Վերհուշ | Իրական պատմություններ

Մենք մեծ ողբերգության անունը գիտենք, բայց այն ահռելի քանակությամբ անձնական ու ընտանեկան ողբերգությունների մանրաթելերից է գոյացել ու սրանք են իրապես ցավացողը, նյարդերը: Նազիկ Արմենակյանի «Վերապրածները» ֆոտոշարքի հետ ներկայացնում ենք ֆեյսբուքյան գրառումների քաղվածք վերապրածների ժառանգների՝ իրական մարդկանց իրական պատմությունները…

Կարապետ (երևի) Հակոբյան կամ Կարո պապիկ

հոր ու քրոջ մահն իր աչքի առաջ տեսած, մյուս քրոջ հետ Դեր Զորի ճամփան բռնած, ճանապարհին քրոջը կորցրած,բեդուին Ալիի ընտանիքում մինչև յոթ տարեկան մեծացած, Կալենցի հետ Սիրիայում ամերիկյան որբանոցում մեծացած, Air France-ում գովազդային պաստառներ նկարազարդող աշխատած, մի երկաթե սափորով, մի սնդուկով, հոր սրտից հանած դաշույնով կնոջ ու ավագ դստեր՝ Հայկուհի տատիկիս, կրտսեր դրստեր՝ Քնարիկի հետ Երևան վերադարձած, որպես կապիտալիստ, բուրժուական ոճով նկարող նկարիչ որակված, բազում լեզուներ տիրապետող, բայց համառաբար ռուսերեն չսովորած, գազարին ստեպղին ասող, սուրճ շատ սիրող, մանկություն չունեցող, միևնույն ժամանակ մանկությունը մոռանալ ջանացող կարմրահեր, արագաշարժ, իր թոռների մեջ ֆրանսերենի հանդեպ սեր սերմանած Կարո պապիկ։ Ու ոչ մի անմոռուկ սրա հետ կապ չունի…

Լուսինե Բլբուլյան-Շուքուրյան

***
Իմ սիրուն Հայկանուշ տատը չէր հիշում իր ծննդյան թիվը: Ասում էր, թե ութը տարեկան էր, երբ ջարդն ու փախեփախը սկսվեց: Ասում էր, քառասուն հոգով իր ընտանիքից միայն ինքն ու չորս տարի մեծ եղբայրը փրկվեցին, հիվանդ, բոբիկ ու կիսմերկ հասան Էջմիածին: Մնացին որբանոցում միչև մի մարդ ու կին եկան Աշտարակից ու տարան իրենց գյուղ: Տարան որպես աշխատող: Ու երկու անտեր, որբ երեխա օտար ընտանիքի կովերն էին արածացնում, բոբիկ ու տկլոր քար ու չոլ ընկած: Մի օր էլ տատիս Սեթ անունով եղբայրը սարում հանգչում-մահանում է: Փոքրիկ ու վտիտ Հայկանուշ տատս, իր գորշ կանաչ աչքերով գտնում է Էջմիածնի ճամփան, մահացած եղբորն առնում մեջքին ու բոբիկ ոտքերով հասնում որբանոց: Չէր ուզում վերադառնալ իրեն որդեգրած տունը, ուզում էր ընտանքի իր վերջին փշուրը նիհար ուսերին առած տանել ուր աչքը կտրի:
Իմ սիրուն Հայկանուշ տատն ապրեց երկար, մեծացրեց բոլոր թոռներին, գուլպաներ գործեց ու սուջուխ սարքեց պատերազմից չվերադարձած ամուսնու տնկած ընկուզենու պտուղներից, գանգուռ մազերս սանրելիս կախարդական բառեր շշնջաց, որ երբեք գլուխս չցավի ու Սեթ եղբոր շիրիմը ման եկավ ու էդպես էլ չգտավ…
Իմ սիրուն ու փոքրիկ Հայկանուշ տատը՝ գորշ կանաչ աչքերով, գանգուռ մազերով ու ճերմակ մաշկով:

Թամարա Գալստյան

****
Հորս պապը՝ Հովհաննեսը, Վանի Այգեստան թաղամասից էր: Երեք եղբայր էին՝ Հովհաննեսը, Հրաչը,Վանիկն ու մի քույր՝ Մարիամը: Հովհաննես պապը փոքր էր, երբ սկսվեց հայերի տեղհանումն ու ջարդը: Ծնողներին ու Հովհաննեսի երկու եղբայրներին սպանել են իր և քրոջ աչքի առջև՝ իրենց հոր չայխանայում (թեյատուն), իսկ նրանց ամեն մեկին մի ուղղությամբ են տարել: Մարիամին տարել են Ամերիկա, իսկ Հովհաննեսին, մնացած որբ և անտուն երեխաների հետ, նավով հասցրել Կրասնոդար: Տարիներ անց Հովհաննեսը վերադառնում է Խորհրդային Հայաստան , ամուսնանում և երեխաներ ունենում: Արտաքինից կենսախինդ և ուրախ այդ մարդը հոգու խորքում միշտ պահում էր բնաջնջված ընտանիքի և լքված հայրենիքի վիշտը: Ամեն երեկո թոռներին (հորս և հորեղբայրներիս) պատմում էր Վանի ու իր ընտանիքի մասին ու պահանջում, որ ինչ էլ լինի և ուր էլ լինեն, պիտի միշտ հիշեն իրենց պատմությունն ու հայրենիքը :
«Չմոռնա՛ք իմ Վանը»,- հենց այս խոսքերը շուրթերին էլ մահացել է Հովհաննես պապը…

Օֆելի Մինասյան

***

Մեծ պապս մասնակցել է Մուսա Լեռան հերոսամարտին, պայքարել ու փրկվել: Պապս Սովետական իշխանության կողմից աքսորվել է Սիբիր՝ պետություն և ազատություն ցանկանալու համար: Հայրս մասնակցել է պապիս տեսլականի իրաագործմանը: Ես այսօր ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ: Ես հպարտ եմ լինել 100 տարվա իրագործված երազանքի կրող:

Տաթև Չախչախյան

***
Պապտմում է մամայիս տատը` Գեղեցիկը

«Աքսոր գնացինք մամաս,երկու քույրս և եղբայրս: Մեծ եղբայրս բանակ տարան: 15թվին օգոստոսի հինգին մեր տուներեն հանեցին, ինգանք աքսորի ճամփան…Ողջ առողջ բոլորս հասանք Քույերեն ցած: Մինչև Քույեր բոլորս ողջ էինք իրար հետ, բայց երբ որ գնացինք Արաբիայի սահմանը բոլորը մեկ- մեկ սոված մահացան: Ես մենակս մնացի որբանոցը տարին հայոց եկեղեցին Հալեպի : Ան տեղեն թուրքի կնիկները կուգային հատ- հատ հայ աղջիկներուն կջոգին կտանեին, լավերուն, ովքեր որ ձեռքերներին ձեռագործ կար, անոնց տարան իրենց տուներուն ծառա: Ես Ուրեմն 16թ. փետրվարին գացի էդ փաշայի տունը:էդտեղ երկու տարի մնալես հետո, ես չէի գիտե, որ հայը գոյություն ունի այլևս, ես կկարծեի որ հայերը գոյություն չունեն»:

Տաթևիկ Պողպատյան

***
ՏԱՏՍ…

Տատս…շե՜կ, երկա՜ր, մինչեւ գոտկատեղ հասնող մազերով, փոքրամարմին ու աշխույժ տատս, որ երբեք չխոսեց թուրքից, եղեռնից ու մեղվի նման աշխատելով լու՜ռ, խոնա՜րհ, հե՜զ ապրեց իր մանկություն չապրած կյանքը: Ծննդյան օր չուներ, ծննդավայր չուներ, չնայած որ խորհրդային կարմիր անձնագրում գրված էր. ծննդավայրը` Ղարս, Թուրքիա… 1911 թվական: Ծնողներին չէր տեսել, չէր հիշում` սպանել էին, թե կորցրել էր գաղթի ճամփաներին, Ղարսի տեղը չգիտեր ու միայն ասում էր, որ եղել է որբանոցում, որ իրենց մի օր տանելուց են եղել Ամերիկա, բայց ինքն ու ընկերուհին ուշացել են, որովհետեւ գնացել էին «Ասոբտորգ»…Հետո, տարիներ հետո Սեւանի ափին գտել էր եղբորը` իր նման շե՜կ, սպիտակամաշկ…ոնց էր եղբորը ճանաչել, ոնց էր գտել` ինչ որ պատմություն պատմում էր, բայց հիշողությանս մեջ չի մնացել, քանի որ մենք մեր երջանիկ մանկության մեջ իր պատմածը չէինք հասկանում:

Արայիկ Մանուկյան

***
Մշեցի Նադոյից մինչև Ալեքսանդր

Մշո Բուլանուխի Թեղուտ (Ղարաղալ) գյուղում ծնված և ընտանիք կազմած Նադո Մանուկյանի գերդաստանին ևս բաժին հասավ տեսնել կիսավայրենի եկվորների անմարդկային վայրագությունները: Նադոն զոհվեց թուրքի ձեռքով, իսկ նրա ընտանիքը ապրեց տնազրկման ու գաղթի ցավը:
Ադեն ստիպված էր միայնակ փրկել վեց ճակատագիր՝ Արամ, Վահան, Սոկրատ, Տոնո, Էրինազ, Սոսե զավակներին: Փախուստի մղձավանջում, հաղթահարելով ճանապարհի բարդությունները և ավազակային հետապնդումները, գետնանցման ժամանակ ընտանիքը կորցնում է փոքրիկ 4-ամյա Սոկրատին: Նրանք մազապուրծ հասնում են Արևելյան Հայաստան, սակայն արյան կանչը և հարազատական կարոտի ապրող զգացումը հանգիստ չեն տալիս ընտանիքին: Որդիներից ավագը՝ 17-ամյա Արամը, արհամարհելով վտանգը, եղբորը գտնելու հույսով, գիտակցաբար մեկ անգամ ևս անցնում է այդ դժոխքով: Արամը մեծ դժվարությամբ վերադառնում է հարազատ գյուղ, հրաշքով գտնում Սոկրատին և տեղափոխում Արևելյան Հայաստան:
Սոկրատ Մանուկյանը լուսահոգի պապս էր …
Հետագայում մեր տոհմի հրաշքով փրկված փշրունքները ծիլեր նետեցին Արևելյան Հայաստանից մինչև Ֆրանսիա:
Սոկրատը հիմնվեց նախկին Սպիտակի շրջանի Հարթագյուղում (Ղալթախչի), որտեղ Բուրաստան տատիս հետ 8 զավակներ մեծացրին:
Ցեղասպանությունից ուղիղ մեկ դար անց որդիս՝ Ալեքսանդր Մանուկյանը, ով ջարդերից փրկված Սոկրատ պապիս այն ժամանակվա գրեթե հասակակիցն է, այսօր արդեն իր տարիքին ոչ բնորոշ լրջությամբ հորիցս՝ Գերասիմ Մանուկյանից, հետաքրքրվում է իր արմատների, Եղեռնի և կորսված Հայրենիքի մասին… Ուրախ եմ, որ որդուս ձևավորվող հայրենասիրությունը սնվում է մեր պատմության էջերից, և մեր տոհմի գեներով նրան փոխանցված ազգային հիշողության ուժով նա Մանուկյանների գերդաստանի ՎԱՂՎԱ պահանջատերն է լինելու:
Հիշում ենք և պահանջում:

Հովհաննես Մանուկյան

***
ԱԴԵՆ

Տատս մահացավ 2008 թվականին: Բոլորը նրան ադե էին ասում՝ թոռներն ու ծոռները, բարեկամներն ու հարևանները, անգամ դպրոցի ուսուցչուհիները, ուր նա պարտաճանաչորեն տանում-բերում էր ինձ առաջին-երկրորդ դասարաններում, մեր դասարանի աշակերտներն ու նրանց ծնողները: Ոմանք անգամ գիտեին, թե ադեն հատուկ անուն է՝ տատուս անունը: Իսկ նրա անունն Օվասննա էր, ու ես փոքր ժամանակ նրան Օսան ադե էին ասում:

Օսան ադեն ծնվել էր Մուշի կողմերում, 1908 թվականին՝ ըստ արդեն Սովետական Հայաստանում 1926-ին տրված անձնագրի, և կամ ծնվել էր 1904-ին՝ ըստ եկեղեցական ինչ-որ ծննդյան վկայագրի, որից պահպանվել էր մի մասը միայն, բայց անունն ու տարեթիվը երևում էին: Չգիտեմ՝ ինչու 1926-ին չէին վստահել այդ փաստաթղթին և անձնագրում գրել էին 1908:

Ամեն տարի ապրիլի վերջերին նա տանից դուրս չէր գալիս, ավելի էր սմքում, կծկվում, մի բուռից դառնում կես բուռ, օրերով լուռ նստում էր՝ փաթաթված իր հարյուրամյա շալով. Արևմտյան Հայաստանից՝ իր ծննդավայրից իրեն մնացած միակ առարկայական հուշն էր այդ շալը՝ մուգ կարմիր, սև ու կապույտ քառակուսիներով, հաստ բրդյա կտորից, արդեն բավականին մաշված ու քրքրված: Եվ մի փոքրիկ ուղղափառ սրբապատկեր ուներ, որն իրեն էր նվիրել, մի կտոր հացի ու մի քանի փշուր պանրի հետ միասին, Առաջին Հանրապետության բանակի անծանոթ մի զինվոր, բայց դա արդեն եղել էր գաղթից ու Ալեքսանդրապոլում ժամանակավոր իջևանելուց հետո, 1918 թվականին: Այդ սրբապատկերը՝ փաթաթված մի հին թաշկինակի մեջ և ամուր կապված, երևան էր ելնում կրկին այդ օրերին՝ ամեն տարի ապրիլի վերջերին, և գրեթե միշտ լինում էր ադեի ձեռքում:

Ադեն շատախոս էր: Խոսում էր գրեթե միշտ, համարյա չէր լռում, խոսում էր ամեն ինչ մասին, թեմաները սահուն հաջորդում էին միմյանց՝ եղանակից մինչև “խորեմ Գառբաչովին” ու Շուշանի (փոքր քրոջ) աղջկա պսակադրության ժամանակ տեղի ունեցած կուրյոզից (որը միշտ պատմում էր, երբ հյուր էր գալիս մեր տուն) մինչև անգլիական “դրափ շալ”…

…. Չէր խոսում միայն իրենց Մշո կողմերի գյուղի ավերման, կոտորածի, իրենց բռնագաղթի ճափեքի մասին: Չէր խոսում դրա մասին, միայն խեղճանում էր ամեն տարի ապրիլի վերջերին, ավելի սմքում, մի բուռից դառնում կես բուռ, փաթաթվում իր հարյուրամյա շալի մեջ ու լռում:
Իր խեղճ մանկության այդ անագորույն օրերից մեկ-մեկ, մի քանի տարին մեկ՝ երբ առանձնապես շատ էինք մենք խնդրում-պահանջում, Ադեն պատմում էր միայն, թե ոնց քրդերն եկան իրենց տուն, Ահարոնին՝ իր հորը տարան: Հետո վերադարձան թուրք զինվորների հետ, ետ բերեցին աժդահա Ահարոնին՝ ծեծված, ջարդված ու խեղճացած, ու զինվորների հետ սկսեցին տունը խուզարկել՝ զենք ու մթերք փնտրել: Զենք չգտան, իսկ ահա հայտնաբերած ամբողջ մթերքը տարան՝ նախապես իր քեռուն՝ Ասպոյին ու հորը՝ Ահարոնին գցելով մառանն ու կրակ տալով:

… Ես միշտ այստեղ հարց էի ուզում տալ. իսկ ինչու զենք չգտան….? Ինչու հայի տանը զենք չկար…..?

Ադեն չէր հիշում՝ ոնց, ինչ միջոցով, բայց Ահարոնն ու Ասպրոն մի կերպ փրկվել էին կրակից, ու մի քանի օր հետո արդեն համագյուղացիներից ողջ մնացածների հետ միասին փախել էին գյուղից՝ գնալու ու միանալու կռվողներին:
Թարս ու շիտակ, կիատ-պռատ պատմում էր Ադեն, թե ոնց են թուրք զինվորներն եկել, իրենց հավաքել, նստեցրել սելերին, քշել անհայտ ուղղությամբ: Պատմում էր, որ հացը կամ այլ կերակուրը խլում էին գաղթականներից, իսկ ջուրը ծախում էին կանանց՝ մի բաժակի դիմաց մի զարդ պահանջելով, որ կանայք տային իրենց հետ բռնագաղթի դատապարտված իրենց երեխաներին…

Ադեն չէր հիշում կամ չէր ուզում ուզում հիշել ու պատմել բռնության ու կոտորածի դրվագները ճանապարհին…. Բայց Ադեն ասում էր, որ մինչև հասան քրդի գյուղը՝ գաղթողների թիվը կես էր եղել…

Ադեին, իր փոքր քրոջն ու եղբորը մի քուրդ գնել էր՝ բառի իսկական իմաստով, թուրք զինվորներից, ու տարել տուն: Ըստ էության՝ այդ քուրդը փրկել էր նրանց վերահաս մահից: Մի քանի ամիս մնացել էին այդ քրդի տանը, ապրել, աշխատել նրա համար՝ փայտ էին բերել, ջուր էին կրել, տունն ու բակն էին մաքրել, անասուններին էին նայել և այլն:

Հետո Ադեն պատմում էր, թե ոնց հայ զինվորները մտան էդ քրդի գյուղ, ու իր քեռին՝ Ասպրոն՝ նրանց հետ… Ու քեռին, մի քանի ոսկի գլխագին տալով, առավ նրանց այդ նույն քրդից: Ադեն պատմում էր, որ քրդի կինն ու փոքր աղջիկը լալիս էին, չէին ուզում իրենց թողնել, ապա երկար-երկար ճանապարհ էին դնում՝ կոնֆետ, հաց ու տաք շոր հետները դնելով:

Ադեն չէր հիշում կամ չէր ուզում հիշել ու պատմել, թե ինչ տարտարոսյան տաժանքների միջով են նրանք՝ նահանջող զորքի հետ, հասել Ալեքսանդրապոլ…. Պատմում էր, որ արդեն Ալեքսանդրապոլում տերտերներ ու զինվորներ էին հավաքվել, իրենց խմբավորում էին, խումբ-խումբ տանում տարբեր վայրերում տեղավորելու: Իրենց տարել էին մի գոմ, որտեղ արդեն կային շատ գաղթականներ՝ իրենց պես: Ալեքսանդրապոլում էլ իրենց գտել էր իր մայրը:

Մի քանի տարի հետո էլ նրանց մ հողակտոր էին հատկացրել Ապարանում, ու տեղափոխել այնտեղ: Ապրել էին Ապարանում մինչև 1940 թվական, ապա տեղափոխվել Երևան:

… 2001 թվականին Օսան Ադեի մեծ տղան՝ իմ ավագ քեռին, Ադեին տարավ Արևմտյան Հայաստան, Մուշ՝ իր ծննդավայր:

…. Քանի տասնամյակ անց Ադեն գնացել էր իր Էրգիր… Գտել էին իրենց գյուղը, որն այժմ քրդական-թուրքական մի ողորմելի, խեղճ, պուճուր բնակավայր է, գտել էին անգամ Ադեի պապի ու մի հարևանի գերեզմանների հետքերը, հնարավորինս մաքրել ու կարգի էին բերել, եկել էին գյուղ, գյուղապետի տանը հյուրընկալվել… Ու հանդիպել էին գյուղի ամենատարեց մարդուն, ով հիշել էր Ահարոնին ու Ասպրոյին՝ տատուս հորն ու մեծ եղբորը: Հրավիրել էր էր իրենց տուն, մի հին, քրքրված Ավետարան էր հանել դարս-դարս ծալված անկողնու տակից, տվել Ադեին, թե՝ սա ձեր թաղի (հայկական թաղամասի) ավերներից մի 30 տարի առաջ էին գտել, տա՛ր, քույրի՛կ, սա ձերն է, հետդ տա՛ր ձեր երկիր…

Ադեն մահացավ 2008 թվականին՝ հավանաբար 104, իսկ ըստ պաշտոնական փաստաթղթի՝ 100 տարեկանում: Մահացավ խաղաղ, անցավ ու անտանջանք՝ իր կորսված մանկությունից որպես միակ հուշ մնացած այն մուգ կարմիր շալի մեջ:

Սարգիս Միքայելյան

 

****
Կատին տատս մամայիս տատիկն էր: Ապրեց 94 տարի, ես իրեն հիշում եմ – պառավական սև հագուստով, կնճռոտ դեմքով ու անսահման լուսավոր աչքերով տատիկ էր, որ մեզ՝ իր ծոռներին հանդիպելիս փեշի տակ ունեցած չգիտեմ որ թաքստոցներից կոնֆետ էր հանում:
Կատին տատս ղարսեցի էր: Ջարդերի ժամանակ 17 տարեկան նորահարս էր եղել, կարծեմ 2-3 ամսվա հարս, երբ աչքի առաջ ամուսնուն ու նրա ընտանիքին սպանել էին: Ինքը փախել էր: Տատս պահում էր իր այն կիսաշրջազգեստը, որը ծակծկված էր թուրքերի արձակած գնդակներից, երբ կրակել էին իր ետևից:
Եկել հասել էր Հայաստան, ամուսնացել Պողոս անունով որբևայրի մի բարի մարդու հետ, որը երկու աղջիկներ ուներ, մայրություն էր արել նրանց, ու չորս զավակ էլ ինքն էր ծնել: Այդ զավակներից մեկն էլ մորական տատս էր:
Պողոս պապին Կատին տատս շատ էր հարգում, բայց այդպես էլ չէր դադարել սիրել իր առաջին ամուսնուն: 94 տարի ապրեց, բայց մինչև կյանքի վերջ հիշում էր նրան որպես կապուտաչյա ուժեղ մի տղամարդու, որը իր խոսքերով «ուրիշ էր…»:

Անուշ Հակոբյան

 Լուսանկարները © Նազիկ Արմենակյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *