Կարինե Մարտիրոսյան | Լեռան խորհուրդը. ճշմարտության եւ լույսի որոնումները «Մհերի դռան գրքում»

Կարինե Մարտիրոսյան

«…Գնա, չկանգնես, գնա: Եթե միշտ գնաս, միայն այդ
դեպքում կարող ես Ագռավաքարով հոսող Մհերի միջով
անցնել, եթե կես ճանապարհից վերադառնաս, Մհերի
վերածնունդը կիսատ կմնա»:
Լեւոն Խեչոյան

Իր՝ ազգային վեպ-«Մհերի դռան գիրքը» Լեւոն Խեչոյանը մերթ անվանում է հավատամքային վեպ, մերթ՝ երկրի հասարակական եւ քաղաքական վիճակների վրա անմիջապես ազդեցություն ունեցած օրենսգիրքը կամ դավանաբանական անսահմանության խորքերում անհատի երջանկության ճանապարհի որոնման ուղենիշը, մերթ էլ՝ Սասնո գավառների վրա իշխող տերերի ավանդագիր հիշատակարանը: Այն, ի վերջո, ճշմարիտ, խոշոր իրողությունն է:
Հետաքրքիր ու ինքնատիպ այս գործն ընթերցելիս մեր աչքի առջեւ ակամա առանձին հարթակ գրավեց գրողի՝ երեւույթների հատկապես մի շարքի մեծ խորհուրդը բացահայտելը: Վեպին մոտենալու փորձ անենք այս տեսանկյունից:
Գրքի ներքին հզորությունը ապահովող բազմաթիվ տարրեր են ներդրված: Դրանք մի դեպքում ուղղակիորեն են նշվում, մեկ այլ դեպքում առկա է նրանց միայն էներգետիկ դաշտը: Եվ վեպի՝ պարզապես անհերքելի, գրեթե նյութականության հասնող ուժը գալիս է հողից, ջրից, լեռան վեհությունից, աղից, ցեղի արյան ներքին հոսքից, գեներից ու շիրիմներից…
Նշվածներից առանձնացնենք լեռը: Լեռը նյութական լինելուց զատ եւ առաջին հերթին հոգեկան ոլորտից է, ինչպես գրողն է նկատում, բջիջներով է ըմբռնվում, ազգայի՛ն բջիջներով եւ անհատի ու ազգի ներքնազգացողությամբ: Գրողը վկայակոչում է նախնիներին. «Իմ նախնիների հավատամքը սովորեցնում է՝ լեռը երբեւէ չի էլ բացատրելու՝ ինչու է ինքը կանգնել այդտեղ եւ ոչ ուրիշ տեղ: Աստվածները չեն բացատրում, այլ օրենքներ են հրապարակում: Գտնվելով այդտեղ՝ լեռն աշխարհի ապրելն է մեկնում, ցույց է տալիս սահմանի անսահմանությունը… Ժողովրդին օգնելու նպատակով լեռը ժամանակից ժամանակ խորքից ջրերի հետ՝ կնոջը ճշմարտության զավակի հյուլեն է ուղարկում, որպեսզի որդին գա մեր աշխարհը՝ լույսի ու խավարի հավասարակշռությունը պահպանելու»:
Հեղինակի ասելիքի մեծությունը ակնհայտ է. լեռան կուրծքը, լինելով աստվածային, նաեւ լույսի ու ճշմարտության, ի վերջո, իրական դառնալու խորհուրդն ունի: «Լեռը անսահման է, ընդերքից է գալիս եւ մագլցում տիեզերք… Այն ժամանակը, որ մեռցնում է ամենայն շնչավորին, նրա համար ժամանակ չէ»: Լեռը եւ հատկապես «Ագռավաքարը երկրի եւ անդրաշխարհի պորտալար, ելումուտի դարպասն էր, միջօրեականի այնտեղով անցնելու պատճառով քրմերն այն որպես գալակտիկայի կենտրոն, աշխարհարարման նորաստեղծ մայրական արգանդի օրինակ են երկրպագել»: Ուրեմն՝ նաեւ տիեզերական ուժերի հետ է կապվում լեռան խորհուրդը: Եւ ամենեւին էլ պատահական չէ, որ Մհերը հանձնվել է հենց այս լեռանը. լեռը հավիտենական է ժամանակի եւ տարածության մեջ, այն հավերժության խորհրդանիշն է, ուժը, ճշմարտությունը նրա ներսում է հավերժին ի պահ տրված՝ ակնկալիքով, որ ամեն պահի, անսպասելի, «նախաստեղծ սկզբի մեջ՝ որպես բարձրագույն ոգի՝ գարեհատիկի՝ ընկույզի չափ դառնալու» ժամանակ, ասել է թե՝ «աշխարհի պարբերական քանդում-վերակառուցման միջոցով դեպի «ամբողջը, մեկը» վերադառնալիս, երեւան պիտի գա իրական ճշմարտությունը:
Աշխարհի արարչության սրբազան խորհրդաբանությունը եւ մարդը իբրեւ անհատ. բազմակողմ եւ բազմիմաստ են հեղինակի արտահայտած մտքերը: Նախ՝ «Մհերը մտնելով Ագռավաքար՝ նախաստեղծ տիեզերական խավարն էր վերապրում. նրա ներսույզի մեջ էր գոյատեւում ազգային համընդհանուր ճակատագիրը, դարերի ընթացքում հունցվել էր ժողովրդի նշանակալից բանականությունը, ապագա սերունդները նրանով էին կռվելու հողագնդի սիրտ կեղեքող ունայնության դեմ եւ նրանով էին գտնելու երկրի վրա ապրելու իմաստը», ապա՝ «Ագռավաքար մտնելը ողնաշարի ծուծքը մտնելուն է նման, Մհերը ժողովրդի մեջ գնալու եւ նրա քրոմոսոմի միջոցով կրկին վերադառնալու ճամփան է գտել», իսկ մյուս կողմից էլ՝ «Մհերը անսահմանի տարածքներ էր դուրս եկել, որտեղից ներքին մարդու ճամփան է սկսվում»: Այս ամենի հետ Ագռավաքարը ներսում նաեւ նոր սկզբի մարմնավորողն է, սկիզբ, որը իբրեւ հենարան հազարամյակների խորքից եկող ամեն թանկն ունի՝ մարդու՝ «մարդկության ամենաառաջին, ամենահին ժամանակների խորհուրդների» հետ կապն է:
Մարդու հոգին լի է հակադրամիասնություններով, եւ նոր իրականության մեջ մարդիկ պիտի «հագնեն իրենց մարմինները», եւ, տրամաբանորեն, մարմինը ներսում, իսկ հոգին՝ դուրս պիտի լինի, եւ հոգու հետ՝ ամեն մաքուրը, ներդաշնակը, լուսավորն ու ճշմարիտը: Նաեւ ահա այս ամենի երկարատեւ որոնումների ճանապարհն է ընդգծվում վեպում, որը մարդու ներքին ուղին է, ներքին որոնումների ծանր, հաճախ անվերջանալի թվացող ուղին:
Մարդու մեջ ծնվում է ինքնորոնման դրաման. հիշենք Նարեկացուն: Էպոսի ավարտի անկատար ժամանակի խորհուրդը մարդու ներքին դրամայի իմաստավորումն է:
Վեպում Մհերի՝ Ագռավաքարում փակվելով «միայնակ մարդու՝ ինքն իրեն, իր ներսը ճանաչելու ժամանակաշրջանի սկիզբն է դրվել»,-բացահայտում է հեղինակը: Խեչոյանը հավերժական արժեքների չափանիշները որոնում է մի անձնավորության ներաշխարհում՝ թափանցելով մեկ մարդու՝ անհատի հոգեւոր խորքերը:
Իսկ Մհերն ինքը առաջին հերթին ոգեղեն լուսավորությունն է, եւ լույսը խավարից է ծնվում՝ Ագռավաքարի խավարից, որը ամենեւին էլ խավար չէ:
Լույսի եւ ճշմարտության որոնումները մարդուն հուզել են մշտապես՝ ինքնորոնման եւ ինքնաճանաչման ճանապարհին, եւ գնալով մարդու «ներքնախորքի» խորությունն անչափելի է դառնում: Լույսի, ճշմարտության, հոգու ներդաշնակության փնտրտուքը յուրաքանչյուրն իրենից պետք է սկսի. սկզբնական քայլը սա է, թեեւ, անշուշտ, ոչ ամենադյուրինը. չէ՞ որ մարդը պայքարում է ոչ թե տիեզերքի, այլ մարդու դեմ ու նաեւ ինքն իր դեմ:
Լեւոն Խեչոյանը տալիս է մեկ այլ բանաձեւ եւս. փակել մարմնի աչքը եւ բացել հոգունը, որովհետեւ ճշմարիտ եւ իրական լույսը տեսանելի է միայն հոգու ամենատես աչքով:
Ճշմարտությունը մշտագո է, եւ օրերից մի օր արժանիները հասնելու են նրա լույսին, միայն թե առաջին հերթին այն տեսնել եւ հավատալ է պետք, մի բան, որը բոլորին տրված չէ. այն տրված է միայն ընտրյալ եւ խիզախ հոգիներին, եւ նրանցից մեկն է Լեւոն Խեչոյանը, ով կարողացավ ճշմարտության լույսը, նրան ձգտելու կամքը եւ այն անպայմանորեն գտնելու հավատը սերմանել, թողնել ապագային՝ առաջին հերթին ինքը պայքարելով, հավատալով եւ, անշուշտ, գտնելով այն…
Իբրեւ ամփոփում՝ հնչեցնենք կրկին գրողի խոսքերը. «Ինձ արեւն է կարգել, որ Ագռավաքար մտնեմ, ընթացքը տեսնեմ… Նրա համար, որ մարդն սպանում է, հոգու կարիք ունի, ազգերը հակառակություններով են լցված»:

Share Button

1 Կարծիք

  • Կարինե Մարտիրոսյան says:

    Շնորհակալ եմ, հարգարժա՛ն Ալիս Հովհաննիսյան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *