ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ | ԵՍ ՄՆՈՒՄ ԵՄ, ԵՐԿԻՐ

Կարեն Անտաշյան
***
Սահմաններ չկան:
Սահմաններ իրոք չկան,
բայց համակ օտար տարածության
մասնավոր այդ դեպքը՝
ցավացող
մարմնագույն քարերի եզերքը
արյունատար համակարգիս է սերտաճել:
Մարմնիս շարունակությունն է
Երկիրը:

***
Ես տղավարի ուզում եմ,
որ դու մեռնես իմ տակ
անմահության հաճույքից,
հեշտանքից բառաչելով,
ջահել՝ ծոցդ լիքը ծաղիկ
արնակարմիր աստղածաղիկ…
…անթառամների խաբկանք՝
սև քար կտրած երկիր,
ուրիշին բացվելու փոխարեն
ջահել մեռնելու վերջին առիթը
ե՞րբ բաց թողիր:

***
Համովս, համով հող… դամբուլի համով,
հիմա շատերն են սպառնում հեռանալ՝
զավակներդ, որ մեծացան քեզ ուտելով:
Դու փոքրացար, փոքրացար, գորշացար,
ծծերդ ցամաքեցին,
համովս… լեռան ժանգի համով:
Սովը մտածելու ժամանակ չի տալիս –
գիշերով կգնան.
չտեսնելու կտաս, մնացածին կգրկես,
տաք կպահես՝ կանցնի:
Հետո նամակ կգրեն ուրիշ բաների մասին
կամ փող կուղարկեն տխուր առիթներով:
Համովս… անմահամով:

***
Երկիրը գույնի գերակշռությունն է.
նվազագույնը՝ ցամաք հաց,
առավելագույնը՝ պորտը ծակ ծովատ քար –
կախիր վզիցդ այլածին դևերի դեմ:
Բա ուրիշ ի՞նչ անես:
Ջրհեղեղները կհեղեն արյանդ ազնիվը,
արտերիդ պարարտությունը կտանեն
ուրիշ գետերի միանալ շտապող առվակներդ –
ինքնագլուխ ու բիթի,
շանթերը կխայթեն քաչալ գլուխդ,
կարկուտը կծեծի էլի էն նախածեծած տեղերդ,
միջանցիկ քամիները թռչունակ սերմերդ կքամեն
հյուսիսից հարավ շաղելով և արևելքից արևմուտք –
քեզ կմնան միայն դոդերն ու քարթուներն… ինձ պես
ում լեզվին դառն ու ժամանակավրեպ կնստի
արևապաշտ մեռելներիդ անընթեռնելի գիրը…
Ոտատակի մաշված քարի կենսափորձով,
«ի հեճուկս» ապրելու կամքով պնդաճակատ,
քեզ կազմողների նստակյաց էգ ու որձով
վհատ, վհատ, վհատ…
լավ, ե՞րբ է գալու քո կանաչ եղանակը:

***
Սրբազան մեռելների երկիր,
խնամքով մեռելապատված սարալանջերի,
մեռլակոխ այգեստանների երկիր,
մեռելապաշտ ջահելների ու ահելների,
մեռլատնային ծիսակարգը հսկողների,
մեռլահացի ճոխը գնատատող երկիր,
մեռելոց հանգույն ապրողաց երկիր –
Մեռելաստան,
մեռնելու տեղ…

ապրելու տեղ դարձիր:

***
Գնալ:
Գնալ՝ մնալ:
Գնալ, մնալ՝ հետ գալ:
Գնալ – գալ:
Այցելել:
Եկիրը
ոչ թե կենսապայման է, այլ
անպայման,
ինչպես ինձ նախընթած ամեն ինչ:
Ես մնում եմ:
Լքելն ազատվել չէ
անգամ
քարուքաքոտ երկրից:
Ես մնում եմ
ինձ հետ
նոր օրից:

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *