ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ | Ես անուն չեմ

*

Ես անուն չեմ.
ես զբաղվեցի այլ բաների կառուցմամբ,
որոնք անհրաժեշտ համարեցի,
ու մայրուղիներ սլացան իմ միջով,
բարակ արահետներ հազար ու մի ճամփա միացրին,
եւ ես հարմար տներ սարքեցի նրանց համար, ովքեր
գիտեն իսկական կարգը իրերի,
գիտեն ամաչելը.
նրանք
ամպերին նայող են բոլորից հեռու,
նրանց անունը սարերում է,
ու նրանց ձեռքերը կոշտացել են աշխարհը կամովին կառուցելուց’
ծովապատնեշներ ու կամուրջներ ծովի վրա,
հիացում նրա մեջ ապրողներին եւ ուժին նրա,
ու հավանություն:
Եւ տարածություններ դրեցի իմ մեջ, որովհետեւ շատ բան տեսա
ու նաեւ կռահեցի,
եւ դրանք դաշտեր են հիմա ծաղկավետ:
Քաղաքներ խաչվեցին իրար մեջ իմ մեջ,
գնալգալն ու եռուզեռը եղավ,
եւ քաղաքների կասկածը կառուցեցի,
բայց իմացա:
Եւ ջրաղացներ ու հողմաղացներ –
կռիվ ու լռություն,
արդեն ուրախություն միայն –
քանզի ինչով երկու մասնիկ իրար կառուցված են մնում,
դատարկությունը չէ,
այլ ամպերի նման’ նոր իրերի աշխարհ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *