Մհեր Իսրայելյան | Իսպանական ռուլետկա, ռուսական ցլամարտ կամ հայկական ֆլամենկո

 

Մհեր ԻսրայելյանԿար ժամանակ, երբ ցլամարտի ու ֆլամենկոյի հմայքին անձնատուր լինելուն զուգահեռ իսպանացի երեխաները դպրոցում մի խաղ էին խաղում` փորձելով ազատագրել չորս կողմից շրջափակված փոքրիկ կղզյակը այլադավան ուժերի ճիրաններից: Մանկահասակ տարիքը պատճառ չէ վախենալու համար, եթե կա խանդավառություն, վաղ թե ուշ կհամախմբեն ուժերը ու մի խաչակրաց արշավանք կկազմակերպեն դեպի այդ երազային եզերքը: Խաչն ու Աստվածն էլ իրենց զորավիգ կլինեն ու կօգնեն ստվարաթղթե սրերով ու վահաններով ծվատելու թշնամական ուժերը ու առաջնորդելու դեպի բաղձալի հաղթանակ: Իսպանացի երեխաները թող խաղան ու թղթե հաղթանակներ կերտեն, մեծ երկրի զինվորը թող փորձի նրանց երազը իրականության վերածել, փոքրիկ երկիրն էլ թող սպասի իր աստեղային ժամին: Երեսուն տարի հետո էլ խաչակրաց արշավանքը առաջնորդած մանկիկը, որ արդեն Ֆերնանդո պատվարժան անունն ու մայորի ուսադիրներ է կրում, թող երազային երկիր-դրախտավայրի զինվորականին պատմի իր մանկական լուսավոր հիշողության՝ Արմենիայի մասին: Թող երկիր-դրախտավայրից եկած զինվորականի մարմինը ոտքից գլուխ փշաքաղվի, մազերը սարսռան, սիրտն ուժգին բաբախի, իսկ մեծ երկրի ամենահաս զինվորականը թող հարյուր գրամ օղի առաջարկի` ի պետս քաջության:
– Իսկ մենք մանկապարտեզային այդ խաղը լուրջ ընդունեցինք, գնացինք ու վերցրեցինք Արմենիան,- կասի գնդապետ Նիկոլայ Նիկոլաևիչը ու ցմրուր կդատարկի օղիով լցված բաժակը:
– Եթե վերցրեցիք, ապա որտե՞ղ է իսկական Արմենիան, այն մեկը, որ Ֆերնանդոն երազում էր տեսնում,- կհարցնեմ ես՝ մայոր Լևոնյանս:
– Ցավոք, մանկության լուսավոր երազանքս ցնդեց, երբ թերթում կարդացի ձեր մայրաքաղաքում անցկացված առաջին ցլամարտի ու այն մասին, թե ճակատին արձակած ատրճանակի մեկ դիպուկ կրակոցով ինչպես է ցլին տապալել գլխավոր ոստիկանապետը,- գլխիս սառը ջուր կլցնի Ֆերնանդոն, ու ես անելանելի վիճակից դուրս գալու մի անրևակայելի ճիգով կվերհիշեմ.
– Իսկ գիտե՞ք որ մեր վերջին թագավորը՝ Լևոնը, կյանքի վերջում ձեր մայրաքաղաքի քաղաքապետն է եղել, գուցե այդ ժամանակ էլ խաղը հորինվել է ու փոխանցվել սերնդեսերունդ:
– Իսկ ու՞մ է թողել ձեր մայրաքաղաքը,- կմեխի Ֆերնանդոն կամ մայոր Գարսիան,- արդեն գլխի եմ ընկնում։
Մինչ հիշողությունս թարմացնելով ու երևակայությունս լարելով փորձում եմ Ֆերնանդոյին, մի քիչ էլ Նիկոլայ Նիկոլաևիչին երկար-բարակ բացատրել, թե ում է թողել մեր վերջին թագավորը մեր մայրաքաղաքը, փորձում արդարանալ, թե մարդասպան կամ ցլասպան ոստիկաններ աշխարհի ամեն անկյունում էլ կգտնես, հիշողության քամիները Ֆերնանդոյին շպրտում են հետ դեպի մանկություն, դեպի այն տենդը, որ պարուրել ու մինչև այսօր էլ հանգիստ չի տալիս իր հոգուն: Արդեն հասկացաք, որ խոսքը ցլամարտի մասին է: Սա այն դեպքն է, երբ այլ ելք չկա. երկուսից մեկը պետք է մեռնի, կամ ցուլը կամ ցլամարտիկը: Ճիշտ այն վայրկյանին, երբ ցլամարտիկի ու ցլի հայացքները վերջին անգամ հանդիպում են, աշխարհը առերեսվում է մի պարզ ճշմարտության հետ, որ հիասթափեցնելու է տղամարդկության վախճանը գուժող հոռետեսներին: Ցուլը կհաղթի, թե ցլամարտիկը՝ փիլիսոփայական բանավեճի տեսանկյունից էական չէ: Ամեն դեպքում մի հոգի կպակասի աշխարհի երեսից, մի ցուլ կամ մի իսպանացի։ Եթե հաղթի ցլամարտիկը, մի քանի հազար մարդ կողջունեն ու գովասանքի տարափով կհեղեղեն նրան՝ այ քեզ իսկական տղամարդ: Թե ցուլը հաղթի, մի քանի հոգու սրտից արյուն կկաթա, հազարավորներն էլ կարձանագրեն ցավալի փաստը՝ մեռավ տղամարդու պես: Ուրիշներն էլ, տուրք տալով կենդանիների պաշտպանության կազմակերպությունների քարոզին կարձանագրեն՝ բա որ հազարներով մորթում էիք, չէի՞ք մտածում ահեղ դատաստանի մասին:
Իսկական տղամարդը ահեղ դատաստանի մասին չի մտածում: Ֆերնանդոն կամ մայոր Գարսիան դեռ մանկուց երազել էր ցլամարտիկ դառնալ, ինչպես թերևս բոլոր իսպանացի երեխաները: Այդ մասին ինձ պատմում էր ամեն հարմար առիթով, պատմում էր, թե ինչպես էր երազում թափահարում կարմիր լաթը, գայթակղում ցլին, ինչպես էր կոնքերի հմուտ շարժումով խուսափում ցլի հարվածներից, հետո ձգվում, սուսերը պարանոցի կողմից մխրճում ցլի սիրտը, այնպես՝ որ չհասցնի բառաչել ու արժանանում լսարանի շռնդալից ծափողջյուններին։ Այնքան բարձր էին ծափահարում, որ երազն ընդհատվում էր ու քափ-քրտինքի մեջ վեր էր թռնում: Բայց ինչպես հաճախ պատահում է տարբեր, հին ու նոր ազգությունների ներկայացուցիչների հետ, նա էլ` մանկության երազանքը չկատարված տեսնելով որոշել էր պատսպարվել զինվորական կամուֆլյաժի մխիթարիչ երանգների ներքո։ Զինվորական կամուֆլյաժի մխիթարիչ երանգների ներքո, քիչ այլ շարժառիթներով, պատսպարվել էինք նաև մենք՝ մեծ ազգի ներկայացուցիչ գնդապետ Նիկոլայ Նիկոլաևիչը և ես՝ երբեմնի մեծ ազգի ներկայացուցիչ մայոր Լևոնյանս, որ միջազգային այս հեռավոր շտաբում կազմակերպված պաշտոնական ընդունելությունից հետո ինչ-որ բանի կանխազգացողությամբ ոտքներս կախ ենք գցել:
– Էհ, սրանք ի վերջո ցլամարտն էլ կարգելեն, արդեն կարելի է Իսպանիայից արտագաղթել: Երկիրը սարքել են գեյերի երկիր, բանը հասել է այնտեղ, որ իշխանության է գալիս այն ուժը, ով պաշտպանում է նրանց զուգավորվելու անբեկանելի իրավունքը,- վրդովված դժգոհում է Ֆերնանդոն կամ մայոր Գարսիան:
– Դե, սեռական պատկանելությունն այսօր որոշվում է ոչ թե աստծո տվածով, այլ ինքնագիտակցությամբ, ինչը մարդու իրավունքների միջազգային կոնվենցիային ավելի համահունչ է,-հենց այնպես, եվրոպական քամիներին տուրք տալով ասում եմ ես:
– Իսպանիայում ցլամարտն արգելելը հավասարազոր է, թե մեզ մոտ էլ օղի խմելը արգելեն,- իր սարսափելի տեսլականն իբր հումորի է վերածում Նիկոլայ Նիկոլաևիչը,- ցլամարտն էլ ռուսական ռուլետկայի պես մի բան է՝ կրակում ես, կրակում ես, մեկ էլ մի օր ամեն ինչ ավարտվում է:
– Ռուսական ռուլետկան հիմարություն է, ինքնասպանություն, ու միայն խաղացողներն են հաճույք ստանում, մինչդեռ ցլամարտը արվեստ է, որ հազարավոր մարդկանց է հիացնում, առնում է իր կախարդական օրորի մեջ ու ամբողջ կյանքի ընթացքում օրորում: Ափսոս, ստիպված էի ընտրել չարյաց փոքրագույնը, եթե ցլամարտիկ չես կարող դառնալ, գոնե տղամարդկության մի փոքր, գուցե վերջին նշույլը պահող ու փայփայող մասնագիտությունը ընտրես, -շարունակում է Ֆերնանդոն:
– Ֆերնանդո դու սխալվում ես, տղամարդկությունը միայն ցուլ կամ մարդ սպանելով չի սկսվում կամ ավարտում։ Իսպանիան արվեստների երկիր է, ֆուտբոլի վերջապես։ Բարսայի պես հրաշալի թիմ ունեք, ի՞նչ ունեք մտածելու,- իմանալով որ արքայական ակումբի՝ Ռեալ Մադրիդի մոլեռանդ երկրպագու է, որոշում եմ հոգու հետ խաղալ:
– Այդ գավառը այդպես էլ ֆուտբոլ խաղալ չսովորեց,- հակառակվում է Ֆերնանդոն,- իսկ ցլամարտն էլ այդ կողմերում վերջերս արգելեցին, իբր մարդասիրական նկատառումներով: Ամբողջ ազգային հավաքականն էլ են պղծել իրենց ներկայությամբ: Իսկ ես զինվորական դարձել եմ ոչ թե մարդ սպանելու, այլ պաշտպանելու համար:
– Ցանկացած զինվորական պրոֆեսիոնալ մարդասպան է,- ասում է Նիկոլայ Նիկոլաևիչը, այնպես որ գլուխ մի արդուկիր, մենք բոլորս անկախ մեր ազգությունից մարդասպաններ ենք, այլ հարց է, որ երբեմն սպանում ենք բարի, ես կասեի` ռազմահայրենասիրական նպատակներով,- աչքներս է խոթում Նիկոլայ Նիկոլաևիչը ու որոշում մինչև վերջ գնալ,- Ֆերնանդո, թողնենք անընդհատ ցլամարտից կխոսես, տղամարդկությունից: Ապա մոտեցիր ծանրաձողին, մի գլուխ գինի ես խմում, մեր երկրում այն համարվում է կանացի խմիչք:
Կանացիության վերաբերյալ ակնարկն ու նետված մարտահրավերը պղտորում է Ֆերնանդոյի գիտակցությունը: Նիկոլայ Նիկոլաևիչը, որ իր տղամարդկությունն էր ապացուցում բոլորովին այլ, Ֆերնանդոյին, ցլերին ու ցլամատիկներին անհասկանալի ճանապարհով՝ բաժակ-բաժակի հետևից կլանելով ընդունելության անսպառ օղին, մի կայծակնային կերպարանափոխությամբ վերածվում է ցլի, իսկ ինքը՝ մատադորի: Ցլի, թե մատադորի արյունը խուժում է Ֆերնանդոյի գլուխը, լցվում աչքերը, խտտում հոգու ամենափխրուն զգայարանները: Ֆերնանդոն թափահարում է լաթը ու շրխկալով սեղանին են հայտնվում օղու բաժակները՝ կորչի գինին:
– Խմենք Իսպանիայի համար,- առաջարկում եմ ես:
– Ռուսաստանի կենացը,- առաջարկում է Ֆերնանդոն:
– Մեծ Հայաստանի համար,- կենացը ամբողջացնում է Նիկոլայ Նիկոլաևիչը:
– Ամեն ինչ շատ վատ է: Իսպանիան ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձավ, բայց գրեթե բոլոր ֆուտբոլիստները գավառից էին, մի բան այն չէր, լիաթոք չէինք ուրախանում: Ցլամարտը կամաց-կամաց մեռնում է: Մնացել է մի ֆլամենկո, այն էլ հիմնականում աղջիկներն են պարում։ Կտկտացնում են կրունկներով ու ափերում թաքցրած կաստանետներով իբր ամբողջ աշխարհը հմայելու առաքելությամբ, այնինչ իրականում հուսահատությունից են աղմկում: Այն օրին ենք հասել, որ քո գեղեցկուհի կինը իր իսպանացի ֆլամենկոյի մարզիչից լավ է պարում։
– Դե, որ իմ գեղեցկուհի կինը իր իսպանացի մարզիչից լավ է պարում, ես մեղք չունեմ։ Մեղավորը դու ես, որ երեք կին ես փոխել, ու ոչ մեկն էլ ֆլամենկո պարել չի սովորել:
– Ես ցլամարտիկ չդարձա, հետևաբար արժանի էլ չեմ, որ իմ կանայք ֆլամենկո պարեն։
– Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի կենացը,-առաջարկում է Նիկոլայ Նիկոլաևիչը:
– Ձեր վերջին՝ Լևոն թագավորի համար, որ կյանքի վերջում Իսպանիա եկավ,- շարունակում է Ֆերնանդոն:
– Ռուս աղջիկների կենացը,- եզրափակում եմ ես:

Ռուսական ռուլետկան արդեն մթագնել է ուղեղս: Մթագնել է Ֆերնանդոյի ուղեղը: Երկուսս էլ զգում ենք, որ ուր որ է՝ կկրակի: Ես ինձ մեղավոր եմ զգում, որ իմ գեղեցկուհի կինը հաղթում է ֆլամեկոյի մրցույթում։ Մեղավոր եմ զգում, որ մեր վերջին թագավորը որպես մխիթարանք նվեր է ստացել Իսպանիայի մայրաքաղաքը, իսկ խեղճ Ֆերնանդոն իր տղամարդկությունն ապացուցելու համար ստիպված է պտտել աշխարհի ամենամեծ երկրից գլխին թափված ռուլետկան։ Մեղավոր եմ զգում, որ Հայաստան եկած առաջին և վերջին ցլամարտը ավարտվել է հայ ոստիկանի ատրճանակի կրակոցով, ուղիղ ցլի ճակատին: Ֆերնանդոն մեղավոր է զգում, որ մանկության խաղը այդպես էլ խաղ մնաց, ու Արմենիան այդպես էլ չազատագրվեց: Նիկոլայ Նիկոլաևիչը մեղավոր է զգում, որ մինչև վերջ չգնացին:
– Տոռո, տոռո…,- կանչում է Նիկոլայ Նիկոլաևիչը:
Կարմիր լաթը, որ իբր կոչված էր ցլին կատաղեցնելու համար, կամաց-կամաց գունաթափվում է, ու Ֆերնանդոն հիշում է մանկության այն հուզառատ պահը, երբ իմացավ, որ ցլերը գույներ չեն տարբերում, ու լաթի կարմիր գույնի իրական առաքելությունը արյան հետքերը նենգաբար թաքցնելն է: Այն ժամանակ նա մինչև լուսաբաց թաքուն արտասվեց։
– Զգու՛յշ, Ֆերնանդո,- բացականչում եմ ես,- ցու՛լը:
– Լցրեք բաժակները,- պոզերն է ցցում Նիկոլայ Նիկոլաևիչը:
Ֆերնանդոն փակում է աչքերը, աչքի առաջ են գալիս իր երեք սիրասունները, որ կրքոտ ֆլամենկո են պարում, գույնզգույն ալիքաձև փեշերի վրա են առնում նրան ու տանում երկինք, դեպի Արմենիա: Հետո մեկիկ մեկիկ գունաթափվում են նաև ֆլամենկոյի գույները, ծառերը, աշխարհը՝ մի գորշ թանձրությամբ ծանրանալով Ֆերնանդոյի մթամած աչքերին:
– Կրակիր, քո հերթն է,- սաստում է Նիկոլայ Նիկոլաևիչը, բայց Ֆերնանդոն այլևս չի արձագանքում:
Ցուլը հաղթեց,- գոռում եմ ես:
Ցլամարտն էլ ռուլետկայի պես մի բան է՝ կրակում ես, կրակում ես ու մի օր խփում է:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *