Հովհաննես Երանյան | Ապաստան

Անահիտի թաղումից ինն օր անց, երբ Գրիշը գնաց, կանգնեց նրա գերեզմանի առաջ, շշնջաց. «Հիմա կտեսնանք, թե ով ա շռոտը», ու միզեց շիրմաթմբի հողի վրա` այլևս երբեք չկարողացավ արգելակել, զսպել իրեն: Առաջ էլ, երբեմն չէր զգում, թե ինչպես է գոլ մեզը թրջում ոտքերը, բայց դա մրսածություն էր համարում, կամ ինչ-որ մեկի հյուրասիրած թունդ օղու ազդեցությունը, որը կարող էր ամսվա մեջ մեկ-երկու անգամ լինել, կամ չլինել: Իսկ չորս տարի նրա անկողինը կիսած կնոջ գերեզմանին միզելուց հետո այլևս երբեք չկարողացավ կռահել, որ ահա` ջուր թափելու ժամանակն է: Հաճախակի գնում էր փայտե զուգարան, պատահական մի ծառի տակ կամ քարի ետև, արձակում կոճակներն ու փորձում մարդավարի միզել, բայց մեկ-երկու մրմուռոտ կաթիլից զատ բան չէր գալիս, ու ծերունին փնթփնթալով, ինչ-որ մեկին` հավանաբար հենց երբեմնի կողակցին հայհոյում էր, դողդոջուն մատներով փորձում կոճկել շալվարի կոճակներն ու րոպեներ անց կրկին զգում, թե ինչպես է մեզը թրջելով սմքած, անավյուն ամորձիները, հոսում ոտքերն ի վար:

Նրանից խուսափում էին ոչ միայն գարշահոտության համար: Ամենկողմյա արհամարհանքը մեկ ուրիշին կստիպեր մեկուսանալ, առանձնանալ մարդատյաց միայնության մեջ, իսկ Գրիշի կյանքը` որդիների կողմից վտարվելուց և այլ որդիների կողմից չընդունվելուց հետո դարձել էր արևի տակ մի փոքրիկ տեղ գտնելու հարատև ջանք ու կռիվ, և այդ կռվում նա ընդամենը մեկ զինատեսակ ուներ`քծնանքը: Նա քծնում էր արժանավորին ու անարժանին, մեծին ու փոքրին, կանանց ու տղամարդկանց, ծանոթներին ու անծանոթներին: Ակնկալիքն էլ տարբեր մարդկանցից տարբեր էր` զրուցակից գտնելու, վիշտը կիսելու, Բաքվում անցկացրած իր փառավոր կյանքի մասին վերհուշեր պատմելու հասարակ մարդկային մղումից մինչև մի փոր հացը: Նրան չէին բարևում ու չէին պատասխանում անգամ, եթե ինքն էր առաջ ընկած բարևում: Նույնիսկ այդ պահին, շողոմ ժպիտը չէր լքում նրա մշտապես շողինքի սպիտակ նստվածքով պատված շրթնաեզրերով դեմքից: Նրա բարևը չառնողներից ոչ մեկը չէր նկատում դիմացինի կոկորդի մեջ ատամները խրելու նրա վայրկենական ցասման հետքն աչքերի խորքում ու կնճիռների ծայրերին, միայն լսում էին նրա քծնանքի թքախառն խոսքը.
-Ա~, ախպոր տղա, քուննությունը ո±նց տվար, էրեգ ես քո խորն ասացիմ է~, որ խինգից պացի պան չես ստանալ: Խելոք ես է, խելոք: Ես որ եռվից մինին նայոմ եմ, արդեն գյուդում եմ` ինչ խելքի տեր ա:
Իրեն արհամարհած մեկ ուրիշի հետևից Գրիշը ձայնում էր.
– Բա քեզի պե±տք էր, մտար ուրիշի ջերմոցը փրկես: Հարևանն ըտենց կըլի է, դու չըլեիր, տրանց ջերմոցի սաղ շուշան մշրվելու էր, քամին փորտուշկայից մտել, սատանայի պար էր բռնել ներսում: Ես միշտ էլ ասալ եմ, որ քյո պես սրտոտ տղա չկա:
Երբ չէր հաջողում գոնե կարճատև զրուցակից գտնել, քայլերը կրկին ու կրկին ուղղում էր դեպի պառավող Ռիփիի խանութը, որտեղ կույր Զաքարեն ինքն էր մարդորսության նստած՝ օրը զրույցով կարճելու համար: Սակայն նույնիսկ նա Գրիշին վանում էր: Սկզբում կարծում էին, թե Գրիշը օրվա ընթացքում տասը-տասնհինգ անգամ խանութ էր մտնում մի լուցկի, ծամոն, կամ էժանագին այլ բան գնելու, որպեսզի շատ առիթ ունենա մեկի հետ խոսելու, հետո սկսեցին կասկածել, թե դրամարկղի կտրոնների հավաքածուն է բազմացնում, որ վիճակախաղով մի բան շահի, բայց երբ պարզվեց, որ պառավող Ռիփին, ինչպես խանութի մյուս հաճախորդներին, այնպես էլ նրան ոչ մի կտրոն էլ չի տալիս, հարևաններից անպատկառները մի կարճ ժամանակ ենթադրեցին, թե քյոփակը աննշմար հույս է փայփայում կույր Զաքարեի կնոջը` պառավող Ռիփիին դուր գալու: Երբ այս բամբասանքները Ռիփիի ականջն ընկան, նա այլևս դադարեց Գրիշին որևէ բան վաճառել, և տղամարդավարի հայհոյելով արգելեց իր խանութը մտնել:
Անապաստան Գրիշին իր հարկի տակ առած, այնուհետև նրա համար հող ու ժամանակավոր տնակ գնած Ժորեսի մահից հետո նրա ժառանգներն էլ կամաց-կամաց օտարեցին Գրիշին, ու թեև հոր հիշատակի հարգանոք դեռ օգնում էին` սնունդ էին տալիս, նոր կամ իրենց մաշած հագուստը, բայց նվազագույնի էին հասցրել նրա հետ շփումը:
-Հերս ասում էր թե, սրա հերը իրեն` իմ հորն ու տատին, այսինքն հորս մորը սկզբում աքսորից, հետո` սովից փրկել ու պահել ա, եղբոր` այսինքն պապիս Սիբիր քշվելուց, թե գնդակահարվելուց հետո,- պատմում էր Ժորեսի կրտսեր որդին: -Տղերքն ու աղջիկը, հալալ քուրն ու ախպերը թուք ու մուր տալուց հետո երեսին դուռը շրխակցրեցին, իսկ օղորմած հերս իրեն ընդունեց, պահեց, հաց տվեց ու տան տեր դարձրեց, որպեսզի հիսուն տարվա իր պարտքը վերադարձնի: Հորս խաթեր չլներ, չէի թողնի դարպասից ներս անցներ:
Ժորեսը Գրիշի համար կին էլ էր ճարել: Անահիտն էլ վտարվածներից էր և երկուսն էլ այնտեղ երկու տղա և մեկ աղջիկ էին թողել: Սակայն, եթե Գրիշին վտարող թուրք կնոջն ու երկու որդիներին նաև թուրք կնոջից ծնված միակ դուստրն էր միացել, ապա Անահիտի թուրք ամուսինն ու որդիները մոր հետ նաև իրենց քրոջը ծեծ ու ջարդով վռնդեցին երկրից: Այնտեղ մնացած բոլորը ոչ միայն պիտի ուրանային իրենց արյունի ճիշտ կեսը, այլև այդ արյունն ունեցողների նկատմամբ հետագա ողջ կյանքում ատելությամբ իրենց և ուրիշներին պիտի ապացուցեին, որ արժանի զավակներ են երիտասարդ նստակյաց ցեղի, և իրենց սրտամոտ ու հարազատ է գորշ գայլի լուսնոռնոցը:
Անահիտը, բացի հետը վտարված աղջկանից, նոր հայրենիքում ոչ ոք չուներ, իսկ Գրիշը քսանութ տարվա բացակայությունից տուն էր վերադառնում, ուր թողել էր հայ կնոջը, դստերը և երկու որդիներին: Կինն արդեն չկար, իսկ զավակները նրան չուզեցին ճանաչել: Երբ մեկի տնական թունդ օղուց միտքը փոքր ինչ երերում էր, նա լաց էր լինում իր թուրք կնոջ ու զավակների համար: Չամաչելով ոչ մեկից`կրկնում էր, որ կարոտում է իր թուրք զավակներին, որ ինքն էլ հաճույքով թուրք կմնար, եթե պատերազմը չլիներ. «Բաքյու, Բաքյու, մեկ էլ կտեսնա±մ քեզ, իմ խոխեքը, իմ տունը, իմ կնիկը կտեսնա±մ»:
Անահիտը նրան գրեթե ամեն օր լողացնում էր, և լավ գիտեր, որ երբեմն չզսպված մեզի ու փորոտիքի ճարպի հոտը չէ միայն, որ արձակում էր իր նոր կողակցի մարմինը: Նա լավ ճանաչում էր նավթառատ քաղաքի թլփատված տղամարդկանց այդ հոտը: Չէր սխալվել` Գրիշն էլ թլփատված էր: Քանի դեռ Անահիտն ամեն օր լողացնում էր նրան` կարելի էր կողքին կանգնել, նույնիսկ պատուհանները փակ սենյակում գտնվել նրա հետ մի կես ժամ, բայց ավելին արդեն աստիճանաբար անկարելի էր դառնում: Կոճղանման ամուր ու հաստլիկ ոտքերով այդ կինը իր կաթնաճերմակ մաշկով, հյութեղ շրթունքներով, կարելի է ասել, չափից ավելի գեղեցիկ ու երիտասարդ էր Գրիշի համար: Երևում էր, որ մինչ ազգամիջյան պատերազմը, նա իր թուրք ամուսնու հետ բարեկեցիկ կյանք էր ապրել: Ամենահարազատ մարդկանցից մերժված ու անարգված այդ երկու հոգիները կարող էին մխիթարվել փարվելով միմյանց և ճակատագրի նույնականության դրդմամբ մնացած երերուն կյանքի օրերին միմյանց նեցուկ ու խչմար լինել: Կինն այդ հույսն էր փայփայում ու նույն վերաբերմունքն էր ակնկալում նաև ուշ տարիքի իր տղամարդուց: Բայց Գրիշը մտադիր չէր իր երրորդ կնոջն արժանի ամուսին լինել: Նա առիթը բաց չէր թողնում հիշեցնելու, թե ինչով է իր հացը վաստակում Անահիտի աղջիկը: Նախկին գյուղատնտեսական տեխնիկումի նեղլիկ լսարանում, որը հիմա թուրք հորից ու հայ կնոջից ծնված աղջկա համար ննջարան էր, խոհանոց ու բաղնիք, նա փողով տրվում էր իրենց հացը արևի տակ, հողին բանելով վաստակելուց սևացած ու կոշտացած մաշկով տեղացի տղամարդկանց: Նրանց մեջ քիչ չէին ժլատները, որոնք կամ իրենց հողից պոկած մեկ երկու լոլիկով ու վարունգով էին վճարում հաճույքի դիմաց, կամ ոչինչ չտալու համար ուղղակի որևէ պատճառ գտնելով, հիմնականում ազգությունը նշավակելով` ծեծում էին երկազգ պոռնկուհուն ու հեռանում: Որքան էլ ջանաց Լեյլան, ոչ մի կերպ չկարողացավ ավելի երկար կապ ու հարաբերություն հաստատել ամուրի կամ ամուսնացած որևէ հաճախորդի հետ: Նրանցից ոչ մեկը թույլ չտվեց, որ իր պարանոցի բարալիկ ոսկե շղթայից օրհնված խաչի փոխարեն Լեյլայի երջանկության խարիսխը տարուբերվի: Հետո, երբ ապտակող տղամարդկանց նման անխիղճ արագությամբ նաև երիտասարդության ու հմայքի վերջին նշույլներն էին լքում, Լեյլան սկսեց, ու այդուհետ ավելի պիղծ շփմամամբ էր իր հացը վաստակում:
Աշխարհի բոլոր արարածներին քծնող ու նրանցից արհամարհված Գրիշն իր վրեժը կնոջից էր լուծում ու հիմնական առիթը նրա դստեր զբաղմունքն էր: Մի անգամ, երբ որկրամոլ ծերուկը չէր կշտացել ու Անահիտի ափսեից ճանկեց նաև նրա բաժինը, քաղցած կնոջ համբերությունը հատեց և նա հիշեցրեց, որ իրենք նույնչափ ծերունական թոշակ ու փախստականի նպաստ են ստանում: Գրիշը փորձեց բռունցքով հարվածել կնոջը, բայց Անահիտը խույս տվեց.
-Թուրքի քած, դուն էլ աղջկադ պես բոզ ես: Թուրքի բոզ:
-Ես քո պես դավաճան չեմ եղալ, որ կնիկ-էրեխա թողամ, գնամ թուրքի հետ ամուսնանամ, ես սիրել եմ իմ մարդին, ինքն էլ ինձ ա սիրալ, հսկացա±ր, կեղտոտ քյավթառ:
-Այ լիրբ,-լսվում էր Գրիշի ձայնը տնակի բաց պատուհանից, – ես կոխալ եմ, դու կոխվալ: Տարբերությունը չես գյուդո±ւմ, այ պոռնիկ: Էդ ազգը հելել ա քո վրադ, տիրել ա քեզ, ոնց որ բոզին, համա ես ինքս ամ հելալ իրանց ազգի վրա, ու կոխալ եմ, տիրալ եմ: Հիմա, ե±ս եմ դավաճանը, թե` դուն:
Վեճից հետո միմյանց նկատմամբ նոր սեր, կիրք կամ խղճահարություն չէր ծնվում երկու մերժվածների մեջ, ինչպես հաճախ լինում է կյանքը միասին անցկացրած ամուսինների դեպքում: Դրա փոխարեն երկուսն էլ անիծում էին նույն բառերով. «բալադ թաղեմ» և մի անկյուն քաշվում, հիշում սիրելի կողակցին ու զավակներին: Առանց քենի ու վիրավորվածության կարոտում էին նրանց, ովքեր հրեշավոր սառնասրտությամբ ուրացան իրենց արյունի կեսն ու քոսոտ մուրացկանի պես դուրս վռնդեցին տնից, իսկ փողոցում մոլեգնած ամբոխն արդեն թափել էր մարդու որդու արյունը ու լպստելով, սարսռազդու ոռնոց էր հասցնում լուսնին:
Լուսահոգի Ժորեսի զավակները քաջալերում էին Անահիտին հեռացնելու Գրիշի տրամադրությունները, լսել էին, թե կինը կամաց-կամաց բիձու ուղեղի մեջ կաթեցնում է Ժորեսի գնած հողակտորը, ժամանակավոր տնակն ու քարե այն մեկ սենյակն ու ընդհանուր թիթեղյա ծածկը, որ նորվեգացիները կառուցեցին փախստականների համար, դստերը կտակելու միտքը: Գրիշը հաստատում էր զարմիկների այդ կասկածները, թեև չէր հիշում ո´չ նման խոսքուզրույց, ո´չ իսկ ակնարկ խեղճ կնոջ բերանից, բայց նա բորբոքում էր Ժորեսի որդիների դժգոհությունը, որովհետև մի քանի օր տանջվելով հաշվարկել էր, որ կինն ավելի շատ է ուտում, քան ստացածն է ու որոշել էր բաժանվել:
Անահիտի հեռանալուց հետո շրջապատի նողկանքը Գրիշի նկատմամբ ավելի սաստկացավ: Նույնիսկ Ժորեսի ժառանգները նրան էլ մոտ չէին թողնում, որովհետև էլ լողացնող չկար ու բնական վանող հոտին նաև հարևան գյուղի մսամթերքի արտադրամասից բերած փորոտիքի ձրի ճարպի գարշահոտն էր խառնվում:
Բաժանվելուց երկու տարի անց Գրիշը լուր առավ, որ Անահիտի աղոթքները տեղ են հասել, որ ահավոր մեծ քաղաք Մոսկվայում հաստատված նրա կրտսեր որդին ներել է մորն ու քրոջը, ու իր մոտ է կանչում երկուսին էլ: Նա նույն օրը նախկին գյուղատնտեսական տեխնիկում գնաց, ծունկի եկավ Անահիտի առաջ, գրկեց ոտքերն ու աղերսեց.
-Սաղ ընտանիքներում էլ վեճ ա ըլնում, կռիվ, խոսք ու խորաթա, ես ու դուն մարդի ու կնկա պես սերով ապրեցինք: Ղուրբան քեզ, ինձ էլ հետդ Մոսքվա տար, ես էլ բալքիմ իմ բալեքից մինին տեսնամ:
Անահիտն առաջվանը չէր: Նա արդեն հպարտ թուրքի հպարտ մայր էր: Նա ոտքով հրեց ծնկած ծերունուն ու ասաց.
-Կորի´, ռա´դ էղի, շռո´տ բիձա: Քու հետդ ապրած մի օրը հիշելիս քիչ ա մնում աղիքներս բերանիցս դուրս թափի, սիրտս էնենց ա խառնում:
Ո´չ Անահիտը, ո´չ էլ Լեյլան Մոսկվա չգնացին. թյուր էին տեղեկությունները, որ կրտսեր որդու սիրտը փափկել է, մորն է կարոտել: Անահիտն այս վերջին հարվածին չդիմացավ: Մեռավ Գրիշին ոտքով մի կողմ հրելուց երկու տարի անց, իսկ այդ երկու տարիների բոլոր օրերին սպասում էր հեռախոսազանգի ու Երևան-Մոսկվա ինքնաթիռի տոմսի փողին: Նրա թաղումից ինն օր անց Գրիշը գնաց կանգնեց ու միզեց նրա թարմ շիրմաթմբին, մրթմրթալով. «Հիմա տեսնանք ով ա շռոտը», և այլևս չկարողացավ տիրապետել միզածորանի կծկումներին և իր գարշահոտերին մեզի մշտական նեխածությունն ավելացրեց:
Նա ոչ մեկին էլ չկտակեց իր տնակն ու հողը, որովհետև այն ոչ մեկին էլ պետք չէր: Ժորեսի ժառանգները կիսատ թողնելով իրենց հոր արդեն յոթանասունամյա պարտքի մարումը, միայնակ ու անտեր ձգելով Գրիշին, մեկը մյուսի հետևից հեռացան երկրից, և հայրական տան դռանը դրված կողպեքը հաջորդող ևս յոթանասուն տարիների ընթացքում բանալի չէր տեսնելու:
Վաղուց այս կյանքին հրաժեշտ էին տվել Գրիշի թե´ հայ և թե´ թուրք զավակները, Անահիտի դուստրը` բոզ Լեյլան, Ժորեսի վեց զավակներից միայն մեկն էր կենդանի ու ապրում էր շվեյցարական գեղեցիկ ու լուսավոր ծերանոցում:
Իսկ նա` Գրիշը, դեռ քայլում էր իր տնակից դեպի Ռիփիի ու կույր Զաքարեի խանութ, որն արդեն նրանց թոռը երկհարկանի էր սարքել, ու թեև արդեն մի կերպ էր ոտքերը առաջ գցում, բայց առաջվա պես հասնում էր նաև հարևան գյուղի մսամթերքի ձեռնարկություն, որտեղ ինչպես շան առաջ նետված ոսկոր, նրան անորակ նրբերշիկ էին տալիս, որը Գրիշն անատամ բերանում, լնդերով լփլփացնում ու կուլ էր տալիս առանց եփելու, առանց թաղիքը վրայից պոկելու և առանց ծամելու: Նա էլի փորձում էր քծնանքի խոսքեր շռայլել բոլորին, բայց հիվանդ կոկորդից միայն ֆսֆսոց էր ելնում: Արդեն ուղիղ մեկ դար նա քայլում էր ուտելիք գտնելուց զատ միայն մի նպատակ ունենալով` որևէ մեկին, ինքն իրեն կամ իրեն ստեղծողին համոզել, որ ինքն էլ նույն պատկերով է ստեղծված:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *