Հրանտ Մաթևոսյան | Հարցազրույց

-Ո՞վ եք Դուք:
-Ես ես եմ:
-Ո՞վ եք Դուք` ըստ Ձեզ:
-Այդ հարցին պատասխան տվել են իմ գործն ու իմ քննադատները: Հակոբ Մնձուրու իմ բնորոշումը վերադարձվել է ինձ` «Անցյալի մոլորված առաքյալը այսօրվա քաղաքակրթության բավիղներում»:
-Ինչո՞ւ է ժամանակը մեզ համար կանգ առել: Ինչը հրատապ էր Խորենացու օրոք, այսօր էլ է հրատապ: Նրանից հետո բոլոր մեծերը մեր ժամանակակիցներն են:
-Իսկապես ժամանակակիցներ, արյունակիցներ, գաղափարակիցներ են դառնում` հայոց համար հավերժական մեկ խնդրում. ազգի փրկությունը պետականության մեջ են տեսնում:Այդ հիմնահարցն է նրանց մեծացնում մինչև գիգանտություն` Խորենացուց մինչև Աբովյան, Թումանյան, Չարենց: Այդ մի հարցն է բոլոր չափումների մեջ դառնում նրանց թուլությունը, հայ գրականության թուլությունը: Այլ ներսուզումների, այլ խորացումների փոխարեն պետականության հավերժական հարցն է ամեն տեղ: Պատ, որին մշտապես եկել, դեմ են առել մեր մեծ այրերը: Այսինքն` միաժամանակ նրանք անում էին այն, ինչ ռուս իրականությունը, ռուս կյանքը տարաբաշխել է իր երկու խոշոր մեծությունների` Պետրոս Մեծի և Մեծն Պուշկինի միջև: Մշակութային գիգանտացման համար ռուսական կյանքն ընտրել էր Պուշկինին, իսկ պետությունն առաջ մղելու խնդիրը տվել էր Պետրոսին: Այս իմաստով Թումանյանի մեջ Պետրոսն ու Պուշկինը միասին են. և՛ միմյանց թուլացնում են, և՛ միմյանց զորացնում են: Իմ Թումանյանը, թիկունքում Պետրոս Մեծ չունենալով, ազգային հարցը կայսերաբար ստանձնելով` դարձրել է իր գրականության էությունն ու թուլությունը:
-Մենք ընդհանրապես պատմություն ունե՞նք, թե՞ ո՛վ ե՛րբ ո՛նց պատահի…
-Պատմությունը` իբրև կայսրերի ու ազգային պետությունների զարգացման տարեգրություն, չունենք: Գուցե մեր պատմությունն այնպես է ընթացել, որ չունենալով իր կաղապարը համաշխարհային պատմագիտական փորձի մեջ` գիտնականների ձեռքով չի կարողացել գրել իր պատմությունը: Պատմություն, իհարկե, ունեցել ենք` ամիրաները, օտար կայսերական պալատներում քո որդիների ծառայությունները, բարեգործությունները, կրոնիդ ու մշակույթիդ պատմությունը, գաղութիդ պատմությունը, գաղթերիդ պատմությունը: Սա էլ է պատմություն: Իսկ ինչպե՞ս է, որ հրեաների անկման ու վերելքի պատմությունը դառնում է պատմություն ու Աստվածաշունչ:
-Հրեաների պատմությունը հստակ է` միշտ առաջնորդվել են մի նպատակով, մերը հակասությունների կծիկ է…
-Իրենք մի ասա. իրենք չկան, մենք ենք, մենք բոլորս ենք:
-Մեր Արշակ արքայից մենք ի՞նչ էինք ուզում:
-Այս դժվար կյանքում համրիր, թե ովքեր որտեղ են դարան պահել, ովքեր որտեղ են ժանիքավորվում, Հայոց թագավոր լինելու ծանր գործի համար փորձ հավաքիր, հղկիր և որպես ադամանդ ափիդ մեջ` պարզիր որդուդ.-Առ, Արշակ:- Դե կույր-կույր. կույր-կույր ապրիր հազար տարի և խարխափելով ճանաչիր անապատի պես ոտիդ տակից փախչող այս երկիրը, կարո՞ղ ես:
-Իսկ թուխ ու ջղային մարդկանց ցե՞ղը, որ իրեն հիքսոս էր կոչում, որ մեկ բախմամբ կործանեց փարավոնների 17-րդ հարստությունը…
-…Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում զինվեց Մեծամորի պողպատե սրով, մարտակառքի անվաճաղերը հղկեց Արեգունու կենի ծառից, որ մետաղի կարծրություն ունի… Ցորնաթուխ ու եռանդուն մարդկանց մի ցեղ, որ երկաթը քարից զատում էր ֆոսֆորի մոգությամբ, իսկ ֆոսֆորը գտել էր ոչխարի ու տավարի ոսկորի մեջ և առհասարակ ոսկորի մեջ` լինի տավարի թե մարդու…
-ՈՒ Դուք հիշո՞ւմ եք նրանց…
-Հիշողության մեջ ես, ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես, հիշողության մեջ չես, հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել:
-ՈՒրեմն` ի՞նչ…
-Գիտե՞ս ինչ, կյանք է` և մի ակնկալիր անփոթորիկ ծով, և եթե խորտակվում ես, մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ո՞Ւր է խարիսխդ: Խարիսխդ…
-…«Իսկ աթարի դեզի մոտ գետնին գամվել է վիզը բարակ մի տղա, խոշոր աչքերով շոյում է ծիածանը և լացը գալիս է, որովհետև ծիածանը ծնվում է աննկատ և մեռնում է անշշուկ: Իսկ իր ճակատին ծիածանի ցոլքի դեմ գրած է անջնջելի գրով, թե նրա ճանապարհը փակելու են կախաղանը, խելագարությունը և ինքնասպանությունը, և դա անխուսափելի է, քանի որ բանաստեղծի նրա հիվանդությունը տոհմական է»:
-Կաղ, կուզ, գեղեցիկ, ճաղատ, ծիծաղելի, մռայլ, սուտ անկոտրում, սուտ հանդիսավոր, դժգոհ, անվերջ դժգոհ, ուրախ, անմտության չափ ուրախ բանաստեղծների քո տոհմը, ծաղրածուների այդ մեծ ընտանիքը հիմա ամբողջ աշխարհով մեկ արև է փռում. արևի մեջ սամիթի բույր է փռում, ծիրանի ծառ է տնկում, լուսին է օծում, հմայիլի աղոթքով փափկեցնում է մարդու ժանիքները, իմաստավորելով մահը` լռին գերեզմանատներ է դնում արևի տակ, իմաստավորելով ծնունդը` ուրախության բաժակներ է փշրում, աղավնիներ ու աստղաթիթեռներ է շպրտում երկինք, հավերժելու տարտամ ցանկությունը դարձնում է հայրենիքի կարոտ, փառաբանում է հացի լինելը և փառաբանում է հացի չլինելը, տղամարդ-ավազակներից շինում է հայր-ավանակներ և արևային երկիրը լցնում է մոլոր արահետներով ու բարի ավանակներով, բանաստեղծների այդ տոհմն ահա աղուտ հարթավայրը դարձրել է Արարատյան դաշտ, և մարդիկ խմբավորվում են ըստ արհեստների, և չկա խմբավորման մի այլ կերպ: …Բանաստեղծների քո տոհմն ահա կախաղանների տակից խեղկատակորեն աչքով է անում, սխալմամբ բանտ է նստել և քմծիծաղով սպասում է, թե հիմա թյուրիմացության համար ներողություն են խնդրելու, ատրճանակ բռնել չգիտե և գնում է մենամարտի, Հիտլերի ականջն ի վեր մրջյունի ձայնով գոռում է, թե ինքը համաձայն չէ նրա կարծիքին և ունի բոլորովին այլ տեսակետ, կապում է կործանված կամուրջները և չի նկատում, որ իր հետևից քանդելով գալիս են նույն կործանողները, կախաղանի տակից շփոթ ժպիտով նայում է քեզ, թե հիմա կհասկանան իրենց սխալը, ու սխալն էլ մարդկային է, ոչինչ: Հաղթած բանակի գեներալները շանսատակ են անում իրենց բանակի բանաստեղծներին:
-Ո՞րն էր Չարենցի պարտությունը: Մա՞հը:
-Մահն էլ:
-Չէ՛, ես մտածում եմ, որ Չարենցը չի պարտվել:
-Դե, Թումանյանն էլ չի պարտվել:
-Գուցե Թումանյանի ժամանակն է պարտվել: Թումանյանի տիպը:
-Քո հարցով դու ինձ կարծես շտկեցիր, այդ դեպքում Չարենցի էլ ժամանակը պարտվեց:
-Գրականությունը մեռա՞վ: Հիմա:
-Այնքան թուղթ է գրվել ու այնքան է գրվում, բայց, այնուհանդերձ, գրականությունը նոր-նոր իրեն գտնում է: Այնքան քիչ է գտնվածը, գոնե հասկացողների համար, որ ամբողջ արվածը կարելի է միայն սկիզբ համարել: Իսկական գրականությունը նոր է գտնվելու: Գրականության անկման առասպելներին ես չեմ հավատում: Ես չեմ հավատում, թե ընթերցող ենք կորցնում, հարյուրից հինգը կամ երեքը մշտապես եղել է ու լինելու է, գրականություն է պահանջելու, նրա գրողը միշտ առաջանալու է, միշտ պահպանելու է գրականության միջուկը:
-«Արվեստը արվեստի համար». կա՞ այդ սկզբունքը` մաքուր արվեստը:
-Երբ արվեստն արվեստի համար է, միայն այդ դեպքում է դառնում մարդու համար: Արվեստն արվեստի համար է արվում, երբ պատվեր չի կատարում, իդեալ է տալիս, հասարակությանը հարստացնում է, դառնում կատարելության զինանշան: Նայիր նույն Չարենցի օրինակով. երբ փորձել է ոճավորել, գրել կուսակցության համար, հանճարեղ մարդ էր, այդ գործերն էլ կարող ես փրկված համարել: Եթե մի ուրիշը հարձակվի, ես այդ գործերը կպաշտպանեմ, բայց դա չէր իրական, մեծ գրականությունը, այլ այն, որ ստեղծվեց միայն իր համար` «Դեպի լյառն Մասիս»-արվեստն արվեստի համար, գրականության համար: Ոճավորումներն ինչ փառահեղ էին, չէ՞…
-«Կապկազ թամաշան», էպոսի մշակումը, լենինյան շարքը: Վերջապես` «Ռոմանս անսերը»` նողկալի է, ստորություն, բայց հրաշք ստորություն է, զգում ես, որ ուժ կա, Չարենց կա, «դանակը բկին» չէ:
-Այդ կտրուկ վերաբերմունքն անհրաժեշտություն էր ժամանակին, եթե նկատի ունենանք միջակության ստեղծած այն շարադրանքը, որ նրա այդ վերաբերմունքի հետնաբեմում է, լորձոտ մի գրականություն, որի դեմ կռվում էր Չարենցը:
-Չարենցն ահավոր է` ոչ կհասնես, ոչ կհեռանաս:
-Իսկ դու պատկերացրու մի մշակույթ, որի Չարենցները շատ խոշոր, բայց առօրյա են իրենց համար և անընդհատ այդքան սուր են դնում պրոբլեմներն ու գրականության անընդհատ մակարդակ ապահովում: Մեզնում դա հնարավոր չեղավ. ով փորձեց բարձրանալ, գավառը գլխին խփեց:
-Մաշտոցին հարություն չտա՞նք` այբուբենը սովորեցնենք…
-Այդպես է: Թերուսների ժամանակ է: Տգետ վարժապետներ, պռատ բժիշկներ, տհաս ուսանողներ, կիսատ գոյությունների հանրապետություն է, գավառ, խեղճության հաղթահանդես: Ձգտում չկա:
-Հայ գրողի Ձեր ամենամեծ ցանկությունը ո՞րն է:
-Հայ գրողի ամենամեծ ցանկությունը հայ ընթերցող ունենալն է: Միակ ցանկությունը` հայ ընթերցողի տունը ջերմ լույսով ողողուն, իրեն աշխատանքի մեջ, վաղվա առջև վստահ, ուրախությունը երեսին հորդալիս տեսնել: Օտարվածության-խորթացումի այս միջավայրից ազատված տեսնել:
-Ձեր իսկական պապը Ավետի՞քն էր, թե՞ Իշխանը:
-Ես «Ծառերի» երկրորդ մասն էի գրելու, որտեղ երրորդ, անկողմնակալ մեկը վերապատմելու էր նույն դեպքերը, որտեղ տականքը դաշնակցելու էր ուժին, և նրանք միմյանց չէին ոչնչացնելու, այլ համատեղ էին ապրելու: Մտածում էի, որ կգրեմ, կմիացնեմ պատմվածքին ու կստացվի նոր վիպակ, բայց եղավ այն, ինչ եղավ, և այն իրականությունը, որ իմ ներսում էր որպես հուշ անցյալից, տեքստ չդարձավ, և զարհուրելի իրականությունը նույնը պատմելու կարիքը վերացրեց: Արդեն հարկ է այլ բաներից խոսել, կամ պիտի զորենք կատարված ամբողջն ընդգրկել, համապատկերի բերել, ընդհանրացնել և գնահատել երեկվա օրը` այսօրվա մեկնակետերը գտնելու:
-Ձեր կարծիքով` այսօր ինչի՞ մասին պիտի խոսել:
-Որևէ սխալ բանի:
-Ինչո՞ւ, ոչ մի ճշմարտություն չի՞ ներվում:
-Կողմնակիի մասին խոսելով` կարող ենք գլխավորի մասին խոսել:
-Եղիշե Չարենցը 20-ական թթ. այդպես գրում էր «Երկիր Նաիրին», ոչինչ չի՞ փոխվել:
-Իհարկե, չի փոխվել: Թումանյանի նամակներից մեկում կա` կատարվածի համար ոչ ոք ինքնասպան չեղավ, ոչ ոք չամաչեց ազգի առաջնորդներից… Փաստորեն, վեց ամիս մարզպետ էր` Ախալցխա, Ախալքալաք, Բորչալու, Լոռի, Փամբակ, Շամշադին, Գուգարք: Մարզպետ էր` ֆինանսներով, զենքով, ամեն ինչով: Մինչև Վեհիբ փաշայի արշավանքը, երբ քիչ էր մնում գերի ընկներ: Գիշերով, ոտքով, աղջկերանց հետ, թրջվելով, Կիրովականից Շահալի` ձորով անցել է, երեխեքին փրկել, ինքը փրկվել:
-Հովհաննես Թումանյանը կարո՞ղ էր մարդ սպանել. զինվոր էր, կռիվ էր…
-Չէ, չէր կարող, էդքան խեղճ չէր` մարդ սպաներ:
-Խեղճե՞րն են մարդ սպանում:
-Հա, խեղճերն են սպանում, որ մտքի փակուղի են մտել:
-60-ական թթ. համարյա բոլոր գրողները դուրս գալով հայտնի թեմայի շրջանակներից` կամ վախճանվեցին, կամ դադարեցին գրել` չմնացին այն գրողը, գեղագետը, որ արտահայտում էր երկրի, ժողովրդի, ժամանակի առանցքային խոսքը: Ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ:
-Կատարվեց այն, ինչ հաճախ է կատարվում գրողներիս հետ: Այն, ինչ ժամանակին Տոլստոյի հետ կատարվեց, երբ հրաժարվեց գեղարվեստից ու անցավ քաղաքականության: Գալիս են ժամանակներ, երբ անբարոյականություն է իրականության առջև զբաղվել գրականությամբ: Բոլորիս հետ էլ նույնը կատարվեց. անհնար էր այս իրականության առջև այլևս գրականություն գեղգեղալ: Վանոն ու Վազգենը շարունակեին լավ պատմվածքներ գրե՞լ, Լևոնը շարունակեր հիերոգլիֆներ վերծանե՞լ: Անհնար էր: Բայց գրողներս մեռնող-հառնող ժողովուրդ ենք, ինչպես Սարոյանն էր ասում` մենք մեկ անգամ չենք մեռնում: Այնպես որ, մնացեք մեր հարությանը սպասելով:

Share Button

6 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Խոնարհվում եմ քո մեծության առջև:

  • Sevada Grigoryan says:

    Իրոք որ, պետք է սպասել հարությանը, թե չէ սենց չի լինի… շատ ա տխուր:

  • սէվ says:

    -Հայ գրողի ամենամեծ ցանկությունը հայ ընթերցող ունենալն է:

    … հարյուրից հինգը կամ երեքը մշտապես եղել է ու լինելու է…

    Տեսնես ով է շարունակելու գրել էդ հինգի, կամ երեքի համար ու ինչքան է դիմանալու, եթե միայն գրականությունը ու հիմնականում գրականությունը լինի Մշակույթի առանցքը… Մշակույթը կարծես պիտի “լռության” դաշտ ունենա , որի մեջ գրականությունը կարողանա հնչել. այլապես այն կլանում` ասսիմիլացնում է ողջ սպեկտրը` ամեն ինչ դարձնում գրականություն. նկարչությունը, երաժշտությունը, թատրոնը, կինոն:
    Երբ գրողն է բացարձակացնում գրականությունը հասկանալի է… ինչու՞ գրողներից բացի մեկ էլ կարիերիստներն ու չարչիներն են ձգտում իշխանության… ինչու ասենք ֆիզիկոսը, նկարիչը կամ հողագործը իշխելու մղում/ձգտում չունի:
    Կա՞ տարբերություն գրասիրության, գրապաշտության ու գրամոլության միջև, որոնք են էն դադար/տարանշիչները, որոնք էդ իրար նման, բայց չափագրորեն տարբեր հարթությունների վրա գտնվող երևույթները կսահմանազատվեն կերևակվեն ու ողջաբար շնչելու տարածք կնձեռեն և իրենց և մյուսներին:

  • Սեդա says:

    կարծես Աստվածաշնչի պես հրաշք կարդաս… որ չես ուզում վերծանել, ուղղակի վայելում ես ամեն բառի հետ վրադ հորդող իմաստությունն ու թույլ ես տալիս, որ այն քեզ պոկի քո իրականությունից ու գլորի հեռու-հեռու… որովհետև էդ գլորվելն էլ թռիչք է, ու էդ ոչ իրականությունն է, որ պիտի քեզ տուն դառնա…
    երջանիկ մարդ է հարցազրույցի հեղինակը, երևում է` գնահատել է քեզ, ներս է թողել… ասում եմ Աստվածաշնչի պես, որովհետև մենակ էնտեղ կարող ես գտնել մինչև հոգուդ խորքերը թափանցող ճշմարտությունը` քո ու քո պահի մասին, որ մենակ-մենակ ընկած փնտրում էիր. էստեղ էլ գտա…

    -Հիշողության մեջ ես, ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես, հիշողության մեջ չես, հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել:

  • Գրանիշ says:

    Ո՞վ է հարցազրույցը վարել, ե՞րբ, առաջի՞ն անգամն է տպագրվում….

  • Մարինե says:

    Այնքան շնորհակալ եմ և ուրախ, որ ձեր կայքը կա։ Իսկ Մաթևոսյանի այս հարցազրույցն ինձ ուղղակի վերջին մեկ տարվա ներքին շնչահեղձ վիճակից դուրս քաշեց. <>…ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *