Մարինա Գևորգյան | Խատուտիկներն ամռան

Մենք ասում ենք՝ սիրում ենք,
Եվ ոչ ոք չի հավատում, և
մենք էլ չենք հավատում՝
հասկանալով նրանց․․․
Եվ ծառն այս, որին փորագրում եմ սա,
չի համոզվում,
Կարոտն արտասվում է դեղին տերևներով․․․
Եվ ստերից հոգնած
պահն այս,
որպես վաղամեռիկ անանուն մի պոետ,
Հազար ու մի չգրված բանաստեղծություն
ձեռնոցները խցկած՝
նետվում է հույսի փշապատ ժայռերից ցած․․․
Գիրկն այն բաց՝
դառնաթթու իրականություն անվանյալ,
և արդ այնքան անմուսա և սառը,
ինպես աշունն անց կեսն այս՝
հերթական մի նոյեմբեր․․․
Եվ բռնագանձված հույզերից հոգնած, ու
բառերից՝ խիստ շարքային վեց-ութ կլկլացնող,
կեպիս թեք դրած՝ ի հեճուկս ամենի,
գրիչս նետում եմ իմ երրորդ հարկից ՝
ինքնասպանվելու․․․
առանց ներման և խիստ հեգնաժպիտ․․․
Ես՝ համր, կույր ու խուլ
երազող եմ․․․

 

***

Եվ օրերի միջով
սապատավոր, խոտոր
կարոտների անապատում
կնհետագիծ երթով
կորուստների ուղտերը
մեռնում են ծարավ՝
անդարձության բոսոր-բոսոր
արևից այրվելով․
աամումները բերում,
խշխշան ու տաք-տաք լացով
լցնում են աչքերս ՝
ավազանկարելով,
ճանկռտելով պատուհանները հոգու։
Ու ինչ-որ տեղ մի օր ՝
սպասումների ու հույսի կեսճամփին
կանա՜չ, կանա՜չ տեսիլքի պես
ծաղկում է ծովից ծով
հանդիպման օազիս։

 

***

Այս գիշեր ձմեռը կաթկթում էր քիվից,
գարնան ութերորդ օրվա ծաղկամանը
բերնեբերան լի՝
կարոտի աղահամ ջրերով …
Ինչ-որ մեկը քայլեց
բարձրակրունկով ՝
սպասումների ձնհալված ջրափոսերով.
ճամպրուկից ծաղիկներ թափվեցին,
և գոլ մի քնքշանք ՝
արևհամ,անուշաբույր,
կանա՜չ, կանա՜չ …
եվ խումհար՝ սրտաձև կարմիր
սրվակներում
գինեփրփուրի,
վարսերին մրգահամ ծաղիկներ
և նախշուն է փեշը,
արև – ծոպերով գլխաշորը
զեփյուռներին տված՝
սիրո դող ցանելով
սրտի ճամփան բռնած
բոսոր առվակներին.
աշխարհը պոետ է՝ սիրուց խենթ
ոտքի տակ երկինքներ փռած,
Գարունը կի՜ն է…
նռնաքար արցունքը
կակաչե դաշտերում շաղ տված
Բանաստեղծուհի…

 

***
Երբ հանդիպեն
իմ ձեռքն ու զարկերը սրտիդ,
խատուտիկներն ամռան
կվազեն քամու հետևից
թեթև հանգստությամբ արյան գնդիկների….
Յոթ հորիզոն այն կողմ ՝
մթնշաղի լարերին ամուրներն էլի սերեր կնոտագրեն,
և կբուրեն բոլոր օրերն այդուհետ
արևահամ խնձորներով
հեքիաթի երկնքից ընկած.
և բանականությունն էլի
կարթնանա խորանի առջև ծնկած.
օդում ծաղիկ-ծաղիկ կտարածվի
խնկաբույրն այն սերենադի,
երբ հանդիպեն․․․

 

***
Այս վայրի, այս սանձազերծ կարոտը
կպոկվի մի օր․
այն օրը, երբ վարդն վառ առյալ է,
և օրհնել են ջուրը,
Ջուր․․․ջուր ցանիր աչքերիս,
սրբիր, սեր,
սրբիր գույնն այս կրակի․
չի մեռնում անտեր տափաստաններում
ծարավից փշոտված հույսը,
Ես ինն անգամ ծակծկել եմ մատներս,
և ծաղկել է ճեփ-ճերմակ ծաղիկը արցունքի։
Չթողնես դատարկ իմ աչքերի հայելին․
քեզ հետ դեռ պիտի ապրեմ
կյանքերից իմ վերջինն այս․․․

 

***
Ներսում լիքը լցված մի ամպիկ է լողում,
Նանի՜կ, սի՛րտ իմ, նանի՜կ,
կարոտից ճաքճքած կարմիր հողն է ջրում,
անձրևում է այսօր աչքերիս գիշերը…
հետո մի զով քամի հոգու պատուհանից
մտնում լցնում գրկում ու պտտում է ինձ,
ու սպասման երկինքն է ծաղկում,
ու օրն ալիք-ալիք
տարուբերում է լույս…
Եվ երբ իջնում է ամպիկը հոգուս սարին,
մթում ծաղկաթափվող երկինքն աղոթարան է բաց,
անձրևում է կաթ-կաթ աչքերիս գիշերը,
Նանի՜կ, սի՛րտ իմ, նանի՜կ…

 

***

Ես անցել եմ պատվով
բնական աղետները բոլոր՝
բանաստեղծորեն խիզախելով,
խեղդվել եմ բոցերում կարոտի,
սուզվել եմ կրակե ծովերը սպասման,
ինձ քշել են Գողգոթայի քարքարե հովիտով
քամիները հավատի,
Եվ գիշերներն ի լույս՝ արցունքս ծակծկել է
քարե բարձն անտարբերության,
բայց չեն կրծել իմ հացը մկները կասկածի,
և չի մոտեցել սուրբ գրոց իմ կարմիր խորանին
և ոչ մի անհավատ ձեռք,
Ու դեռ քաշում եմ օրերիս պարաններով
իմ խաչը՝ մաշելով․
և դու ես միշտ ապրելու
իմ ուժը․
ես չեմ մեռնի մինչ այն շունչը,
Երբ կկորցնեմ քեզ աղոթերգելու բառը, Սե՜ր․․․

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *