Զարինե Սառաջյան | Ժողովրդական բանահյուսությունը ազգային արժեհամակարգում

Զարինե Սառաջյան

Արմեն Սարգսյան «Արցախի բանահյուսությունը»

Արմեն Սարգսյան «Արցախի բանահյուսությունը»

Ասում են` եթե ուզում ես ճանաչել մի ժողովրդի, նախ եւ առաջ ծանոթացիր նրա բանահյուսությանը, որտեղ արտացոլված են տվյալ էթնոսի հոգեկերտվածքը, ավանդույթները, սովորույթները, կենցաղը, ընտանեկան բարքերը, մտածողությունը, աշխարհայացքը եւ այլն: Բանահյուսությունը հայ ժողովրդի ազգային արժեհամակարգում իր ուրույն և առանձնահատուկ տեղն ունի և, ինչպես Հովհ. Թումանյանն է ասում, նրանով սնվում են գրեթե բոլոր արվեստները, հատկապես գեղարվեստական գրականությունը:

Ու չնայած բանահյուսության սկզբնավորումը յուրաքանչյուր ժողովրդի ձևավորման ու զարգացման հետ է կապված, այնուամենայնիվ, բանագիտությունը համաշխարհային իրականության մեջ ձևավորվեց միայն 19-րդ դարի սկզբներին` Գրիմմ եղբայրների, հատկապես` Յակոբ Գրիմմի կողմից: Եվրոպական առաջավոր երկրների բանագիտական մտքի ազդեցությամբ մեր երկրում եւս սկսեց կարեւորվել բանահավաքչական աշխատանքը եւ կիրառության մեջ դրվեց «ժողովրդական բանահյուսություն» եզրույթը: «Առաջ եկան բանահավաքներ,-նկատում է Մ. Աբեղյանը,- որոնք, գործ ունենալով մի շարք հասարակական երևույթների հետ, լուսաբանում էին տվյալ դարաշրջանին հատուկ հասարակական- քաղաքական հարաբերությունները»:
Հայ ժողովրդական բանահյուսությունը հարուստ է, բազմաժանր ու բազմաբովանդակ: Սկզբնավորվելով դեռեւս անհիշելի ժամանակներում` այն նոր շունչ ստացավ Գարեգին Սրվանձտյանցի գիտական, բանահավաքչական աշխատանքով ու ստեղծագործություններով: Եվ ոչ միայն: Հայ բանագիտության անխոնջ մշակների շնորհիվ այսօր ժողովրդական բանահյուսությունը ներկայանում է, ինչպես նշում է Ա. Ղանալանյանն իր «Հայ ժողովրդական բանահյուսություն» գրքում, հարուստ գանձարանով, գլուխգործոցներով. «Հայկական բանահյուսության հարստության պերճախոս ապացույցներն են XIX և XX դդ. գրի առնված շուրջ 2000 հեքիաթները (տպագիր և անտիպ), 5000-7000 երգերը, մոտ 40000 առած-ասացվածքները, «Սասունցի Դավիթ» էպոսի 50-ից ավելի տարբերակները, բազմաթիվ զրույցներ, ավանդություններ և այլն»:
Վերջերս ընթերցողի սեղանին դրվեց մի ստվարածավալ աշխատություն եւս` «Արցախի բանահյուսությունը» վերտառությամբ, որը բանասիրական գիտությունների թեկնածու, բանագետ Արմեն Սարգսյանի երկարատեւ ու տքնաջան աշխատանքի արգասիքն է: Այն, իրավամբ, կարող ենք ասել, որ արցախցուն, նրա կենսագրությունը, բնավորությունը, մտածողությունը ճանաչելու լավագույն գիրք-ուղեցույց է: Այս ժողովածուն գալիս է համալրելու հայ ժողովրդական բանահյուսության հարուստ գանձարանը:
Ժողովածուն ընդգրկում է բանահյուսական 8078 արցախյան բնագիր`գրառված հեղինակի կողմից` 1992-2014 թթ. հանրապետության գյուղերի ու քաղաքների հարյուրավոր բանասացների միջոցով: Գիրքը կազմված է ներածությունից, բանահյուսական տարբեր ժանրերի գործերից, ծանոթագրությունների աղյուսակից, բառարանից ու ցանկերից: Բանահյուսական գործերը երեք բաժին են կազմում, որոնցից յուրաքանչյուրը ներառում է համապատասխան ժանրերի նյութեր:
Առաջին բաժինը` վիպական բանահյուսությունը, ներառում է հեքիաթներ (22 միավոր), ավանդություններ (266 միավոր), առակներ (86 միավոր), զվարճախոսություններ (592 միավոր):
Երկրորդ` քնարական բանահյուսություն բաժինը, բաղկացած է խաղիկներից (237 միավոր) եւ չափածո այլ ստեղծագործություններից (21 միավոր):
Երրորդը`ասույթաբանական բանահյուսություն բաժինն է`բաղկացած առած-ասացվածքներից (3388 միավոր), անեծքներից (709 միավոր), օրհնանքներից եւ բարեմաղթանքներից (369 միավոր), հանելուկներից (734 միավոր), գյուղերի եւ քաղաքների մականուններից (119 միավոր), մարդկանց մականուններից (1307 միավոր), շուտասելուկներից (24 միավոր), հանգախաղերից (204 միավոր):
Ծանոթագրությունների աղյուսակում ներկայացվում են վիպական եւ քնարական բանահյուսության բոլոր բնագրերի համարները, վերնագրերը, բանասացի անուն-ազգանունը, ծննդավայրն ու ծննդյան թիվը, նյութի գրառման վայրն ու տարեթիվը:
Բառարանում հեղինակը ընդգրկել է ժողովածուի մեջ գործածված դժվար հասկանալի, հիմնականում բարբառային եւ փոխառյալ բառերն ու դարձվածներն` իրենց բացատրություններով:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ հեղինակը խստորեն պահպանել է բարբառային տառադարձությունը, իսկ վիպական եւ քնարական բանահյուսության ժանրերի բոլոր բնագրերում նաեւ տվյալ խոսվածքի առանձնահատկությունները:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի գրքի ներածությունը, որտեղ գիտական լուրջ հիմնավորումներով առանձին ենթաբաժիններում հեղինակը ներկայացնում է Արցախի համառոտ պատմությունը, բանահյուսության հավաքման ու հրատարակման պատմությունը, ժողովածուի բանագիտական վերլուծությունը եւ Ղարաբաղի բարբառի հնչյունաբառաքերականական օրինաչափությունները:
Հետաքրքիր է հեղինակի պատմական ակնարկը ներածության մեջ. «Արցախը, որ տարբեր արձանագրություններում եւ պատմական աղբյուրներում հիշատակվում է Արդախ, Օրխիստինե, Արցախ, Խաչեն, Արցախամուր աշխարհ, Փոքր Սյունիք, Ղարաբաղ եւ այլ անուններով, պատմական Հայաստանի 10-րդ նահանգն է, որը զբաղեցնում էր Կուր եւ Արաքս գետերի միջեւ ընկած հարթավայրի զգալի մասը ու դրանից դեպի արեւմուտք`Աղստեւ գետի ավազանից մինչեւ Արաքսի հովիտը ձգվող լեռնային ու նախալեռնային ամբողջ տարածքը: Երկրամասը մ. թ. ա. 9-6 դարերում ընդգրկվել է Ուրարտական պետության կազմում, իսկ մ. թ. ա. 6-րդ դարից կազմել Հայաստանի անբաժանելի մասը, որի մասին փաստացի տեղեկություններ կան տարբեր սեպագիր արձանագրություններում, հին հունական ու հայ պատմիչների վկայություններում»:
Ուշագրավ մի հանգամանք եւս. գիրքն ընթերցողի սեղանին դրվեց այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը, ապրիլյան իրադարձությունների պատճառով, կրկին սեւեռված էր Արցախի վրա, երբ ազերական ագրեսիան սկսեց ակտիվանալ ոչ միայն ռազմադաշտում, այլ նաեւ` քարոզչական դաշտում` վերախմբագրված պատմությամբ ու ապատեղեկատվությամբ մոլորեցնելով միջազգային հանրությանը:
Արմեն Սարգսյանի «Արցախի բանահյուսությունը» գիրքը համալրում է պատմական արդարությունը փաստարկող այն աշխատությունների ցանկը, որոնք վկայում են, որ Արցախը Հայաստան է, եւ Արցախի անդրենածին ժողովուրդը հայն է, որ ապրել եւ արարել է այստեղ վաղնջական ժամանակներից: Հայտնի է, որ բանահյուսական նյութը լուրջ հենք է համարվում պատմագիտության, ազգագրության, էթնոլոգիայի, գրականության, արվեստների համար: Այս առումով, բնավ չստվերելով Արցախի բանագիտության մյուս երախտավորների աշխատանքը` Ա. Ղազիյան, Լ. Հարությունյան եւ ուրիշներ, պիտի խոստովանենք, որ Արմեն Սարգսյանի վերոհիշյալ գիրքն իր տեսակով եզակի ու նախադեպը չունեցող աշխատություն է, որը, կարելի է ասել, Արցախի ու արցախցու մասին պատմող մի յուրահատուկ հանրագիտարան է, որտեղ արցախցին ներկայանում է իր բնավորությամբ, պատմական ճակատագրով, պատկերավոր մտածողությամբ, հնարամտությամբ, կենսասիրությամբ, քաջությամբ, աշխատասիրությամբ, ճշմարտախոսությամբ, հայրենասիրությամբ, հումորով, հյուրասիրությամբ, բարոյականությամբ, աստվածապաշտությամբ, խառնվածքով, կենցաղով եւ այլն:
Ղարաբաղցէն ըստըղավ-ընդըղավ չի ընգընում, խօսկը քյասմա յա ասում:
Ղարաբաղցունը օթընա, թօթը, թիյին կօթը:
Աստուծ ընօղանց ա տամ:
Աստուծ դյարդը տամ ա, դյարմանըն էլ նըհըէտը:
Նամուսը վըննատակ չըն տալ:
Ըստուծէն քանդյած տօնը կընեգյը կըշինի, ամմա կընգանը քանդյածը Աստուծ կարել չի շինի:
Թօրքէն նըհըէտ հընգըրօթուն ըրա, մըհակը ծըէրքատ վէր մէլ տինիլ:
Թօրքէն չըքէրանը թակիս վէչ, աշնա չի տըէռնալ:

Ժողովրդական այս եւ մյուս բանաձեւումների մեջ մենք բացահայտում ենք մեր ժողովրդի դիմագիծն ու ազգային հոգեկերտվածքը:
Արմեն Սարգսյանի «Արցախի բանահյուսությունը» գիրքը լուրջ ներդրում է հայ բանագիտության բնագավառում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *