Իոսիֆ Բրոդսկի | Բանաստեղծություններ

Իոսիֆ Բրոդսկի

ՍՈՒՐԲ  ԾՆՆԴՅԱՆ ՌՈՄԱՆՍ

                 Եվգենի Ռեյնին, սիրով

Լողում է թախծոտ անթարգմանելի
անձկության միջով աղյուսաշինվածք
գիշերամակույկն ահա լուսերիզ
հին զբոսայգուց Ալեքսանդրյան,
անմատույց ու գոց լամպն է երերում`
բացվելով ինչպես դեղնատխուր վարդ
սիրելիների գլխավերեւում,
անծանոթների ոտքերի առաջ։

Լողում է թախծոտ անթարգմանելի
գինեմոլների պարսը լուսնաքայլ.
մայրաքաղաքը կեսգիշերային
լուսանկարեց մի օտարական։
Ահա դառնում է դեպի Օրդինկա
տաքսին՝ իր հիվանդ ուղեւորներով,
մեռյալներն են դեռ կանգնած գիրկընդխառն
մենատների հետ նախկին ու նոր։

Լողում է թախծոտ անթարգմանելի
մայրաքաղաքում երգիչը թախծոտ,
կլորիկ դեմքով դռնապանն էլի
տխրում է նավթի հին կրպակի մոտ,
շտապ իջնում է խղճուկ փողոցով
սիրեկանը ծեր ու դեռ սիրելի,
հարսանքավորի հանդեսը անցնող
լողում է թախծոտ անթարգմանելի։

Մշուշների մեջ, գետեզրից այն կողմ,
անմեղի դուռն է աղետը բախում,
մոլորվում է մութ սանդղահարթակում
եբրայերենի մեղեդին տխուր,
ու սիրուց մինչեւ անուրախություն,–
Նոր տարվա շեմին, նախակիրակի,–
պատկերք սիրունն է թեթեւ թելածում՝
չթարգմանելով թախիծը կրկին:

Պաղ իրիկունն է աչքերում լողում,
փաթիլն է դողում վագոնի վրա,
սառցեղեն քամին, քամին անողորմ
գրկում է ձեռքդ ձեռնոցի նման։
Մեղր է ծորում դեղին լույսերից,
հալվայի անուշ բույրեր են բուրում,
ճրագալույցն է կարկանդակր իր
մեր գլուխների վրայով բերում։

Նոր տարիդ ինչպես մուգ կապույտ ալիք,
մութ ծովի միջով մայրաքաղաքի
լողում է թախծոտ անթարգմանելի՝
ասես թե կյանքր կսկսվի կրկին,
ասես կլինեն դեո եւ’ փառք, եւ՛ լույս,
եւ հաջողակ օր, եւ՛ լիուլի հաց։
Ասես դեռ կյանքր աջ է դառնալու,
երբ հակվել է ձախ։
1962

 

ԷԼԵԳԻԱ
Մ.Բ.

Սիրելիս, էլի նույն պանդոկն է, նույն
այլանդակության պատկերը պատին։
Նույնն են գները։ Գինի՞ն.
չեմ կարծում– ոչ լավն է, ոչ վատ։
Ոչ մի տեղաշարժ, ու լավը դա է։

Փոստային գծի օդաչուն մենակ,–
հրեշտակն անկյալ,– օղի է խմում,
ջութակներն էլի առաջվա նման
հուզում են սիրտս։ Ու պատահանում՝
տանիքներ,– ճերմակ,– կասությունն ինչպես։
Զնգում է զանգը։ Ու մութ է արդեն։

Դու ստում էիր: Ինչո՞ւ: Եվ ինչո՞ւ
լսողությունս սուտ ու ճշմարիտ չի զանազանում,
այլ պահանջում է նորանոր բառեր՝
եւ’խուլ, եւ՚ օտար,  եւ’քեզ անծանոթ,
բայց բառեր, որոնք, ինչպես անցյալում,
կարող են հնչել միայն քո’ ձայնով։
1968

***
Մ.Բ

Ես այն եմ միայն, ինչին դու
քո բարակ մատներով ես դիպել,
եւ ինչին գիշերը սեւաթեւ
նայել է հայացքով քո արթուն։

Ես այն եմ միայն, ինչ այնտեղ
ներքեւում տեսել ես. աղոտ
գծերը անդեմ ու անհաղորդ։
Իսկ դեմքը հետո է հստակվել։

Այդ դու ես, որ արարեցիր
տաք շշուկի շոյանքով տաք
մի օր իմ աջ եւ իմ ահյակ
ականջների լսախեցին։

Այդ դու ես, որ խաղով այսպես
իմ ի ծնե համրացածի
շրթունքներին ձայն դրեցիր.
իմ ձայնը, որ կանչում է քեզ։

Եվ կույր էի ես պարզապես։
Դու ծագելով ու մարելով՝
շնորհեցիր տեսողություն։
Ընդմիշտ հետք են թողնում այդպես։

Եվ աշխարհներ են արարում,
ապա նրանց հեշտ ու թեթեւ
թույլ են տալիս, որ պտտվեն`
շնորհները շռայլելով։

Այդպես, շոգ ու պաղին տալով,
մեկ լույսի մեջ, մեկ՝ խավարի,
տիեզերքումնախարարիչ երկրագունդն է շրջում մոլոր։

 

ԼԻԿՈՄԵԴԵՍԻՆ, ՍԿԻՐՈՍ
                                                   Մ.Բ.
Քաղաքն եմ լքում, ինչպես Թեսեւսե իր լաբիրինթոսը՝
Մինոտավրոսին թողնելով այնտեղ, որ գարշահոտի,
եւ Արիադնեին՝ Բաքոսի գրկում
սեր ղունղունալու։ Հաղթանակն ահա։
Հաղթահանդեսը մեծագործության։
Աստված այնժամ է հանդիպում սարքում,
երբ կենտրոնում մեր գործը ավարտած՝
դեգերում ենք դեռ ամույտներում՝ որսը ձեռներիս,
ընդմիշտ մեկնելով այս վայրերից, որ
այլեւս երբեք չվերադառնանք։

Վերջապես, միշտ էլ սպանությունը սպանություն է։
Մահկանացուի պարտքը՝ որ խմբվեն,
մարտի ելնելով հրեշների դեմ։
Բայց ով է ասել, թե հրեշները անմահ են լինում։
Ու որպեսզի մենք մեգ պարտվածներից բարձր
չդասենք,
Աստված խլում է ցանկացած պարգեւ՝
ցնծուն ամբոխի աչքերից թաքուն։
Ու հրամայում, որ լռենք։ Ու մենք մեկնում ենք
անդարձ։

Հիմա արդեն եւ– իսկապե՛ս ընդմիշտ։
Չէ որ եթե մարդ կարող է կրկին
վերադառնալ իր հանցանքի վայրը,
ապա այնտեղ, ուր ստորացվել է,
դառնալ չի կարող։
Եվ այս կետում են ծրագիրն Աստծո

ու նվաստացման մեր զգացումը այնպես
համընկնում,
որ մեր թիկունքում մնում են՝ անթարթ
գիշերը, նեխող գազանը, ցնծուն ամբոխները եւ
տները՝ իրենց խուլ կրակներով։
Բաքոսն է մթնում դեռ ղունղունում իր
Արիադնեի հետ։

Ես երբեւէ ստիպված եմ վերադառնալ…
Ե՛տ։ Դեպի տո՛ւն։ Հայրենական օջախի մոտ։
Եվ իմ ճամփան այս քաղաքի միջով կանցնի։
Աստված տա, որ այնժամ ինձ հետ
չլինի իմ սուրը երկսայր, սովորաբար քաղաքները,
նրանց համար, որ ապրում են քաղաքներում,
սկսվում են կենտրոնական հրապարակ–
աշտարակից։
Արվարձանի՛ց – եկվորների համար սակայն։
1967

 

ՅՈԹ ՏԱՐԻ ԱՆՑ
Մ.Բ.

Միասին այնքան երկար ապրեցինք,
Որ երեքշաբթին դարձյալ հունվարի երկուսն է։
Հոնքը՝զարմանքից կեռված,–
ինչպես մաքրիչը քո դիմապակուց ցեխը հալածի,–
դեմքից վանում է աղոտ թախիծը,
որ հեռապատկերն անաղարտ բացվի:

Միասին այնքան երկար ապրեցինք,
որ ձյունը,– եթե ձյուն տեղա հանկարծ,– թվում է ընդմիշտ։
Որ քո աչքերը չկկոցվեին,
ես գոցում էի ափով,ու կոպը,
չհավատալով, որ այդպես իրեն փրկել են փորձում,
փակվող ափի մեջ ջղաձգվում էր ինչպես թիթեռնիկ։

Մենք օտար էինք այնքան ուզածդ նորաձեւության,
որ երազի մեջ մեր ինքնամոռաց գրկախառնումը
վարկաբեկումն էր հոգեվերլուծում կոչվող գիտության։
Շուրթերդ հանկարծ ողջր մոռացած, միանում էին,–
ասես մեկ ուրիշ գործ չունենալով,–
կիսատված մոմը մարող շուրթերիս։

Միասին այնքան երկար ապրեցինք,
որ պաստառներին վարդերը դարձան
կեչու անտառակ։ Ու փող ունեցանք։
Ու երեսուն օր ջրերի վրա
մեզ բազմալեզու հրդեհներով Էր
սպառնում Թուրքիո մայրամուտը ալ։
Միասին այնքան երկար ապրեցինք,
առանց գրքերի, կահույքի, մեր հին
բազմոցին՝ ընծա բարեկամներից,
որը մինչեւ այդ եռանկյունի էր՝
շեղակի դրված
երկու միաձույլ կետերի վրա:

Նրա հետ այնքան երկար ապրեցինք,
Որ ստվերներից մեր սարքեցինք դուռ:
Մեկ է. քնա՞ծ ես, թե գործիդ ես դու.
փեղկերն իրարից չէին բաժանվում մազաչափ անգամ։
Հավանաբար հենց այդ դռներով Էլ մենք սահեցինք դուրս
ու ետնամուտքով ելանք ապագա։

 

ՈԴԻՍԵՎՍԸ՝ ՏԵԼԵՄԱՔՈՍԻՆ

Իմ Տելեմաքոս, Տրոյական
պատերազմը արդեն ավարտված է։ Թե ով
հաղթեց՝ լավ չեմ հիշում։ Գուցե մերո՞նք.
լոկ հույներն են կարող պատերազմում այդքան
մեռյալ թողնել իրենց տունուտեղից հեռու…
Ինչեփցե։ Բայց տուն առաջնորդող ճամփան
երկարել էր այնքան, ասես Պոսեյդոնը,
քանի մենք դեռ ժամ ու ժամեր էինք մսխում,
հավելել էր, ձգել տարածությունն։ Ապա՝
ես չգիտեմ՝ ուր եմ, նաեւ ի՞նչ եմ տեսնում.
ինչ-որ կեղտոտ կղզի, շինություններ, թփեր,
ինչ-որ այգի անտեր ու թագուհի ինչ-որ,
խոզերի խուլ խռռոց, քարակույտեր ու խոտ…
Իմ սիրելի տղաս, կղզիները բոլոր
միշտ նման են իրար, երբ երկար ես շրջում,
խռնվում է թիվը ալիքների,
երբ հորիզոնով խոցված աչքերդ
արցունք են լափս, եւ ականջներիդ
խեցին խցում է միսը ջրեղեն։ Չեմ հիշում ինչով
ավարտվեց այնտեղ պատերազմն, ու դու
քանի” տարեկան պիտի լինեիր հիմա-չեմ հիշում։

Մեծացի՛ր, տղաս, մեծացիր։ Միայն
աստվածներն է, որ գիտեն՝ կտեսնե՞նք
իրար վերստին։ Դու հիմա արդեն
այն երեխան չես, ում առջեւ խաղով ցուլ էի գետնում։
Եթե չլիներ Պալամեդեսը՝ կապրեինք մեկտեղ,
բայց գուցե նա է ճիշտը, առանց ինձ
դու ապահով ես էդիպոսի մութ կրքերից, ու քո
երազներն են դեռ մանկան պես անմեղ։
1972

Թարգմանությունը` Ներսես Աթաբեկյանի

ՍԵՐ

Գիշերն արթնացա երկու անգամ եւ
պատուհանին հասա,– լապտերները վառ,
կտորտանքը խոսքի՝ երազում ասված,
ոչնչի տանող բազմակետի պես
ինձ չեն նվիրել ոչ մի սփոփանք։

Դու երեւացիր հղի եւ ահա
ապրելով երկար քեզ հետ բաժանված,
ես մեղա եկա, եւ ձեռքերս պաղ
շոշափեցին քո որովայնը տաք,
իսկ իրականում՝ փնտրելով տաբատն ու

անջատիչը տան։ Ել զառանցելով
պատուհանի մոտ՝ իմացա, որ քեզ
մենակ եմ թողել խավարի գրկում,
ուր համբերատար դու սպասել ես ինձ
եւ մեղք չես բարդել հոգուս, երբ կրկին

վերադարձել եմ թյուրիմացաբար։ Քանզի
խավարում երկարում է այն, ինչ ընդհատվում է
լուսավոր պահին։ Այնտեղ մենք զույգ ենք՝
սիրով պսակված, մենք երկգլխանի հրեշն ենք,
դե իսկ երեխաներ՛ը՝ արդարուցումը
մերկությանը մեր։

Ինչ-որ ապագա գիշերով դարձյալ
դու կգաս հոգնած, տրտում ու նիհար,
եւ կտեսնեմ ես որդուս, դուստրիս կամ,
անանուն են դեռ,– այդժամ չեմ դիպչի
անջատիչին ես, չեմ հեռացնի

ձեռքերս քեզնից, ու հավիտյանս մենակ
չեմ թողնի քեզ մթության մեջ՝ ստվերների հետ՝
անխոս, օրերի ցանկապատի դեմ,
իրական երթից՝ օրորուն, կախյալ,
նրա հանդեպ իմ անմատչելիությամբ։
փետրվար, 1971

***
Հիմա, երբ ավելին գիտես կյանքիս մասին –
քաղաքների, բանտերի, սենյակների մասին,
ուր կորցրել եմ խելքս, բայց չեմ ցնորվել,
եւ ծովերի մասին, որտեղ խեղդվում էի,
եւ նրանց՝ որոնց չպահեցի ավաղ գրկիս
տաքությունում, հիմա կարող ես հոգոցով ասել.
«Բախտր սիրում էր նրան շռայլորեն»,–
եւ սեղանի շուրջ հավաքվածներր
գլխի շարժումով միտքդ կհաստատեն։

Ո՞վ գիտե՝ գուցե իրավացի ես։ Արժանիքներիդ
գումարիր նաեւ հեռատեսություն։– Այն
տարիներին, երբ խաղում էինք
կինոթատրոնին կից պանելի վրա,
ռ՞վ կմտածեր ձեռքի մատներից
ավելի երկար բաժանման մասին,
որ չռված էին գիր-ղուշ խաղալիս։

Ոչ ոք։ Ձեռքերի թափահարումն անհոգ՝
իբրեւ հրաժեշտ փողոցի ծայրին,
առաջին գիծ էր դարձել ջրբաժան, օտար
եզերքում օդն ավելի շատ վատմանի է նման,
եւ անձրեւներր ընդգծում են բյուր հետքերր անփույթ,
որոնց չի կպել ռետինր կապույտ։

Չգիտեմ, գուցե հենց այս պահին, երբ
սույն տողերն եմ գրում՝ ինքնասույզ նստած
Ամերիկայի կենտրոնում աղյուսաշեն հառած՝
քեզ անհայտ, փոքր քաղաքում, կրկին
դու թրեւում ես դեպի շենքն այն,
որի չչորացող պատերի ներքո
տոչորվում է էլի մի ջահել սերունդ՝
աչքերր պլշած գորշակարմրավուն
բծին՝ անլեգալ նույն կիսագնդի։

Հակիրճ՝ վատթար բան չի~ եղել երբեք։
Վատթարր միայն վեպերում է լինում,
եւ նրանց հետ, որոնք այնքան լավն են մեզնից,
որ նրանց իսկույն աչքից կորցնում ենք,
եւ արձագանքներր նրա ողբերգության
կտցարի երգի հետ են միախառնվում,
ասես՝ աէրոպլանի գվվոց բարձրաթիռ՝
ծաղկաբույլում խրված մեղվի տժժոցի հետ։

էլ չենք տեսնվի մենք – քանզի ֆիզիկապես
անճանաչելիորեն փոխվել ենք սաստիկ։
Եւ նույնիսկ եթե մենք հանդիպեինք –
այն, ինչ մեր մարմնին ժամանակն է
արել՝ խնայելով լոկ ոսկորք, շանն անգամ
լակամանից իր չի կռահի բնավ
հոտով եւ ոչ էլ վերքով եկվորի։

Շռայլությու՞ն է, ասում ես… Այո՜,
բայց ծովի շռայլք՝ տաշեղի հանդեպ։
Դե ինչ, ով բախտից իր չի տրտնջում,
նրան նա իսկի արժանի չէ։ Բայց
թե ժամանակն իր գործածի մասին
դատեր հուշերի անորոշությամբ,
կարծում եմ՝ դեմքիդ շառագույնր վառ
կարող է ներկել բրոնզե անդրի
կամ՝ դեռ չվատնած կոպեկդ վերջին։
1984

***
Գալիս է ձյունը՝
ողջ աշխարհը մատնելով փոքրամասնության։
Այդ պահին խրախճանք է Պինկերտոնների մոտ,
եւ բռնացնում ես քեզ այն էության մեջ,
որ անփութության դրոշմն է կրում։
Նման գյուտի դիմաց չեն պահանջում կաշառք,–
լռությո՜ւն է իջել շրջակայքին։
Որքա՞ն լույս է լցված աստղի բեկորում…
կեսգիշերին… ինչպես փախստականները նավակի մեջ։
Մի՛ կուրացիր, նայի՛ր։ Դու նույնպես որբ ես,
հերձվածող, գարշանք, օրենքից դուրս։
Թե քրքրես հոգիդ, ոչինչ չես գտնի։ Բերանիցդ
գոլորշու քուլա է ելնում, ինչպես դեմք դեւի։
Աղոթիր բարձրաձայն, որպես մի երկրորդ
Նազարեթցի եւ
ցավիր հանուն զույգ կիսագնդերում առատ
ընծաներով
թրեւող ինքնահռչակ տիրակալների եւ ՚
հանուն օրորոցային բոլոր մանկանց։
1985

Թարգմանությունը` Հրանտ Ալեքսանյանի

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *