ԽԱՉԻԿ ԽԱՉԵՐ | Միայնակ խնձորենին, Սպիտակ Շնիկը

Լուսաբացներին երբ պատուհանիս վարագույրը դեն եմ տալիս, սենյակիս փոքրիկ պատուհանից կիսալույսի հետ, մի կտոր աշուն է ներս վազում, որ հազար գույն ունի, հազար բույր և սիրտս լցնում է աշնան մելամաղձոտ թրթիռով։ Քիչ հեռվում մի թիթեղյա տնակ կա որի կողքին մի աշունքաշաղված խնձորենի է ամբողջ հասակով կանգնել։ Տերևները դեղնել են, մեծ մասը թափել, բայց բավական թվով խնձորներ դեռ չեն կորցրել իրենց հավատը խնձորենու նկատմամբ և մնում են կառչած նրա մերկացած ճյուղերից։

Ամեն առավոտ լուսաբացի հետ մի տատիկ է դուրս գալիս թիթեղյա տնակից որին հետևում է մի փոքրիկ, ձյունի պես ճերմակ, շնիկ։ Նրանք մի քանի անգամ պտտվում են խնձորենու և թիթեղյա տնակի շուրջը։ Ուրիշ ծառ չկա այնտեղ։ Ո՛չ էլ քայլելու այլ տեղ։ Միայնակ խնձորենին տատիկի ամբողջ այգին է։ Շնիկը մերթ առաջ է ընկնում տատիկից և մերթ էլ, հոտոտելով և դնչիկը խոտերին տրորելով, վազում նրա հետևից։
Տատիկը չի վռազում։ Հանգիստ և դանդաղ են նրա քայլերը։ Ձեռքերը կողքից կախ են ընկած և հասակը կորացած է։ Շնիկը պզտիկ է և անփորձ։ նա իսկույն հաչում է կաչաղակների վրա, որ փորձում են նստել խնձորենու ճյուղերին և կտցահարել ծառին թառած, խնձորները։ Կաչաղակները սարսափած, դեռ չնստած թևածում են ու հեռանում։ Տատիկը հրճվում է շնիկի հավատարմությունից, մի պահ կանգ է առնում, ձախ ձեռքը մեջքին հենելով, չոքում է և մաշված ու ոսկրոտ ափի մեջ առնում շնիկի դնչիկն ու մեղմ սեղմում, շոյում։ Շնիկն անպատասխան չի թողնում տատիկի սիրալիր արտահայտությունն ու շարունակում է դունչը վեր պահած, պոչը շարժելով, ցատկոտել ու հաչել թռած կաչաղակի հետևից…
Տատիկի քայլերը արևի բարձրացման հետ ավելի են դանդաղում։
Շնիկն հիմա վազելով է պտտվում խնձորենու շուրջը, իսկ Տատիկի քայլերը դանդաղել են կարճացել։
Շնիկը հաչում է հենց նոր ծառին թառած երկարապոչ կաչաղակի վրա, և մի մեծ խնձոր, կաչաղակից ավելի շատ սարսափած, պոկվում է ծառից ու դրմբոցով ընկնում շնիկի կողքին։
Շնիկը վախեցած հետ է ցատկում, մտնում տատիկի ոտքերի մեջ։
Տատիկի քայլերն իրար են խառնվում։ Ոտքից դուրս է գալիս հողաթափը և տատիկը թեթև նախատում է շնիկին։
-Ամո՛թ քեզ, բա խնձորից էլ կվախենա՞ն։
Շնիկը քաջանում է։ Վազում է, հաչում և բերանն առնում խնձորը։ Հիմա նա խիստ հպարտ է իր արարքով։ Մերթ աջ է ցատկում, մերթ ձախ և հաչում։ Խնձորն ընկնում է բերանից։ Նորից հետ է ցատկում։ Բայց տատիկն արդեն չկա։
Շնիկն այլևս չի հաչում։ Մի զույգ կաչաղակ նստում են խնձորենու վերին ճյուղերին։
Շնիկը վազում է և տատիկի հետևից մտնում թիթեղյա տնակի կիսաբաց դռնից։
Դրսում շարունակվում է աշունը և ես տեսնում եմ թե ինչպես են խնձորենու տերևներն իրար հետևելով մեկ ¬ մեկ փռվում արդեն չորացած խոտերի վրա… Եվ ինչպես է շնիկի կծած խնձորն, անտարբեր ընկել չորացած խոտերի և դեղին տերևների մեջ։
Իսկ արևն ավելի է բարձրանում…
Մինչ մի նոր լուսաբաց և մի նոր առավոտ։
Սեուլ
Հոկտերբեր – Նոյեմբեր 2003 թվական

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Մարինե Ամիրյան says:

    Հիանալի պատմվածք է, շնորհավորում եմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *