ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ | Բանաստեղծություններ

© Անահիտ Հայրապետյան

քեզ

ես չեղա նավզիկե քեզ համար
չնայած երբ էլ դու եկար
եկար քրտնած ու թաց
ոսկորներիդ մեջ պտտահողմ տեսա, ալիքներ
թափառող
թափառիկ` պես մարդու մեռած հիշողության

ինչ կար քեզանից
գարուն ամառ աշուն
անկիսելի քաղաք պստիկ-մստիկ ցույցերով
և անշարժ աստվածներ սայլակում հաշմանդամի

ինձնից մի մարմին կար` որբանոց գրքերի

դու անտեր գրքի պես լուսնային մի գիշեր ոռնացիր երկար

ու ես գնացի
փնտրելու իմպեսներին

բայց ում էլ որ գտա
եկավ անձրևի հետ` աստվածային խաղաղ, ամնարդկային կրքոտ

ու լուսնային մի գիշեր
երբ մինի աստծված էի` միայնակ ու դժբախտ
ես հիշեցի ոռնոցդ քրքրված ու անտուն

քեզ բացեցի կամաց որ մաշված էջերդ հանկարծ չցավեցնեմ
ու կծկվեցի քո մեջ
ինչպես հարազատ դագաղում

գիրք իմ որ իմը չես

դու չեղար նավզիկե ինձ համար
չնայած ես միշտ եկա
որ մատներդ շոյել սովորեն ու աչքերդ դատարկ չմնան

ու լուսնային մի գիշեր երբ պտտահողմ ելավ
և ալիքներ բարձրացան
ես ջրհեղեղ ուզեցի ու բառը` իբրև նավ
ինձ բերեց քեզ մոտ
քեզ տեսնելու համար և սակայն չունենալու

գիրք իմ որ դու ես ու ես չեմ
գիրք իմ որ այդքան ես եմ
ներիր իմ սխալները
ես սովորական աստված եմ` ամեն քայլափոխի հանդիպող
վառիր աստղը քո կղզու
որ լուսնային այս գիշեր
ոսկորներիս պտտահողմը ավազներդ մաքրեն

կրակոց
Արտակ Նազարյանին

և հայրդ էլ քո հայրը չի լինի
չի ասի տաք խոսքեր
կամ մի գնա

փողոցը կընկնի ոտքերիդ տակ սպիտակ ու ճմրթված թղթի պես

(հիշիր, պա, օրերն այս, երբ ես հիվանդ էի գրիպով
ու քայլում էի անձրևի տակ տարտամ հույսով գտնելու աշխատանք
և մի ուհի մուրացկան անտաշ ու բթացած մատներ ուներ
կյանքը ծխել էր նրան ու թքել պատի տակ,
սրան հիշիր, պա, հետո մենք էլ ժամանակ չենք ունենա հիշելու)

հեռվում ավտոմատները կրակում էին շատ բարձր
մենք գոռում էինք, որ մեր ձայնը ավելի բարձր լինի
բայց ավտոմատները ձայնով խոցել գիտեին
և ինչ ամոթ էր, պա,
դու ոստիկան էիր,
իսկ ես ընդամենը բանաստեղծ,
թե դու էիր բանաստեղծ, արդեն չեմ հիշում,

երկինք կար` գետի պես ոլորված աջ կողմում
ձախում դու էիր,
հեռվում կինդ` նրբին մատներով,
խորը գրպանիդ մեջ նստած ապահով ու տաք
կյանքը ծխում էր նրան ու թքում գրպանիդ մեջ
ու երկինքը ոլորվում էր անվերջ
ու երկինքը լաբիրինթ էր պուճուր` խցկված նյարդերիդ մեջ

փողոցը մեծ էր, կուրացուցիչ սպիտակ թուղթ
հեշտ գրվող բառեր չէին
թաց մայթին կարևոր չի անձրևոտ, թե գրիպոտ

չասացիր տաք խոսքեր
կամ մի գնա
ոչինչ
փողոցն էր, ես էի ու դու
դե դու գնացիր
իսկ ես
մնացի կանգնած թիկունքում
ավտոմատները կրակեցին շատ բարձր
և ձայնը ինչ խորը խոցեց
փողոցն էր, թե սահմանը թղթի պես
արնոտված զինվոր-տառերով

հեշտ գրվող բառեր չէին
թաց մայթին կարևոր չի անձրևոտ, թե
երկինքը լայն էր` անտեր կանանցով լիքը
գետը` խորը ոլորուն երկնքի պես

լաց

ամենակարևորը քեզ ճիշտ հրաժեշտ տալն էր
հետո դուռը կփակես
թփթփացնելով կիջնես փոքր տղեկի պես
կսլանաս
կսահես
կսուրաս
կգնաս

կմնա
հատակին
հաստակաշի օձերի պես թափառող մի քանի գոտի
գալարվող մի երկու տուփ անձեռոցիկ
բզկտված-լխկած մարմին մինչև վերջ տրված
հուժկու աժդահա տորք անգեղ լացին
որ վերջացնելուց հետո աստվածային քացիներով կսրբագործի գոյդ
կդառնաս փխրուն ինչպես շոկոլադով տորթը
և մաքուր թթու դրված խոզի տոտիկների պես

կմնա
վռազ արված քո ֆոտոն
հեռախոսիս մեջ
դու քնած
կծկված վերմակի տակ չծնված երեխայի պես
սրբիչդ պատուհանից կախ գիշերվա լոգանքից հետո
սրբիչդ աշխարհի ամենամեծ թաշկինակի պես
պատուհանից քեզ հաջող անող
անհավանական կապույտ
այնքան որ թվում է հարազատ եղբայր ես գնացող բանակ

և մենակ եմ որովհետև չեկա քեզ ճանապարհելու
և մենակ ես որովհետև ճանապարհը գիտես
առաջ դեպի ռիո դե ժանեյրո
առաջ դեպի մալվինո սալվադոր

ահա ինքնաթիռները երկար-բարակ հաջողներից հետո
քեզ երկաթե սկուտեղով մեր երկնքից ձեր երկնքին շռայլող
ահա ավտոբուսները որոնց չեմ սիրում
երթուղայինը որտեղ հարյուր դրամով կգնես ատելությունս
ավտոմեքենան որ քշել չգիտեմ բայց ունեմ վարորդական իրավունք
և ահա ձիերը որ երազում եմ քշել լեռներով անտառներով ու դաշտերով
սրբիչդ որ կախարդական գորգի պես
վարժեցված կգնար քո հնարավոր հետքերով
եթե պատուհանի մեխին մնացած չլիներ ու այսքան նրբածփիկ չքանդվեր

ահա հարազատներդ
մայրդ
սրբիչ-թելի կծիկը ձեռքներին լաբիրինթոսի դռանը կանգնած
քիչ-քիչ վերածվող սասունցու արմատներով հույն արիադնաների
ես
չկամ
որովհետև արդեն մեծ տղա ես
և գիտես կտրատել շոկոլադով տորթը
և գիտես վերադառնալ անձնագրիդ ետևից
և գիտես երբ չասել բառեր սիրտ թափելու պես
և գիտես երբ բանալին լուռ սեղմել վզիս
և ոտքիդ չափսը թողնել մարմնիս
անհավանական կապույտ հետքերով
դու կենաց ասել էլ կիմանաս
որովհետև արդեն մեծ տղա ես
շատ մեծ տղա

որս

ես փակում եմ դուռ ու լուսամուտ
հագնվում եմ, կոճկվում,
փաթաթվում վզախեղդ շարֆով,
կապում եմ աչքերս,
ակնամոմով լցնում ականջներս, քիթս,
որ դու չգաս ոչ մի կերպ,
օդի միջով, բացիլների, շշուկների, ձայնի
չգաս ոչ մի ձև
մոռացվես, ցնդես

ողբեր եմ հորինում քո պատվին
ու հազար օղորմիներով մեռցնում քեզ
ծակծկում եմ դիակդ սիրուս մեջ թաթախված նետերով`
թունավոր ու սիրատարփ
քարշ եմ տալիս մարմինդ նկուղ`
խոնավ ու ցուրտ, անլույս ու անհս,
թողնում քեզ առնետներին կեր
լացում եմ փոքրիկ երեխայի պես քո ետևից
անխնամ ու չօգտագործված բառեր ասում քո հասցեին,
հիմնականում սիրային բնույթի
դռան կողպեքը նայում ինձ, չի հասկանում` բացվի, թե փակվի
աստիճաններն ասում են` հիմա քանդվենք, հս, թե± ոնց
քանդվել-մանդվել չկա,
ասում եմ հնարավորինս անտարբեր ու խաղաղ
հող ու փոշի դարձեք
ու նայում եմ երկնքին, որ արցունքներս չկաթկթեն ցած

ու լցված աչքերով չեմ տեսնում, բայց զգում եմ
էս ժամի արևը կտրված գլուխն է իմ
որ ես արնահոսեմ քո մասին այս մայրամուտով
ինչպես և ամեն սովորական օր
պարտաճանաչ պետական աշխատողի պես
օրվա վերջում հոգնած մոռանալով և ինձ և քեզ
և շարունակելով մոռանալ հրապարակից աբովյան ու հյուսիսային պողոտա
դժվար չի կռահել որ դիտմամբ ու նենգաբար
դու կգաս ընդառաջ` նկատելով ինձ դեռ հեռվից
կեսբերան կբարևեմ քեզ չտեսնող հայացքով
որ հանկարծ չիմանաս, որ այդ ես էի, որ մի օր ոռնացի օրագրումս`
թե` չհամբուրել շուրթերը քո, նույնն է թե չունենալ շուրթեր
թե` ողբեր եմ հորինել քո պատվին
ու հյուսել երգեր անհամար
ես չէի, սիրելիս
դու էիր,
այդ դու էիր ծակծկել մարմինս սիրուդ թունավոր նետերով
դու էիր սոված ու պսպղուն աչքերի վայրի փայլով
ցնծում հաջող որսիդ համար
կոկորդային հնչյուններ արձակում
և արնաքամ մարմինս
օրորվում էր խաղաղ ու անտարբեր, անտարբեր ու խաղաղ
քո մկանուտ ուսին
լեշահոտով, որ սեր էր լիովին
կտրված գլխով, որ չէր տեսնում, բայց զգում էր`
արնահոսում էի քո մասին, քո մասին, քո մասին…

հանրակացարան

սիրտս գետնանցումի թունել է
ով հասցրեց պատին մի բան գրեց
ով հասցրեց թքեց ու միզեց
ով հասցրեց մի երկու գրամ քաշեց կամ ծակվեց
ներարկիչը շպրտեց ու գնաց
ով հասցրեց սեքս արեց
օրորվելով ռեզինները տրորեց ու գնաց

սիրտս ավգյան ախոռ է հերակլեսը չկա
սիրտս անմաքրել տուն է անմամա ու անպապա

սիրտս մեր բակն է
առավոտից իրիկուն մանկական ճղճղոցով լիքը
ու ոչ մեկը մեր բակեցի չի
ուղղակի մեր այգին ա սիրուն

սիրտս ամերիկայի պես է
շնից շատ ազգություն
ամեն իրիկուն հայրենիքի մասին քիչիկ մը դարդոտվող

սիրտ իմ իսպանական պոեզիայի գիրք
կարդում եմ վախենում մեջը նշում անել
կարդում եմ ու մտածում ամոթն էլ լավ բան է հանձնեմ գրադարան

սիրտս տիգրան մեծի հայաստանի չափ էր
հիմա մեր անկախ հանրապետությունն է դարձել
ամեն օր հացադուլ
ամեն օր գործադուլ
ամեն օր կռիվ նախագահ-վարչապետի կամ մամա-պապայի հետ
բանտախցեր ու լաց-կոծ
ամեն օր մարտի 1 մարտի 2 մարտի 3 ու էդպես մինչև մարտի 7
էդ օրը իմ ծնունդն ա
էդ օրը ինձ սիրում են
էդ օրը ինձ քծնում են ու հաճելի է
էդ օրը ես միանգամյա օգտագործման արքայուհի եմ
ով ժամը 12ից հետո դառնալու ա մոխրոտիկ
դառնալու ա ժամը 10ից հետո բաղրամյանի վրա կանգնող աղջիկ

բաղրամյանի վրա հգմ
օրեցօր հգմ դարձող սիրտս
ով հասցնում իրեն աբգար ափինյան է զգում

ճղակոտոր սիրտս բզկտված պուճուրիկ
ասի բռունցքիս չափ ես
մատներս ջարդեցին
ասի կոլայի շիշ ա
մաքրեք խցանված կոյուղին ձեր կոկորդի
ասի սոված կլինեք խաշ-խորոված սարքեմ կերեք
ասի հոգնած կլինեք բզիկ-բզիկ անեմ պառկեք վրան քնեք
ասի ճամփեն երկար էր
նստեք սիրտս քամեմ ձեր ոտքերը լվամ

ասի ինչ եք ուզում
ասացին գնա
սիրտդ մեզ թող դու գնա
հանրակացարանի պետք ունենք
սիրտդ
թող
դու
գնա

*
և օրեր անց, և շաբաթներ, և տարիներ
բռի քայլերով, չոբանավարի, ինչպես բառի ոտք
ես հանգ ու վանկի դաշտերով կիջնեմ
և անապեստ ծաղկած ոստերով քորեյը թամբած կգամ քո քաղաք
ու սոնետի թարմ քրտնահոտ ինձնից կառնես
փոշոտ գազելի ու մաշված ռոնդոյի
արցունքներդ զսպելով կգաս ինձ ընդառաջ սպիտակ ոտանավորը ձեռքիդ
կսրբես ավելորդ բառերը ճակատիս
կհամբուրես ու կտանես ինձ տուն
և իբրև օրհնություն` իմաստունները ծեր
մեզ վերլիբրեր կմաղթեն
ոսկի ու մարգարիտ տառեր կտեղան մեր գլխին
և բոլոր միջակ ու թույլ բանաստեղծները կզոհաբերվեն աստվածներին
ու երկրագունդը կապահովվի հաշտ ու խաղաղ մարդկությամբ

թրեյսիի վագր

ահա մի քանի տող ծխախոտի մասին
մի քանի էջ բարձրաձայն նամակ Դ.Մ.-ի գրածներից
դեղձի կոնյակի
իտալիայի
արամ պաչյանի
քո
իմ
կանացի կտրտված ոտքերի պես
գետնին թափթփված վրձիների
գրքերի ու մեր մի քանի հոգանոց սերնդի մասին

արվեստագետի կարիերայի
արվեստագետի դերի մասին տանը և դրսում

մի քանի բառ մենակության
ընթերցող չունենալու
միզանտրոպության
մեզ դժբախտաբար սիրող մարդկանց
մեր հարազատների ու հատկապես մեր ծնողների մասին

գլխահակ գրվող մի քանի տող
անպարտաճանաչության մասին
ու մեր խեղճության

մի քանի բառ տականքորեն հանճարեղների մասին
որ պիկասոյի պես հարուստ էին
ու աղքատ վան գոգի չափ

և ահա կրկին մի քանի տող վերջացող ծխախոտի մասին
դատարկ գրպանների
չորացած հացի շպրտվող տոպրակի ու հնոտի արվեստի մասին
և աստծո որ ինքնակամ լքել է երկինքը ու գնացել կամ իտալիա կամ փարիզ

մի քանի հանգած ծխախոտ և մի լղարիկ բոհեմ

© Հասմիկ Սիմոնյան

Share Button

38 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Հասի պոեզիան ինքնություն ունի, դա ինձ ամենից շատն է ոգևորում:
    Իսկ էս հավաքածուն առանձնահատուկ փունջ է, իսկապես հունվարյան փունջ:

  • Քրիստինե says:

    ամեն անգամ հիանում եմ էս անկաշկանդ, խաղացկուն ու խորը շաղախով, որ կարողանում է հունցել Հս-ն մեր կաշկանդված, անխաղ ու տափակ իրականությունից: Շնորհակալություն Գրանիշին, որակ պրոպագանելու համար

  • Arshaluys Amirjanyan says:

    ամեն ինչ լավ էր, միայն չհասկացա, ուր էր Թրեյսիի վագրը. ինքն էլ էր գնացել կամ իտալիա կամ փարիզ?

  • Flora Asryan says:

    Erb verjacri kardal@, haskaca, vor shunchs ktrvum e, heto xor@ shunch qasheci, vorpeszi inqs indz kamac bacem (mashvac ejers chcavacnelov) u kckvem im mej.

  • hs says:

    Արշալույս, ”Թրեյսիի վագր” բանաստեղծության մեջ ես եմ Թրեյսին, իսկ մի քանի հոգի ինձ սերնդակից արվեստագետները իմ սերեր-վագրերն են, որոնց ես փնտրում եմ, փնտրել եմ, որոնք անտեսանելի են մարդկանց թվում և այլն, գրեթե Սարոյանի համանուն վիպակի հերոսի պես:

  • Arshaluys Amirjanyan says:

    Շատ շնորհակալ եմ: Վերընթերցեցի ու ավելի նոր բաներ բացահայտեցի, որ մինչ այդ չէի նկատել:

  • Vahram says:

    “գիրք իմ որ իմը չես”
    Էս տողը առաջի բանաստեղծության ամենաանսպասելի կտորն էր, սիրեցի իրան

  • Anna says:

    Զարմանում եմ…
    Չեմ ուզում որևէ նեղացնել, սակայն… այստեղ պոեզիա պարզապես չկա:
    Կան մտքերի տարբեր շարաններ: Իսկ ամեն մի մտքաերի շարան պոեզիա չէ:

  • Bratan says:

    Չի դզում էս պոեզիան: Մարինեի պոեզիային ավելի կայֆ ա կարդացվում:

  • Հասմիկ Հակոբյան says:

    Բռատան, արդեն գիտենք, որ քեզ մենակ Մարինե պոեզիան ա դզում ու դու մենակ իրա խոսքերն ես որպես մարգարեություն ընդունում, չենք մռացել, կլինի, ամեն անգամ մեջ չընկնես քո անկապությամբ:

  • hs says:

    Bratan, սխալ տեղում սխալ բան ես փնտրել, իմ գրածները կայֆ կարդացվող բանաստեղծության հետ կապ չեն ունեցել և հույս ունեմ` չեն էլ ունենա:

  • hs says:

    Քրիստինե ջան, եթե մեր իրականությունը անկաշկանդ, խաղացկուն ու խորը կլիներ, ես դժվար էլ գրեի, ուղղակի կվայելեի

  • reader says:

    Աննա “պոեզիա” ես սահմանել, էստեղ էլ չես գտնում քո սահմանածը? Առանց զարմանալու անցի առաջ ու մի կերպ “ների” հեղինակին, որ քո պատկերացրած պոեզիայի մեջ չի գրում:

  • Anna says:

    Reader-ին. Պոեզիան չեմ սահմանել, հարգելի reader: Կարծում եմ` Դուք ևս լավ գիտեք ինչ է պոեզիան, երևի Թումանյան, Չարենց, Լերմոնտով /զուտ օրինակներ/ կարդացել եք: Պոեզիան պետք կառուցված լինի կոնկրետ “ժանրի կանոններով”` տաղաչափություն, հանգավորում, վանկային ռիթմիկա, և այլն: Ամեն մի ազատ մտքերի /թեկուզ և հետաքրքիր/ շարան դեռ պոեզիա չէ:
    Կարծում եմ, այսպիսի ստեղծագործություններին ավելի հարիր կլիներ տալ արձակի տեսք, կամ, ասենք` խորհրդածական էսսեի:

  • hs says:

    Աննա, բանաստեղծության մեջ մի տեսակ կա, կարծեմ կոչվում էր վերլիբր…

  • Կարեն Անտաշյան says:

    Աննա ջան, պոեզիան շատ ավելին է ու շատ ավելին կարող է լինել, քան դուք կարող եք պատկերացնել:
    Եւ փառք աստծո, որ այդպես է :Յօ

  • reader says:

    Աննա ջան, ժանրերի եւ նրանց տեսակների մեջ առանձնապես չեմ ուզում խորանալ կամ քննարկել, դա թող անեն գրականագետները: Երկու նկատառում.
    1. քո նշած հեղինակներն ունեն պոեզիայի բազմաթիվ հիանալի նմուշներ /բացի դասագրքային “զուտ օրինակներից”/, որտեղ չկա “քո ուզած” հանգավորումը եւ այլն… բայց դա չի խանգարում այդ գործերին
    2. վանկային ռիթմիկայի պակա?ս ես զգացել Հասմիկի գրածում, խնդրում եմ մի հատ վերընթերցի

  • Bratan says:

    Դու աշխատի սաղի անունից չխոսաս, հետո Մարինեի պոեզիան քո նմանների համար չի:

  • Նառա Վարդանյան says:

    Հաս էսքան տառային,բառային ջերմություն-էներգիա որտեղից ունի քո պոեզիան… Սիրում եմ քեզ… Դու իմ Թրեյսին ես.. ու վագռռռըըը…
    Հաս քո պոեզիան մի տեսակ պաշտպանում է ինձ… Հաս… Եսիմ..

  • Վերջապես էս կայքում Հասմիկ Սիմոնյան անվան տակ գրված չի ` սխալ տեղում սխալ բան եք փնտրում :Ճ շատ ուրախ եմ որ Հասմիկի գործերից արդեն էստեղ էլ կարող եմ կարդալ… շատ սիրուն ես գրում Հասս… և մենակ եմ որովհետև չեկա քեզ ճանապարհելու
    և մենակ ես որովհետև ճանապարհը գիտես …. Հաս ապրես… լույսս…

  • Անեթ says:

    ես միշտ եկա
    որ մատներդ շոյել սովորեն ու աչքերդ դատարկ չմնան………
    լավն էին` արդի, սահմաններ չճանաչող , թվացյալ խրթին, բայց հետաքրքիր նորովի…

  • ահա’ հարազատներս,մայրը ժամանակակից պոեզիայի…Հսս,դու ինձ ստիպում ես արդեն բոլոր անսովորություններդ սովորական ընդունել…ԱՊՐԵՍ ԻՄ հս… :*

  • Arshaluys Amirjanyan says:

    և բոլոր միջակ ու թույլ – կզոհաբերվեն աստվածներին
    ու երկրագունդը կապահովվի հաշտ ու խաղաղ մարդկությամբ

  • hs says:

    Նառա ջան, ուզեցի մտնել քո տաք մեկնաբանության տակ մինչև ձմեռը անցնի…

  • hs says:

    շնորհակալ եմ շատ, իմ լավ Մաղաքյան, առաջ դեպի դեպի…

  • hs says:

    ես էլ շնորհակալ եմ, որ կարդում եք ու արձագանքում, ինձ համար դա շատ կարևոր է

  • hs says:

    մերսի, Լուս ջան, բայց էդպես բարձր բառեր մի ասա, ամոթից գլուխս սեղանի տակ եմ մտցնում)

  • Գլուխդ բարձր,միշտ առաջ….քեզ հս կասեն է :))…………….!!!!!

  • Դ.Բ. says:

    Բառերիդ մեջ տագնապածին ոգևորություն ու հիանալի խաղ կա. Ապրես

  • Ani Hambardzumyan says:

    Հասմիկ ջան հրաշալի ես գրում, յուրահատուկ ձեռագիր ունես, շնորհավորում եմ;ՃՃ

  • ՀԱՅԳ says:

    Էլի եմ ուզում,
    երևի…

  • hs says:

    եթե երևի, ուրեմն հերիք էր, իսկ եթե, այնուամենայնիվ, ուզենաս` hs-poetry.blogspot.com

  • hs says:

    շնորհակալ եմ, Անի ջան:)

  • Վաչագան says:

    Շատ սիրեցի Հասմիկ Սիմոնյանի սիրտը : Զարկերը զգացի, Չնայած գետնանցում էր ներկայացված´ իր ամեն ինչով, սակայն ես լուսավուր հորիզոն տեսա´ իր ամեն ինչով:

  • Վաս says:

    Անհույս անկեղծությանը, ինքնատրվող տողերին, չկառուցված, այլ զգացած մտքերին, անխնա տաղանդին ասում եմ`կեցցես:

  • hs says:

    շնորհակալ եմ շատ, ՎԱՍ ջան, միշտ ուշադիր ու միշտ տաք…

  • haykaz says:

    ankexc,ankashkand u inqnatip;zer stexcagorcutyunnerum azatutyun kar,ankaxutyun inz anchap dur ekan:shat sireci arachin banastexcutyun@:chchanachelov dzez karox em asel vor kyanqum uzex mard eq,dzer gracneric e bxum:shnorhakal em

  • neli says:

    krakoc-y krakec.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *