ՔԻՅԱՆԱ ՌԱՇԻԴԻ | Իրանական պոեզիա

Քիայնա Ռաշիդի

Երազկոտ է դառել պայուսակս
Գլխարկս
Կոշիկս
Եվ գունավոր մատիտներիս տուփը
Երազկոտ է դառել կոշիկս
գլխարկս
Ձնե ձեռնոցներս
Պտտվում եմ քո շուրջը
Պտույտ – պտույտ
Գլխարկս որ փոքրացել է գլխիս համար
Կոշիկս որ իր կրունկով բոյովանում է
Երազկոտ է դառնում
Գլխարկս
Կոշիկս
Պայուսակս
Շրթներկս
Նայիր

***
Մի ուղևորի ճամպրուկը
Լցնում է մենությունը իջևանատան
Օրը
Մենությունը ուղևորների
Ուղևորները անձնագրերով
Իջևանատները ցուցանակներով
Ես կանգնել եմ
Խորհում եմ քամու մենության մասին
Քամու մենության
Որ երբեք բացի փչելուց ուրիշ անվանում չի ունեցել

***
Կուզեի որ շաբաթը յոթանասուն օր լիներ
Որպեսզի կեռասները ընդմիշտ
Մնային ճյուղերի վրա

***
Ժպիտս հասունանում է
Մի եղանակ իջնում է դեմքիս
Լռում եմ
Մի եղանակ անցնում է
Մի եղանակ…
Ժպիտս
Միայն մի էջը օրացույցի
Ժպիտս
Միայն մի մասն է իմ դեմքի

***
Քեզ բացասում եմ
Քեզ թողություն եմ տալիս
Դու կարող ես
Տգեղ
Սիրուն
Համլետ
Դոն Կիշոտ
Դու կարող ես ինքդ քեզ համար լինել
Իմ քնքշությունն է որ չի սանձահարվում

***
Ֆորուղին
Հայելու դիմաց մեծանում եմ
Չեմ խորհում ծաղիկների զուգավորման մասին
Փողոցում էլ քամի չի գալիս
Ինձ սեղմում եմ գրկիս մեջ
Կիսամերկ շորով
Դուրս եմ նետվում հայելուց
Ոչ խորհում եմ ծաղիկների զուգավորման
Եվ ոչ էլ այս ամուլ փողոցի մասին
Հենց այն հողային հղին եմ
Որ մատները օղակել է շրջագոտիս

***
Թի չունեմ
Որ նավակ ունենամ
Ծով չունեմ
Որ նավակ
Նավակ չունեմ
Որ երջանիկ լինեմ
Ես հենց այս եմ
Մի մարդ սովորական ծնոտով
Սովորական մի կղզում

***
Մի մրջյուն անցնում է սենյակի եզրագծով
Սենյակը մեծանում է
Սենյակը շատ է մեծանում

***
Ագռավը թեև ագռավ է
Ծառը
Թեև  ծառ է
Այս բույնը ագռավին է պատկանում
Բողբոջել է ծառի բերանում
Հայացքս պտղավորվել է

***
Հայացք
Մի տարածություն ինձանից մինչ հայացքս
Մի տարածություն հայացքիցս մինչև  պատշգամբ
Մինչև Ճաղերը
Մինչև Եղևնին
Մինչև հարևանի տունը
Հայացքս
Պատշգամբին
Հարևանի տանը
Այս ընթացքում
Թռչունը մի ճյուղից մի այլ ճյուղ է թռել

***
Ձեռքերիցս մի աղեղ եմ շինել
Որ ամեն անգամ քեզ նետելով
Անցնես գրկովս

***
Ոչ մեկս
Մարգարե չէինք
Մարգարե չէինք
Բացի մեկս մյուսի համար
Հավատալու համար
Ողջ մնալու համար
Մարգարե չէինք
Բայց հավատացինք

***
Ինձ կախել եմ իմ վզնոցից
Որպեսզի հավատամ
Կյանքը երբեմն սրանից զատ չի կարող լինել
Վզնոցը որ կապում ես ստվերիդ կոկորդին
Ստվեր որ մի մեծ պարանով
Իրեն կապում է իր ցնորքներին

***
Թռչունը
Կտցահարեց իր մենությունը
Մենությունը թռավ
Թռչունը
Միայն թռչուն մնաց
Թռչունի հետ
Մենակ մնա

***
Մեռած մարդը մոռացվում է քաղաքում
Կենդանի մարդը մոռացվում է քաղաքում
Քաղաքը միայնակ
Կենդանի է մնում
Մեռնում է


Մարդը անցնում է փողոցի եզրով

***
Սանդուղքների վերջում
Ինչ-որ մեկը սպասում է քեզ
Ամեն օր
Այն պահից երբ սկսվում է օրը
Ամեն գիշեր
Այն պահից երբ գիշերը…
Օրը ինչ-որ մեկն է քեզ սպասող
Գիշերը ինչ-որ մեկն է…
Ժամանակը ինչ-որ մեկն

***
Այս օրից առավել գեղեցիկ
Քո աչքերը
Եվ քո գեղեցիկ ձեռքերն էին
Քո այսօրվա գեղեցկությունից առավել արձակ
Առավել արձակ աչքերից
Եվ ձեռքերիդ գեղեցկությունից
Այսօրը
Մի շրջազգեստ է
Չընդատվող ծալքերով
Որ գրկում է քույրերիդ մարմինը
Եվ դու
Միայնակ կանգնել ես լույսի մեջ
Պտղավորված քո գեղեցկության մեղքով
Պտղավորված այն մարմիներից
Որ սպասում են թողության
Պտղավորված ինձանից
Որ հղի է քո սաղմից
Պտղավորված այն միանձնուհուց որ ես էի
Դու ցավ ես քաշում
Քո գեղեցկությունը ցավ է քաշում
Եվ այսօրվա լույսը
Այսօրվա գեղեցկությունն է
Դու կանգնել ես լույսի մեջ

***
Սուզվում եմ օրվա մնացուկի մեջ
Ինչպես թեյի գավաթը
Ինչպե ս գիշերը
Օրվա մնացուկի մեջ
Ինչպես տունը…
Սուզվում եմ իմ մնացուկի մեջ
Հայացքիս մեջ
Օրը անցնում է անփայլ վերջին լուսամուտներից

***
Բռնակը պտտեցնում է
Ոչ թե դուռը բացելու համար
Ոչ թե ներս մտնելու համար
Ոչ էլ նույնիսկ գնալու
Բռնակը պտտեցնում է
Ոչ թե ինձ վախեցնելու համար
Ոչ թե վախից ազատվելու
Միայն պտտեցնում է բռնակը
Պտտեցնում է
Պտտեցնում է
Սա միակ ձայնն է որ նրա հետ խոսում է

***
Քո շապիկը մերկ է
Խոտի բույր ունի
Հացի բույր
Դաշտը բավարարվում է ոչխարի հոտով
Մինչև տեղ է հասնում մերկությունը շապիկիդ
Խոտի բույրը տարածվում է
Հացի բույրը
Շապիկդ միայնակ է մնացել
Ոչխարի հոտը բաց է թողված
Խրտնած դաշտը
Նվաճում է մերկությունդ

***
Անձրև է գալիս
Այստեղ մութ է
Իմ դիմացի գրադարանը
Ես գրադարանի դիմացը
Այստեղ հենց այս պատի ետևում
Կարող է լուսավոր լինել կամ մութ
Շորերի ձայնը մարմնիս
Կարող է մութ լինել
Կամ լուսավոր
Գրադարան
Ձայներ
Ես
Բոլոր դեպքերում
Սիրում եմ արճճե թիթեռներին
Եվ անձրևին
Մոտենում եմ
Իմ դիմացի գրադարանը կանգնել է
Բոլոր արճճե տողերը
Այստեղ իմ դիմաց
Արճճե թիթեռները
Թռչում են մթության մեջ

Հետևում եմ այս գծին
Այս գծին
Գիծ որ կարող է պատին
Ձեռքերիդ ափերին
Գիծ որը շարունակվող փոսիկներին
Այս գծին
Այս փողոցին
Իմ մտորումներին
Ին
Ին
Այս գծին
Հետևում եմ գծին

 

Պարսկերենից թարգմանեց` Էդուարդ Հախվերդյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *