Քեյթ Շոպեն | Ափսոսանք

Քեյթ ՇոպենՄամզել Օրիլին գեղեցիկ կազմվածքով, կարմիր այտերով, շագանակամոխրագույն մազերով և վճռական աչքերով կին էր: Հող մշակելիս՝ սովորաբար տղամարդու գլխարկ էր կրում իսկ ցուրտ օրերին զինվորական կապույտ վերարկու և երկարաճիտ կոշիկներ էր հագնում:

Օրիլին երբեք ամուսնանալու մասին չի մտածել և նույնիսկ չի էլ սիրահարվել: Քսան տարեկանում ամուսնության առաջարկ է ստացել և նույնքան կտրուկ էլ մերժել այն, որի համար հիսուն տարեկանում դեռևս չի զղջացել:
Նա բոլորովին միայնակ էր այս աշխարհում ու բացի իր Փոնթո շնից, հյուղակում ապրող ու բերքը մշակող նեգրերից, հավերից, մի քանի գլուխ կովերից, ավանակներից, հրացանից (որով վախեցնում էր բազեներին) ու հավատքից այլևս ոչինչ չուներ:
Մի օր Մամզել Օրիլին ձեռքերը գոտկատեղին դրած, պատշգամբում կանգնած խորհում էր, երբ հանկարծ նկատեց մի խումբ երեխաների, որոնց գալն այնքան անսպասեի ու շփոթեցնող էր, որ կարծես երկնքից ընկած լինեին: Սրանք հարևանությամբ բնակվող, այնուամենայնիվ իր ոչ այնքան մտերիմ հարևան Օդիլի երեխաներն էին:
Չորս երեխաներն իրենց մոր առաջնորդությամբ էին գալիս: Մայրը գրկել էր փոքրիկ Լոդիին, բռնել էր Տի Նոմմեի ձեռքը, իսկ Մարսելին ու Մարսելտեն անվստահ քայլերով մորն էին հետևում:
Արտասվելու ու հուզմունքի պատճառով կնոջ դեմքը կարմրել ու կարծես ձևափոխվել էր: Մոր վտանգավոր հիվանդության պատճառով նրան կանչել էին հարևան շրջանից: Չնայած ամուսինը Տեխասում էր, կնոջ համար իրենց միջև հեռավորությունը միլիոնավոր մղոններ էր թվում: Վալսինը Օդիլին էր սպասում, նրան կառքով կայարան հասցնելու համար:
«Էլ չենք քննարկում, Օրիլի: Մինչև գալս պետք է պահես երեխաներին: Հավատա, եթե գոնե մի փոքր հնարավորություն ունենայի, չէի անհանգստացնի քեզ: Մի՛ խնայիր նրանց. այնպես արա, որ հնազանդվեն քեզ: Այնտեղ՝ հեռվում, կանհանգստանամ նրանց համար: Էլ չեմ ասում, որ Լեոն էլ տանը չէ: Հնարավոր է, մինչևս հասնելս մորս էլ ողջ չգտնեմ»- ասաց Օդիլին, անճարակ ընտանիքից հեռանալուց առաջ:
Օդիլին հեռացավ երեխաներից, թողնելով նրանց տան նեղլիկ մուտքի մոտ խմբված: Արևի շողերը ընկել էին սպիտակ, հնացած սեղանների վրա, հավերը ճանկռտելով անցնում էին խոտերի վրայով, իսկ ճտերից մեկը ծանր, հանդիսավոր քայլերով պատշգամբ մտավ: Օդը լցված էր ծաղիկների հաճելի բույրով: Բամբակի դաշտերից լսվում էր նեգրերի ծիծաղը:
Մամզել Օրիլին կանգնած երեխաների մասին էր մտածում: Նա խիստ ու քննադատական հայացքով նայեց Մարսելինին, ով քիչ էր մնում ընկներ թմբլիկ Լոդիի ծանրությունից: Նույնպիսի հայացքով զննեց Մարսելետեին, ով ի տարբերություն Տի Նոմմեի նկատելի դժգոհության ու տխրության, փորձում էր թաքցնել արցունքները: Այս մտազբաղ րոպեներին Օրիլին փորձում էր հավաքել մտքերն ու որոշել իր նոր պարտականություններին համապատասխան հետագա անելիքները: Նա սկսեց երեխաներին կերակրելուց:
Օրիլիի պարտականությունները հենց կերակրելով էլ կարող էին եզրափակվել, քանզի սննդով լի պահեստը անկասկած բավարար էր նման անկանխատեսելի դեպքի համար: Բայց չմոռանանք, որ երեխաները խոզեր չեն. նրանք հոգատարություն ու ուշադրություն են պահանջում, ինչն ամենևին սպասելի չէր Մամզել Օրիլիից:
Առաջին մի քանի օրերին, անհմուտ Օրիլին դժվարանում էր խնամել երեխաներին: Որտեղից իմանար, որ Մարսելետին բարձր ձայնից ու խիստ տոնից սկսում էր լաց լինել: Չէ որ դա Մարսելետիի առանձնահատկությունն էր: Իսկ երբ Տի Նոմեն հավաքեց ամենագեղեցիկ գարդենիաներն ու մեխակները դրանց բուսաբանական կառուցվածքը մանրակրկիտ ուսումնասիրելու համար, միայն այդ ժամանակ Օրիլին հասկացավ, որ երեխան հատուկ սեր ունի ծաղիկների նկատմամբ:
Երբեմն էլ Մարսելին էր Օրիլիին ուղղություն տալիս, «պետք է Տի Նոմմեին բազկաթոռին կապեք: Մայրիկը հենց այդպես էլ անում է, երբ իրեն անհանգիստ է պահում»: Օրիլին Տի Նոմմեին մեծ ու հարմարավետ բազկաթոռին նստեցրեց: Երեխան վերջապես կարողացավ շոգ կեսօրին քնել:
Երեխաներն ամեն անգամ զարմացած վրան էին նայում, երբ գիշերները նրանց այնպես էր անկողին ուղարկում, կարծես հավերին հավանոց քշելիս լիներ: Իսկ ինչ կասեք, բարձի երեսից կարված փոքրիկ սպիտակ գիշերազգեստների մասին, կամ էլ սենյակի կենտրոնում դրված ջրով լի տաշտակի, որի մեջ երեխաները լվանում էին իրենց փոքրիկ, հոգնած, փոշոտ ու արևից սևացած ոտքերը: Մարսելին ու Մարսելետեն ծիծաղում էին Օրիլիի միամտության վրա: Նրան թվում էր, թե առանց չար ոգիների մասին Տի Նոմմեի սիրելի հեքիաթները կարդալու և Լոդիին օրորելու ու նրա համար երգելու, կարող է քնացնել նրանց:
-Հավատացնում եմ քեզ, մորաքույր Ռուբի, ավելի լավ է տասնյակ պլանտացիաներում աշխատեմ, քան երեխաների խնամեմ: Ահավոր է, Աստված իմ: Երեխաների անունն անգամ չեմ ուզում լսել,-ասաց Օրիլին իր խոհարարին:
-Օրիլի, երեկ, երբ երեխաները քո բանալիների զամբյուղի հետ էին խաղում, մի բան հասկացա: Կարծում եմ չգիտես, որ երեխաներին երես տալ չի կարելի: Այդպես նրանք պնդաճակատ են մեծանում: Սրանք բաներ են, որ երեխաներին խնամելով միայն կսովորես :
Ի տարբերություն մորաքույր Ռուբիի, ով հասցրել էր հինգ երեխա մեծացնել ու վեցին էլ թաղել, Մամզել Օրիլին անշուշտ չէր փայլում երեխաների խնամքի մասին իր ունեցած գիտելիքներով: Այնուամենայնիվ, նա շատ ուրախ էր փոքրիկ մայրական խորամանկություններ սովորելու համար, ինչն այս պահին այդքան անհրաժեշտ էր նրան:
Տի Նոմմեի կեղտոտ մատները ստիպում էին Մամզել Օրիլին պահարանից հանել տարիներ շարունակ չօգտագործած սպիտակ գոգնոցները: Նա կամաց-կամաց ընտելանում էր փոքրիկի թաց համբույրներին, նրա սիրառատ ու կայտառ հայացքին: Երեխաների պատռված հագուստը կարելու համար, գեղազարդ պահարանից հանում էր կարի պարագաների զամբյուղը, որն այնքան հազվադեպ էր օգտագործում: Մի քանի օր պահանջվեց, որպեսզի Օրիլին վարժվեր տան ամեն անկյունից լսվող երեխաների ծիծաղին, լացին, շատախոսություններին: Արդեն մի քանի օր է, հարմարավետ քնում էր փոքրիկ Լոդիի կողքին, ում տաք ու փամփլիկ մարմինը հպվում էր նրա մամնին, իսկ թռչնի թափահարվող թևերի ձայն հիշեցնող տաք շնչառությունը լսելի դառնում:
Շաբաթներ անց Մամզել Օրիլին լիովին հարմարվել էր իր համար անծանոթ վիճակին ու այլևս չէր դժգոհում:
Երկու շաբաթ անց, երբ երեկոյան հետևում էր անասուններին, հանկարծ նկատեց ճանապարհի ոլորանից թեքվող Վալսինի կապույտ կառքը: Օդիլն առույգ նստած էր կառքի ետնամասում: Երբ կառքը մոտեցավ, նկատվեց երիտասարդ կնոջ փայլատակող դեմքը: Երևում էր, թե որքան երջանիկ էր տուն վերադառնալու համար:
Կնոջ անսպասելի հայտնվելը նյարդայնանալու աստիճան խուճապի մատնեց Օրիլիին: Երեխաները պետք է հավաքվեին: Բայց որտե՞ղ էր Տի Նոմմեն: Կարծես թե մառանում սրաքարով դանակն էր սրում: Իսկ որտե՞ղ էին Մարսելին և Մարսելետեն: Նրանք էլ պատշգամբի կենտրոնում նստած տիկնիկների շորերն էին կտրատում ու ձևում: Լոդին էլ Մամզել Օրիլիի ապահով գրկում էր: Տեսնելով՝ իր մայրիկին տուն բերող, արդեն ծանոթ կապույտ կառքը, փոքրիկն ուրախությունից ճչաց:
Երեխաների ու մոր խռովահույզ զգացմունքներն իրար էին խառնվել: Նրանք հեռացան: Որքա՜ն լուռ ու խաղաղ էր տունը նրանց գնալուց հետո: Պատշգամբում կանգնած՝ Օրիլին նրանց էր նայում: Շուտով կապույտ կառքն այլևս չէր երևում: Կարմիր մայրամուտն ու կապտամոխրագույն մթնշաղը մանուշակագույն մշուշով պատեցին դաշտերն ու ճանապարհը: Նա այլևս չէր լսում կառքի անիվների ճռռոցը, բայց երեխաների բարձր ու զվարթ ձայները դեռ լսելի էին ականջին:
Ներս մտավ տուն: Շատ անելիք կար: Երեխաներն իսկական խառնաշփոթ էին ստեղծել, բայց նա միանգամից չանցավ գործին. նստեց սեղանի մոտ ու ուշադրությամբ նայեց շուրջ բոլորը: Երեկոն իր կիսախավար ստվերները տարածել էր կնոջ մենավոր մարմնի վրա: Նա գլուխը հենեց արմունկին ու սկսեց արտասվել: Այո՛, նա իսկապես լաց էր լինում և ամենևին ոչ կնոջը հատուկ մեղմությամբ: Նա տղամարդու նման էր արտասվում. ուղղակի հեկեկում էր: Թվում էր, շուտով սիրտը կպայթի: Նույնիսկ չնկատեց, որ Փոնթոն ձեռքն է լիզում:

Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Գասպարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *