Ռընե Շար | Կորուսյալ մերկություն

Ֆրանսիացի բանաստեղծ Ռենե Շարը René Char (1907-1988) ծնվել է Պրովանսի Լիլ-սյուր-Սորգ բնակավայրում, ուսանել է Էքս-ան-Պրոֆանսի համալսարանում: Իր բանաստեղծական երախայրիքի (Զանգերը սրտի վրա, 1928 թ.) լույս ընծայումից հետո տեղափոխվել է Փարիզ: 1930-ականների սկզբին ակտիվորեն մասնակցել է սյուրռեալիստական շարժմանը, անդամակեցով գրողների և արվեստագետների այն համայնքին, որում ընդգրկված էին Լուի Արագոնը, Անդրե Բրետոնը և Պաբլո Պիկասոն: 1940 թ. Շարը ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցներից էր, ինքնապաշտպանական ջոկատներից մեկի հրամանատարը:
Իր կյանքի օրոք Շարը հրատարակել է ավելի քան 30 գիրք՝ պոեզիա, գրաքննադատություն, թատրերգություններ: Նրա քերթվածների մեծ մասը հիմնականում ազատ և արձակ բանաստեղծություններ են և առակախոսություն: Նա հաճախ էր համագործակցում գրողների և արվեստագետների հետ, այդ թվում`Ժորժ Բրակի, Անդրե Բրետոնի, Պոլ Էլյուարի, նկարիչներ Խուան Միրոյի, Նիկոլա դը Ստաելի, երգահան Պիեռ Բուլեի:
Պատերազմից հետո Շարը տեղափոխվում է բնակության Ֆրանսիայի հարավ՝ իր ծննդավայրի մերձակցությամբ գտնվող Լյուբերոնի լեռները: Կյանքի վերջին տարիներին ակտիվորեն ներգրավվել է հակամիջուկային պայքարում: Մահացել է սրտի կաթվածից Փարիզի Վալ-դը-Գրաս զինվորական հիվանդանոցում՝ 80 տարեկան հասակում:
Ռընե Շարի անգերազանցելի մեծագործություններից է այն, որ նրա պոեզիան նույն ինքը պոեզիայի հայտնությունն է, պոեզիայի պոեզիան: Նրա բանաստեղծման առարկան հենց պոեզիան է՝ ինքն իր առաջ դեմառդեմ կանգնած, բառերի միջոցով ինքն իրեն քննող և սեփական էությունը ավելի տեսանելի դարձրած քերթողական սկիզբը:

 

 

ԷՐԵԱՅԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԻ ԱՌՋԵՎ

Երջանիկ ժամանակ:
Ամեն քաղաք ընտանիք էր մի մեծ, որին վախն էր միավորում: Երգը գործունյա ձեռքերի և կենդանի գիշերը երկնքի լուսավորում էր այն:
Սերմնահատիկը ոգու պահում էր բաժինն իր աքսորի:

Բայց հավերժական ներկան, փութանակի անցյալը, սիրատածու դշխոյի խոնջենքի ներքո, վերառեցին ողորկությունները:

Հարկադիր երթ, անհստակ նշանակետ:
Ծեծված մանուկներ, ոսկեծղոտ տանիք, շարավոտ մարդիկ, բոլորը վազքի մեջ…
Երկաթե մեղվից նշանառված, բացվել է վարդն արտասվաթոր:

 

ՏՈՆԵԼ ՋԱԿՈՄԵՏՏԻՆ

1964-ի ապրիլի այս ետկեսօրի վերջին զառամյալ արծիվը բռնակալ, մետաղագործ-դարբինը ծնկաչոք, բոցեղեն ամպի տակ իր լուտանքների (իր գործը, ասել է, թե՝
նույն ինքը, նա չի դադարում այն մտրակել հայհոյախառն), բացահայտեց ինձ, հենց մայթեզրին իր արհեստանոցի, կերպարանքը
Կարոլինի՝ իր բնորդի, դեմքը նկարված կտավի վրա
Կարոլինի – որքա՞ն քերծվածքներից, վնասվածքներից, կապտուկներից հետո -, կրքի պտուղը ի թիվս սիրո բոլոր առարկաների, հաղթական կեղծ մեծամոլուցքով մահվանն հատկացված
աղտեղությունների, ինչպես և հազիվ տարանջատված լուսեղ մասնիկների, մեզնից՝ ուրիշներից, իր վկաներից ժամանակավոր:
Դուրս դրված իր բջջից տարփանքի ու դաժանության:
Խորհրդածում էր նա, գեղեցիկ դեմքն այս անանցյալ, որ քունն էր սպանում, մեր հայացքի հայելում, ժամանակավոր համայնական ընդունարան բոլոր աչքերի համար ապագա:

 

ՆԱԽՆԻ

Ես ճանաչեցի մի քարի մեջ մահը խուսափուկ ու չափելի, մահճակալը բացված իր փոքրիկ դերակատարներով՝ ամպհովանու ներքո թզենու:
Ոչ մի նշան քարտաշի. ամեն առավոտ երկրից բացում էր թևերն իր վարընթաց աստիճաններին գիշերվա:

Չկրկնվելով, մարդկանց հանդեպ վախից թեթևացած, ես իմ գերեզմանն եմ փորում օդում և վերադարձը իմ:

 

ՄԱՔՐԱԶԱՐԴՈՒՄԸ ԿԱՂԱՄԱԽՈՒ

Փոթորիկը քարուքանդ է անում անտառները:
Ես քնած եմ, ե՛ս, կայծակը գունատ աչքերիս
Թողեք մեծ քամին, ուր դողում եմ ես,
Միավորվի երկրին, ուր աճում եմ ես:

Նրա շունչը սրում է իմ դիտախցիկը:
Այդ պղտոր խոռոչանման խայծը
Աղբյուրից մինչև խանձարուրն աղտեղի …

Բանալին կլինի կացարանն իմ,
Խաբուսիկ կրակ, որ սիրտն է հավաստում;
Եվ օդը, որ զրնգացնում է նրան իր ճիրաններում:

 

ԿՈՐՈՒՍՅԱԼ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆ

Կբերեն ճյուղեր նրանք, որոնց տոկունությունը օգտագործել գիտե գիշերը հաստաբուն, որ նախորդում է ու հաջորդում կայծակին:
Նրանց խոսքը կյանք է առնում պտղից ընդհատական, որ բազմացնում է նրան ինքզինքը ընդարձակվելով:
Նրանք արյունապիղծ որդիներն են վերքի ու նշանի, որ բարձրացրեցին եզրաշուրթերին շրջանակը ծաղկազարդ սկիհի համախմբվածքի:
Մոլեգնությունը քամիների նրանց դեռ պահում է մերկազգեստ:
Նրանց ընդառաջ է թռչում աղվափետուրը սև գիշերվա:

 

ԹԶԵՆՈՒ ԵՐԳԸ

Նա այնքան սառցակալեց, որ ճյուղերը կաթնահունց
ջարդոտեցին սղոցը, կոտորվեցին ձեռքերում:
Գարունը չտեսավ կանաչումը հեզաճկունների:

Թզենին խնդրեց տիրոջը հանգուցյալի
Թփուտը նոր հավատի:
Բայց ոսկեսարյակը, նրա մարգարեն,
Ջերմող արշալույսն իր վերադարձի,
Թառելով թառին աղետալի,
Սովի փոխարեն մահացավ սիրուց:

 

ԴԱԴԱՐ ԱՌԱՓՆՅԱ ԴՂՅԱԿԻ ՄՈՏ

Անցյալը կհետաձգեր բռնկումը ներկայի, եթե հուշերը մեր մաշված չանրջեին այնտեղ անդադար: Մենք վերադառնում ենք մեկին, քանի դեռ մյուսը պոռթկում է ներսից
մինչև մեզ վրա կնետվի:

Շիկացած ածուխների գոտուց մինչև թափոնատեղին սննդի մնացորդների: Գորշ երազանքից մինչև առևտուրը ոչնչի: Ընթացք:
Առաջին ճկում . կավահող ուժատ:

Հողը, արդյոք ինչ-որ բա՞ն է սա, թե՞ ոմն ոք: Ոչինչ չի փութում, երբ այս հարցն է հնչում, բայց միայն հաստաբեստ մի ձող, անթափանց օղակ, և ոմն սպասուհի մոտեցող:

Դարի համար բացվող . «Վերջում թույնն էր. Ոչնչ հնարավոր չէ ձեռք բերել առանց նրա: Ոչ մի չնչին իսկ մարդկային մաղթանք: Ոչ իսկ առավել շոշափելի բերքահավաք:» Այսպես է շառաչում
հողը խաժապղտոր:

Ընդդեմ թանձրախիտ շաղվածքի թունավորված լուսնոտության, դժկամությունը մտքի կլինի՞ փախուստ ծածկագրված, կլինի՞, հետագայում, ըմբոստությու՞ն:

Երիտասարդություն խաբվածների, շահպրակ գիշերաբուն:

Հեռու աղմուկ-ժխորից, դռների հանդեպ մեծարանքից զերծ, ինչպես որ այգաբացին ծիածանն է խամրում լուսնի:

Մենք չենք խանդում աստվածներին, մենք չենք ծառայում նրանց, չենք վախենում նրանցից, սակայն մեր կյանքը վտանգելով՝ մենք հավաստում են նրանց բազմակի գոյությունը, և մենք հուզագրգռվում ենք լինելու
նրանց բարձրացմամբ արկածախնդիր, երբ դադարում է հիշողությունը նրանց:

Գինին ազատության թթվում է արագ, եթե այն, կիսախում, չի հեղվում որթատունկին:

 

ՀՅՈՒՍԻՍԱԿԱՆՔ


Ես զբոսնեցի եզերքին
Խելագարության: —

Հարցերին իմ սրտի,
Եթե դրանք չտրվեին անգամ,
Ուղեկիցն իմ զիջեց,

այնքան որ հորինովի է բացակայությունը:

Եվ աչքերը նրա մակընթաց՝ ինչպես
Նեղոսը մանուշակագույն

Թվում էր՝ հաշվում էին, անվերջ հաշվում իրենց ներդրումները երկարաժամկետ
սառը քարերի ներքո:

Այնտեղ
Խելացնորությունը հարդարվում էր երկար սուր եղեգներով:
Ինչ-որ տեղ այս առուն իր երկակի կյանքով էր ապրում:
Դաժան ոսկին իր անվան՝ հանկարծակի գրոհով
Ճակատամարտ էր տալիս բախտի հետ ձախավեր:

 

ԱՍՊՆՋԱԿԱՆ ԾԱՐԱՎ

Ո՞վ է լսել երբևէ գանգատները նրա:

Նրանից բացի ոչ ոք չէր կարող խմել, չմահանալով,

հոգնությունները քառասուն,
Սպասել, վաղուց անտի, նրանց, ովքեր կսմքեն հետո,
Զարթոնքից մինչև մարամուտ՝ արական էր շարժուձևը նրա:

Ով հորատել է հողաշերտն ու վերամբառնել ջուրը ճահճացյալ
Վտանգում է սիրտն իր բացվածքում իր ձեռքերի:

 

ՓԱՅՓԱՅԵԼ ԹՈՒԶՈՆԸ

Երբ ցավը բարձրացրեց նրան իր տենչացած տանիքին, ակնբախ մի գիտելիք ցուցանվեց նրան անմշուշ:
Նա այլևս չէր գտնվում իր ազատության մեջ՝ ինչպես զույգ թիերը օվկիանոսի կենտրոնում:
Զգլխիչ տենչանքը բառի, ջրերի հետ սև, ընկրկել էր: Այս ու այնտեղ դիմակայում էին մանր-մունր ցնցումներին, որոնց նվաղկոտ հետքերին էր հետևում նա:
Գրանիտե մի աղավնի՝ կիսաքողարկված, իր թևերով չափում էր ցրված մնացորդները ընկլուզված մեծագործության:
Խոնավ լանջերին, բաշը փրփուրների և ընչաքաղց մրցավազքը կոտրված ձևերի:
Խստադաժան դարաշրջանում սկիզբ առնող՝ վերացվելու վրա էր արտոնությունը առանց թույն հունձքի:
Արարչության բոլոր ազատ ու խենթ առվակները արդեն իսկ դադարել էին խոխոջալ:
Իր կյանքի վերջում նա զիջեր պիտի նորահայտ խիզախումին, որին անծայրածիր համբերությունն էր, ամեն արշալույսին, իր բարեհաճությունը բերել:
Օրը պտույտ էր գործում գլխավերևում
Թուզոնի:
Մահը նման չէ քարաքոսին, որ համահարթի հույսը ձյան:
Խորափոսի մեջ ընկղմված քաղաքին լուսնի եղջյուրը միախառնում էր վերջին արյունն ու տիղմը առաջին:

 

ՍԵՐՏԱՃՈՒՄԸ ԲԱԶՄԱԿԻՆԵՐԻ

Այս մարդը առատաձեռն չէր, քանզի ցանկանում էր ինքզինքը առատաձեռն տեսնել իր հայելում:
Նա առատաձեռն էր, քանզի եկել էր
համաստեղություններից և ատում էր ինքն իրեն:

Նույն ստվերը անառակ, մատնոսկրերին սպրդած, միավորում է մեզ՝ նրան և ինձ:
Արևը, որ մեզ համար չէր բնավ, փախուստի դիմեց՝ ինչպես հայրը բազմասխալ կամ ըստ արժանվույն չգնահատված:

 

ԱՍԵՂՆԱՊԱՏՐԱՆՔ

Նրանք վերցնում են ի տես հստակության դեղին ծիծաղը խավարի:
Նրանք ծանրութեթև են անում իրենց ձեռքերում մնացորդները մահվան և բղավում են. «Սա մեզ համար չէ: »
Ոչ մի թանկարժեք դեղուճար չի գեղեցկացնում դժնատեսիլ ռեխը նրանց տեղախախտ եղած սողունների:
Նրանց կանայք դավաճանում են իրենց, նրանց երեխաները թալանում են իրենց, նրանց ընկերները ծաղրում են իրենց:
Նրանք չեն տարբերակում ոչինչ՝ խավարի հանդեպ ատելությունից դրդված:
Ադամանդն արարչության խոտոր կրակնե՞ր է արձակում է գուցե:
Հապճեպ գայթակղություն թաքցնելու այն:
Նրանք աճեցնում են իրենց հնոցում, նրանք ներմուծում են թթխմորի մեջ հացի լոկ մի պտղունց հուսահատություն ցորնային:
Նրանք բնավորվել ու բարգավաճում են բնօրրանում մի ծովի, ուր իրենք տեր են դարձել սառցաբեկորների:
Դու զգուշացված ես:

Ինչպե՞ս, թույլի՛կ դպրոցական, վերափոխել ապագան և կազմալուծել կրակն այս այնքան վիճարկված, այնքան տեղախախտված, փռված քո աչքերին մոլորյալ:

Սա ընդամենը խաղ է կամ ջարդ աղեղնավորների:

Ուստի՝ հավատարիմ իր սիրուն, ինչպես երկնքն է ժայռերի հանդեպ:
Հավատարիմ, հերարձակ, բայց աստանդական անդադրում, խոտորընթացիկ՝ կրակի ցույց տված լայնք ու երկայնքով մեկ, քամածեծ արված; տարածական, մսագործի գանձ, արյունածորող՝ կեռիկից առկախ:

 

ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄՐԵՐԻ

Քարերը սեղմվում էին ամբարտակում և մարդիկ ապրում էին քարաքոսերում:
Խորը գիշերը հրացան էր կրում և կանայք չէին ծնում այլևս:
Խառնակչությունը կերպարանքն ուներ մի բաժակ ջրի:

Ես միացա խիզախությանը որոշ գոյերի, ես ապրում էի բռնադատվածի պես, առանց ծերանալու, իմ առեղծվածը նրանց միջակայքում, ես սարսռացի գոյությունից բոլոր մյուսների, որպես խարխուլ մի նավակ՝ գլխավերևում ամբարտակների անջրպետված:

Թարգմանությունը՝ Աշոտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *