասացի` ցանկանում եմ փոփոխություններ կատարել, համաձայնեցին:
Հերոսները շատ-շատ են, անհրաժեշտ էր յուրաքանչյուրի պատմությունը ավարտել, որ հարցեր չմնային, բայց չէր ստացվում, կերպարներ կային, որ չէի հասկանում իրենց ապագան այդ տնից դուրս: Այդպես էլ մի կերպար ուղղակի անհետացավ : ):

– Իսկ կարմիր մարզակոշիկներ Դուք է՞լ եք ունեցել:

– Գրքում ամբողջովին այլ իրավիճակ է, բայց երբ ես ուսումնարանում էի սովորում, ծնողներս արտասահման էին գնացել: Այն ժամանակ ամեն ինչ դժվար էր ճարվում,  հիշում եմ` պապայի ջինսերով էի դասի գնում, գոտի էի կապում, որ չընկնեն վրայիցս: Նրանք վերադարձան ու ինձ երկու զույգ մարզակոշիկներ բերեցին` մոխրագույն ու կարմիր: Ես էլ ահավոր վիճակում էի, որովհետեւ երկուսն էլ ոտքիս փոքր էին, բայց հագել եմ, հաճելի զգացողություններ չէին, երեւի այդտեղից են մնացել այդ կարմիր մարզակոշիկները  : ):

– Գրելու ընթացքում ընտանիքի անդամները, երեխաները չէի՞ն բողոքում անտեսված լինելուց:

– Մեծ տղաս մինչեւ հիմա ինչ-որ գումար է սպասում: Ամռանը, երբ շատ զբաղված էի խմբագրելու հարցերով, առավոտյան էի հիմնականում աշխատում, այդ ժամանակ փոքրս մանկապարտեզում էր լինում: Մեծ որդուս ասացի, որ թողնի` հանգիստ գործ անեմ, այդ գրքի համար փող կստանամ ու իրեն էլ կտամ: Հարցրեց` ինչքա՞ն: Մինչեւ հիմա ամիսը մեկ իր 20 հազար դրամն է հիշեցնում:

– Վեպի թեմայի ընտրությունն ինչո՞վ է պայմանավորված:

– Գրքի առաջին տաբերակում հերոսները հաշմանդամության խնդիր չունեին: Բայց քանի որ տան դերը ուժեղանում էր ու ավելի փակ դառնում, հասկացա` հնարավոր չի` գիշերօթիկ դպրոցն այդ աստիճան առանձնանա ու իր կյանքով ապրի: Կույր պերսոնաժ ունեի, որոշեցի դա հիմք ընդունել. նա շատ էր տարբերվում: Ասում են, որ չի զգացվում հերոսների ֆիզիկական խնդիրներ ունենալը: Գիտեմ, որ հաշմանդամների համար ամենակարեւորն այն է, որ չզգան` իրենց խղճում ես, նույնիսկ այն զգուշությունը, որ մենք ունենք արտահայտությունների օգտագործման առումով, իրենց դուր չի գալիս: Ցանկանում են, որ իրենց հետ հանգիստ շփվես: Արտասահմանում ամեն պայման ստեղծված է, որ ազատ զգան ու լինեն, իսկ Հայաստանում ու Ռուսաստանում, ինձ թվում է, փակված են տներում: Հույս ունեմ` մեր քաղաքի պայմաններն էլ կբարելավվեն, ու իրենք առանձին կյանքով չեն ապրի:

– Երեւանցի եք: Կպատմե՞ք Ձեր մասին:

– 40 տարեկան եմ, Թերլեմեզյանն եմ ավարտել, հետո Թատերական  ինստիտուտ պետք է ընդունվեի: Բայց գնացի “Հայֆիլմ”, մուլտֆիլմերի բաժին ընդունվեցի, ու այնքան դուրս եկավ այդ ամենը, ոգեւորվեցի, որ արդեն աշխատավարձ եմ ստանում… Էլ չցանկացա Թատերական ընդունվել: Մերոնք տրագեդիա ապրեցին` “ինչպե՞ս թե, առանց բարձրագույն կրթությա՞ն…”: Թերլեմեզյանն ավարտելուց արդեն ամբողջ մարմին էինք նկարում, իսկ հետո Թատերականում նորից սկսելու էինք կլորակներից, եռանկյունիներից, ու նույն բնորդներն են երկու տեղն էլ:): Ասացի` “Մամ, էլի Ասյային պե՞տք է նկարեմ: Տատիկ էր, որ ամեն ձեւ նկարել ենք, կուրսեցի ունեի, ասում էր` ցանկացել է մոր դիմանկարը նկարել, տիկին Ասյան է ստացվել:): Ծնողներս հասկացան ինձ:

– Ծնողներդ է՞լ են նկարիչ:

– Չէ, երկուսն էլ բալետի պարողներ էին: 40 տարեկանում գնացին թոշակի, չնայած արտաքինից չես ասի: Հիմա Կանադայում են ապրում: Մանավանդ մայրս իրեն միշտ ֆորմայի մեջ է պահում, ես ահավոր նախանձում եմ իրեն:): Ինքը օրը սկսում է մարմնամարզությամբ, իսկ ես շատ ծույլիկ եմ: Փոքրուց գիտեի` բալետ պարող եմ դառնալու, գնացի բալետի: Բայց այստեղ կարեւոր է Աստծո տված տաղանդը, ու ահավոր, երբ հասկանում ես` ինչքան էլ տանջվես, ցավերի միջով անցնես, մեծ հաջողությունների չես հասնի: Հայրս ասաց` ամբողջ կյանք երրորդ գիծ եմ կանգնելու, ես էլ դուրս եկա բալետից:  10 տարեկանում մտածում էի` “ո՞նց թե, ես բալետի պարող չեմ դառնա՞, լավ, երրորդ գիծ կկանգնեմ, ոչինչ”: Որովհետեւ չգիտեի` ուրիշ ինչ եմ անելու: Հետո հասկացա` հայրս ճիշտ էր, իմ լավն էր ուզում: Իրենց շրջապատն էի շատ սիրում. բեմադրություններից հետո հավաքվում էին մեր տանն ու շատ ուրախ ժամանակ անցկացնում: Ես ոչ թե բեմի մասին էի այդքան երազում, այլ զգում էի` այդ շրջապատը չեմ ունենա, ուրախ երեկոներ չեմ անցկացնի:):

– Ձեր երեխաներն ի՞նչ ուղով են գնում:

– Մայրս ուզում էր մեծ որդուս բալետի տալ, բայց հայրս դեմ էր, Կանադայից ասաց` պետք չէ: Ես էլ էի դեմ. շատ ծանր մասնագիտություն է: Պապս կոմպոզիտոր Լազր Սարյանն էր, 15 տարի կոնսերվատորիայի ռեկտորն է եղել, ու մեր ընտանիքում երեխա չկա, որ երաժշտական կրթություն չունենա: Բայց ինձ ծնողներս ազատ թողեցին այդ հարցում: Տղաս թավջութակի է գնում,  նա խոսելուց շուտ սկսեց երգել…

– Էլ չե՞ք նկարում:

– Չէ, գրքի հետ կապված որոշեցի ձեւավորում անել, բայց մինչեւ հիմա անում եմ…  : )

– Վեպին հաշմանդամներն ինչպե՞ս են արձագանքում:

– Մի տղա կար, պերսոնաժների հետեւից էր շատ ընկել… Մի նամակում ասաց, որ մանկատանն է մեծացել, հարցրեց` որտեղից գիտեմ այդ իրականությունը: Ասացի, որ փորձ չունեմ, չգիտեմ… Հետո էլ պարզվեց, որ նա մի ոտքը չունի… 22 տարեկան էր, երկու ամիս առաջ մահացավ: Քանի որ ինձ համար էի գրում, այդ հարցն ինձ չէր հուզել` իրավունք ունե՞մ գրելու, չունե՞մ… Եգորն ինձ գրեց, որ նման գիրք չէր կարդացել, որ այդ աստիճան քիչ վիրավորական լինի իր համար, ոչ մի խղճալու, լացակումած պահ չի զգացել: Թեեւ կան մարդիկ, որ ասում են` թեման շահագործել եմ, զգացմունքների հետ խաղացել… Բայց միշտ Եգորին եմ հիշում ու ասում` այդ տղան իր անունից օրհնել է գիրքս, նա հետո մի նամակում գրել էր. “Եվ չփորձեք ինձ խղճալ”:

– “Տուն, որում…” վեպում գիշերօթիկում ապրող երեխաների ընդհանուր երազանքի մասին պահ կար, Ձեր երազանքը ո՞րն է:

– Երեխաներիս հետ է կապված, որ ինչ-որ բանի հասնեն այս կյանքում: Ինձ համար էլ կարող եմ ասել` ինչ-որ բանի հասա: Այսքան հաջողություն չէի սպասում ու մինչեւ հիմա էլ զարմացած եմ, անսովոր է:

Հարցազրույցը վարեց Լիլիթ Բաբայանը (BRAVO.AM)

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *